[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ելույթը ՄԱԿ-ում
Մեր խորին համոզմամբ, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. հակամարտությունների կարգավորումը քաղաքական կամք եւ վճռականություն է պահանջում: 
Այս մասին, սեպտեմբերի 28-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա իր ելույթում նաեւ նշել է.
ՙԵրեք ամիս առաջ՝ հունիսի 18-ին Էնիսկիլենում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները նոր հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
Հայաստանը ողջունեց այդ հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար եւ տեւական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, եւ դրանցից որեւիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որեւէ փորձ անհնարին կդարձնի կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի: Ցավոք, մինչ այժմ Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ հակառակն է անում, օրեցօր ավելացնում է ռազմատենչ, հակահայկական ու ատելություն սերմանող հռետորաբանությունը՝ դրա համար օգտագործելով նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը:
Մենք լիովին համաձայն ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, եւ միայն բանակցված կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության եւ կայունության: Սակայն, լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակումով Ադրբեջանը լրջորեն վտանգում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ հանդիսանալու հանգամանքին:
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը բազմիցս հաստատել եւ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենի կոչին ի պատասխան եւս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, տարածքային ամբողջականության նկատմամբ:
Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել 1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնց առանցքային պահանջը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն ու երկարատեւ հրադադարի հաստատումն էր: Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ պահանջը, այլեւ առավել ակտիվացրեց ագրեսիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ՝ օգտագործելով տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների: Ուստի պատահական չէ, որ 1994թ. հրադադարի հաստատումից հետո միջնոդները՝ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, երբեւիցե որեւէ հղում չեն կատարել այդ բանաձեւերին:
Ադրբեջանը ձեւացնում է, որ միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները եւ ինքը կիսում է միջազգային հանրության մոտեցումները: Իրականում Արդբեջանը շարունակաբար մերժում է միջազգային հանրության մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինկսի խմբի բոլոր առաջարկությունները։  
Բաքուն մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, այդ թվում՝ Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր) եւ Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներում ներկայացված առաջարկները:
Բաքուն մերժում է ոչ միայն Հիմնարար սկզբունքները, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցները՝ հրադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման եւ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ձեւավորման վերաբերյալ:
Ադրբեջանը ոչ միայն խոչընդոտում է վստահության ամրապնդման քայլերի իրականացմանը, այլեւ պարբերաբար սադրանքներ է կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին, որոնք հանգեցնում են նորանոր զոհերի:
Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանին ես խոսեցի Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակման եւ հերոսացման մասին, որը խստորեն դատապարտվեց ողջ միջազգային հանրության, այդ թվում նաեւ  ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների հանձնաժողովների կողմից: Նույնիսկ այսօր՝ դրանից ավելի քան մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ այն, ինչ որ արվել է, շատ ճիշտ է արվել,  եւ հանդգնում է քննադատել միջազգային հանրության դիրքորոշումը: Դա ցույց է տալիս Ադրբեջանի ղեկավարության եւ միջազգային հանրության ընկալումների միջեւ խորացող անդունդը:
Վերջերս ադրբեջանական ղեկավարությունը պետական մակարդակով օստրակիզմի (հալածանքի) ենթարկեց ադրբեջանցի անվանի գրող Այլիսլիին` պատմվածք հրատարակելու համար, որում նա խոսում է Բաքվում, Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ մասերում հայերի ջարդերի մասին: Նրա գրքերը հրապարակայնորեն այրվեցին, եւ գրողը, կյանքի սպառնալիքներ ստանալով, ստիպված էր լքել երկիրը:
Անցյալ շաբաթ Ադրբեջանի ղեկավարությունը մեկ անգամ եւս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր սպառնալիքներով հանդես եկավ՝ պահանջներ ներկայացնելով հայկական տարածքների, ներառյալ՝ երեք հազարամյա մայրաքաղաք Երեւանի նկատմամբ:
Չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման ուղղությամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված նպատակների, սկզբունքների եւ նորմերի, համանախագահ երկրների նախագահների Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի եւ Էնիսկիլենի հայտարարությունների դրույթների հիման վրա՚: