Logo
Print this page

ՔԱՆԻ ՄԱՍԻՍԸ ԿԱ, ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻՆ ՎԱԽՃԱՆ ՉԿԱ

Arzik_1_.jpgՀարցազրույց հոգեբան, ԱրՊՀ պրոֆեսոր, Արցախյան շարժման ակտիվիստ Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ
-Տիկին Մխիթարյան, եթե  այսօրվա հեռավորությունից հետադարձ հայացք նետելու լինենք անցյալին, ի՞նչ բնորոշ պահեր կարելի է առանձնացնել Արցախյան շարժման ընթացքում: Ո՞րն է նրա խորհուրդը:
- Ղարաբաղյան շարժման ամենաբնորոշ առանձնահատկությունները բնութագրելու համար առնվազն պետք է նրա ակունքներին ու ընթացքին շատ մոտ եղած լինել, և քանի որ ուսանողական տարիներից` 1965 թվականին Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը նշելու հանրահայտ դեպքերի մասնակիցն էի, իսկ այնուհետև՝ Արցախյան շարժման ակունքներում կանգնած մտավորական, ինձ թույլ եմ տալիս մի քանի ընդհանրացումներ կատարել, որոնք բնութագրական էին համազգային Զարթոնքի մեր  պայքարին:
Հանրահայտ ճշմարտություն է, որ 1000-մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհը սկիզբ էր առել հայկյան նետի սլացքից և մինչ մեր օրերն է հասցրել հայոց անլուծելի համարվող հարցը: Մեր ժողովուրդը՝ վաղուց ի վեր իր գենետիկ հիշողությամբ պատրաստ լինելով հակամարտող կողմի պերմանենտ խարդավանքներին, պատմական իրադարձությունների ողջ ընթացքում միշտ էլ եղել է պայքարի մեջ, միշտ էլ արարել է պատերազմների միջև ընկած կարճ դադարների ընթացքում և ստիպված է եղել ի զեն գնալու, երբ զգացել է, որ ապրելը դարձել է անհնարին: 
1988-ը 70-ամյա գեհենից Ղարաբաղը փրկելու իրավացի ընդվզում էր, իր պատմական իրավունքը պաշտպանող ժողովրդի արդարացի ըմբոստություն: Համահայկական ալեկոծության Իններորդ ալիքի վրա ստիպված եղանք ելնել պայքարի, քանի որ հասկացանք գորբաչովյան գաղափարախոսության խաբկանքն ու խարդավանքը: Եվ համազգային մեր բռունցքված միասնությունն ու  ոգու եռքը դեռ ակունքներում դեմ առավ քաղաքական փակուղու:
Մեր Շարժման մյուս շատ կարևոր առանձնահատկությունը (հաճախ հարկի ու անհարկի կրկնվող) համազգային համաձայնությունն ու միասնությունն էր: Մենք միակամ էինք, յուրաքանչյուրս պատրաստ նույնիսկ նահատակության, միայն թե իրականանա հայի դարավոր բաղձանքը` ազատ ու ինքնիշխան ապրելու և պետականություն ունենալու երանելի տեսլականը:
Փետրվարյան այն խստաշունչ օրերին տեղեկանում էինք, որ Ավստրալիայի  հեռավոր քաղաքներից մեկում ապրում է ընդամենը մեկ հայ ընտանիք, որը ևս Շարժման օրերին իր կամքն է արտահայտում նստացույցով: 
Սպիտակի երկրաշարժի փլատակից հանված տուժածը փրկողներին հարց է ուղղել. ՙՂարաբաղի հարցը լուծվե՞ց՚, ինչը խորհրդային գերտերության փլուզումը նախաձեռնող Գորբաչովին զարմացրել էր, և շփոթահար փոքրոգին այն անվանել էր ՙանբարո՚:
