Logo
Print this page

88-ԻՆ ՏԻՐՈՂ ՎԵՀ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵՆՔ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ

Շարժման 25-ամյակի տոնակատարությանն իրենց մասնակցությունն են ցանկանում բերել գրեթե բոլոր կազմակերպությունները։ Քառորդ դար առաջ տիրող միասնական ոգու հզորությունը  փոխանցվում է սերունդներին։ Նման գաղափարով էր տոգորված  Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի և Արցախի պատմաերկրագիտական թանգարանի  կազմակերպած միջոցառումը։
Այն  բացեց գրադարանի տնօրեն Կարինե Հայրապետյանը, ով ներկաներին շնորհավորեց  տոնի կապակցությամբ՝ մատաղ սերնդին մաղթելով  բարձր պահել ազգային արժանապատվությունը։ 
Մաղթանքը մասնավորապես ուղղված էր  ներկա գտնվող ուսանողներին։ Հրավիրված էր Շարժման ակտիվիստ, պատերազմի թոհուբոհով անցած՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը։ 
1918 թվականից ի վեր Հայաստանին վերամիավորվելու՝ երբեք չդադարող պայքարի ծանոթ և քիչ ծանոթ պատմության էջերի բացահայտման նպատակն էր հետապնդում Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանի ելույթը, որում անդրադարձ կատարվեց ժամանակ առ ժամանակ վերելք ապրող պայքարի հիշարժան փուլերին։  
Անդրադարձ եղավ նաև ստալինյան բռնատիրության ժամանակներում մղված պայքարին՝ ի դեմս ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Արուտինովի՝ խիզախ մարդու, ով փաստարկված տվյալներ պարունակող նամակով դիմեց Ստալինին՝ քաջ պատկերացնելով նման քայլի հետևանքները։   
88-ի Շարժման մասին  հանդես եկավ Ժաննա Գալստյանը։ Նա ընդգծեց, որ իրեն բախտ է վիճակվել մասնակցել ազգային-ազատագրական պայքարի երկու փուլերին՝ 60-ականներին և  88-ին։ 1965թ. վերելք ապրած Շարժման ժամանակ, որը ղեկավարում էին  Մոսկվային հղված հայտնի նամակի հեղինակները, գոյություն ուներ նաև երիտասարդական թևը, որն ավագ սերնդի նման խիզախ գործունեություն էր ծավալել։ Ժ. Գալստյանը շատ բարձր դասեց այդ ժամանակահատվածում ծավալված պայքարը, որը թեկուզև չպսակվեց հաջողությամբ, սակայն խոր հետք թողեց ժողովրդի սրտում: 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.