[ARM]     [RUS]     [ENG]

ՙ20 ՓԵՏՐՎԱՐԻ 1988՚. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

altՍտալինը Արուտինովի նամակին արձագանքեց զուտ ստալինավարի. կարգադրեց Ադրբեջանին քննարկել այդ հարցը։ Իսկ Բաքվում լավ էին հիշում, թե նման դեպքերում ինչպես էր հարցը լուծում իրենց առաջին առաջնորդ Նարիմանովը քառորդ դար առաջ։ Նա նամակ էր գրել Լենինին և Ստալինին, որտեղ խոսվում էր ողջ մահմեդական աշխարհի կողմից սպառնալիքի վտանգի մասին։ 
Ճիշտ է, այն ժամանակ ոչ մեկը հարց չտվեց, թե ախր, դա ի՞նչ մահմեդական աշխարհ է։ Խոսքը ընդամենը Թուրքիայի մասին էր։ Այսպիսով, Ստալինը հերթական անգամ ՙխեղդեց՚ հարցը։ Իսկ խեղճ Գրիգորի Արուտինովը չիմացավ էլ, որ դրանից հետո Ադդրբեջանում բուռն գործունեություն ծավալեցին, քողարկվելով ՙԿեցցե՜ լենինյան-ստալինյան ազգային քաղաքականությունը՚ կարգախոսով։ Բագրատ Ուլուբաբյանի արտահայտությամբ՝ ՙաշխատանքն ընթանում էր ողջ մարզում՝ աղվեսային հնարքներով՚։
Արցախի բոլոր գյուղերում ժողովներ կազմակերպեցին, որտեղ խոսում էին դարավոր բարեկամության մասին։ Այն սոված ու աղքատ տարիներին սկսեցին թանկարժեք նվերներով խրախուսել այսպես կոչված՝ ինտերնացիոնալ հարսանիքները։ Բայց ամենից սարսափելին այն էր, որ շուտով գետի պես Ղարաբաղ հոսեցին բանագնացներ, որոնք կոչ էին անում  ղարաբաղցի շինարարներին ու բանվորներին իրենց ընտանիքներով մեկնել ՙԿոմունիզմի մեծ կառույցներ՚ (Մինգեչաուրի ՀԷԿ, արդյունաբերական Սումգայիթ և այլն)։ Պապս, որին Ստեփանակերտի իմ հասակակիցներն էլ էին կոչում Մարկոս պապ, այդ օրերին մի բան ասաց, որ ողջ կյանքում չմոռացա. ՙԱյս ի՞նչ է կատարվում։ Օր ու գիշեր Ղարաբաղից դուրս են հանում փեսացուներին, ասես քիչ ենք կորցրել անցած պատերազմում՚։ Մեծ Հայրենականում զոհվեցին Մարկոս պապիս երեք չամուսնացած զավակները՝ Աշոտը, Արտաշեսը, Արտավազդը։ Երեք կապիտաններ։ Երեք հարսնացուները, որ չտեսան իրենց սիրեցյալների վերադարձը, դեռ երկար ժամանակ այցելում էին փեսացուների ծնողներին։
Այն ժամանակ Ղարաբաղում, կարծում եմ, նաև ողջ Հայաստանում ոչ ոք չգիտեր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում մեր տատիկների ու պապիկների աչքի առաջ արդեն լիովին ամայանում էին աշխարհի պես հինավուրց մեր հայկական գյուղերը։ Նույնը կատարվում էր նաև պատմական հայկական Գարդմանքում։ Առայժմ ամուր էին մնացել միայն ԼՂԻՄ-ը (կամ այն, ինչ մնացել էր պատմական Արցախից), Գյուլիստանի (Շահումյանի) շրջանը և Գետաշենի ենթաշրջանը։ Ամուր էին մնացել՝ նշանակում է, պայքարում էին։ Նշանակում է, Շարժումն ապրում էր։ Ղարաբաղյան շարժումը։ Եվ այնուամենայնիվ մենք բոլորս դանդաղ, բայց հաստատուն քայլում էինք դեպի այն օրը, որը մեր կյանք պիտի մտներ ինչպես երեխայի ծնունդը։ Կարելի է ասել, որ մենք մի տեսակ շոշափելիորեն էինք արդեն տեսնում այդ օրը։ Գիտեինք, որ այն անպայման գալու է։