Սակայն համազգային համաձայնությունն ու հանդուրժողականությունը  հետպատերազմյան սինդրոմի արդյունքում այսօր կարծես մի փոքր բեկվել է, որն, ինչ խոսք,  կվերածնվի ազգային ցանկացած գերլարումի պահի:
Եվ որպես անհերքելի ճշմարտություն՝ Արցախյան շարժման արժեքն ու խորհուրդը համազգային միասնությամբ, արյունով ու տառապանքով ծնված Ազատությունը, Անկախությունն ու Հայոց ազգային բանակն է, որն իմաստուն ձևակերպումով կոչվում է Պաշտպանության բանակ:
- Չափազանցվա՞ծ է, թե՞ ճշմարիտ այն տեսակետը, համաձայն որի` Արցախյան շարժումն է դրել խորհրդային կայսրապետության փլուզման հիմքը:
- Դեպքերի բերումով այն եզակիներից եմ, որ 1988-89-ին տարբեր պատվիրակությունների կազմում ծեծել եմ թե՜ Կրեմլի դռները և թե՜ բանակցել Մոսկվայից Ստեփանակերտ ժամանած պաշտոնյաների հետ: Եվ արդեն իսկ ակնհայտ էր, որ գորբաչովյան Կրեմլը հայանպաստ որևէ որոշում չէր ընդունի, և խորհրդային տոտալիտար պետության ու նրա իշխանության փլուզումը, հիրավի, լուսաբաց դարձավ մեր շարժման համար, չնայած, ինչ խոսք, Շարժումն սկսել էինք գորբաչովյան նույն վերակառուցման հովերով  տարված:
Անկասկած, Մոսկվան ժամանակին իրագործում էր գերտերություններին հատուկ խարդավանքներ, և չէր բացառվում, որ մենք դառնայինք քաղաքական այդ ռևերանսների ոչ միայն գործիքը, միջոցը, այլև քաղաքական փորձաքարը: Մերձբալթյան պետությունները շատ արագ, առանց առանձնակի ցնցումների վերականգնեցին իրենց պատմական իրավունքը և ինքնորոշվեցին` շրջանցելով ցանկացած հակամարտություն: Հայաստանն ուրիշ էր: Ղարաբաղի խնդրի լուծումը դեմ առավ փակուղու, քանի որ հակառակորդի քաղաքական մշակույթը վայրենաբարո էր, իսկ աշխարհի վերաբերմունքը` շահամոլական, որի հիմքում ընկած են ոսկին ու նավթը: Նախախնամության մատը խառն էր, գուցե թե, որ համընկան մեր ընդվզումն  ու խորհրդային կայսրապետության անկումը:
- Մինչ այժմ էլ ոմանց մոտ շարունակում է մնալ այն կարծիքը, թե 88-ի շարժումը հրահրել է Մոսկվան: Ցանկալի է իմանալ Ձեր` Շարժման առաջամարտիկներից մեկի տեսակետը:
- Անկեղծ ասած, նրանք, ովքեր լավ գիտեն խորհրդային կայսրապետության  կառավարման բնույթը, նրա պետական անվտանգության կառույցների աշխատանքի ոճը, չեն հերքի այն, որ 1987-ից սկիզբ առած ստորագրահավաքը շատ արագ ու հեշտ կարող էր ճնշվել և մինչ այդ եղած բոլոր փորձերի պես ՙխեղդվել բնում՚: Դա չարվեց: Եղան միայն թույլ հակազդումներ, որոնք արգելք չեղան սկսված գործընթացին, և ահագնացող ՙձնագունդը՚ իր ճանապարհին հզորացավ, իսկ այնուհետև դարձավ նույնիսկ անկառավարելի: Սա  թույլ է տալիս մտածելու, որ Մոսկվան  շատ  լավ էլ ուսումնասիրել և պատկերացնում էր, որ գորբաչովյան վերակառուցման շունչն անխուսափելիորեն ադեկվատ արձագանք կգտնի Ղարաբաղում և Հայաստանում: Եվ կատարվեց այն, ինչն անխուսափելի էր: Խայծը` Հայաստանին վերամիավորվելու և պատմական արդարությունը վերականգնելու գաղափարն այնքան հրապուրիչ էր, որ չնկատեցինք մեզ մատուցված հմայիչ ՙծաղկեփնջի՚ մեջ տեղադրված դանդաղ գործողության   ՙականը՚:
