[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3987vagram_atanesyan.jpgԱդրբեջանում տիրող իրադրության մասին կարծիք է հայտնում 
ԼՂՀ ԱԺ   հանձնաժողովի նախագահը 
Ներքաղաքական անկայուն իրավիճակն Ադրբեջանում, որն ավելի սրվեց Ամանորի տոներից հետո, իր վրա է գամել միջազգային հանրության ուշադրությունը՝ տեղիք տալով զանազան վերլուծությունների և ենթադրությունների։ Տեսակետները տարբեր են, սակայն դրանց բոլորի առանցքում այն իրողությունն է, որ բռնապետական վարչակարգն Ադրբեջանում սպառել է իրեն և որի հետագա գոյությունը սպառնալիք է տարածաշրջանի համար։     
Գնահատելով Ադրբեջանում ստեղծված իրադրությունը՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը կարևորում է երկու հանգամանք։ Նախ՝ հունվարի 24-ին, երբ ծավալվում էին հայտնի իրադարձությունները Իսմայիլի շրջկենտրոնում, անսպասելի մեկնաբանությամբ հանդես եկավ Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը (դեսպան եղել է մինչև 1997 թվականը, իսկ այժմ Պենտագոնում առանցքային պաշտոն է զբաղեցնում) և իրավիճակը համեմատեց 1989թ. Պեկինում ծավալված իրադարձությունների հետ։ Հունվարի 30-ին ՙԹուրան՚ գործակալությունը տարածել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ շատ բնութագրական գնահատականներ էին տրված իրավիճակին։ Շեշտվում էր, որ դա հասարակության սպասած արձագանքն է, և դիվանագիտական լեզվով Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արվում ապահովել երկխոսությունը սեփական քաղաքացիների հետ՝ հավաքներ անցկացնելու և ազատ արտահայտվելու նրանց իրավունքը երաշխավորելու համար։ 
Այս նախաբանի անհրաժեշտությունը հանձնաժողովի նախագահը հիմնավորեց նրանով, որ ԱՄՆ դեսպանությունը այս կամ այն երկրում միշտ չէ, որ այդքան արագ և բնութագրական գնահատականներ է հնչեցնում երևույթի վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ եթե ԱՄՆ նախկին և այսօրվա դեսպանի մակարդակով մեծացվում է երևույթի ընկալման դիապազոնը, ուրեմն պետք է նկատի ունենալ, որ Սպիտակ տունն ավելի է տեղեկացված, քան մենք, և ավելի դիտողունակ է երևույթների հանդեպ։ Եվ մյուս հանգամանքը. հունվարի 26-ին, երբ դեռևս հայտնի չէր, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իսմայիլլիում, Բաքվում Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանատները գրեթե միաժամանակյա հայտարարությամբ հանդես եկան և այդ երկրում ապրող իրենց քաղաքացիներին կոչ արեցին ձեռնպահ մնալ Ադրբեջանում շրջագայություններից, քանի որ, իրենց արտահայտությամբ, սպասվում է անկայունություն։ Այս ամենը չի կարելի պատահականություն համարել։ Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ իրավիճակն Ադրբեջանում կարծես թե դուրս է գալիս օրինաչափություններից, կամ, ավելի ճիշտ, արդեն դուրս է օրինաչափություններից։ Մի երկրում, որտեղ գործադիր իշխանությունը, թվում է, մինչև վերջին պտուտակը վերահսկում է ամեն ինչ, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք չեն տեղավորվում այդ երկրի մասին պատկերացումներում։ 
ՙԵս չեմ կարծում, թե Ադրբեջանում ժողովրդական ըմբոստություն է կամ էլ ինչ-որ դժգոհության համաժողովրդական դրսևորում,-համոզմունք է հայտնում խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։- Որքան հետևում եմ ադրբեջանական մամուլի զանազան միջոցների հաղորդած լրատվությանը, կարող եմ այսպիսի ենթադրություն անել. դա ոչ այնքան ժողովրդական զանգվածների ըմբոստության ցույց է, որքան՝ ներիշխանական հակասությունների դրսևորում՚։ Բաքվում իշխանությունը թուլացել է, և այլևս լիարժեք չէ. դա մի իշխանություն է, որտեղ առաջին դեմքը չի որոշում ամեն ինչ։ Դա խորքային երևույթ պետք է համարել։ 
Պետք է հիշել, որ 2011թ. սկզբին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդագրություն էին տարածել, որ հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի մերձքաղաքային ամառանոցում տեղի է ունեցել Մտավորականների ֆորում կոչվող կառույցի հիմնադիր ժողովը, որտեղ քննարկվել է երրորդ ժամկետով Ի. Ալիևի նախագահության անցանկալիությունը։ Այնտեղ առաջարկվել է տարբերակ, համաձայն որի՝ Ի. Ալիևը իշխանությունը փոխանցում է Մեհրիբան Ալիևային, իսկ խորհրդարանը օրենք է ընդունում և ստեղծում համազգային առաջնորդի ինստիտուտ (նման տարբերակ գործում է Իրանում)։ Ի. Ալիևը չի առաջադրվում. նրա համար ստեղծվում է համազգային առաջնորդի ինստիտուտ։ Վերջինս կազդի սկզբունքային որոշումների վրա, որոնք վերաբերում են արտաքին պայմանագրերին և այլ հարցերի։ Սակայն այդ առաջարկությունը նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը չի ընդունել։ Նա Հեյդար Ալիևի օրոք եղել է Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի գաղափարական գծով քարտուղարը և արդեն 20 տարի անփոփոխ գլխավորում է նախագահական աշխատակազմը և, ինչպես ասում են, փաստացի իշխանության տերն է։ Բաքվում այսօր տեղի ունեցող զարգացումները բացատրվում են երկու տարբերակով. կամ Մեհթիևը փորձում է անկայունություն հրահրել՝ ընդգծելու իր անփոխարինելիությունը, կամ գործում է առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հարազատների՝ Փաշաևների կլանը, որը սադրում է համաժողովրդական շարժում` նկատի ունենալով անհրաժեշտ փոփոխությունների հրամայականը։ Կարելի է ասել, որ այսօր ականատեսն ենք  պալատական հեղաշրջումների հերթական շրջապտույտի։  
Իսկ ի՞նչ կարելի է ասել արտաքին ուժերի շահագրգռվածության մասին. հարցին պատասխանելով՝ Վ. Աթանեսյանը միանշանակ պնդեց, որ բոլոր ուժերը ցանկանում են Ադրբեջանում տեսնել ներքաղաքական կայունություն։ Բայց կա մի սահման, որից այն կողմ ոչ ոք չի կարող անցնել. երբ այդ կայունությունը չի ապահովվում երկրի օրենսդրությամբ, գործ ենք ունենում դեսպանների վերոհիշյալ հայտարարությունների հետ, ինչը միաժամանակ ազդանշան է Ի. Ալիևին, որ Միացյալ Նահանգները չի պաշտպանելու նրա հետագա գործողությունները։ 
Վ. Աթանեսյանը չի բացառում մեկ հանգամանք ևս. այսօր ադրբեջանական հեղինակավոր վերլուծաբաններն ակնարկում են, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները հիմնականում համակարգվում են Ադրբեջանի առաջին տիկնոջ մակարդակով։ Ասել է թե՝ Ի. Ալիևը Ելիսեյան պալատի համար, չասենք ՙPersona non grata՚ է, բայց այնքան էլ ցանկալի անձ չէ, ուստի և այդ հարաբերությունների կարգավորումն ընկած է տիկնոջ վրա։ Ակնարկներ կան, որ այսօր համացանցում