1986 թվականի կեսերից և ողջ 1987 թվականի ընթացքում չէր դադարում հեռագրերի և պատվիրված նամակների հոսքը Մոսկվա։ Դրանց հեղինակներն արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում էին լուծել Ղարաբաղի հարցը։ Խոսքը հազարավոր ու հազարավոր թղթակցությունների մասին է։ 1987 թվականի դեկտեմբերի 1-ին ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի վարիչ Ա. Կրինինն ընդունեց հայկական պատվիրակությանը՝ բողոքագրով։ Դա արդեն մի ինչ-որ ֆանտաստիկ բան էր։ 1988 թվականի հունվարի 4-ին Իգոր Մուրադյանը Մոսկվա բերեց մի մեծ պատվիրակություն ԼՂԻՄ-ից։ Մենք պատվիրակների հետ ՙհրահանգավորում՚ անցկացրինք մոսկովյան ընդհատակյա բնակարանում։ Պատվիրակությանն ընդունեց  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ.Լ.Դեմիչևը, և որ ամենագլխավորն է՝  ԽՄԿԿ Կենտկոմի ազգամիջյան հարաբերությունների նորաստեղծ ենթաբաժնի վարիչ Վ.Ա. Միխայլովը, որը մեկ ամիս անց, փետրվարի սկզբին ընդունեց ևս մեկ պատվիրակության Արցախից։ Նույն պատվիրակությանն ընդունեց ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Ա.Ա.Գրոմիկոն։ Այդ ամենը պետք էր նախապես կազմակերպել։ Այդ նույն ժամանակ սփյուռքի թերթերը կանոնավորապես տպագրում էին նյութեր Արցախի խնդրի վերաբերյալ։ Փետրվարին առանձնապես աչքի ընկան Բոստոնում հրատարակվող ռամկավարական ՙՄիրրոր Սփեյքթեյթոր՚ և ՙՊայքար՚ թերթերը։
1986 թվականի փետրվարի 11-ին կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բ.Կևորկովը հավաքում է ապարատի աշխատողներին և  հաղորդում նրանց, թե Բաքվից պաշտոնական տեղեկատվություն է եկել, որտեղ ընդգծվում է. Հայաստանի հետ  ԼՂԻՄ-ի վերմիավորվելու հարցը չի քննարկվելու ԽՄԿԿ Կենտկոմում, Կրեմլում ոչ ոք չի ընդունում ԼՂԻՄ-ի պատվիրակություններին։ Մոսկվային չէր կարող չանհանգստացնել օր օրի շիկացող մթնոլորտը ոչ միայն Արցախում և Հայկական ԽՍՀ-ում, այլև արտասահմանում։ 1988 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 20-ը ես ԱՄՆ-ում էի գտնվում  գրողների, գիտնականների, արտիստների, կինոգործիչների մի մեծ խմբի (ավելի քան հարյուր մարդ) կազմում։  Պատվիրակությունը ղեկավարում էր Խաղաղության պաշտպանության կոմիտեի նախագահ Հենրիխ Բորովիկը։ Ուղևորությունն իրագործվել էր ՙԽՍՀՄ-ԱՄՆ. ժողովրդական դիվանագիտություն՚ եզակի ծրագրի շրջանակներում։ Պատվիրակության կազմում էին համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս-քիմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովը և ՙԼատինական Ամերիկա՚ ամսագրի գլխավոր խմբագիր Սերգո Միկոյանը։ Մեզ բաժանեցին փոքր խմբերի, և մենք մեկնեցինք տարբեր նահանգներ։ Ամերիկացիների հետ հանդիպումների թեմաները նախապես մշակված էին։ Հաճախ  փոխում էին խմբերի կազմը։ Այնպես ստացվեց, որ հերթական անգամ նույն