Logo
Print this page

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ անցած է, ոչ էլ մոռացված. Los Angeles Times

altLos Angeles Times-ը «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. ոչ անցած, ոչ էլ մոռացված» վերտառությամբ հոդվածում նոր անդրադարձ է կատարել ԼՂ-ում տիրող իրավիճակին: Էլեկտրոնային պարբերականը նախ նկատել է ու նկարներ զետեղել, թե ինչպես են հայ երեխաները խաղում անտիկ Շուշի գյուղի ավերակներում, գյուղ, որն ավերվել է 1991-94 թվականներին հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ: Ապա պարբերականը հիշեցրել է Արցախյան խնդրին առնչվող որոշ մանրամասներ եւ ընդգծել, որ տասնամյակներ առաջ կնքված հրադադարի ռեժիմն այդպես էլ իրականում չի գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Los Angeles Times-ը նկատում է, որ վերջին 15 տարիների ընթացքում ադրբեջանական կողմից դիպուկահարների կրակոցները Լեռնային Ղարաբաղի առօրյայի մասն  են դարձել: 25 տարի առաջ էր, երբ Սումգայիթում բազմաթիվ հայեր ադրբեջանցի ազգայնամոլների զոհը դարձան: Սումգայիթյան ջարդերի տարելիցը համընկնում է Հայաստանի նախագահական ընտրություններին. նկատում է պարբերականը: 
Ըստ հոդվածի հեղինակի`ադրբեջանական կողմը շարունակ հայտարարում է, թե սիրիահայ փախստականների բնակեցումը ԼՂ-ում նոր մտահոգություններ է առաջացնում: Միաժամանակ պարբերականը մեջբերում է Վաշինգտոնում ԼՂ դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հաղորդած այն տեղեկությունները, որ թեեւ Հալեպում բնակվող շուրջ 80 հազար էթնիկ հայերից հազարավորները վերադառնում են Հայաստան, այնուամենայնիվ, նրանցից միայն շուրջ 30 ընտանիք է բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում:

Պարբերականը հիշեցնում է, որ 1991-94 թ.թ. պատերազմը խլել է շուրջ 30 000 մարդու կյանք, իսկ ավելի քան մեկ միլիոն բնակիչ տեղահանվել է մինչև հրադադարի ռեժիմի կնքումը:  ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը պատրաստակամ են վերահսկելու հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացը: «Կովկասի քարտեզին նայելիս կարելի է տեսնել, որ հակամարտության արմատները գնում են հետ` մինչեւ Ստալինի ժամանակներ»,-նշվում է հոդվածում:

Սեփական հարցին, թե ինչու է մեկուսացված և նավթազուրկ Ղարաբաղը դարձել կռվախձոր, Los Angeles Times-ը պատասխանում է, թե հայերով բնակեցված այս տարածքն աներևակայելի կարեւոր առեւտրային ճանապարհ է: 

Պարբերականն անդրադառնում է նաեւ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանին ` ընդգծելով, որ չնայած ադրբեջանական կողմից հնչող սպառնալիքներին եւ իր սեփական օդային տարածքների օգտագործումն արգելելուն,  հայկական կողմն, այնուամենայնիվ, հայտարարում է, որ օդանավակայանն անպայման գործելու է:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.