[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՖԱՐՈՎՇՉԻՆԱՆ՝ ՈՐՊԵՍ ԱԼԻԵՎՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑ

Նախընտրական Ադրբեջանի համար սեպտեմբեր ամիսն առանձնացավ նրանով, որ գործող նախագահին հաջողվեց ուժերի գերլարումով ամրապնդել իր դիրքերը՝ տնտեսական-վարչական լծակների հետ մեկտեղ  օգտագործելով նաև քարոզչական-գաղափարախոսական ողջ զինանոցը։ Հարկ է նկատել, որ հանրության հետ հանդիպումների ժամանակ Իլհամ Ալիևը մի առանձնահատուկ պաթոսով սկսեց մեծարել-փառաբանել Ռամիլ Սաֆարովին։  
Ամեն ինչ պարզ է. ժողովրդի ուշադրությունը պետք է շեղել երկրի ներքին խնդիրներից։ Բայց միայն շեղելը քիչ կլիներ. հասարակությանը ոգեշնչելու և հատկապես երիտասարդ սերնդին դաստիարակելու համար պետք է ուշադրությունը սևեռել հերոսապատումների, առասպելների և նման պատմությունների վրա։
Ադրբեջանի ՙհերոսական՚ անցյալն ու ներկան փառաբանելու առիթներ  այս վարչակարգը պարբերաբար ստեղծում է, որոնց շարքում հարկ է նշել գործող նախագահի մասնակցությունը Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ կառուցված՝ Ղուբայի հուշահամալիրի բացման արարողությանը։ Իլհամ Ալիևն այնպիսի ճառ արտասանեց, ինչպիսին վայել է հային ատող, էթնիկ հողի վրա քնած հային կացնահարող, հայի պատմության ու մշակույթի վրա աչք տնկած ցեղի առաջնորդին. ՙԵս հիշում եմ, թե ինչքան անհիմն մեղադրանքներ են հնչել իմ դեմ ադրբեջանական սպա Ռամիլ Սաֆարովին ազատելու և հայրենիք վերադարձնելու համար, ինչքան հարձակումներ են իմ դեմ ձեռնարկել արտասահմանյան երկերեսանի քաղաքական գործիչները։ Եվրախորհրդարանը նույնիսկ բանաձև է ընդունել այդ հարցի վերաբերյալ և դատապարտել իմ քայլերը։ Բայց ես այսօր էլ ամենայն վճռականությամբ ասում եմ, որ Ադրբեջանն ազատել և հայրենիք է վերադարձրել իր սպային՝ վերականգնելով արդարությունը՚։ Ի. Ալիևն ինքնամեծարման առիթն էլ բաց չթողեց՝ ասելով, որ այդ հարձակումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, քանզի ոչ մի ուժ չի կարող ազդել իր կամքի վրա։ 
Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռ. Սաֆարովի արտահանձնումը բավականին մեծ արձագանք գտավ միջազգային հանրության կողմից։ Դատապարտում և անարգանք. սրանք էին մի շարք երկրների պետական ու քաղաքական գործիչների, միջազգային կառույցների, կազմակերպությունների հայտարարությունների առանցքում։    
Արտահանձնումից շատ ավելի ուշ Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պետր Պաչոլայը, ով ՀՀ էր այցելել մասնակցելու ԱԺ-ում ընթացող համաեվրոպական խորհրդաժողովին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հունգարական դատարանի որոշումն ամենևին խիստ չէր. Սաֆարովը գիշերը սպանել է իր գործընկերոջը։ Դատարանի նախագահն իր և Հունգարիայի իշխանությունների անունից ներողություն է խնդրել հայ ժողովրդից և իր երկիրը մեկ անգամ ևս չխայտառակելու համար շեշտել, որ Ադրբեջան-Հունգարիա գործարքի մասին ինքը ոչինչ չգիտե։       
Հանցագործին արտահանձնելու առաջին օրերին միջազգային մամուլը հեղեղված էր մեղադրանքներով, որոնք հնչեցին հավասարապես Ադրբեջանի և Հունգարիայի ղեկավարների հասցեին։ Աշխարհը տեղեկացավ մի խայտառակ գործարքի մասին, որի համար պատասխանատվություն դրվեց նաև քաղաքակիրթ Եվրոպայի վրա։
Քնած մարդուն կացնահարելը թուրք-ազերական ձեռագիր է, ինչին մենք ականատես եղանք ոչ միայն 21-րդ դարի սկզբին. մեր անցյալի վրա թուրքական ձեռագիրն անջնջելի հետք է թողել։ Մեզ համար անչափ կարևոր է, որ այդ մասին բարձրաձայնել են օտարազգի հասարակական, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, մարդիկ, ովքեր դատապարտել են թուրք-ազերական վայրենի հարձակումները հնագույն պատմություն ու մշակույթ ունեցող ժողովրդի վրա։
Այս առումով բավականին մեծ հետաքրքրություն են ներկայացնում ռուս մտավորական և հասարակական գործիչ Ինեսա Բուրկովայի օրագրում տեղ գտած գրառումները։ ՙՕղակ՚ ռազմագործողության ժամանակ նա գտնվում էր Շահումյանի շրջանում և հասցրել էր որոշ մանրամասներ արձանագրել ադրբեջանական օմոնի բռնությունների ներքո հայաթափվող Գետաշենի մասին։ Նրա օրագրում տեղ են գտել այն մարդկանց անունները,  ովքեր ազերի օմոնականների ձեռքով կացնահարվել էին անկողնում։ 
