Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՇՏԱՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՆԴԸ ԼԻՆԵԼ

Հայկական քաղաքական ու տեղեկատվական շրջաններն արդեն երկրորդ շաբաթն է,  ընդգծված հետաքրքրությամբ են անդրադառնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան կատարած այցին և դրան առնչվող հայտարարություններին։ Ինչպես հայտնի է, սույն պաշտոնյան Երևան էր ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ 

Հայտնի է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել Դավութօղլուին, չնայած այցի նախօրեին խոսակցություններ կային հնարավոր հանդիպման մասին։ Թուրքական տեղեկատվական աղբյուրները հրապարակել են այն հայ գործիչների անունները, ովքեր ընդգրկվել էին Երևան մեկնող թուրքական պատվիրակության կազմում, ինչը և քննարկման թեմա է դարձել։ Նախարարի հետ Երևան էին ժամանել ՙԱկօս՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբրե Քոփթաշը, ՙԵնի Շաֆաք՚ թերթի հոդվածագիր Մարգար Եսայանը, Թուրքիայում ծնված, այժմ Ֆրանսիայի քաղաքացի Սամսոն Օզարարատը, ում ներկայությունը Դավութօղլուի կողքին Անկարայում անակնկալ են որակել։ Ինչ խոսք, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ճգնել է համապատասխան ֆոն  ստեղծել Հայաստան մուտք գործելու համար` ընդամենը տուրք տալով ձևականությանը։

Հիշյալ կազմակերպությանն անդամակցող պետությունների արտգործնախարարների հանդիպումից առաջ և հետո Թուրքիայից հնչել են հայտարարություններ, որոնց բովանդակությանը, թերևս, արժե ուշադրություն դարձնել։ Այցից առաջ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը հայտարարել էր, որ 1915թ. հայերի տեղահանությունն անմարդկային և սխալ քայլ էր։ Առաջին հայացքից թվում է, թե թուրքական կառավարությունը մտադիր է ընդունել պատմական ճշմարտությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Դավութօղլուի՝ թուրքական ՙՀուրիեթ՚ թերթին տված հարցազրույցին ծանոթանալուց, պատկերն ավելի պարզ է դառնում։ Նա  հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն գերմանացիների և հրեաների հարաբերություններին. տարբեր են, հետևաբար և, չի կարելի քննարկել միևնույն հարթությունում։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիային հերթական անգամ հասկանալ են տվել, որ միջպետական հարաբերությունները կարգավորելու գործընթացում անհրաժեշտ է հետևել քաղաքակիրթ աշխարհի փորձին, ասել է թե՝ գերմանացիների և հրեաների օրինակին։ Ոչ հեռավոր անցյալում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Եվրոպայից հեռակա դասընթացներ էր անցկացնում Էրդողանի համար, սակայն Թուրքիայի վարչապետը դաս սերտելու մտադրություն չուներ։ Ոչինչ չի փոխվել. այսօր էլ իշխող վերնախավը շարունակում է պնդել, որ  հայ-թուրքական հակամարտությունը համեմատության եզր չունի գերմանա-հրեականի հետ, այսինքն՝ Թուրքիայի առաջ նման պահանջ պետք չէ դնել, նա չի պատրաստվում հետևել եվրոպական օրինակին։    

Դավութօղլուի երևանյան այցից հետո Անկարայից հնչեց մեկ հայտարարություն ևս. թուրքական խորհրդարանի պատգամավոր Օկտայ Վուրալը հավաստիացրեց, որ Էրդողանի գլխավորած ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցությունը ծրագրում է Թուրքիա վերադարձնել 200 հազար հայ և նրանց հողեր հատկացնել։ Թուրքիայի քաղաքական շրջաններում սկսեցին կանխատեսումներ անել առ այն, որ իշխող կուսակցությունը պատրաստվում է ճանաչել հայերի ցեղասպանությունը։ 