խմբում հայտնվեցինք ես, Նիկոլայ Ենիկոլոպովը, Սերգո Միկոյանը և գրող, արվեստաբան, փիլիսոփա Անդրեյ Նույկինը։ Բոլորն արդեն լավ գիտեին, թե այդ օրերին ինչ էր կատարվում Արցախում, Հայաստանում և ԱՄՆ-ում։ Բավական է ասել, որ շատ չանցած` Անդրեյ Ալեքսանդրովիչ Նույկինը դառնալու էր ռուս մտավորականության լեգենդար ՙՂարաբաղ՚ կոմիտեի համանախագահը։ Այդ օրերին (առանձնապես գիշերները) ես կապվում էի Երևանի և Ստեփանակերտի հետ։ Այդ հարցում ինձ օգնում էր Լուիզ-Սիմոն Մանուկյանը։ Ես գրառումներ էի կատարում իմ հուշատետրերում, այդպիսով պահպանելով այն օրերի ժամանակագրությունը, որոնք նախորդել էին սոցիալական պայթյունի սկսվելուն։
…Ստեփանակերտից ինձ տեղեկատվություն էին մատակարարում կնոջս եղբայր Վալերի Մարությանը՝ Արցախի Ռազմաբժշկական ծառայության ապագա հիմնադիրը, և իմ մեծ բարեկամ, ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարախոսական բաժնի հրահանգիչ Լեոն Օնիկովը։ Ահա այն օրերի գրառումները. ՙ1988 թվականի փետրվարի 11-ին Կրեմլի առաջարկով Բաքվից Ստեփանակերտ ժամանեց Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Ն.Կոնովալովը…Ես համոզված եմ, որ դա ոչ թե Կրեմլի առաջարկն էր, այլ Ադրբեջանի ղեկավարներն իրենք էին պնդել, որպեսզի առաջինը Ստեփանակերտ գնար հենց ռուսը։ Չէ՞ որ պետք կլիներ, այսպես ասած՝ կարգուկանոն հաստատել, այսինքն ճնշման միջոցներ գործադրել։ Այնպես որ, մի բան պատահելու դեպքում ամեն ինչ կարելի էր գցել ռուսների վրա։ Բայց ո՜չ Կոնովալովի, ո՜չ էլ Բաքվի հերթական դեսանտի մոտ ոչինչ չստացվեց։ Քանզի արդեն փետրվարի 12-ին  Ստեփանակերտում, Մարտակերտում և Հադրութում միաժամանակ անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ։ Օրակարգում միայն մեկ հարց էր դրված՝ ԼՂԻՄ-ի վերամիավորումը Հայկական ԽՍՀ-ին։ Մարտունու և Ասկերանի շրջաններում բախումներ տեղի ունեցան շրջանների ակտիվիստների և մարզի ղեկավարության միջև։ Չնայած սպառնալիքներին, երկու տեղում էլ բողոքն արտահայտվեց ցույցերով։ Ամենագլխավորը տեղի ունեցավ փետրվարի 13-ին։ Ուղիղ ժամը 11-ին Ստեփանակերտի Լենինի հրապարակում տեղի ունեցավ ոչ թե տարերային, այլ նախապես կազմակերպված առաջին ցույցը, որը տևեց մեկ ժամ։ Իշխանությունների համար դժվար էր կազմել Կրեմլի ղեկավարությանն ուղղված  զեկույցների տեքստերը. չէ՞ որ մայր հայրենիքի հետ միավորվելու պահանջներն ընթանում էին կարգախոսների ներքո՝ հանուն Վերակառուցման, հանուն ժողովուրդների բարեկամության, հանուն հրապարակայնության, ի պաշտպանություն Գորբաչովի քաղաքականության։
Այսօր շատ քչերն են հիշում այդ առաջին ծիծեռնակի մասին։ Առաջին ցույցի։ Սակայն հենց այդ ցույցի մասին տեղեկատվությունը հասավ ամերիկյան թերթեր և Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանություն հայկական տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ Առանձնակի ակտիվությամբ աչքի էին ընկնում Լոս Անջելեսի և Նյու Յորքի հասարակական կազմակերպությունները։ Լուիզ-Սիմոնը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի սոցիալ-տնտեսական հարցերով օնական Բենոն Սևանի աջակցությամբ  կազմակերպեց հանդիպում (պաշտոնապես, որպես ՙԺողովրդական դիվանագիտության՚ խորհրդային պատվիրակության անդամ և Հայաստանում ՙԼիտերատուրնայա Գազետա՚ թերթի սեփական թղթակից) քսանինը երկրների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Արևելա-Ամերիկյան հայկական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը։ Արդեն տասը րոպե անց տրվող հարցերը հիմնականում Ղարաբաղի մասին էին։ Դա 1988 թվականի փետրվարի 17-ն էր։ Ես արդեն ձեռքիս տեղեկություններ ունեի այն մասին, որ ոչ միայն Ստեփանակերտի քաղգործկոմում, այլև շրջանային գործադիր կոմիտեներում ընթանում են ժողովրդական պատգամավորների նստաշրջաններ, որտեղ ընդունվում է բացառապես մեկ որոշում՝ հայկական պատմական մարզի միավորումը Հայաստանի հետ։ Ներկաների մեջ էր նաև ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ Վիկտոր Զվեզդինը։
Փետրվարի 20-ից ուղիղ մեկ շաբաթ առաջ ՙժողովրդական դիվանագետների՚ մեր պատվիրակությունը վերադարձավ տուն։ Հենրիխ Բորովիկի հետ ոչ դյուրին մի խոսակցություն ունեցա։ Ես նրան խնդրեցի, որ ինձ թույլ տա ևս մի քանի օր մնալ ԱՄՆ-ում։ Այդ իմաստուն մարդն ու տաղանդավոր հրապարակախոսն ինձ շատ լավ էր հասկանում։ Եվ ես նրան երախտապարտ էի դրա համար։ Իհարկե, նա այն ժամանակ չէր կարող իմանալ, որ մեր զրույցից ընդամենը մեկուկես ամիս անց իր նկարահանման խմբով ժամանելու է Լեռնային Ղարաբաղ, որպեսզի ՙԴիրքորոշում՚ հեղինակային ծրագրով առաջիններից մեկը ոչ միայն պատմի, այլև փորձի ցուցադրել Սումգայիթի սարսափները։ Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Լուիզ-Սիմոնի մասին, որը դժվար թե կարող էր այն ժամանակ ենթադրել, թե մի քանի ամիս անց իր դստեր, ինչպեսև Մերի Նաջարյանի ու Մայքլ Արմենի հետ ուղղաթիռով թռչելու էին Ստեփանակերտ, որտեղ հանդիպելու էին Արկադի Վոլսկուն։ Սփյուռքի ներկայացուցիչների Արցախ կատարած այդ առաջին այցելության մասին ես հոդված գրեցի ՙԽոհրդային Հայաստան՚ թերթում, այն վերնագրելով ՙԱռաջին ծիծեռնակը՚։
Եվ այսպես, երազանքի օրը պետք է դառնար 1988 թվականի փետրվարի 20-ի շաբաթ օրը։ Հենց այդ օրը, վաղ առավոտյան, թռիչքից ամբողջ երեք ժամ շուտ, Լուիզ-Սիմոնի հետ մեքենայով գնում էինք Քեննեդի օդանավակայան։ Նախորդ օրը ես իմացել էի, որ Մոսկվայից այստեղ էր թռչելու ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, և Լուիզը ցանկություն էր հայտնել ծանոթանալ, ինչպես այն ժամանակ էին մեծարում հայտնի տնտեսագետին՝ ՙվերակառուցման ճարտարապետի՚ հետ։ Ես անընդհատ նայում էի ժամացույցիս։ Տարբերությունը Ստեփանակերտի հետ ութ ժամ էր։ Իսկ դա նշանակում է, որ հենց այդ ժամանակ, երբ մենք օդանավակայանի ճանապարհին էինք, Ստեփանակերտում սկսվում է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ, XX գումարման նստաշրջանը։
