[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ. ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Վերջերս Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությունը Թուրքիայից հողային պահանջի մասին արժանացավ աշխարհասփյուռ հայության մեծ ուշադրությանը և թուրքական կառավարության խիստ քննադատությանը: Չնայած սա առաջին անգամն էր, որ մի հայ պաշտոնյա բարձրացրել էր այս հարցը 1991թ. երկրի անկախությունից ի վեր, սակայն պահանջն ինքնին նոր չէ: Հայերը տասնամյակներ շարունակ ձգտում են վերստանալ իրենց պատմական տարածքները Թուրքիայից:
Կենտրոնական հետախուզական վարչության կողմից գաղտնազերծված՝ 1943 թվականի մի գաղտնի փաստաթուղթ բացահայտում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը քաջատեղյակ է եղել հայկական պահանջներին՝ ՙվայրագությունները՚ ճանաչելու և թուրքական գրավյալ ՙնահանգները՚ վերադարձնելու մասին:
Կենտրոնական հետախուզական վարչության նախորդի՝ Ռազմավարական  ծառայությունների վարչության (ՌԾՎ) հեղինակած՝ 1943թ. դեկտեմբերի 13-ի փաստաթղթում ասվում է. ՙՄիացյալ Նահանգներում հրատարակվող ամբողջ հայկական մամուլը աշխույժ է՝ իր ընթերցողների հիշողության մեջ թարմ պահելու թուրքական կողմի կազմակերպած հայկական ջարդերը: Վախենալով, որ այս պատերազմի (Երկրորդ համաշխարհային պատերազմի)  գերմանական վայրագություններն ի վերջո  կմթագնեն նախորդ պատերազմի վայրագությունները, նրանք ուզում են վառ պահել Հայկական հարցն ընդդեմ Թուրքիայի: Հայերն ունեն ինչպես ներկայիս, այնպես էլ անցյալի բողոքներ Թուրքիայի հանդեպ, որտեղ ունեցվածքի հարկի՝ ՙՎառելիքի՚ ծանր բեռն ավելի շատ դրված է հայերի, քան Թուրքիայում ապրող որևէ այլ փոքրամասնության վրա: Հայության աչքին առավել աններելի է այն փաստը, որ Թուրքիան պահում է այն նահանգները, որոնք, ըստ նրանց հաստատ համոզման, իրավամբ պատկանում են Հայաստանին: Համայն հայության նպատակն է այս նահանգները վերադարձնել Հայաստանին՚: ՌԾՎ-ի փաստաթղթի մեկ այլ հատվածում ճշգրտորեն հաղորդվում է, որ ՙհայերը, գրեթե առանց բացառության և ամենախորը կասկածանքի, թշնամանքի և վախի զգացումներ են տածում՚ Թուրքիայի հանդեպ: 
1944թ. հուլիսի 31-ին թվագրված երկրորդ գաղտնազերծված փաստաթուղթը զարմանալի վերնագիր է կրում. ՙԴաշնակները թեքվում են դեպի Խորհրդային Ռուսաստան՚: ՌԾՎ-ն նշում է, որ ՙերբեմնի անզիջող հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցությունը (դաշնակ) պաշտոնապես փոխել է իր կողմնորոշումը և թեքվել դեպի Խորհրդային Միությանն աջակցելու ուղղությամբ, որն աստիճանաբար ավելի ակնառու դարձավ վերջին մի քանի ամիսների ընթացքում և իր գագաթնակետին հասավ խորհրդամետ քաղաքականության ընդունմամբ հուլիսի առաջին շաբաթում Բոստոնում կայացած Դաշնակցության տարեկան համագումարում՚: ՌԾՎ-ի այս զեկույցը պատրաստվել էր այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը հայտարարել էր իր մտադրության մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պահանջել Թուրքիայի արևելյան նահանգները (Կարսը, Արդահանը և Սուրմալուն): Խորհրդային այս պահանջն աջակցություն ստացավ Հայկական եկեղեցու, Խորհրդային Հայաստանի կառավարության և Սփյուռքի, այդ թվում՝ հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից: 
