[ARM]     [RUS]     [ENG]

...ԵԼԱՆՔ ՈՐՊԵՍ ԿԱՄՔ ՈՒ ՈԳԻ

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս.- Մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական  հաղթանակին, քան այսօր։ Արցախյան ազատամարտն իր հերոսական փուլն ավարտեց պատվով։
Ներկայումս մենք ունենք շատ կարևորագույն խնդիր, որ դարձյալ պիտի լուծենք միասնաբար։ Մեր պայքարը տեղափոխվել է տնտեսական, քաղաքական՝ ավելի լուրջ, ավելի ծանր աշխատանքի փուլ, և ես համոզված եմ՝ եթե ողջ հայությունը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում կարողանա համախմբված գործել, իր միջից կորզել ամբողջ ներուժը, որ չափազանց մեծ է, ապա առաջիկա տարիներին կունենանք վերջնական հաղթանակ։ Մայր Հայաստանը կանգնած է մեր թիկունքին, և այն սիրով, նվիրվածությամբ, համախմբվածությամբ, որ մենք սկսեցինք Շարժումը, նույն ոգևորությամբ էլ պիտի շարունակենք շարժվել առաջ։ Հաղթանակը մերը կլինի։
 
***
Մենք 1988 թվականի համազգային շարժման ներուժ կրողներն ենք։ Այդ ներուժն էր, որ մեզ հասցրեց հաղթանակների, որ մեզ հնարավորություն տվեց 5-6 տարվա ընթացքում 10-15 տարվա աշխատանք կատարել բանակաշինության ասպարեզում։ 88 թվականի ներուժը պահեց մեր ոգևորությունը, մեր համախմբվածությունը։ 
Մենք ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդն ավելի ձևավորված ազգ է։ Կա հայտնի ճշմարտություն. անհատն է, որ ոգևորում, իր հետևից տանում է հասարակությանը։ Մեր պատմությունը հասարակության և անհատի փոխըմբռնման ավելի կատարյալ փաստ, քան 1988-ին էր, չունի։ Եթե ունենար, մենք վաղուց հաղթած կլինեինք։
 
***
Անկախությունը քննարկվող արժեք չէ, նրա մասին փիլիսոփայելն անգամ անմտություն է։ 1988-ին, եթե մեկը հայտնվեր Անկախության հրապարակում և դիմեր ժողովրդին, ասելով. ՙ1996-97թթ. մենք ունենալու ենք անկախություն, աշխարհի կողմից ճանաչված պետություն, հզոր բանակ, Արցախի հարցը լուծված է լինելու, մեր կողմից է լուծված լինելու, բայց այդ ամենի դիմաց ունենալու ենք ծանր տնտեսական պայմաններ, լինելու են աղքատներ և հարուստներ՝ համաձա՞յն եք այս պայմաններին՚, համոզված եմ, որ բոլորը միաբերան կասեին՝ այո՛...՚։
 
1998թ. փետրվար
Զրուցակցեց 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