Օդանավակայանում ես Լուիզին ծանոթացրեցի ակադեմիկոս Աղանբեկյանի հետ, որը պատմեց, թե ողջ Մոսկվան փոթորկվում է՝ շուրթերին ՙՂարաբաղ՚ բառը։ Ես նրան հայտնեցի, որ մեր հայրենակիցներին լավ ծանոթ է ԱՄՆ-ում իր մեկամսյա այցելության երթուղին և արդեն նախապատրաստած հարցեր ունեն Ղարաբաղի վերաբերյալ։ Նա հակադարձեց. ՙԻսկ ես էլ նախապատրաստած պատասխաններ ունեմ՚։ Փետրվարի 21-ի վաղ առավոտյան արդեն Մոսկվայում իմացա, որ նստաշրջանը չորս ժամով հետաձգվել էր։ Այն սկսվել էր տեղական ժամանակով ժամը 20-ին։ 149 պատգամավորներից մասնակցել էին 110 հոգի։ Այդ մասին ինձ հեռախոսով հայտնեց Վալերի Մարությանը։ Ես նրան խնդրեցի վերցնել ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթը և բարձրաձայն կարդալ նիստի որոշման տեքստը։ Նա սկսեց կարդալ. ՙԼսելով և քննարկելով ԼՂԻՄ ժողորդական պատգամավորների մարզային խորհրդի պատգամավորների ելույթները՝ միջնորդելու Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդների առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ի կազմ մտցնելու մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշեց՝ ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկությանը, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին խոր ըմբռնում հանդես բերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ակնկալիքների հանդեպ և որոշել ԼՂԻՄ-ը Ադդրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ փոխանցելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գրագույն Խորհրդի առջև՝ դրականորեն լուծելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը՚։ Նույն օրը ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն օպերատիվ կերպով հնչեցրեց իր արձագանքը Ղարաբաղի մարզխորհրդի  որոշմանը։ Դա հիստերիկ ճիչ էր, որն, ըստ էության, Ադրբեջանին կոչ էր անում դիմել սադրանքների։
Ավելի ուշ մենք իմացանք, որ ամենից ակտիվ եղել էր Եգոր Լիգաչովը, որը բառացիորեն կատաղել էր նրանից,  թե` գիտե՞ք, ինչ-որ ծայրահեղականներ իրենց թույլ են տալիս խոսել ժողովրդի անունից։ Նա նկատի ուներ ՙընդառաջելով աշխատավորների ցանկությանը՚ արտահայտությունը։ Քաղբյուրոյի ամենից շատ չսիրված անդամն այդպես էլ չհասկացավ, որ հենց այդ արտահայտությունն էր արտացոլում այն անվիճելի փաստը, որ դեռևս մինչև մարզային նստաշրջանը, Արցախի ողջ ժողովուրդը շրջանային նիստերում արդեն ինքն իր համար վճռել էր այդ հարցը։ Թերևս խորհրդային իշխանության ողջ ժամանակաշրջանում ոչ մի այլ որոշում չէր ընդունվել այդքան գրագիտորեն և սահմանադրության պահպանմամբ։
(Շարունակելի)