[ARM]     [RUS]     [ENG]

ՙ20 ՓԵՏՐՎԱՐԻ 1988՚. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

alt…Մեկ օր անց ինձ ուղարկեցին փետրվարի 21-ի ՙՍովետական Ղարաբաղը՚։ Ես պետք է Մոսկվայում գտնվեի այնքան ժամանակ, քանի դեռ չէի հանդիպել նրանց հետ, ումից այս կամ այն աստիճանով կախված էր այդ հարցի որոշումը։ Ինձ կանոնավորապես ուղարկում էին թերթեր և անհրաժեշտ տեղեկատվություն։
 Նաև կանոնավորապես զանգում էր Իգոր Մուրադյանը, անհանգստություն հայտնելով, որ արդեն անհնար է զսպել ժողովրդին։
 Համարյա թե ամեն օր, ծանրակշիռ թղթապանակով, որ պատրաստել էինք ՄՊՀ –ի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովի տանը, ես մտնում էի ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգիչների, բաժինների ու բաժանմունքների վարիչների աշխատասենյակներ և ամեն տեղ թողնում թղթապանակի մեկ օրինակ։ Ինձ օգնում էին Լեոն Օնիկովը, Սերգո Միկոյանը (նրա հանգուցյալ կնոջ եղբայրը  Քաղբյուրոյի անդամ, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ալեքսանդր Յակովլևի օգնականն էր), Հայաստանի կոմկուսի Կենտկոմի նախկին երկրորդ քարտուղար Գեորգի Ղազարյանը, Գորբաչովի օգնական Գեորգի Շահնազարովը։ 
Երբ հերթը հասավ Կենտկոմի քարտուղար Յակովլևին, ես որոշեցի Մոսկվա  հրավիրել Սիլվա Կապուտիկյանին։ Դա՝ արդեն Գորբաչովի հետ հանդիպման համար։ Ես հասկանում էի, որ շատ աշխատասենյակների դռներ բացվում էին շնորհիվ ՙԼիտերատուրնայա գազետա՚-ում իմ բազմաթիվ հրապարակումների։ Այդ մասին խոստովանում էին, որպես կանոն, իրենք՝ աշխատասենյակների տերերը։
Իսկ առայժմ ամեն օր համակարգում էի ստացվող նյութերը։ Չէի բաժանվում ՙՍովետական  Ղարաբաղ՚ թերթի համարներից։ Դա թերևս աշխարհում առաջին անգամ էր, որ թերթը լույս էր տեսնում կիրակի օրը։ Բացառություն էր կազմում միայն ՙՊրավդա՚-ն։ Կարծում եմ, ինչ-որ ժամանակ մենք ֆիլմ կնկարահանենք կամ գիրք կգրենք այն մասին, թե ինչպես 1988 թվականի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը տպագրվեց փետրվարի 23-ի համար ծրագրված համարը՝ նվիրված Խորհրդային բանակի 70-ամյակին։ ՙԽորհրդային բանակի ղարաբաղցի զորահրամանատարները՚ վերնագրի տակ տեղավորված էին նյութեր վեց գեներալների մասին՝ դիմանկարներով և կենսագրական տվյալներով։ Ի դեպ, նրանցից մեկը ադրբեջանցի էր։ Այն մասին, թե ինչպես տղաները կարողացան հրատարակել նստաշրջանի որոշումը, այն էլ կիրակի օրով, իհարկե, արժե պատմել։ Արդեն այն ժամերին ու րոպեներին պարզ էր դարձել, որ Ղարաբաղն ու ղարաբաղցիները տրամադրված են ոչ թե ՙռոմանտիկ վճռականությամբ՚, այլ ՙգիտակցված վճռականությամբ՚։ Նրանք հստակ գիտակցում էին, որ իրենք չէին բարձրացրել Արցախի, Հայաստանի և նրա  ապագայի փրկության պայքարի դրոշը, այլ ընդունել են այն որպես էստաֆետ իրենց հայրերից, որոնք բազմաթիվ անգամներ էին ղարաբաղյան շարժում սկսել։