Վերջին իրադարձությունների վերաբերյալ մամուլի հրապարակումները վկայում են, որ   Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ շահագրգռվածություն է ցույց տալիս։  Շատ քաղաքագետներ այդ շահագրգռվածությունը որակում են որպես իմիտացիա։ Իսկ թե ինչու է նման պատրաստակամություն ցուցաբերվում, բացատրվում է նրանով, որ  Թուրքիան հայտնվել է Արևմուտքի  ճնշումների ներքո, մյուս կողմից էլ` մեծ անհանգստություն է պատճառում եղբայրական Ադրբեջանը։ Կարելի է ասել՝ Թուրքիան հայտնվել է դաշնակցային պարտավորվածության և եղբայրական հոխորտանքների արանքում։ Ամեն դեպքում նա պետք է ցույց տա, որ քայլեր է ձեռնարկում հարևան Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ։ 

Ահմեդ Դավութօղլուն չէր կարող իրեն թույլ տալ միակողմանի հայտարարություններ անել։ Թերթին տված հարցազրույցում նա միաժամանակ ակնարկել է, որ իր երկիրն անկարող է լրիվությամբ անտեսել Ադրբեջանի պահանջները։ ՙԵթե սահմանը բացենք,- միտքը զարգացրել է նա,-  եթե վաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվի, ստիպված ենք լինելու կրկին փակել այն՚։ Ասել է թե՝ հայեր, իմացեք, սահմանը բացելը խնդիր չէ, բայց հենց որ ՙանհրաժեշտություն՚ առաջանա, նորից այն պիտի փակվի։

Ցեղասպանության ճանաչման հետ կապված ձևակերպումները նույնպես հակասական են։ Թուրքական կողմը մեկ հայտարարում է, թե 1915-ին հայ ժողովրդի հանդեպ սխալ ու անմարդկային քայլ է արվել, կարծես դրանով ցույց տալով, որ ընդունում է իրենց գործած հանցավոր արարքը, մեկ էլ նույն արտգործնախարարի շուրթերով ասում է՝ իբր, ցեղասպանության ճանաչումը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացին։ 

