ԳԱՐԱՎԱԼԼԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ

 

2.jpgԱդրբեջանի ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. հանդուրժե՞լ այն, ինչն այլևս անհանդուրժելի է, թե՞ ձեռնամուխ լինել երկրի հասարակական-քաղաքական կյանքի վերափոխմանը, ինչը տրամագծորեն հակառակ է  Իլհամ Ալիևի երրորդ ժամկետով պաշտոնավարելու գաղափարին։ Ադրբեջանցիները պետք է ընտրեն իրենց նախագահին, այլապես նրանց վզին կփաթաթեն գործող նախագահին։

Երկրի քաղաքական վերնախավն ու իշխանական քարոզչամեքենան գիշեր ու զօր տարփողում են, որ իշխանությունները ժողովրդի հանդեպ լցված են չտեսնված-չլսված հոգատարությամբ, իսկ նախագահն այդ հարցում ուղղակի անփոխարինելի ղեկավար է։ Ինչ խոսք, Իլհամ Ալիևին մրցակցությունից դուրս հայտարարող քաղաքական ու հասարակական ուժերին բնավ չեն հուզում հասարակ ժողովրդի հոգսերն ու կարիքները, չեն հուզում այն աստիճան, որ այս նախընտրական  շրջանում չեն բարեհաճում ուշադրության արժանացնել վաղուց մոռացության  մատնված գյուղերի բնակչությանը։ Մինչդեռ խելամիտ լինելու դեպքում գործող նախագահը կարող էր թեթևացնել հոգսաշատ մի գյուղի կարիքները` գոնե խոսքերով լուսավոր ապագա խոստանալով նրանց։ Դա ևս չի արվում, քանզի չի կարևորվում։ Կարևորը նախընտրական քարոզչությունն է և ընտրական տեխնոլոգիաները։   

Այնուամենայնիվ, հարկ է շեշտել, որ ադրբեջանցի շարքային քաղաքացու, հասարակ գյուղաբնակի կողմից չի ընդունվում իշխանական պնակալեզների մոգոնած սուտն անփոխարինելի նախագահի մասին։ Այս ճշմարտությունը հաստատեցին Ադրբեջանի Աղսուի շրջանի Գարավալլի գյուղի բնակիչների պատմություններն իրենց կյանքի ու երկրի ղեկավարության անսահման ՙհոգատարության՚ մասին։ Գյուղի խնդիրների ու արտագաղթի մասին օրերս տեղեկացրեց ՙBizimyolinfo. com՚ ( bizim yol-մեր ուղին) կայքը, որը ռուսերեն թարգմանությամբ ներկայացրել է հայաստանյան տեղեկատվական աղբյուրներից մեկը։ 
ՙՄենք ապրում ենք սարսափելի պայմաններում, առանց գազի ու ջրի։ Մեզ մոտ նույնիսկ բուժկետ չկա, որ հնարավոր լինի գոնե շտապ սրսկել հիվանդին։ Մեր դպրոցն ու ճանապարհներն ավերակների մեջ են՚,- իրենց բողոքն են հայտնել  Գարավալլիի տարեց բնակիչները։ Ստեղծված իրավիճակի միակ ելքը նրանք համարում են արտագաղթը։ Այդ գյուղի բնակիչ Ազադ Բաբաևը, չերկնչելով հնարավոր ճնշումներից, ասել է, որ իշխանական թևից ոչ մեկն իրենցով չի հետաքրքրվում, գյուղի 350 բնակիչներից ընդամենը մնացել է 78 մարդ, գլխավորապես տարեցներ ու հաշմանդամներ։ Իսկ երիտասարդները, վերադառանալով զինծառայությունից, աճապարում են Բաքու, որպեսզի բանվորություն անեն և փող վաստակեն գոնե գոյատևելու համար։ Մեկ այլ բնակիչ՝ Գուրբան Ալիևը, պատմել է, որ իրենց գյուղն անմարդաբնակ կղզի է հիշեցնում, որտեղ իրենք ապրում են աշխարհի անցուդարձերից անտեղյակ։ ՙՄեր գյուղից վերև ու նրանից ներքև,- ասել է նա,- 2 կմ հեռավորության վրա, անցնում են գազատար խողովակներ։ Իսկ մենք գազ չունենք։ Թվում է՝ քարտեզի վրայից առհասարակ ուզում են մեզ ջնջել։ Ժամանակն է, որ գյուղը մտցվի Կարմիր գրքի մեջ։ Մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էր Ռոբինզոն Կրուզոն՚։       
Գյուղաբնակներն ստեղծված կացության համար մեղադրել են Ադրբեջանի իշխանություններին։ Նրանք ասել են նաև, որ իրենց կենսական պահանջները բավարարելու նպատակով հարկադրված են ամեն օր 10 կմ ճանապարհ անցնել`  Նոյչու գյուղ հասնելու համար։ Նախկինում և՜ դպրոց են ունեցել, և՜ բուժկետ, բայց իշխանությունները չեն ուզում դրանք վերականգնել։  
Վերոշարադրյալն  ադրբեջանցի հասարակ գյուղացու տխուր առօրյայի պատմությունն է, այսօրվա իրականությունը, ինչը ոչ մի կերպ չեն կարող հերքել  ալիևյան կլանի նվիրյալ քարոզիչները։ Վերջիններս, սակայն, ի վիճակի են պարբերաբար ժողովրդին հրամցնել կեղծ հաշվետվություններ և հայտարարել, որ  իրավիճակը երկրում հուսադրող է, զարգացման հեռանկարները` փայլուն։ Ի. Ալիևն իր ելույթներում մշտապես մեկ մեխի է խփում. երկրի անշեղ առաջընթացը պայմանավորված է տնտեսական ոլորտի հաջողություններով։ 
Ադրբեջանական ստերի պարկից նախևառաջ հրամցվում է, որ երկրում հնարավոր է դարձել տնտեսական զարգացման արդիական մոդելի ստեղծումը, իսկ դա  նշանակում է, որ ոչ հեռավոր ապագայում բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը տարվա կտրվածքով կկազմի մոտ 20 հազար դոլար։ Իշխանությունները տարփողում են, որ զարգացած միջին խավի առկայությունն այլևս անհերքելի է, ինչը փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանելու քաղաքականության արդյունք է։ Ամենատարբեր առիթներով ընդգծվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական ենթակառուցվածքներին։        
