Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙ20 ՓԵՏՐՎԱՐԻ 1988՚. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

Zori.jpgԱնցել է քսանհինգ տարի։ Քառորդ դար։ Դա նշանակում է, որ 1988 թվականին ծնված երեխաներն այսօր արդեն ոչ թե պարզապես պատանիներ ու աղջիկներ են, այլ, համարձակորեն կարելի է ասել՝ տղամարդիկ և կանայք, որոնցից շատերը ծառայել են բանակում, հասցրել բուհեր ավարտել, ծնողներ դառնալ։ Մի խոսքով, իրենք արդեն կյանքի փորձ են կուտակել։
Խոսքն առհասարակ միայն նրանց մասին չէ, այլև նրանց, ովքեր լեգենդար և ողբերգական 1988 թվականին տասը տարեկան էին, տասնհինգ, նույնիսկ ավելի։ Խոսքն ընդհանրապես այն սերնդի մասին է, որը տարիքի, բնույթի տրամաբանության պատճառով չէր կարող գիտակցված ընդունել պատմական և բախտորոշ իրադարձության  էությունն ու մանրամասները։ Իրոք, շատերը համարյա ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է մեր ժողովրդի համար 1988 թվականի փետրվարի 20-ը։ Եվ դա նրանց մեղքը չէ. դա նրանց դժբախտությունն է։ Իսկ մեղավոր ենք մենք՝ ավագ սերունդը։ Հին իմաստունները տագնապով կրկնում էին, թե պետք է կշտամբել ու պատժել հայրերին նրա համար, որ զավակները չգիտեն իրենց ժողովրդի, իրենց ընտանիքի պատմությունը։
Հավանաբար դա տեղի է ունենում այն պատճառով, որ յուրաքանչյուր սերունդ ունի իր գերակա տեղեկատվությունը, իր տարեգրությունը։ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ ժողովուրդը միշտ հանդիսավորապես նշում է այն տարեթվերը, որոնք կապված են առանձնահատուկ բախտորոշ իրադարձությունների հետ։ Չէ՞ որ դա  չի արվում միայն պատմական հիշողությունը թարմացնելու համար, այլ ավելի շուտ նրա համար, որ մանրազնին յուրացնենք պատմության դասերը, առանց որոնք իմաստավորելու անհնար է ռազմավարական ու փրկիչ ակնկալիքներ ունենալ ապագայից։
Ես երջանկություն եմ ունեցել ծնվելու Արցախում և հիրավի երանություն եմ ունեցել իմ շատ հայրենակիցների հետ աշխարհի տարբեր մասերում ակտիվորեն ու գործուն կերպով հայտնվելու սոցիալական այն երկրաշարժի էպիկենտրոնում, որն ստացավ ՙՂարաբաղյան շարժում՚ անվանումը։ Ո՜չ անվերջանալի ուղևորությունների ժամանակ, ո՜չ պաշտոնյաների աշխատասենյակներում, ո՜չ էլ Արցախի խրամատներում երբեք չեմ բաժանվել իմ հուշատետրից։ Եվ այսօր, երբ ողջ ժողովրդով, բոլոր հինգ մայրցամաքներում նշում ենք փառապանծ տարեդարձը, ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում մի նյութ հենց ՙփետրվարի 20-ի՚ մասին ստեղծված տարեգրական էջերի հիմքի վրա։
1988 թվականի փետրվարից դեռ շատ առաջ ես գրել եմ օրագրում. ՙԻնձ վիճակվել է տեսնել մեծ գետերի շատ ակունքներ։ Սելիգեր լճի մոտ տեսել եմ մի աղբյուր, որում, ինչպես կենդանի բջջի մեջ, դրված է Վոլգայի գենետիկ կոդը։ Ցատկել եմ թելանման այն առվակի վրայով, որն աստիճանաբար թափ ու լայնք էր հավաքում, դառնալու համար հզոր Դնեպր։ Եվ ամեն անգամ միտք եմ արել ցանկացած Շարժման  մի ինչ-որ աստվածային նախանշանակության վրա…՚։ Եվ ահա, թերթելով իմ այն ժամանակների գրառումները, հիշում եմ, թե ինչպես այդ ամենը  եղավ, ինչպես այդ ամենը սկսվեց։ Հիշում եմ անվերջանալի պայքարի բուն տարեգրությունը, որ մենք անվանեցինք Շարժում։ Հին մտածողներն ասում էին, թե Շարժումը կյանք է։ Ամեն ինչ ածանցված է Շարժումից։ Նույնիսկ ինքը՝ Ժամանակը ոչ միայն փիլիսոփայական կատեգորիա