ՌԾՎ-ն խորաթափանց կերպով հայտարարեց. ՙԴաշնակներն իրականում երբեք էլ չեն հրաժարվել իրենց երազանքից՝ ունենալու ազատ և անկախ Հայաստան, այդ թվում՝ թուրքական չմիացված տարածքը, որը լարվածության մեջ էր պահում նրանց ԽՍՀՄ-ի հետ, 1920 թվականին Հայաստանի՝ որպես խորհրդային [անընթեռնելի] ստեղծումից ի վեր… Անկախության տեսլականի նվաղումով, այժմ խորհրդամետ դաշնակներն իրենց ուշադրությունը շրջում են դեպի Հայաստանի թուրքական նահանգների ձեռքբերմանը Խորհրդային Հայաստանի Հանրապետության կողմից՚:
Բացատրելով ՀՅԴ կուսակցության հետպատերազմյան ակնկալիքները, ՌԾՎ-ն ասում է. ՙԵթե Թուրքիան, ինչպես դաշնակները հույս ունեն և հավատում են, ըստ պարոն (Ջեյմս) Մանդալյանի (Բոստոնում գործող ՀՅԴ ՙՀայրենիք՚ թերթի խմբագիր), չեզոք մնա (Երկրորդ համաշխարհային պատերազմում), ապա այն մեծապես խոցելի կացության մեջ կհայտնվի  և իր չեզոքության հատուցումներից մեկը կլինի Թուրքահայաստանի զիջումը Խորհրդային Հայաստանին՚:
ՌԾՎ-ի 1943 թվականի փաստաթուղթը նաև մի ընդարձակ զեկույց է պարունակում ամերիկահայ մամուլի վերաբերյալ, իր ուշադրությունը սևեռելով Միացյալ Նահանգներում հրատարակվող 17 հայկական թերթերից միայն վեցի վրա. ՙՀայրենիք՚ և ՙԱսպարեզ՚ (Դաշնակցական), դասակարգված որպես ՙաջակողմյան-ազգայնական՚, ՙՊայքար՚, ՙՆոր օր՚ (Ռամկավար) և ՙԵրիտասարդ Հայաստան՚ (Հնչակյան), դասակարգված որպես ՙազատական՚, և ՙԼրաբեր՚ (Ամերիկայի հայկական առաջադիմական լիգա), դասակարգված որպես ՙձախակողմյան-կոմունիստական՚: Վերջին երկու թերթերն այլևս չեն  հրատարակվում:
Ըստ ՌԾՎ-ի՝ ՙՀայրենիք՚ և ՙԱսպարեզ՚ թերթերը ՙխիստ ազգայնական, հակախորհրդային և հակակոմունիստական են՚, մինչդեռ ՙՊայքարը՚ ՙվճռականորեն դեմ է արտահայտվում դաշնակներին և նրանց սկզբունքներին: Ռամկավարները Խորհրդային Միության մեջ Հայաստանի ընդգրկումը ընդունում են որպես հայկական խնդիրների բավարարման լավագույն ելք և ՙՊայքար՚ թերթում տպագրված բազմաթիվ հոդվածներում գովաբանում են խորհրդային վարչակարգը Հայաստանում, հատկապես Հայ Առաքելական եկեղեցու հետ նրա ունեցած հարաբերություններում՚:
ՌԾՎ-ի գնահատմամբ, 1943թ. Միացյալ Նահանգների 95 հազար հայերը, որոնք հիմնականում բնակություն էին հաստատել Մասաչուսեթս, Նյու Յորք և Կալիֆոռնիա նահանգներում, ՙբուռն հետաքրքրություն են դրսևորում իրենց հայրենիքի (Խորհրդային Հայաստանի) հանդեպ, բայց մի քանիսը, թերևս ոչ մեկն էլ չի վերադառնա այնտեղ՚:
 
 
 Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
ՙԿալիֆոռնիա կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր