[ARM]     [RUS]     [ENG]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ

altԹուրքիան սպառնացել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի պատգամաւորներին՝ իրավունք չտալ 2015-ին Թուրքիայի Գալիպոլի (Չանաքքալե) քաղաքում կայանալիք արարողություններին մասնակցելու: 
Նշյալ արարողությունները նվիրված են նույն քաղաքում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակին եւ պիտի իրականանան Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի զինվորական ուժերի՝ Անզաք-ի (The Australian and New Zealand Army Corps) նախաձեռնությամբ:
Այստեղ ճիշտ է, որ Նյու Սաութ Ուելսի խորհրդարանականների կատարած քայլը Ցեղասպանության ճանաչման իրադրային նշանակություն ունի: Բայց խնդիրը միայն ցեղասպանության ճանաչման քաղաքական քայլերին Անկարայի դրսեւորած հակադարձությանը չի վերաբերում: Նման մակարդակի քաղաքական գործիչներ, տարբեր երկրների, հայտարարական հակազդեցությունների արժանացել են: Ամենայն հավանականությամբ՝ նրանցից շատերն էլ Անկարայում գտնվել են նմանատիպ ձեռնարկների կամ խորհրդաժողովների մասնակցելու համար:
Այս արգելքը, որ Անկարան դնում է ավստրալիացի խորհրդարանականների նկատմամբ, դիտարժան մի քանի  շարժառիթներ կարող է ունենալ: Նյու Սաութ Ուելսն այն նահանգն է, որ վերջերս ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Այս երկկողմանի ճանաչումն է, հավանաբար, առաջին շարժառիթը, որ Անկարային մղում է հայտարարականից անդին քաղաքական քայլ առնելու եւ ուղղակի հակադարձելու ավստրալիացի խորհրդարանականների դեմ: Չմոռանանք նաեւ տեղի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ անցյալ ամիս կատարված ավստրալիացի պետական անձնավորությունների այցելությունները Երեւան եւ Ստեփանակերտ, ինչը, բնականաբար, աննկատ չէր կարող անցնել ինչպես Բաքվի, այնպես նաեւ Անկարայի կողմից:
Արարողություններին մասնակցելու արգելքը, որ արծարծում է Անկարան, խորքում  համազոր է Թուրքիա մուտքի արգելքի: Եթե ավստրալիացի խորհրդարանականները Թուրքիա պիտի մեկնեին նման միջոցառումների մասնակցելու համար եւ որոնց արգելվում է այդ մասնակցությունը, նշանակում է, թե նրանք նոն գրատա անձինք են թուրքական իշխանությունների համար: Ինչը որ իր հերթին հուշում է սեւ ցուցակում ընդգրկված լինելու փաստը: Իսկ այդ սեւ ցուցակը միայն Անկարան չէ, որ կիրառելու փորձ է կատարում, այլ նաեւ Բաքուն: 
Ուրեմն՝ այս երկկողմանի ճանաչումը խորքում երկկողմանի նոն գրատա իբրեւ ընկալվելու տեղի տված է, ինչը նաեւ իր հերթին մտածել է տալիս, որ իրոք Նյու Սաութ Ուելսի կատարած քայլերը անհանգստացրել են թե՜ Բաքվի եւ թե՜ Անկարայի ղեկարարներին: 
Բայց անկախ հայկական հարցերի վերաբերյալ քաղաքական աշխատանքներից եւ նոն գրատայականների non grata դասակարգումը Բաքվի հետ համակարգելու՝ Անկարայի դրսեւորած այս վարքագծից, կա այլ կարեւոր խնդիր, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ իբրեւ որդեգրված մարտավարական կարեւոր մոտեցումն անպայման մանրադիտակի տակ պետք է առնել:
Ի վերջո, առաջադրված արարողությունների բնույթն ու հայտարարված անունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակը, ոչ հատուկ ցեղասպանություն բառն է օգտագործում, ոչ էլ ուղղակի դրա նշումն է կատարում:
Ի՞նչն է, որ Անկարային մտահոգել է այսքան, եւ մղում է, որ նման քայլի գնա ավստրալիացի խորհրդարանականների դեմ: Թվում է, որ հարցը Բաքվի հետ միացյալ անբաղձալիների սեւ ցուցակ ճշտելուց եւ Բաքվին տուրք տալու մղումից ավելին է: Անկարան ի՞նքն է  վտանգը տեսնում նման համատեքստում Հայոց ցեղասպանության արծարծման երեւույթի մեջ: 
Այս մեկը իր հերթին իբրեւ մարտավարական մոտեցում՝ մտածելու առիթ է տալիս հայկական կողմին: Աշխարհը նախապատրաստվում է նշելու Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Նշումի այդ տարողությունը ինքնին հուշում է նաեւ պատերազմի ընթացքին պատմական նշանակություն ունեցող պատահարների, պետությունների կիրառած  քաղաքականությունների, եւ … կանխամտածված, պետական մակարդակի վրա կազմակերպված ցեղասպանությունների մասին:
Այստեղ արդեն միայն հայկական կողմի նախաձեռնության մասին չէ խոսքը, այլ ներգրավվելու համաշխարհային տարողությամբ ծրագրերի: Այնպիսի նախաձեռնությունների, որտեղ գերտերություններն իրենք առաջադրանքներ ունեն գործադրելիք, ուր իրենք ուղերձներն ունեն փոխանցելիք, ուր իրենք ժամանակակից պատմության կապված խնդիրների այժմեականացման կարգով հրատապ թեմաների անդրադարձ կատարելու հրամայականն ունեն: Այդ ուղերձներն ու առաջադրելի թեմաներից շատերը աշխարհաքաղաքական ներկա պայմանների բերումով կարող են կապ ունենալ Անկարայի հետ: Ուրեմն՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակը ճիշտ ու պատեհ շրջագիծն է, որի մեջ պետք է տեղավորել նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: 
Անկարայի մերժումը խորքում այս մոտեցման կանխարգելման փորձն է: 
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
ՙԱզդակ՚  թերթի գլխավոր խմբագիր