է, այլև շարժում, որն ունի ընդամեը մեկ չափում՝ անցյալից ապագա։ Ազատության համար պայքարը նույնպես շարժում է։ Այստեղից էլ՝ Ղարաբաղյան շարժում, որն սկսվել էր 1988 թվականի փետրվարից շատ ավելի շուտ։ Գուցե սկսվել էր այն օրը, երբ ադրբեջանական  վանդալները Դաշքեսանի շրջանի Բանանց  գյուղում բուլդոզերով գետնին հավասարեցրին Մեծ Հայրենականում զոհված իրենց համերկրացի հայ զինվորների հուշարձանը։ Իսկ գուցե,երբ կացնով (դարձյալ կացնով) գլխին հարվածելով, հենց հերկված դաշտի ակոսում սպանեցին ութսունամյա վար անողին, և մարդասպանը մնաց անպատիժ։ Իսկ գուցե այն օրը, երբ Ղարադաղլու գյուղի ադրբեջանցի ՙուսուցիչն՚ ու իր հանցակիցները ութ տարեկան հայ տղայի գլխին մեխեր մխեցին և հանեցին աչքերը։ Գուցեև այն ժամանակ, երբ աղդամցի վեց հրեշներ բռնաբարեցին տասնվեցամյա հայ աղջկան, իսկ մարմինը գցեցին Հայոց ցեղասպանության և պատերազմի զոհերի Ստեփանակերտի հուշահամալիրի Հավերժական կրակին…Ավաղ, չափից ավելի շատ էին Ղարաբաղյան շարժում սկսելու պատճառներն ու առիթները։
Եվ, սակայն, ես կարծում եմ, որ սկիզբը դրեցին մշակույթի և արվեստի գործիչների նամակները՝ ուղղված երկրի հասարակայնությանը և ղեկավարությանը։ Այն գրողների, բանաստեղծների, հրապարակախոսների հոդվածներն ու գրքերը, որոնք հարգանք հայտնելով բարձր հասցեատիրոջը, փորձում էին բացահայտել Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում, Բաքվում և Գարդմանքում, Գանձակում և Շահումյանի շրջանում հայերի նկատմամբ խտրականության էությունը։ Այսօր, ժամանակի բարձունքից նայելով Շարժման խորքը, մեզանից ոմանք այդ նամակների հեղինակներին համարում են պարզամիտ մարդիկ։ Ես խորհուրդ չէի տա շտապ եզրահանգումներ անել. խոսքն այնպիսի ժամանակների մասին է, երբ նույնիսկ նման նամակի տակ ստորագրելը ոչ պակաս արիություն էր պահանջում, քան կրծքով հրակնատ փակելը։ Դեռևս վաթսունականների կեսերին, Ալիև-ավագի օրոք, որն այն ժամանակ ղեկավարում էր պետանվտանգության կոմիտեն, սկսվեցին աննախադեպ բռնաճնշումներ արցախյան մտավորականության դեմ։
Բագրատ Ուլուբաբյանի լեգենդար խումբը, որը մարզում հսկայական աշխատանք էր տանում, դեռևս 1965 թվականին տասնյակ հազարավոր արցախցիների ստորագրահավաք կազմակերպեց հայկական պատմական մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիացնելու պահանջի տակ։ Եվ տասներեք մարդուց կազմված ողջ խումբը ենթարկվեց բռնաճնշումների։ Շատերին արտաքսեցին հարազատ օջախներից, այդպիսի չարագույժ գործողություններով միայն սրելով իրավիճակը և յուղ լցնելով Ղարաբաղյան շարժման ջահի վրա։ Տարիներ անց, Միլլի մեջլիսի նիստերից մեկում, Նախիջևանից պատգամավոր ընտրված Հեյդար Ալիևը բացեիբաց խոստովանեց, թե իրեն խանգարել են կենսագործել Ղարաբաղում հայության վերացման և, ինչն արդեն արվել էր Նախիջևանում, հայկական ինքնավար կազմավորման փաստացի լուծարման ծրագրերը։
