[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆՏՐԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՉՇԵՂՎԵԼ

Անցած շաբաթ Ստեփանակերտում տեղի ունեցած  ՙԱրցախի Ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը՚  միջազգային  գիտաժողովին մասնակցում էր  Կիպրոսից ժամանած լրագրող-քաղաքագետ Յանիս ԽԱՐԱԼԱՄՊԻԴԻՍԸ, որի ելույթը  հակամարտությունների  նմանությունների  և տարբերությունների, ինչպես և  ինքնորոշման իրավունքի  մասին էր։ 
 Մեր զրույցը քաղաքագետի հետ  նույն թեմաների  շուրջն ընթացավ։ 
-Գիտաժողովի  Ձեր ելույթում  Դուք խոսում էիք Կոսովոյի և Ղարաբաղի  հակամարտությունների  նմանությունների  և տարբերությունների  մասին։ Որո՞նք են, ըստ Ձեզ, դրանք։ 
-Ես կասի, որ  տարբերություններն  ավելի շատ  են, քան նմանությունները։ Հիմնականում  դա վերաբերվում է ինքնորոշման  իրավունքին։ Ինչ վերաբերվում է  Կոսովոյի դեպքին, հարցը  հետևյալն է, թե ինչու  է միջազգային  մեծամասնությունն  ընդունել Կոսովոյի  ինքնորոշումը և մերժել նույն  ինքնորոշման  իրավունքն Արցախի ժողովրդի։ 
-Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված  նման վերաբերմունքն Արցախի ժողովրդի  հանդեպ։ 
-Սրանք երկակի  ստանդարտներ են, որոնք  կիրառվում են միջազգային հանրության  կողմից։ Այստեղ, երևի, ուժեղների խաղն է,  ազգային շահերն են, որ մեծ  նշանակություն  ունեն։ Պետք է համադրել և՜  պետության  ուժը, և՜  միջազգային  իրավունքը։ Ինչ վերաբերվում է  Կիպրոսի և Լեռնային  Ղարաբաղի  հակամարտությունների  տարբերություններին, խնդիրն այն է, որ  Կիպրոսում  և Լեռնային  Ղարաբաղում ժողովրդի մեծամասնությունը բնիկներ են։ Եվ տեղի  ժողովուրդը երբեք չի ընդունել խորհրդային ժամանակներում ստեղծված ռեժիմը։ Այստեղ մարդիկ երբեք չեն  ունեցել  այդ  հնարավորությունը, որպեսզի  արտահայտեն իրենց կամքն ապագա կարգավիճակի վերաբերյալ։  Ինքնորոշման  իրավունքն Արցախում ապրող  ժողովրդի իրավունքն է, որպեսզի նա իր ապագան որոշի։ Եվ սա այն  իրավունքն  է, որը  միջազգային հանրությունը պետք է հարգի։ 
Ի տարբերություն  Արցախի, Կիպրոսի  հյուսիսային  հատվածում, որ դեռ  օկուպացված է թուրքերի  կողմից, չկա բնիկ  ժողովուրդ։ Ներկայումս այնտեղ ապրողները հարավից տեղափոխվածներն են։ 1974թ. Թուրքիայի   իշխանությունների  ապօրինի, զավթողական  հարձակումների  արդյունքն  է դա։  Մենք նրանց անվանում  ենք  թուրքական  կիպրոսցիներ։ Բացի դրանից,  այնտեղ ապրում  են նրանք, ովքեր եկել  են Անատոլիայից, և դա  կատարվել է թուրքական  ռազմավարության  համատեքստում, ինչը  նպատակ է  ունեցել փոխել այդ կղզում  ապրող  ժողովրդագրական  իրավիճակը և դրանով   պարտադրել  մասնատումը։  Այդ  մասնատումը  եղել է  դաշնային  համակարգի շրջանակներում, որը  նախագծված է եղել  թուրքական և  բրիտանական  իշխանությունների կողմից 1956թ.։ Կղզու  հյուսիսային հատվածում  բնիկ  ժողովուրդը  բուն կիպրոսցիներ են, որոնց ստիպել են  լքել իրենց  տները,  գույքը և   բռնի  կերպով  հանել են դեպի  հարավային հատված։ Դա նույնպես թուրքական  զավթողական հարձակումների  արդյունք է։ Այսպես, Կիպրոսի հյուսիսում ունենք  ապօրինի բնակիչներ, ովքեր ինքնորոշման  իրավունք չունեն։ Ի հակադրություն դրան, այստեղ Արցախում  ունենք օրինական  բնակվողներ, ովքեր վաստակել են ինքնորոշման իրավունքն ու արժանի  են դրան։ 
- Ձեր ելույթում  խոսում էիք նաև այն մասին, որ պետք է համադրել  ուժի կիրառումն ու  քաղաքական միջոցները։  Ուժի  կիրառումը մենք  արդեն օգտագործել ենք։ Ադրբեջանը սկսել է մեր  դեմ  պատերազմը,  իսկ մենք  հենց այդ  ուժի  կիրառումով  հաստատեցինք մեր իրավունքը, բայց  համադրելով  քաղաքական  միջոցները, չենք կարողանում  վերջնականապես  հաստատել  ինքնորոշման մեր իրավունքը։ 
- Այո, միջազգային հանրությունը դա չընդունեց, որովհետև նա հետևում է երկակի ստանդարտներին։  Ուստի և անհրաժեշտ է վերանայել ձեր ռազմավարությունը, բայց  առանց  շեղվելու ձեր բուն  նպատակներից, որն է  ինքնորոշման  իրավունքը։ 
-Գիտաժողովի  առաջին օրվա ավարտին խոսք գնաց այն մասին, որ  այդ ինքնորոշման  իրավունքի մեջ  էլ կա  ծուղակ Արցախի պարագայում։ 
-Ինքնորոշման մեջ որևէ ծուղակային գաղափար չկա։ Գուցե դա ինչ-որ ներքին քաղաքական  հարց է, որի մեջ  չէի ցանկանա  ներգրավվել։ 
Բայց ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ինքնորոշման իրավունքից  չպետք է հեռանալ։ Ես դա ասում եմ, քանի որ  Կիպրոսի  փորձով եմ անցել։  Հայկական պետականությունը  ձեզ պետք է, որպեսզի դուք գոյատևեք։ Այնպես  չէ, որ  մենակ գոյատևեք։  Թուրքիան  կարողացավ զավթել, որովհետեև մենք  չկարողացանք  միանալ  Հունաստանի հետ։
-Արցախը նախկինում միշտ էլ  և հիմա էլ  Հայաստանի  մի մասն էր։ 
-Ես խոսում եմ ապագայի մասին, որպեսզի  միշտ էլ Հայաստանի հետ մնաք։ Ձեր  ընտրած  ճանապարհից մի շեղվեք։