Պատահական չէր, որ քաղաքական արդարացի մեր պահանջին Ադրբեջանը պատասխանեց  Սումգայիթով և մեկ անգամ ևս ապացուցեց, որ կես քայլ անգամ հեռու չի կանգնած 1915-ի  հայատյաց Թուրքիայից:
Եվ եղավ պատերազմ, որն աշխարհում առկա հակամարտությունների բնույթից ելնելով, կարող ենք համարձակորեն ասել, որ դա ևս ժամանակի աշխարհաքաղաքական գործընթացների անխուսափելի դրսևորում էր:
Սակայն օրինաչափորեն էլ դրսևորվեց պարզ մի ճշմարտություն ևս, որ նավթաբեր պետություններն ի վիճակի չեն վարելու ինքնուրույն քաղաքականություն, նրանց ՙչեն կթում՚, որ թույլ տրվի բառաչել, իսկ առավել ևս՝ պոզահարել:
- Դուք ադրբեջանական ժողովրդին համարո՞ւմ եք թշնամի:
 - Քաղաքական ու բարոյական էթիկան պահանջում է, որ ասեմ` ոչ: Սակայն դա միայն  էթիկայի   ու  բանականության   նորմերից   ելնելով, մինչդեռ, երբ կինոնկարի դրվագների պես  հիշողությանս   ժապավենը   մանկությունից  բերում   և   այսօրվան   է հասցնում Անդրանիկի հավատարիմ զինվոր պապիս պատմությունները թուրք ենիչերու կերպարի մասին, երբ հիշում եմ խորհրդային 70-ամյա տարիներին ադրբեջանա-հայկական ընդգծված թշնամանքը, Սումգայիթի, Բաքվի, Շուշիի ու հայաբնակ մյուս բնակավայրերում թուրքի ցուցաբերած վայրագություններն ու հունգարական կացնային սինդրոմը, սրտիցս  կարծես արյուն է կաթում  և գոռալ եմ ուզում՝ ՙԷլ ինչպե՞ս է լինում թշնամու կեցվածքը՚: 
Իշխանավորն` իշխանավոր, քաղաքականությունը` լպրծուն, բայց ժողովուրդը, որն այս ՙփոքրացած՚ երկրագնդի վրա պետք է կարծես թե լիներ համամարդկային մի հանրություն և սահմանները` պայմանական գործոններ, արի ու տես, որ կարող է իր գրկում աճեցնել  ու  հերոսացնել  արյունարբու նոր ենիչերիներ: Ինչպես որակել՝ չգիտեմ... Էթիկան ու բարոյականությունն ինձ  ոչինչ չեն  հուշում:
Կասեի միայն, որ ձիթենու ճյուղը ինչքան էլ դնես բորենու բերանը` խաղաղության աղավնի չի դառնա:
- Տարիներ առաջ, երբ պայքարի դրոշ էիք բարձրացնում, ինչպե՞ս էիք  պատկերացնում Արցախի, նաև՝ Մայր Հայաստանի ապագան:
- Ես ուզում եմ անկեղծ լինել և չհնչեցնել ոչ մի ունիսոն նոտա: Այո, մեր ժողովրդի մեծ հատվածը, առավել ևս՝ մտավորականությունը, հենց այսպես էլ պատկերացնում էր թե՜ պատերազմը, և թե՜ երկրի հետպատերազմական գործընթացներն ու վիճակը, քանի որ իրատես է: Հաղթանակը շատ ծնողներ ունի, անհաջողությունն ու պարտությունն է որբ: Հնարավոր չէր ստրկացնել Սասունցի Դավիթ ու Վարդան, Անդրանիկ ու Նժդեհ, Դրո ու Ավո ծնող ժողովրդին: Արցախը փրկել ու հետ է բերել մեր դյուցազուն որդիների Ոգին և ոչ թնդանոթը։ Նրանք Հայրենիքի պաշտպանության Ուխտին հավատարիմ՝ պսակվեցին զենքին, փաթաթվեցին պատանքացու շորերում և որպես Բրաբիոն ծաղկի հունդեր՝ թաղվեցին երկրի կրծքի մեջ` իրենց արյամբ ծանրացնելով մեր հողի ու Ազատության կշիռը: Փա՛ռք նրանց ու խնկարկվող խոնարհում` նրանց հիշատակին:
Փառք ու պատիվ նաև նրանց, ովքեր իրենց ուսերին տարան մահապարտի խաչը և այսօր մեր հասարակության ողնաշարն են: Այդ տղաներին պետք է գնահատել, արժևորել ու մեծարել: Նրանք Հայոց աշխարհի դաժան լեռներում ճախրող արծիվներ էին, ՙքայլող աստվածներ՚, հայի պատիվն ու ազատությունը պաշտպանող դյուցազուններ: 
Պատմության մեջ առաջին անգամ իր երկրի կեսից զրկված հայն այսօր մեղադրվում է հող գրավելու մեջ, որը հենց այս դյուցազունների ոգու հզորության արդյունք է, և որը ոչ այլ ինչ էր, քան պատմական սխալի ուղղում և ռազմավարական հաջողված հնար` պատերազմական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք: Մենք, իհարկե, չէինք պատկերացնում, որ այս հզորությամբ կարող էին ցեմենտվել համայն հայության կամքն ու զգացմունքը:
Այսօր մենք ապավինում ենք աշխարհի 10 միլիոն հայերի զորակցությանը, որի միայն երեք միլիոնն է ապրում հայրենիքում, իսկ 150-հազարանոց արցախահայությունը, որ հայության խորունկ օվկիանի մի կաթիլն է սոսկ, դարձել է ազգային հպարտության ու արժանապատվության, գաղափարախոսության ու հայրենասիրության էպիկենտրոն, որի պահպանումը դարձել է  նույն այդ 10 միլիոնի հոգսը: 
- Շարժման 25-ամյակի կապակցությամբ բարեմաղթանքներ ունե՞ք…
- Իմ մաղթանքներն այս հրաշք օրվա կապակցությամբ նույնն են, ինչ կարող էր ասել աշխարհի 10 միլիոն հայերից յուրաքանչյուրը: Մենք արդեն իսկ կերտել ենք 25-ամյա պատմություն, ինքնիշխան Արցախի անշրջելի պատմություն: Եվ եթե կա մի բան, որից երբեք չենք աղքատանա, Հայրենիքի ու հայ մարդու նկատմամբ տածած սիրո մեջ շռայլությունն ու առատաձեռնությունն է: Համայն հայությանը մաղթում եմ միակամություն ու իմաստնություն, շռայլ սեր առ Հայրենիքը մեր:
Ժողովրդական ավանդությամբ՝ յուրաքանչյուր առանձին թռչուն չի կարող չվել Եգիպտոս, որովհետեև Եգիպտոսի տեղը չգիտի: Եգիպտոսի տեղը գիտի միայն երամը: Երամը մի մարմին է, որն ունի Եգիպտոսը գտնելու բնազդը: Այդ բնազդը միայն երամինն է: Ցանկանք, որ մեր ժողովուրդը պահպանի երամի միասնական  իմաստնությունը, և ինչպես միշտ, ունենա իր անվարան կողմնորոշումը` պատմական անցքերի ու իրադարձությունների հորձանուտում: Հասկանանք ժամանակի հրամայականն ու պահանջը` ազգային համաձայնություն ընդհանուր արժեքների շուրջ: Այդ արժեքներն են  Ազգը և Հայրենիքը: 
Հայրենիքն` Աստվածություն,  Հայրենասիրությունը` կրոն: Ապավինենք ամենազոր Աստծուն, վառոդը չոր պահենք, քանի որ ըմբոստ ենք և հաշտվել չենք կարող այն մտքին, որ աշխարհում Հայոց հողից մեծ Դեր-Զորի գերեզման կա, և քանի Մասիսը կա, մեր երազանքին վախճան չկա:
 
 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.