Հարկ է նկատի ունենալ նաև Թուրքիայի ազգայնական ուժերի արձագանքներն իրենց երկրի արտգործնախարարի այցի և վարչապետ Էրդողանի հայտարարությունների առնչությամբ։ Այսպես, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ՙԱզգայնական շարժում՚ կուսակցությունը ներկայացնող  Յու. Հալաչօղլուն, ով նախկինում զբաղեցնում էր պատմագիտական ընկերության ղեկավարի պաշտոնը, հոխորտացել է իշխող կուսակցությանը՝ ասելով, որ եթե իրենք թույլ տան՝   ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՚։ Սա ևս պատահականությունների շարքից չէ. տեսեք,  Էրդողանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու և սահմանը բացելու ցանկություն ունի, բայց անկարող է հաղթահարել  ազգայնական ուժերի դիմադրությունը։           
Ինչ վերաբերում է վարչապետ Էրդողանի` 200 հազար հայ Թուրքիայի տարածքում վերաբնակեցնելու մասին հավաստիացմանը, դա չի կարելի անակնկալ համարել։ Հակառակը. պետք է դիտել որպես արևելյան դիվանագիտության դրսևորում, քանի որ ինքը՝ Ռ. Էրդողանը, առավել քան համոզված է, որ հայերը չեն վերադառնա իրենց պատմական հայրենիքը՝ Արևմտյան Հայաստան, այն պատճառով, որ այնտեղ հայկական ոչինչ չի մնացել։             
Շարադրվածը, կարծում ենք, կարելի է ամբողջացնել մեկ ուշագրավ դրվագով, որը  հանրության սեփականությունը դարձավ ՙԱզատություն՚ ռադիոկայանի հրապարակման շնորհիվ։ Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Երևան ժամանած թուրքական պատվիրակության անդամներից մեկի առաջարկով անցած շաբթվա հինգշաբթի օրը հանդիպել է Ահմեդ Դավութօղլուի հետ։ Իսկ թե ինչու են ընտրել Վ.  Մանուկյանին, բացատրությունը տվել է ինքը՝ Մանուկյանը. ծանր ժամանակներում  զբաղեցրել է պաշտպանության նախարարի, երկրի վարչապետի պաշտոնները, դրանից առաջ եղել ՙՂարաբաղ՚ կոմիտեում, մի խոսքով, ծայրահեղ իրավիճակներում մարդը  ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում։ Հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի նախագահն արտահայտել է բացառապես իր անձնական տեսակետը։ Մասնավորապես, խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նա ընդգծել է, որ անկախ այն հանգամանքից, թե երկու երկրների կառավարություններն ինչ կպայմանավորվեն, միևնույն է, Հայաստանի և Սփյուռքի հայությունը հետևողականորեն առաջ է տանելու Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցը հատկապես Թուրքիայի կողմից։ 
Հայ-թուրքական սահմանի հետ կապված՝  Վ. Մանուկյանն անհեռատես է որակել 1993 թվականին Թուրքիայի կայացրած որոշումը` համոզմունք հայտնելով, որ ճկուն լինելու դեպքում նման քայլի Անկարան չէր գնա և ավելի մեծ ազդեցություն կապահովեր Հարավային Կովկասում։ Դավութօղլու-Մանուկյան հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան խնդրին։ Թուրքիան ճիշտ չի պատկերացնում այդ խնդիրը, շեշտել է Հանրային խորհրդի նախագահը, նա պետք է հասկանա, որ փախստականների վերադարձի, տարածքների, սահմանների հստակեցման հարցերը բանակցությունների առարկա են։ Գլխավորը Ղարաբաղի կարգավիճակն է։ Եթե Թուրքիան սպասում է, որ Ղարաբաղի հարցում իր ուզած փոփոխությունը տեղի կունենա՝ սխալվում է։ Առանց պատերազմի փոփոխություն չի լինի։ Պատերազմի դեպքում էլ Թուրքիան նույն կերպ է սխալվելու, ինչպես 1993-ին։
Վերոշարադրյալը ենթադրում է հետևյալ հարցադրումը. ի վերջո, կլինի՞ տոնայնության փոփոխություն Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում։ Պատասխանը չունենք։   Այն, որ ՀՀ նախագահը Երևանում չընդունեց Ահմեդ Դավութօղլուին, վկայում է Թուրքիայի հանդեպ Հայաստանի ունեցած անվստահության մասին։ Դրանից պետք է հետևություն անի միայն Թուրքիան, եթե իրոք շահագրգռված է հարաբերությունների նորմալացման մեջ։ 
Հարցի մյուս կողմը ղարաբաղյան հիմնախնդրին է առնչվում։ Թուրքիայի ղեկավարությանն անընդհատ բացատրվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող դիտարկվել հայ-թուրքական հարաբերությունների հարթությունում։ Չի բացառվում, որ  պաշտոնական Անկարան ինչ-որ հանգրվանում հանգի նման եզրակացության, ինչն իր հերթին Ադրբեջանին կկանգնեցնի նոր փաստի առաջ։ Թուրքիայի ընկալումներում փոխակերպում վաղ թե ուշ տեղի կունենա ՝ ղարաբաղյան խնդիրը որպես նախապայման դիտարկելու հարցում։ Եթե նման փոխակերպում տեղի չունենա, ապա Թուրքիան մշտապես մնալու է Ադրբեջանի պատանդը, իսկ դա նրա համար լրացուցիչ բարդություններ է ստեղծելու միջազգային ասպարեզում իր խնդիրները լուծելու ժամանակ։ Թուրքիան չի կարող մշտապես լինել Ադրբեջանի պատանդը, քանի որ նրա համար դա այնքան էլ հաճելի հեռանկար չէ։   
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