Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴՐՈՒԹ

1H.jpg25 տարի է անցել այն օրից, որը ժամանակի հրամայականով արցախցիների համար նոր դարաշրջանի սկիզբ դարձավ։ 1988-ի այդ օրը սկսվեց ոչ միայն հայ ժողովրդի սլացքը դեպի իրական ինքնուրույնություն, այլև, ըստ էության, խորհրդային չարիքի փլուզումը։ Քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները ոչ պակաս ոգևորությամբ, բայց արդեն բեմականացված, կրկնվեցին Հադրութում...
Երբեք այդքան բազմամարդ  չէր եղել  Հադրութի  հուշահամալիրը: Այստեղ էին բարձրաստիճան այրեր՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի  գլխավորությամբ, ԼՂՀ  Ազգային  ժողովի  պատգամավորներ, Արցախյան  շարժման  ակտիվիստներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, զինվորներ, շրջկենտրոնի հասարակության ներկայացուցիչներ, դպրոցականներ: Արցախյան  գոյամարտում  զոհված  ազատամարտիկների  հուշարձանին  ծաղիկներ  և  ծաղկեպսակներ  դնելուց  հետո Հադրութի մշակույթի տան հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված  Ղարաբաղյան  շարժման  25-րդ  տարեդարձին: Այն բացեց  Հադրութի  վարչակազմի  ղեկավար  Վալերի  Գևորգյանը: 
ՙՀիրավի, 1988-ի  փետրվարը  ոգեղեն  էր  մեզ՝ արցախցիներիս  համար: Պայթեցին  տասնամյակների  ընթացքում կուտակված մեր լիցքերը: Նախկին Խորհրդային Միության նույնիսկ  ամենախուլ  անկյունում  լսեցին  Լեռնային  Ղարաբաղի  և  նրա  բնիկ  ժողովրդի՝ արցախահայության  պայքարի  մասին: Կարծես երեկ էր, որ Հադրութի կուսշրջկոմի շենքի  բակում  հավաքված  ժողովուրդը  ժամեր  շարունակ  վանկարկում  էր ՙՀա-յաս-տան՚ և ՙմի-ա-ացում՚ բառերը: Սակայն մեր քաղաքակիրթ պահանջներին Ադրբեջանը պատասխանեց բռնություններով, ապա՝ պատերազմով՚,- ընդգծեց Վ. Գևորգյանը։ Մենք  պատվով  դուրս  եկանք  բոլոր  փորձություններից: Արցախյան  ժողովուրդը  պայքարեց  իր  անկախության  և  ազատության  համար, հանուն  որոնց  իրենց  կյանքը  զոհաբերեցին  շատ  հայորդիներ: ՙՀեղված  արյունը  մեզ  համար  պետք է  դառնա  պատգամ  և  հիշեցում բոլոր  նրանց, ովքեր  վարանում  են  մեր  նպատակների, մեր  իղձերի  կատարման հնարավորության  մեջ: 1988-ի  ոգին  չի  լքի  մեզ, եթե  մենք  լինենք  միշտ  միաբան, վերջնական հաղթանակը  մերը  կլինի՚,- նշեց  Վ. Գևորգյանը: 
Մեկ  րոպե  լռությամբ հարգվեց  Արցախյան  ազատագրական  պայքարի  բոլոր  նահատակների  հիշատակը։ 
25 տարի առաջ կատարված իրադարձությունների և աշխատանքների մասին իրենց հուշերը պատմեցին Շարժման ակտիվիստներ Էմիլ Աբրահամյանը, Գրիշա Հայրապետյանը և այլոք։
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շնորհավորանքի խոսք ասաց հանրապետության կառավարության անունից։ Հանրահավաքում ելույթ ունեցան նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Գյումրի քաղաքից Շարժման ակտիվիստ Վլադիմիր Հարությունյանը, Շուշիի նախկին առանձին գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և ուրիշներ։
Հանրահավաքից հետո մշակույթի տանը ճոխ համերգով հանդես եկավ ՙՄենք ենք, մեր սարերը՚ համույթը։ 
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