Մեհթիևին հեղինակազրկող տեսահոլովակները Ստրասբուրգից տարածվում են ֆրանսիական հատուկ ծառայությունների հովանավորությամբ։ Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունների փորձը՝ Ստրասբուրգում չեզոքացնել Էլշադ Աբդուլաևին (Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր, ումից կաշառք էր վերցրել պատգամավոր Գ. Ահմեդովան՝ Միլլի մեջլիսի ընտրություններում նրա հաղթանակն ապահովելու համար), արգելանքի է հանդիպել ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից։ Սա իր մեջ այն տեղեկատվությունն է պարունակում, որ Ելիսեյան պալատն է նաև  աշխատում ամբողջատիրական ռեժիմն Ադրբեջանում վերափոխելու ուղղությամբ։ 
Վ. Աթանեսյանի կարծիքով՝ Ադրբեջանը շատ անհավասարակշիռ հաշվարկ է կատարել արտաքին քաղաքականության մեջ և հիմա ստանում է իր պատասխանները։ Այդ երկիրը շարունակում է իր ավանդական քաղաքականությունը տարածաշրջանում, ինչը հղի է Իրան-Ադրբեջան, նույնիսկ Ադրբեջան-Վրաստան պատերազմով։ Վրաստանի նորընտիր կառավարությունը քիչ-ինչ պրագմատիկ վերաբերմունք դրսևորեց՝ հասկանալ տալով, որ չի կարելի թույլ տալ, որ Հարավային Կովկասում երկու պետություններ իրենց բարեկեցությունը կառուցեն երրորդի թշվառության վրա։ Այժմ այդ երկու պետությունների հարաբերությունները բավական լարված են։ Այս ամենը վկայում է, որ մենք բախվում ենք ոչ լուրջ գործընկերոջ հետ։ Իսկ նման պարագայում տարածաշրջանում չի կարող լինել կոնսենսուս,  հարաբերությունների այնպիսի քաղաքակիրթ մակարդակ, որի դեպքում  մեկի հոգսը դառնում է բոլորինը։ 
Որքանո՞վ է հավանական  Հարավային Կովկասում պատերազմի վերսկսումը։ Հարցի առնչությամբ Վ. Աթանեսյանն ասաց, որ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների համար պատերազմը վատթարագույն բեմագիրն է։ Պարզապես այստեղ առկա է մի շատ նուրբ սահման. թույլ չտալ պատերազմ կամ չաջակցել պատերազմին ժամանակի մի որոշակի հատվածում։ Կա նաև, ըստ էության, սկզբունքային դիրքորոշում, որը, դժբախտաբար, չի արտահայտվում շատ կոշտ որոշումներով։ Գոնե այն մակարդակով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը ներկայացնող պետությունները զենք ու զինամթերք չմատակարարեն հակամարտության կողմերին, եթե չեն ցանկանում ռազմական էսկալացիայի աճ։ Վ. Աթանեսյանի կարծիքով՝ ներկա դրությամբ տեղի է ունենում Ադրբեջանի տարածքում իսրայելական ռազմաբազաների ստեղծում, որը քողարկվում է երկու երկրների միջև հսկայական ռազմատնտեսական գործարքի մասին մի այսպիսի տեղեկատվությամբ. Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք է գնում Իսրայելից։ Այսինքն՝ Ադրբեջանը վերածվել է իսրայելական հենակետի հենց Պարսկաստանի դեմ։ Իհարկե, գերտերությունները կարող են զսպել, բայց կա խնդիր. եթե սկսվում է Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ-ի դեմ, ապա դա ոչինչ չի տա ԱՄՆ-ին, որովհետև դա կլինի լոկալ պատերազմ։ Իսկ եթե դրան միջամտում է երրորդ կողմը, պատկերը միանգամայն այլ է։ 
Այս բոլոր իրողություններն ի վերջո հանգում են նրան, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի ամենաապակառուցողական ուժը։ 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