Հանուն արդարության պետք է ասել, որ Ալիևը զուր էր համեստություն անում. Արցախի համար իր մահաբեր մտադրությունների իրականացմանն ուղղված  քայլերը բավական արդյունավետ էին։ Սկսեց նրանից, որ Արցախի ղեկավար նշանակեց իր սնածու Բ.Կևորկովին, որը մարզկոմի առաջին իսկ, այսպես ասած՝ գաղափարախոսական պլենումում, կատարելով իր շեֆի հրահանգը, ձեռնարկեց մտավորականության ջարդը։ Բավական է հիշել ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի սեփական թղթակից Յաշա Բաբալյանի վտարումն Արցախից միայն նրա համար, որ գրչակիցների շրջապատում կարդացել էր Արամայիս Սահակյանի ՙգաղափարախոսական կրիմինալով՚ ներծծված բանաստեղծությունը, որում պոետը տարակուսանք էր հայտնում, թե մարդկությունը արդեն տեսել է լուսնի հակառակ կողմը, իսկ այ իրեն՝ բանաստեղծին չի հաջողվում աստվածաշնչյան լեռանը նայել հակառակ կողմից։ Հազարավոր նամակներ մենք ուղարկեցինք աշխարհով մեկ։ Այդ, ինչպես արտասահմանյան թերթերը գրեցին, ՙտխմարության՚ և ՙանհեթեթության՚ արձագանքն այնքան բուռն ու  ներգործուն էր, որ Բաքվում վախեցան։ Հայտնի դարձավ, որ այն երկրների խորհրդային դեսպանատները, որտեղ հայկական մեծ գաղութներ կային, տեղեկացրել էին ԽՍՀՄ արտգործնախարարությանը այդ տեսակի անհեթեթությունների վտանգավորության մասին, որոնք կարող են պատասխան շղթայական ռեակցիա առաջացնել։
1977 թվականին մեզ հայտնի դարձավ, որ Բաքվի կուսակցական առաջնորդն իր ուղիներով համառորեն առաջարկում է Արցախի մասին նյութ նախապատրաստել ՙՊրոբլեմի միրա ի սոցիալիզմա՚ ամսագրում տպագրելու համար։ Այդ ամսագիրը մոլորակի կոմունիստական, բանվորական կուսակցությունների տեսական  և տեղեկատվական  հրատարակությունն էր, որ լույս էր տեսնում 32 լեզուներով, 145 երկրներում, ԽՄԿԿ-ի փողերով։ Ալիևը լավ էր հաշվարկել. բավական է այնտեղ տպագրվեր իրեն անհրաժեշտ նյութը ՙՂարաբաղի տեղի՚ մասին, որպեսզի հասարակական կարծիքում երկար ժամանակով ամրագրվեր ինքնավար մարզի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու ՙտրամաբանությունը՚։ Գլխավորն այն էր, գտնում էր Ալիևը, որ նյութը նախապատրաստեին տարբեր երկրների անկախ լրագրողներ։ Հարցազրույցը, իհարկե , կտա ոչ այլ ոք, քան հայ, հենց այդ նույն Կևորկովը։
Շուտով ամսագրի վեցերորդ գրքույկում տպագրվեց արտասահմանյան ժուռնալիստներ Ս.Միտրի և Ա. Խաբի զրույցը կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Այն հարցին, թե ՙԻնչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը գտնվում Ադրբեջանի կազմում և ոչ թե Հայաստանի, որից բաժանված է ընդամենը հողի մի բարակ շերտով, ըստ էության պատասխանեց Ալիևը՝ Կևորկովի շուրթերով. ՙՄարզը Հայաստանից բաժանված է բարձր սարերով։ Ղարաբաղը ծաղկեց Ադրբեջանում, և միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ՚։ Եվ առանձնակի ընդգծեց պատվիրված նախադասությունը. ՙԼեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետականություն ձեռք բերեց Ադրբեջանի կազմում և այդ ճակատագիրն ընտրեց կամովին՚։ Նյութում խցկված էին անհեթեթ օրինակներ, որոնք իբր հաստատում էին հայերի և ադրբեջանցիների եղբայրությունը։ Եվ զրույցի վերնագիրը նույնպես մտածված էր այն ժամանակների ոգով՝ ՙՄենք տեսանք ազգերի եղբայրությունը՚։
Հենց որ ամսագիրը մեր ձեռքն ընկավ, որոշվեց օպերատիվ կերպով արձագանքել, ընդ որում՝ հնարավորինս բարձր։ Գտանք ավանդական ձևը. բաց նամակ Բրեժնևին, որն արդեն զբաղեցրել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության Նախագահի աթոռը, մնալով, բնականաբար, ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղար։ Բրեժնևի անունը այն ժամանակ մի տեսակ մարմնավորում էր արդեն բուն ԽՍՀՄ տերությունը։ Նամակի վրա աշխատում էինք Սերո Խանզադյանի տանը։ Նամակի տեքստին կցված էր վերլուծական մեկնաբանություն։
 
(Շարունակելի)
Զորի ԲԱԼԱՅԱՆ