Ավելորդ չէ հիշեցնել դեռևս անցյալ տարվա  հոկտեմբերին Ադրբեջանի նախագահի`  նախարարների խորհրդի նիստում հնչեցրած մտքերը։ Դրանք ոչ այլ ինչ էին, քան  չափի զգացումը կորցրած ղեկավարի ինքնագնահատանքի խոսքեր։ Ալիև Կրտսերը պարծենկոտությամբ վկայակոչել է աշխարհի ամենահեղինակավոր տնտեսական կառույցներից մեկի` Դավոսի տնտեսական համաժողովի հրապարակած մրցունակ երկրների վարկանիշային ցուցակը, որտեղ Ադրբեջանը 46-րդ տեղում էր,  ասելով, որ նախորդ տարիների համեմատ դա մեծ ցուցանիշ է։ Նա, իհարկե, չի ասել, որ այդ հեղինակավոր կառույցն իր կողմից կաշառված է եղել։ Այդ ամենը, ըստ Ալիևի, բարեփոխումների արդյունք է, որոնք բարձր են գնահատվում հատկապես միջազգային կառույցների կողմից։ Անփոխարինելի նախագահի ինքնագովազդը հանգել է այն մտքին, որ նավթով ու գազով հարուստ Ադրբեջանը համաշխարհային մասշտաբով մեծ աջակցություն է վայելում։ Ուրեմն` միջազգային հանրությունն էլ դրանից պետք է համապատասխան հետևություն անի, այսինքն`այդ տեղաշարժերն ընդունի որպես իշխանության կատարած աշխատանքի և անցկացվող բարեփոխումների արդյունք։
Աղսուի շրջանի Գարավալլի գյուղի բնակիչներն այս պատմություններին չեն հավատում, քանի որ դրանք իրենց կյանքի պատմության հետ ընդհանուր ոչ մի եզր չունեն։ Մոռացության ու անտարբերության մատնված գյուղի բնակիչներն իրենց ապագան իրենց գյուղում չեն պատկերացնում։ Այս մարդիկ չեն հավատում նախագահ Ալիևի այն սին մտքերին, թե իբր Եվրոպան ոչինչ է առանց ադրբեջանական գազի, թե ադրբեջանական պետությունը միայն զբաղված է իր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիրներով։ Այս պարագայում ադրբեջանական պետությունն, իրոք, ոչինչ է, քանի որ այն չի ծառայում այդտեղ ապրող ժողովրդին։
Համացանցում Գարավալլիի մասին տեղեկատվության տարածումից հետո ալիևյան վարչակարգին սատարող քաղաքական ուժերից մեկը` ՙԱնա վաթան՚ (Մայր հայրենիք) կուսակցությունը, հանդես եկավ հապճեպ մի հայտարարությամբ` ընդգծելով, թե այն բխում է կուսակցության 6-րդ համագումարի ընդունած բանաձևերից։ ՙԱնա վաթանն՚ այն համոզմունքին է, որ գործող նախագահը մրցակից չունի, և  ընտրազանգվածը, նախևառաջ, պետք է առաջնորդվի այս գաղափարով։ Հիմնավորումն այն է, որ վերջին տասնամյակում երկիրը նշանակալի հաջողությունների է հասել, ժողովրդի կենսամակարդակը բարձրացել է, հասարակական կյանքում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր։ Սա նշանակում է, որ Ի. Ալիևը մայր հայրենիքի իշխանական բարձունքից անբաժան է լինելու։ 
Երկրի ներքաղաքական իրավիճակն առավել քան ակնառու է. Բաքվի կենտրոնում անհնազանդ մտավորականությունը բողոքի ցույցեր է անցկացնում և ոստիկանության կողմից ծեծուջարդի ենթարկվում, ժողովրդավարական ուժերն  անհանդուրժելի են համարում ամբողջատիրական համակարգի հետագա գոյատևումը, ադրբեջանցի հասարակ գյուղացին այլևս չի ճանաչում իր իշխանությանը։ Վերջինիս սատարողները սոսկ ապահովագրում են իրենց անամպ ապագան` ոտքի տակ տրորելով ժողովրդին հուզող խնդիրները, իսկ ընդդիմադիր դաշտում անկառավարելի քաոս է, որն ուղեկցվում է ՙփոխհրաձգություններով՚։ 
Ստեղծված իրավիճակը համահունչ է գործող նախագահի ցանկություններին ու հնարավորություններին։ Առաջիկա քարոզարշավում նրան մնում  է հերթական անգամ  սուտ խոստումներով կերակրել ընտրազանգվածին` հընթացս մատնացույց անելով ալիևյան կլանի բոլոր ՙձեռքբերումները՚։
Քարոզարշավի ժամանակ Ալիևը կմտնի՞ անտարբերության մատնված ադրբեջանական գյուղերը, որոնց բնակիչները  գազից, ջրից ու բուժկետից բացի այլ բան չեն երազում, և  արդյո՞ք նա նպատակ ունի թեկուզ ձևականորեն հաղորդակցվել նման գյուղերի բնակիչների դարդուցավին։ Մեծ հաշվով` սա այնքան էլ էական չէ։  
Իրականությունն այն է, որ Գարավալլի գյուղում Իլհամ Ալիևին չեն սպասում։
    
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