[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

altԽորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ.
- Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: ՙԱյդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է՚: 
Մինչև այժմ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման որպես թեկնածու խոսում էր դրա մասին. ՙեթե ես ստանձնեմ նախագահի պաշտոնը` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը՚: Նախագահ դառնալուց հետո նա ամբողջովին անտեսեց դա: Այնպես որ, առկա է դինամիկ քաղաքական խաղ, որը մի քիչ կեղծավոր է՚, հավաստիացրեց Կիրակոսը: 
- Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայացած ընտրություններում գերմանական Բունդեստագում` երկրի խորհրդարանի ստորին պալատում ընտրվել են թուրքական ծագում ունեցող տասնմեկ օրենսդիրներ? ավելի քան կրկնապատկելով նախորդ օրենսդիր մարմնում ունեցած իրենց թվաքանակը: Հայերը չպետք է կուրորեն քննադատեն այս տասնմեկ պատգամավորներին, քանի որ նրանցից ոմանք` լինեն թուրք կամ քուրդ, հնարավոր է համակիր լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային տուգանել է ավելի քան 200 հազար դոլարով` մի թուրք ընտանիքի տունն առանց փոխհատուցման օտարելու համար: Դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է ընտանիքի սեփականության իրավունքը: Այս ընտանիքը սպառել էր թուրքական դատարաններում իր բոլոր բողոքարկումները? մինչ ՄԻԵԴ դիմելը: Մի ընթերցող հետևյալ հեգնական դիտողությունն է տեղադրել  Turkish Daily News-ի կայքէջում. ՙԹվում է, թե քրիստոնյա Եվրոպայի դատարանն ավելի հարգանքով է վերաբերվում մահմեդական թուրք ժողովրդին, քան մահմեդական դատարանները Թուրքիայում՚: 
- Եվրամիության հետ կապերի գծով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ՙԹուրքիան, հավանաբար, երբեք չի դառնա Եվրոպական Միության անդամ` այդ դաշինքի ներկայիս անդամների կոշտ դիմադրության և կանխակալ վերաբերմունքի պատճառով՚: Ինչպես միշտ, Բաղիշը սխալվում է: Թուրքիային չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ ոչ թե արևմտյան նախապաշարումների, այլ` իր երկրի օրենքները եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելուց հրաժարվելու համար: 
- Սիրիայում ՙԱլ-Քաիդայի՚ ահաբեկիչների կողմից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում հայեր, առևանգվել, սպանվել կամ խեղվել են, սակայն մինչև օրս եվրոպական կամ ամերիկյան որևէ պաշտոնյայի կողմից դատապարտման ոչ մի խոսք չի հնչել: Դեռ ավելին, արևմտյան ղեկավարները մահաբեր զենք են մատակարարում ծայրահեղականներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի շատ անմեղ մարդկանց կյանք խլել: Վաղուց ժամանակն է, որ արևմտյան աշխարհի հանրությունն իր զայրույթն արտահայտի զանգվածային բողոքի ցույցերով և սուր հանդիմանություններով: Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է արգելի զենքի մատակարարումը Սիրիայում կռվող բոլոր օտարերկրյա զինյալներին: Անցյալ շաբաթ Սիրիայի Ռաքքա քաղաքում հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիները պղծվել և կողոպտվել էին: Ջիհադականներն անամոթաբար մագլցել էին հայկական եկեղեցու գմբեթի վրա և խաչի փոխարեն տեղադրել իրենց սև դրոշը: 
- Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևն անընդհատ և ակամա աջակցում է Հայ Դատին` ատելի հայտարարություններ անելով, որը բացասական տպավորություն է ստեղծում միջազգային հանրության մոտ նրա երկրի մասին: Ալիևի վիրավորական հայտարարությունը, թե ՙԵրևանը և Զանգեզուրն ադրբեջանական տարածքներ են՚ և ՙկգա ժամանակն, ու մենք այնտեղ կապրենք՚, մտային խանգարում ունեցող մարդու զառանցանք է: Սպասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ալիևը երրորդ անգամ նախագահ կընտրվի, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կշարունակի օգուտ քաղել նրա ՙօգտակար՚ հայտարարություններից ևս մի քանի տարի: 
- Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանավեճը սրվեց, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան միմյանց հակասող հայտարարություններով: Ստորեւ ներկայացված են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատվածներ, որոնցում նա մեղադրում է Ադրբեջանի հետևյալ գործողությունները.
ա) ՙռազմատենչ և հակահայ ատելություն սերմանող հռետորաբանության օրեցօր ավելացումե,
բ) ՙայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակում՚,
գ) ՙտխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների օգտագործում՚,
դ/ ՙկացնահարող մարդասպան Սաֆարովի փառաբանում Ադրբեջանի ղեկավարության կողմից՚: 
Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ ՙցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար: Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին… Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը? բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար՚: 
 
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿալիֆորնիա կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր