[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Ինչ բեմագրով է ընթանում ընդդիմության միասնական թեկնածու, 
կինոդրամատուրգ Ռ. Իբրահիմբեկովի խաղը
Ադրբեջանի քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի մասին հստակ պատկերացում կազմելու լավագույն հնարավորություն է ընձեռվել. նախագահական ընտրությունների նախաշեմին նրանցից  յուրաքանչյուրը հակված է բացահայտելու մյուսների էությունը։ 
Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, և այս համապատկերին պարզ է դառնում, որ այլընտրանքային թեկնածուի շուրջ տեսակետների ընդհանրություն ընդդիմադիր ճամբարում առայժմ գոյություն չունի։ 
Ադրբեջանական լրատվամիջոցներն անցած շաբաթվա վերջին հրապարակեցին ընդդիմադիր ուժերից մեկի` Ադրբեջանի քաղաքացիների և զարգացման կուսակցության առաջնորդ Ալի Ալիևի հայտարարությունը, որում նա ի ցույց է դրել ադրբեջանական ընդդիմության գործողությունները համակարգող Ազգային խորհրդի գործունեությունը։ Վկայակոչենք նրա այն միտքը, ըստ որի` Խորհրդի  մեջ մտած քաղաքական ուժերի խառնակչությունը կանխատեսելի էր, քանի որ դրանք բացարձակապես տարբեր քաղաքական ուղղությունների վրա  են։ Խառնակչության մեջ նա առաջին հերթին մեղադրել է  ՙՄուսավաթ՚ և ՙԲաց հասարակություն՚ կուսակցությունների առաջնորդներ Իսա Գամբարին և Ռասուլ Գուլիևին։ Եվ ապա Ազգային խորհրդի պայքարի ձևականությունը հիմնավորել նրանով, որ իրականում քաղաքական ուժերին միավորում է սկզբունքների, գաղափարախոսության և պայքարի մեթոդների ընդհանրությունը և ոչ թե սոսկ նախագահական ընտրությունների գործոնը։ ՙՄուսավաթը՚ գտնում է, որ ընտրություններին մասնակցելու հարցը վիճարկման ենթակա չէ, իսկ Ռ. Գուլիևի կուսակցությունը ճիշտ է համարում ընտրությունները բոյկոտելը, եթե Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվի Ռուստամ Իբրահիմբեկովին գրանցել՝ որպես նախագահի թեկնածու։
Ա. Ալիևի գնահատականը չի կարելի հիմնազուրկ համարել, եթե նկատի առնվի Ռ. Գուլիևի` Ադրբեջանից դուրս ապրելու իրողությունը, ով չի կարող վերադառնալ երկիր և մասնակցել ընտրություններին։ Իսա Գամբարն էլ, Ալիևի բնորոշմամբ, պատրաստվում է ոչ թե իշխանական բարձունք գրավել, այլ պարզապես անցնել ՙքաղաքական թոշակի՚։ Հետևաբար, նրան անհրաժեշտ են քաղաքական շահաբաժիններ միայն իր անձի համար։
Ադրբեջանի քաղաքական ուժերի ուշադրությունը, պետք է ասել, գլխավորապես կենտրոնացած է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու առաջադրված, ՌԴ քաղաքացի, հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի անձի վրա, և այս առումով Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից հնչող տեսակետները որոշակի հետաքրքրություն են ներկայացնում։  
Վերջին ժամանակներս կինոդրամատուրգ Ռ. Իբրահիմբեկովը հաճախ է ինքն իրեն հակասում, համոզմունք է հայտնել Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն։ Վերջինս ուշադրություն է հրավիրում  արվեստագետի անկապ հայտարարությունների վրա` երկքաղաքացիության և Ազգային խորհրդից այլ թեկնածու առաջադրելու հետ կապված։ 
ՙԱյն, ինչ նա անում է, կեղծիք է՚,- ընդգծել է Ալիզադեն։ Նա միաժամանակ խոր ափսոսանք է հայտնել առ այն, որ փորձառու դրամատուրգը նախագահական ընտրությունների վերաբերյալ թյուր պատկերացումներ ունի, հետևաբար, նա չի կարող հենվել ադրբեջանական ժողովրդի վրա։ 
Ուշադրություն է գրավում նաև ՙԱզատություն՚ ռադիոկայանի հուլիսի 29-ի  հարցազրույցը Ռ. Իբրահիմբեկովի հետ։ Թեկնածուն լրատվամիջոցին իրազեկել է, որ Բաքու կվերադառնա հուլիսի 31-ին և ակտիվորեն կներգրավվի նախընտրական արշավում։ Դրա հետ մեկտեղ իր անհանգստությունն է հայտնել` ասելով, որ եթե վերադառնա Բաքու, ապա առաջիկա ամիսները կարող են ամենադժվարինը դառնալ իր կյանքի ընթացքում, քանի որ Բաքու ժամանելուն պես իրեն կձերբակալեն։
Ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ քրեական մեղադրանք է առաջադրվելու Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռ. Իբրահիմբեկովին, ով, երկար տարիներ զբաղեցնելով այդ պաշտոնը, խուսափել է պետական հարկերը վճարելուց՝ մոտ 15 հազար դոլարի չափով և, բացի այդ, յուրացրել ՙԱրևելք-Արևմուտք՚ կինոփառատոնի համար պետբյուջեից հատկացված միջոցները։ 
Հուլիսի 30-ին Իբրահիմբեկովը ժամանեց ոչ թե Բաքու, այլ Թբիլիսի, որտեղ Ազգային խորհրդի ներկայացուցիչները  հանդիպում են անցկացրել և որոշել դիմում հղել Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինին` արագացնելու ընդդիմության միասնական թեկնածու Ռ. Իբրահիմբեկովի` ռուսաստանյան քաղաքացիությունից դուրս գալու գործընթացը։ Դրա հետ կապված` հետաձգվել է նրա վերադարձը Բաքու։ 
Այս լրատվության տարածումից մեկ օր առաջ ադրբեջանական ոչ պաշտոնական մամուլը հեգնանքով գրել էր, որ այս պահի դրությամբ Ադրբեջանում այնքան շատ չլուծված խնդիրներ կան, որ նրանց կողքին Իբրահիմբեկովի Բաքու գալ-չգալը գրեթե ոչինչ է։          
Ընդդիմադիր ճամբարում հնչող գնահատականները տպավորություն են ստեղծում, որ միասնական թեկնածու հայտարարված Ռ. Իբրահիմբեկովը քաղաքական խաղի և ոչ թե պայքարի մեջ է։ Եվ, իրոք, եթե ուշադրություն ենք դարձնում անցյալ տարվա աշնանից մինչ այսօր կինոդրամատուրգի կողմից արված հայտարարություններին, ապա դրանք կարծես հաստատում են այս վարկածը։ Սկզբում նա  Մոսկվայից պարբերաբար հայտարարություններ էր հասցեագրում Ի. Ալիևին, հընթացս քաղաքական դասեր տալով նրան, որոնք հանգում էին մեկ մտքի.Ադրբեջանը չպիտի մնա որպես ամբողջատիրական պետություն, նա պետք է իր ապագան կառուցի ժողովրդավարական ուղիով։ Կինոդրամատուրգի` Ի. Ալիևին տված մյուս դասն էլ այն էր, որ Ղարաբաղը պատմական հայկական տարածք է, և այդ ճշմարտության խեղաթյուրումը չի բարձրացնի գործող վարչակարգի վարկանիշը։   
Որոշ ժամանակ անց ադրբեջանական աղբյուրներն իրազեկեցին, որ Ռ. Իբրահիմբեկովը ժամանել է Բաքու և, հանդիպելով երկրի քաղաքական  շրջանակների ներկայացուցիչների հետ, խոսել երրորդ ժամկետով Ի. Ալիևի առաջադրման անհնարինության մասին։ Թվում էր, թե ռուսաստանաբնակ ադրբեջանցի մտավորականը արմատական հեղաշրջման է նախապատրաստվում, մինչդեռ այս մտայնությունն ի չիք դարձրեց նրա այն միտքը, ըստ որի՝ ճիշտ տարբերակ է Մեհրիբան խանումի թեկնածության առաջադրումը։ Ադրբեջանի առաջին տիկնոջ հնարավորությունները ՙբացահայտելով՚` նա փաստորեն ի սկզբանե իրեն դրել է քաղաքական պայքարից դուրս։ Եվ երբ նախագահի թեկնածուների գրանցման փուլում նա իրեն հայտարարեց ընդդիմության միասնական թեկնածու, որոշ քաղաքական գործիչների կողմից դա որակվեց որպես Ադրբեջանի գործող նախագահի հետ ձեռք բերված որոշակի պայմանավորվածության արդյունք։ Այժմ արդեն ընդդիմության միասնական թեկնածուն խոսում է իշխանության կողմից սկսված քաղաքական հետապնդումների մասին։ 
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ապագան։ Վերոշարադրյալին, կարծում ենք, անհրաժեշտ է հավելել մեկ այլ իրողություն, որի անտեսումը ճիշտ չէր լինի։ Ըստ նախնական տեղեկությունների` հոկտեմբերին ծրագրված է ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցը Բաքու։ Քաղաքական փորձագետները կարծիք էին հայտնել, որ Կրեմլը կարծես դեմ չէ երրորդ ժամկետով Ի. Ալիևի ընտրվելուն։ Սրանից կարելի է եզրակացնել, որ կինոդրամատուրգ Ռ. Իբրահիմբեկովի խաղը, այսպես ասած, ինտեգրվում է աշխարհաքաղաքական մեծ խաղին, իսկ նրա Բաքու գալը` կորցնում  իր հրատապությունը։ 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