[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ ՀԶՈՐ, ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿՆ Է

Հայաստանի նախագահի Արցախ կատարած եռօրյա այցի, երկու հայկական պետությունների բարձրագույն եւ ռազմական ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին է մեր հարցազրույցը ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։
-Շատ կարեւոր այց էր՝ նախ եւ առաջ այն առումով, որ արտացոլում էր հայկական երկու պետությունների սերտ համագործակցությունը պաշտպանության բնագավառում։ Սա Հայաստանի նախագահի եռօրյա այցելության կարեւորագույն բաղադրիչն է, քանի որ այդ համագործակցությամբ է մեծապես պայմանավորված ինչպես Արցախի եւ Հայաստանի բնականոն զարգացման, այնպես էլ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման հեռանկարը։  
   - Հատկապես պիտի կարեւորեմ նոր զինատեսակների կիրառման հանգամանքը։ Օրինակ, երկամարտը՝ տանկային բիաթլոնը, որը տարածված է շատ երկրներում, մեզ մոտ էլ անցկացվեց եւ շատ բարձր մակարդակով։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվեցին ե՜ւ ռազմավարական, ե՜ւ մարտավարական մի շարք կարեւորագույն նորամուծություններ, տանկային գործողություններ՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, որոնք ցույց տվեցին Պաշտպանության բանակի ներուժը եւ հնարավորությունները՝ թե՜ պաշտպանական, թե՜ հակահարձակողական գործողությունների ոլորտում։  
Իհարկե, նման այցելություններն ունեն նաեւ կարեւոր հոգեբանական նշանակություն, որովհետեւ եւս մեկ անգամ փաստում են, որ երկու հայկական պետությունների համագործակցությունը եղել եւ մնում է ամենաբարձր մակարդակի վրա.  Հայաստանը, ինչպես միշտ, Արցախի հետ է՝ կանգնած է արցախահայության թիկունքին, քանզի դրանից է կախված մեր ապագան։  
Ընդհանուր առմամբ, այցը շատ օգտակար էր եւ արդյունավետ ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Նախագահների հանդիպման ժամանակ, ընդհանուր միջպետական ծրագրերից բացի հատուկ ուշադրության են արժանացել տնտեսության առանձին ճյուղերում, օրինակ, ֆինանսական հատվածում, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերը։  
Քննարկվել են նաեւ որոշ շրջանների, մասնավորապես Հադրութի շրջանի զարգացման հեռանկարները, ինչը նմանապես չափազանց կարեւոր է շրջանների համաչափ զարգացման առումով։ 
- Մինչդեռ հայաստանյան որոշ թերթեր ադրբեջանական լրատվամիջոցներից ոչ պակաս նյարդային արձագանքեցին նախագահ Սերժ Սարգսյանի այցին։ 
- Շատ ցավալի է, իսկապես, որ այսպիսի կարեւոր այցը դարձնում են շահարկումների առարկա, թեմայի եւ իրականության հետ կապ չունեցող ինչ-որ մեկնաբանություններ դնում շրջանառության մեջ, ինչ-որ ձեւով փորձում սեւացնել, վատաբանել ցանկացած կարեւոր միջոցառում եւ այդքանից հետո դեռ կուրծք են ծեծում, թե քարոզչական դաշտում տանուլ ենք տալիս Ադրբեջանին։  
Հայաստանյան մամուլի հրապարակումները համեմատեք ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների հետ եւ կհամոզվեք՝ մենք մեր էներգիայի մեծ մասը վատնում ենք իրար տակ փորելու, մուտիլովկաներով զբաղվելու, ստահոդ լուրեր տարածելու վրա, այն դեպքում, երբ թշնամին պայքարում է մեր դեմ բոլոր ճակատներում, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով։  
Այս առումով եւս մեկ անգամ կոչ եմ անում որոշ մարդկանց, որոնք սիրում են ամպագոռգոռ խոսքեր ասել, բաժակաճառեր արտասանել՝ մեջբերելով մեծն Չարենցի խոսքերը. ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը միասնության մեջ է, բայց հենց իրենք էլ խարխլում են այդ միասնությունը նման հրապարակումներով, ինչը իրոք տխուր մտորումների տեղիք է տալիս։  
- Եղան նաեւ մարդիկ, որոնք շտապեցին զանգակներ հնչեցնել առ այն, որ պատերազմն այլեւս անխուսափելի է, եւ Սերժ Սարգսյանը եկել է Արցախ՝ անձամբ ստուգելու պաշտպանական գծի ամրությունը։ 
   - Նախ ասեմ, որ ՀՀ նախագահի այցը նախապես ծրագրված պլանային այց էր։ 
Երկրորդ՝ մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին, հարկ եղած դեպքում եւս մեկ անգամ խաղաղություն պարտադրելու հակառակորդին։ Սա մեր ամենօրյա աշխատանքն է. մենք ամեն օր պատրաստ ենք ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին, անկախ նրանից, թե ով է այցելում Արցախ եւ ինչ նպատակով։ 
Բազմիցս ասել ենք՝ պատերազմը կանխելու եւ, ինչու չէ, մեր պաշտպանական դիրքերը բարելավելու լավագույն ձեւը Պաշտպանության բանակը հզորացնելն է, Հայաստան-Արցախ համագործակցությունն ամրապնդելը։ Եվ Հայաստանի նախագահի, պաշտպանության նախարարի, մյուս պաշտոնյաների այցը Արցախ, ինչ խոսք, խթանում է այդ համագործակցությունը։ 
- Այցի նախօրեին լուրեր էին շրջանառվում, թե հայկական կողմը պատրաստվում է Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման ընթացքում կտրուկ դնել Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու խնդիրը։ Նախագահների հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվե՞լ է։
- Չեմ կարծում, թե սա այն հարցն է, որ պետք է հատուկ քննարկման առարկա դառնա, որովհետեւ հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է՝ ե՜ւ Արցախը, ե՜ւ Հայաստանը մշտապես բարձրացրել են այդ հարցը եւ ամեն ինչ արել են բանակցությունների իրական ձեւաչափը վերականգնելու համար։ 
Իհարկե, Հայաստանի եւ Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ արտաքին քաղաքական զարգացումների, տարածաշրջանային իրավիճակի հետ կապված հարցերը այս կամ այն կերպ արծարծվել են, բայց քննարկումները հիմնականում ծավալվել են, նախ, պաշտպանության, երկրորդ՝ տնտեսության եւ շրջանների համաչափ զարգացման խնդիրների շուրջ, որը լավագույն պատասխանն է բոլոր նրանց, ովքեր դույզն-ինչ կասկածում են մեր ապագային, Արցախի Հանրապետության հեռանկարին։  
   Իսկ մեր ապագայի հիմնական երաշխիքը ուժեղ, մարտունակ բանակն է, ուժեղ, դինամիկ զարգացող տնտեսությունը։ 
 
ՙՀայոց Աշխարհ՚
19 նոյեմբերի 2013թ.