[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՓԱԿՈՒՂԻՆ՚ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Մասնակցել է նաև արցախյան ներկայացուցիչը
Սեպտեմբերի 13-17-ը Բեռլինում, ՙՀաղթահարելով փակուղին՚ ծրագրի շրջանակներում, տեղի է ունեցել ԼՂ հակամարտության տարածաշրջանի փորձագետների հերթական հանդիպումը, որին  Արցախից ներկա էր Իրինա Գրիգորյանը: Նրան խնդրեցինք մեր ընթերցողներին իրազեկել քննարկված հարցերի և ընդունված որոշումների մասին: 
Ի. Գրիգորյանի խոսքերով՝ խմբի կողմից ներկայացվել են առաջարկներ տարածաշրջանում անվտանգության և երկխոսության հարթակների ստեղծման հարցերի շուրջ, որոնց մի մասն ընդունվել և հաստատվել է: 
ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանային փորձագետների խումբը մշակել է երկխոսության հարթակների ձեւաչափի շուրջ մի շարք առաջարկներ: Փորձագետները համոզմունք են հայտնում, որ այս առաջարկները կարող են նպաստել կառուցողական երկխոսությանը բոլոր մակարդակներում եւ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Նրանց կարծիքով, երկխոսության եւ բանակցային գործընթացի զարգացման կարեւոր պայման է տարածաշրջանի ժողովրդավարացումը: Միաժամանակ, երկխոսության հարթակների ձեւաչափը պետք է որոշվի, ելնելով խաղաղաշինության գործընթացի կոնկրետ նպատակներից, խնդիրներից  եւ ուղղություններից՚,- ասաց Ի. Գրիգորյանը:
Այս խնդրի որոշակի հարցերի շուրջ փորձագետները եկել են կոնսենսուսի եւ առաջարկել կոչ անել Լեռնային  Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներին բանակցային գործընթացի առավել բացության եւ թափանցիկության, ապաքաղաքականացնել եւ զարգացնել երկխոսության բոլոր հարթակները քաղաքացիական հասարակության մակարդակով, առաջարկել բոլոր իշխանություններին՝ սկսել երկխոսություն իրենց նախկին բնակիչների հետ, ընդլայնել երկխոսության հարթակների ձեւաչափը` լայնորեն ընդգրկելով խորհրդարանների, կառավարությունների, կրոնական գործիչների, սփյուռքի ներկայացուցիչների եւ այլն: 
 Մի շարք առաջարկներ վերաբերում էին հակամարտության գոտում անվտանգության ամրապնդմանը:   Դրանք առնչվում էին անվտանգության խնդիրների այն հարցերին, որոնց շուրջ կողմերին հաջողվել է հասնել կոնսենսուսի: Միաժամանակ, Ի. Գրիգորյանի իրազեկմամբ,  փաստաթուղթը չի հավակնում հակամարտության գոտու անվտանգության խնդիրների ամբողջական դիտարկմանը: Այն ընդամենն առաջարկում է  կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ կանխել խաղաղ բնակչության եւ զինծառայողների շրջանում կորուստների բերող ցանկացած գործողություն, մշակել հրադադարի   ռեժիմի պահպանման քաղաքացիական հսկողության ակտիվացման, քսենոֆոբիայի, ատելության,  բռնության դրսեւորումների բացառման միջոցառումներ, նախաձեռնել իրենց տները հարկադրաբար լքած բոլոր անձանց անվտանգ վերադարձի եւ(կամ) փոխհատուցման իրավական նորմերի եւ երաշխիքների մշակման ապաքաղաքականացված գործընթաց, ինչպես նաև ուսումնասիրել աշխարհում ապառազմականացված գոտիների փորձը եւ դրա կիրառման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Ի. Գրիգորյանն ասաց, որ վերոնշյալ  առաջարկներն  ընդունվել են գրավոր փաստաթղթի ձևով:
Հանդիպումն անցկացվել է  Ջորջ Մեյսոնի համալսարանի Հակամարտությունների վերլուծության եւ հաղթահարման ֆակուլտետի Խաղաղաշինության փորձի կենտրոնի(ԱՄՆ) եւ Հակամարտությունների տրանսֆորմացման ՙԻմեջին՚ կենտրոնի կազմակերպչական օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում:  Ծրագիրն իրագործվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի եւ Ընկերակցության հարցերի նախարարության աջակցությամբ: