Logo
Print this page

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ

7.jpg1988թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողությունը դուրս եկավ հրապարակային ցույցի՝ բարձրաձայն արտահայտելու Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանին վերամիավորելու իր անկոտրում կամքը։ Թե որքան ճիշտ էր այդ ընտրությունը՝ հաստատել է ժամանակը։ 
Տոնակատարությունների շրջանակում՝ Շարժման առաջին հրապարակային երթի 25-ամյակին նվիրված հանրահավաքը դարձյալ սկսվեց Արցախի պետական համալսարանից։ Սրանով, ինչպես հետո իր խոսքում նշեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, երկրի իշխանությունները փորձել են վերականգնել այն ժամանակագրությունը, որ եղել է 1988-ին։ Արցախի խորհրդարանի խոսնակի գլխավորությամբ հավաքի մասնակիցները՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը հարգանքի տուրք մատուցեցին նախկին մանկավարժական ինստիտուտի և ԱրՊՀ այն ուսանողների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի ազատության սուրբ գործին։ 
Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ 1988-ի փետրվարի 13-ի հրապարակային երթին նվիրված հուշաքարի բացման արարողությունը։ 
Հանրահավաքի մասնակիցներին առաջինը շնորհավորեց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը։ ՙԱյն փաստը, որ այս շենքից է սկիզբ առել առաջին հրապարակային երթը, բավական է, որպեսզի հաստատենք, որ մանկավարժական ինստիտուտը պատվով է կատարել իր առջև դրված պատմական առաքելությունը՝ ծառայել հարազատ ժողովրդին։ Այսօր ԱրՊՀ-ն իրավահաջորդն է նախկին մանկավարժականի և շարունակում է նրա բարի ավանդույթները՚,- ասաց  Ստեփան Դադայանը։ 
Ինչպես 1988-ին՝ այն ժամանակների ոգով տրիբունա բարձրացավ Գրիգորի Աֆանասյանը։ ՙԿանցնեն հազարամյակներ, բայց ամբողջ աշխարհը կհիշի այդ օրը։ Մեզ ոչինչ և ոչ ոք կանգնեցնել չի կարող՚,- ասաց Շարժման առաջամարտիկը։  
ԱրՊՀ ուսվարչության նախագահ Գոհար Ազրյանը ուսանողների անունից հավաստիացրեց, որ կշարունակեն ավագ ընկերների, եղբայրների ու քույրերի սկսած սրբազան գործը։
Հոգեբան, պրոֆեսոր, Արցախյան շարժման առաջամարտիկ Արզիկ Մխիթարյանի խոսքերով՝ այդ օրն առաջին անգամ, ինչպես հավասարը հավասարի հետ՝ դուրս էին եկել ուսանողն ու դասախոսը, քանզի բոլորի նպատակը մեկն էր։ Հայոց ազգային շարժման ամենամեծ ֆենոմենը, ըստ հոգեբանի, միասնությունն էր, ինչն էլ պարտավոր ենք առանձնացել մեր ազգային արժեքների շարքում։ 
Հանրահավաքի մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց Արցախի խորհրդարանի խոսնակը։ ՙԱռաջին հանրահավաքը՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի և նախկին գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողների մասնակցությամբ, դարձավ  այն մեկնակետը, որից սկսվում է մեր նոր տարեգրությունը։ Բայց որպեսզի այս ամենը իրականություն դառնար, մենք պետք է անցնեինք ծանր փորձությունների, զրկանքների ու բազում դժվարությունների միջով։ Մենք տեսանք շրջափակում, պատերազմ, կորուստ և ցավ՚,- ասաց Աշոտ Ղուլյանը։ 
Հանրահավաքի մասնակիցները քայլերթով՝ ցուցապաստառներով ու նոր կարգախոսներով ուղղվեցին դեպի Վերածննդի հրապարակ։ Ճանապարհին նրանց միացան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները, հասարակայնության ներկայացուցիչներ։ 
Վերածննդի հրապարակում տոնական տրամադրություն էր։ Հանրահավաքի մասնակիցներին տրիբունայում դիմավորեց ազատ ու անկախ Արցախի ղեկավարությունը՝ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Ինչպես 1988-ին՝ այս անգամ էլ առաջին գծում Շարժման առաջամարտիկներն էին։ 
88-ի Շարժումը խորհրդանշող կոչնակների ներքո ազդարարվեց հանրահավաքի սկիզբը։ Բեմ բարձրացան Արցախյան շարժման առաջամարտիկներ Ժաննա Գալստյանն ու Համլետ Գրիգորյանը, որոնց կրակոտ, հայրենասիրական ոգով լի ելույթները հավաքի մասնակիցներին տարան դեպի Շարժման ակունքները, պահանջատիրական ցույցերը...
ՙՔսանհինգ տարի առաջ այս օրը՝ այս նույն հրապարակում 70 տարի եկեղեցազուրկ արցախցին դուրս եկավ հրապարակ՝ Տեառնընդառաջ։ Ընդառաջ ազատության, լույսի և դղրդացրեց ամբողջ աշխարհը, շարժեց համայն հայության սիրտը, արթնացրեց բոլոր քնած իղձերը, արժանապատվությունը…՚,- այսպես սկսեց իր ելույթը Ժաննա Գալստյանը։ Նրա խոսքերով՝ թուրքը համոզված էր, որ կկարողանա ճնշել Շարժումը, գլխատելով նրա ղեկավարներին։ Բայց փետրվարի 13-ին արցախահայությունը ի չիք դարձրեց նրա դավադիր մտադրությունը, ետ չկանգնեց իր պայքարից։ ՙՄեր պայքարը կարճատև չէ, դա մարաթոն է։ Դա երկարաշունչ պայքար է։ Դեռ ճամփա ունենք, և հաղթելու է նա, ում համբերությունը կհերիքի, ով հաստատակամ կլինի՚,- սա էր պատգամը Շարժման առաջամարտիկի։ 
Օրվա խորհուրդը, Համլետ Գրիգորյանի հավաստմամբ, դարձյալ համախմբվածությունն է, մեր միասնությունը։ ՙՍա առաջին տոնն է, որ լրիվությամբ պատկանում է մեզ,- ասաց բանախոսը։- Թող ամեն ոք հիշի, որ հեշտ չի եղել առաջին անգամ դուրս գալ այս հրապարակ՝ փշրելով 70 տարվա կապանքները, դիմադրելով խորհրդային կայսրապետությանը և դիմակայելով ադրբեջանական ելուզակներին։ Սա խոսում է այն մասին, որ ղարաբաղցին իր տոկունությամբ տարբերվում է բոլորից՚։ Դիմելով երիտասարդությանը, Հ. Գրիգորյանը հարցրեց՝ արդյո՞ք պատրաստ են ընդունել հայրենիքի պաշտպանության հերթափոխը, Շարժման ու պայքարի ջահը։ Ի պատասխան լսվեց երիտասարդության համերաշխ ՙայո՚-ն, ինչն էլ մեկ անգամ ևս վկայում է, որ նրանք են այս երկրի տերը։ 
Հրապարակվեց Արցախի ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ ԼՂՀ երիտասարդության կոչը։
Հանրահավաքն ավարտվեց ՙՄիասնության՚ շուրջպարով և մեր ավանդական ՙՔոչարի՚-ով։ 
 
 
Լաուրա Գրիգորյան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.