[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: ՄԱՐՏՈՒՆԻ

DSC05176_1_.jpgՓետրվարի 12-ին փետրվարյան խրոխտ ու հաղթական ոգին էր թևածում Մարտունի քաղաքում: Օրը տոնական էր, պահը` հուզմունքով լեցուն: Շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի գլխավորությամբ Շարժման նախաձեռնող խմբի և տոնական միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամները հարգանքի տուրք մատուցեցին հանուն արդարության  նահատակվածների հիշատակին` այցելելով նրանց գերեզմանները ու ծաղիկներ դնելով շիրիմներին: 
ԼՀՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի գլխավորությամբ շրջկենտրոն ժամանած հյուրերը և Շարժման ակտիվիստները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Ավոյի հուշարձանի, Արցախյան և ՀՄ պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի պատվանդաններին:
Այնուհետև մշակույթի և երիտասարդության կենտրոնում սկսվեց տոնական միջոցառման հանդիսավոր մասը, որին մասնակցում էին  ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, Մարտունու շրջվարչակազմը` շրջկենտրոնի հիմնարկությունների ղեկավարներ` իրենց կոլեկտիվներով, Արցախյան շարժման առաջամարտիկներ ու վետերաններ, ՊԲ զինծառայողներ:
ԼՂՀ օրհներգի հնչյունների ներքո մեկ րոպե լռությամբ հարգվեց նահատակների հիշատակը: 
Դիմելով ներկաներին՝ Նելսոն Սողոմոնյանը, ի դեմս նրանց, ամբողջ հայ ժողովրդին շնորհավորեց հիշարժան տոնի առթիվ` այն համարելով ազգային զարթոնքի, անկախության համար պայքարի, միասնության և հայի ինքնահաստատման տոն: ՙ25 տարի առաջ,- ասաց նա,- տեղի ունեցան իրադարձություններ, որոնք վերաճեցին համաժողովրդական շարժման: Մենք անհնարինը դարձրինք հնարավոր, քանի որ մեր պահանջն արդար էր, կամքը` անկոտրում ու ոգին` անսասան՚: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը, ով շնորհավորեց  բոլորին վերածննդի  տոն օրվա առթիվ։ Նրա խոսքերով՝ 25 տարի առաջ՝ փետրվարի  12-ին, Մարտունում  հանրահավաք էր և մարտունեցիները վճռական էին տրամադրված: Իրադարձությունների բերումով մարտունեցուն է վիճակվել առաջինը փորձության ենթարկվել։ Ադրբեջանի իշխանություններն այդ օրը ծանր   պարտությունն կրեցին: Ստեփանակերտում, Մարտունում և  Հադրութում փետրվարի 12-ին և հաջորդ օրերին տեղի ունեցած դեպքերը նոր շրջադարձի մեկնակետ  դարձան։ Փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայացավ հանրաքվե։ Քաղաքը  լիովին փոխեց իրավիճակը...:
- Արցախի ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներին բոլորս գիտենք անուն առ անուն։ Մարդիկ, որոնց արյամբ է թրծվել յուրաքանչյուր հաղթանակ։ Մարտադաշտում է կերտվել մեր առասպելական հերոս Ավոյի  կերպարը։ Անուն, որ  հպարտորեն է արտաբերում ամեն մի հայ, մանավանդ մարտունեցին։ Մենք անում ենք ամեն ինչ, որ գալիք սերունդն ապրի ազատ ու անկախ։ Մենք  կարող ենք և հասնելու ենք դրան։ Մենք միասնական, հոգեպես վերածնված  ժողովուրդ ենք Արցախում, Հայաստանում և Սփյուռքում,- նշեց Ա.Ղուլյանը։
Մարտունու Սուրբ Ներսես մեծ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Սահակ աբեղա Շաքարյանը իր ելույթում նշեց. ՙՄեր նախնյաց սրբարանների ու գերեզմանների խորհուրդը ոտքի հանեց մի ողջ ժողովուրդ՝ ազատության, արդարության ու անկախության պայքարի։ Հարկ է, որ բոլորս համախմբվենք հայրենաշինության վեհ գաղափարով և  անմար պահենք հիշատակը մեր քաջ հերոսների՚։
Հուզիչ էին Շարժման ակտիվիստներ Համլետ Գրիգորյանի և Ռիտա Գևորգյանի ելույթները, որոնք հնչեցին որպես սրտամորմոք տառապանք՝ միախառնված հպարտության ու արժանապատվության վեհ  զգացումներով։Համլետ Գրիգորյանը շեշտը դրեց մեր քիչ լինելու հանգամանքին, ընդգծեց մեր  շատանալու անհրաժեշտությունը։ Խոսելով օրվա խորհրդի մասին, նա   անգնահատելի համարեց այդ դաժան օրերին մեր նվիրյալների կատարած անմահ գործը։
Ռիտա Գևորգյանը՝ թվարկելով գոյապայքարի առաջամարտիկների անունները՝ խոսեց այդ օրերի դժվարությունների մասին, հանգամանալից ներկայացրեց շրջկենտրոնի հրապարակում կազմակերպված առաջին ցույցը։ 
Երիտասարդության անունից խոսք ասաց աշակերտուհի Հասմիկ Հարությունյանը, ով իր սերնդակիցների անունից հավաստիացրեց, որ իրենք հավատարիմ կմնան ավագների ավանդույթներին։ 
Վերջում  համերգային հարուստ ծրագրով հանդես եկան Արցախի պարի պետական համույթը և Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնի երգիչները։
 
 
Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