1991թ. մայիսի 6-ին Գետաշենում ծավալված ողբերգական իրադարձությունները նա ներկայացրել էր այսպես. ՙԹալանում են, վառում տները։ Ե՜վ զինվորները, և՜ օմոնականները, որոնք գյուղ էին վերադարձել։ Պատանդ վերցրած տղամարդկանց մահացու ծեծի են ենթարկում։ Ռուս կապիտանը փորձեց տեղի տալ, ադրբեջանցի օմօնականը նրան կանխեց՝ ասելով. ՙՔեզ վճարել են, ձայնդ կտրի՜ր՚։ Կապիտանը թքելով հեռացավ։ Գնդացիրներից և ինքնաձիգներից սկսեցին կրակ թափել։ Տարեցները հավաքվել էին մի տեղում, կրակահերթը  նրանց ուղղությամբ էր։ Սպանվածներն իրար հետևից գետնին են տապալվում։ Մյուսները սողոսկելով դուրս են գալիս տներից՝ մահվան սանդուղքին  սպասելով... Հիվանդ տատիկին անկողնում սպանեցին։ 50 տարեկան Մելսիկ Սողոմոնյանին էլ մորթեցին. պառկած էր անկողնում հիվանդ ոտքերով։ Վարորդ է եղել. աշխատում էր Խանլար-Գետաշեն երթուղու վրա։ Ոմն ադրբեջանցի օմոնական կացնահարեց նրան՚։ 
Իսկ մայիսի 3-ին գետաշենցիները դիմում էին հղել համաշխարհային հանրությանը՝ խնդրելով փրկել իրենց ֆիզիկական բնաջնջումից. ՙ... Երեխաներին, կանանց և ծերերին ադրբեջանցի օմոնականները պատանդ են վերցնում, ջարդում նրանց ձեռքերը,  ոտքերն ու կողերը, պատին հարվածելով ջարդուփշուր անում դեմքերը, երիկամները ջնջխում, ձգում-հանում ողջ մարդկանց գլխամաշկը, ծակում դանակներով։ Մեր տղամարդիկ անզոր են պաշտպանել մեզ որսորդական հրացաններով...՚։         
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ահուսարսափ արձանագրած ռուս գրողը, մտավորականը, նրբազգաց կինն աշխարհին ցույց է տվել մարդ-արարածին  ոչ հատուկ գործողություններ։ Հետագա իրադարձություններից մենք գիտենք նաև, թե ինչպես աշխարհն արձագանքեց 20-րդ դարի վերջին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված սպանդին։   
Դառնալով Իլհամ Ալիևի գաղափարախոսությանը՝ հարկ է շեշտել, որ այն բոլոր ժամանակներում մեկ նպատակ է հետապնդել. էթնիկ հենքի վրա բոլոր տեսակի ոճրագործությունների, սպանդի փառաբանում, որովհետև դա է կենսական տարածքների ձեռքբերման ամենակարճ ճանապարհը։ Այս պարագայում մենք գործ ունենք ֆաշիզմի գաղափարախոսության հետ, որն Ադրբեջանում համարվում է պետական գաղափարախոսություն։ ՙԻնձ համար կարևոր չէ՝ ով կլինի իմ առաջ, կարևորը՝ հայ լինի, ես ուզում եմ հայ սպանել՚,-հայտարարել է գիշերային մարդասպան Ռ. Սաֆարովը։ 
Սա է սաֆարովյան ՙհերոսապատումը՚, որի թիվ մեկ  քարոզիչն ինքը՝ Ադրբեջանի նախագահն է։  Սաֆարովն Իլհամ Ալիևի հպարտությունն է, նրան ոգեշնչողը, իշխանության գաղափարական հենարանը։ 
Ազգը կարող է հպարտանալ իր հերոսական անցյալով ու պատմությամբ, որի վրա  խարսխվում է նրա ներկան ու ապագան։ Ադրբեջանը, սակայն, զուրկ է նման անցյալից։ Միանգամայն իրավացի է սփյուռքի մեծանուն պատմաբան Ջորջ Բուռնությանը. ՙԱդրբեջանին ցավ է պատճառում սեփական պատմություն չունենալու իրողությունը՚։ Անտարակույս, հենց այս բարդույթով է պայմանավորված զարգացման անհամեմատ բարձր աստիճանի վրա գտնվող հայ ժողովրդի հանդեպ քարոզվող ատելությունը։    
Ազերական ցեղի կացնային հարձակումների մասին մեզ դեռևս անհայտ փաստերը ջրի երես կհանվեն ու կներկայացվեն ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրությանը՝ վերջինիս մեկ անգամ ևս համոզելու, որ հայ ժողովուրդը խաշնարած ցեղի գազանություններին դիմակայել է դարեր շարունակ։ Քաղաքակիրթ հանրությունը պարտավոր է բարձրաձայնել այդ մասին, հակադրվել  սաֆարովշչինային, որն Ադրբեջանում դարձել է գաղափարական հզոր զենք և ալիևյան կլանի  իշխանությունը պահպանելու յուրահատուկ միջոց։
Նման գաղափարախոսությամբ ներկայացող երկիրը կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա, քանի որ սաֆարովներին հերոսացնելով ՝ Ադրբեջանը փաստորեն ի չիք է դարձնում կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները և վտանգում տարածաշրջանի խաղաղությունը։  Եվ բացի այդ՝ միջազգային կառույցներում քաղաքական կարևորագույն հարցերի քննարկմանն իրավունք չունի մասնակցել մի երկիր, որտեղ տիրապետող է ֆաշիզմի գաղափարախոսությունը։ Դրա գնահատականը տրվել է անցյալ դարի կեսերին՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, հայտնի Նյուրնբերգյան դատավարության ժամանակ։
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