…Կրեմլն այդպես էլ չհասկացավ ՙՓետրվարի 20՚ երևույթի ո՜չ պատմական, ո՜չ ժողովրդավարական էությունը։ Կրեմլում միայն կարելի էր լսել, թե ղարաբաղյան խնդրի դրական լուծումը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ,  որն իր հերթին կհանգեցնի երկրում սահմանների վերաձևման շղթայական ռեակցիայի։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ նախադեպ դարձավ ոչ թե ՙՓետրվարի 20՚-ը, այլ արյունոտ Սումգայիթը, որը, Անդրեյ Սախարովի խոսքերով, բերեց բազմաթիվ ՙսումգայիթների՚ և ապա՝ երկրի փլուզման։
Ինչ վերաբերում է բուն Ղարաբաղին, ապա ժամանակն է, թեկուզև քառորդ դար անց, հասկանալ վերջապես, որ չկա և չի կարող լինել ոչ մի նախադեպ։ Քանզի չկար և չկա հենց Ղարաբաղի խնդիրը։ Կար և կա Ադրբեջանի խնդիր։ Եվ ՙ1988 թվականի փետրվարի 20՚-նն էր, որ բացեց աշխարհի աչքերը։ Պարզ դարձավ, որ Ղարաբաղն իր ավելի քան երկու հարյուր քրիստոնեական տաճարներով ու եկեղեցիներով (մեծ մասն ավերված է Ադրբեջանի իշխանությունների կողմից) ոչ մի կերպ չէր կարող գտնվել մի պետության  ներսում, որը երբեք գոյություն չէր ունեցել բնության մեջ։ Այդ մասին ես չեմ ասում, այդ մասին գրում է գիտնական-պատմագետ Ե.Ա.Պախոմովը, որի դասախոսություններով դեռևս 1923 թվականին առաջին ադրբեջանցի ուսանողները սովորեցին հենց նոր ստեղծված խորհրդային հանրապետության պատմությունը։ Արդեն նախաբանում դասախոսությունների ժողովածուի հեղինակը գրում է. ՙՀրատարակելով Արևելյան Անդրկովկասի (ահա այդպես էր կոչվում ռուսական կայսրության այդ մասը) պատմության ակնարկը, որը ներկայումս գրավված է (! - Զ.Բ.) Ադրբեջանի հանրապետության կողմից, անհրաժեշտ եմ համարում մի քանի բառով…՚։ Ինչպես դժվար չէ գուշակել, ՙԱրևելյան Անդրկովկաս՚ բառակապակցությունը զուտ աշխարհագրական է և ոչինչ ավելի։ Ահա թե ինչ է գրում պատմաբան Պախոմովը իր մենագրության 11-րդ էջում. ՙԱդրբեջան անվանումը երբեք չի տարածվել Արաքսից հյուսիս ընկած հողերի վրա։ Միայն 1917 թվականին (! -Զ.Բ.), երբ լուծարվեց Վրաստանի, Հայաստանի և Արևելյան Անդրկովկասի անդրկովկասյան կոմիսարիատը, առաջարկություն ծնվեց (! - Զ.Բ.) հիմնել մի պետություն, որը կմիավորի բոլոր, այսպես կոչված՝ ՙադրբեջանական թուրքերին՚։ Այդ պետությանը տրվեց Ադրբեջան ՙպրովիզորային՚ անվանումը (գերմաներեն՝ նախնական, ժամանակավոր)։ Անվանումը ստիպված եղան թողնել՝ ավելի լավը չգտնելու պատճառով՚։
Եվ այսօր, Ղարաբաղյան շարժման հոբելյանական 25-ամյակի տարում, յուրաքանչյուրն, ով ստանում է միջազգային լիազորություններ, ինչպես ասում են, զբաղվելու ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, պետք է առաջին հերթին ինքն իր համար պարզի հետևյալը. մենք բոլորս գործ ունենք մի անհեթեթության հետ, երբ հինավուրց Հայաստանի պատմական մարզը ոչ թե պետական, այլ կուսակցական մարմնի որոշմամբ, որը ղեկավարում էր բազմաթիվ ժողովուրդների դահիճը, ներառվեց դեռ երեկ գոյություն չունեցած մի պետության կազմում, որին ժամանակավորապես, այսպես ասած՝ ՙպրովիզորային՚ կարգով էին տվել մի անուն, որից ՙավելի լավը՚ դեռ չէին գտել։
Չի կարելի մի ամբողջ ժողովրդի դարձնել Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքների խորամանկ մեկնաբանությունների և չարաբաստիկ նախադեպերի պատանդ։ Դա վտանգավոր է ոչ այնքան Հայաստանի, որքան ամբողջությամբ վերցրած ողջ տարածաշրջանի համար և, հետևաբար, նաև ողջ աշխարհի։ Ցանկանում ենք, թե ոչ, այդ հարցը պետք է լուծվի արդարացիորեն։ Քանզի ոչ միայն օրենքները, այլև նույնիսկ բուն խելամտությունը առանց արդարության և տրամաբանության ոչինչ չարժեն։
…Ամենազարմանալին այն է, որ Ղարաբաղի մասին գաղտնիքը առաջինը բացահայտեց ոչ այլ ոք, քան Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգուտ Օզալը, որը բառացիորեն շշպռեց Ադրբեջանի ղեկավարությանը միայն նրա համար, որ կազմակերպեցին ՙսումգայիթ՚ և ՙբաքու՚, հայերին պարտադրեցին պատերազմ։ Նա լավ գիտեր, որ ամբողջ յոթանասուն տարի Թուրքիան բավական ճարպկորեն, Բաքվի միջոցով  սնուցում էր  Լեռնային  Ղարաբաղում և Հայկական ԽՍՀ-ում գտնվող ադրբեջանական բնակչությանը, նրանց հիմնականում տեղավորելով Թուրքիային և Ադրբեջանին սահմանակից շրջաններում, ռազմավարական կարևոր կետերում…և հանկարծ ողջ թուրքական մարտավարությունը, բոլոր ջանքերը և բոլոր միջոցները կորան գրողի ծոցը։ Եվ այդ ամենը այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի չէր առել, որ ՙսումգայիթին՚ և ՙբաքվին՚, բարբարոսությանն ու վանդալիզմին, ավերիչ պատերազմին հայերը պատասխան էին տալու վճռականորեն։
Իսկ հիմա պատկերացնենք՝ ինչ կլիներ մեզ հետ, եթե ԽՍՀՄ-ի փլուզման պահին մեր բոլոր սահմանամերձ գոտիները, բոլոր ռազմավարական ճանապարհներն ու կետերը գտնվեին նրանց վերահսկողության տակ, ովքեր ունակ էին կազմակերպել հրեշավոր ՙսումգայիթ՚ և ոչ պակաս հրեշավոր ՙբաքու՚։ Հենց միայն Թուրքիային սահմանակից հայկական Ամասիայի շրջանի օրինակն ինչ ասես արժե. այնտեղ բնակչության մոտ իննսուն տոկոսը կազմված էր իրենց թուրքեր համարող ազերիներից։ Չէ՞ որ, եթե չհնչեր 1988 թվականի փետրվարի 20-ի  ղարաբաղյան կոչնակը, ապա 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Գորբաչովը ստորագրեց իր վերջին փաստաթուղթը Խորհրդային Միության փլուզման մասին, Հայաստանի բոլոր սահմանները կրունկի վրա բաց կլինեին։ Այդ մասին մենք լավ գիտենք 1917-1918 թվականների ողբերգական փորձից։ Ինչպես նաև գիտենք այն, որ ապագա դժբախտությունը կանխելու լավագույն ձևը գործուն կերպով հիշելն է այն մասին, թե ինչ է եղել անցյալում։ Այդ թվում և այն մասին, թե ինչ է եղել քսանհինգ տարի առաջ։
 
Զորի ԲԱԼԱՅԱՆ