Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԲԻԶՆԵՍՈՎ ԿԱՊՎԱԾ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ, ԲԱՅՑ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊՈՒՏԻՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՀԵԼ՚

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն ու դրա ղարաբաղյան արձագանքները քննարկման նյութ են դարձել քաղաքական-փորձագիտական ու լրատվական շրջանակներում։
 Այդ հայտարարության շուրջ հայ և միջազգային հանրության հետաքրքրությունը կրկնապատկվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն ասաց, որ Ուորլիքի խոսքերը պետք է ընդունել որպես ԱՄՆ պաշտոնական դիրքորոշում։ 
Դեսպանն այնուհետև հավելել է, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը վերջապես պայմանավորվեն խաղաղության շուրջ, այդ ժամանակ  դրան կխանգարի Ռուսաստանը՝ երկու պետությունների վրա ազդեցության լծակները պահպանելու համար։
Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումների առնչությամբ մեր հարցերն ուղղեցինք ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ։
-Նախքան Ուորլիքի հայտարարությունը՝ քաղաքական փորձագետներից ոմանք պնդում էին, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ամերիկյան քաղաքականության մեջ ի հայտ կգան նոր նրբերանգներ։ Կիսո՞ւմ եք նման կարծիքը։
- Ոչ։ Դեսպան Ուորլիքն ավելին չի ասել, քան Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներն իրենց առնվազն չորս հայտարարությամբ։ Ավելի կարևոր է փորձել հասկանալ, թե ինչու ՙ6 տարրերի՚ մասին ասվեց մայիսյան զինադադարի 20-ամյակի նախօրեին, այն էլ՝ Վաշինգտոնից։ Դա արդեն ենթադրությունների տեղ է թողնում։ Իմ կարծիքով, ՙ6 տարրերը՚ ներկայացնելով որպես ԱՄՆ կառավարության մոտեցում` համանախագահը թիրախ  էր ընտրել աշխարհաքաղաքական մրցակցին՝ Ռուսաստանին և փորձ էր արել ստուգել՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվան ունի՞ նոր վերաբերմունք։ Ռուսական կողմից արձագանք չհետևեց։ Հետո արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից զինադադարի 20-րդ տարեդարձի առթիվ հայտարարություն տարածվեց, որտեղ գրեթե բառացի կրկնվեցին Ուորլիքի ՙսկզբունքները՚։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ համանախագահ երկրներն այս պահի դրությամբ գոնե հրապարակայնորեն ԼՂ հարցի լուծման միասնական հայեցակարգին մնում են հավատարիմ։ Թե ինչ կլինի առաջիկայում, դժվար է կանխագուշակել։ 
- Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն ցուցադրում է իր ակնկալիքները  նախևառաջ Արևմուտքից։  Առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բաքվում չդիմավորեցին ո՜չ նախագահը և ո՜չ էլ արտգործնախարարը։
- Ինչո՞ւ առանձնացնել Արևմուտքը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նաև Ռուսաստանը։ Եվ եթե համանախագահներին Բաքվում միայն պաշտպանության նախարարն է ընդունել, և դա կարելի է վիրավորական համարել, ապա Ալիևի ՙդեմարշի՚ հասցեատեր է նաև Մոսկվան՝ Վաշինգտոնի և Փարիզի հետ միասին։ Չփորձեմ ենթադրել՝ դա անակնկա՞լ էր միջնորդների համար, թե՞ ոչ։ Էականն այն է, որ այս անգամ համանախագահները Բաքվում անելիք չեն ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում կազմակերպելու ամերիկացի համանախագահի ցանկությունն ի դերև է եղել։ Ո՞ւմ է ձեռնտու, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Սարգսյան-Ալիև հանդիպում չկայանա։ Մնում է ենթադրել, ինչից էլ հնարավոր է դատողություններ անել Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին՝ տեսանելի ապագայի կտրվածքով։ 
Պետք է սպասել տեղեկատվության. Չինաստանում Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հանդիպե՞լ են։ Կարծում եմ, Ալիևը խիստ անհարմար վիճակի մեջ է հայտնվել. բիզնեսով կապված է Արևմուտքի հետ, բայց սեփական իշխանությունն առանց Պուտինի աջակցության չի կարող պահել։ Սա է հիմնական ինտրիգը, որը միշտ էլ կար, բայց չէր բացահայտվում։ Բաքվում ԱՄՆ դեսպանը դա բացահայտեց, երբ ակնարկեց, որ Ադրբեջանում կարող է ՙմայդան՚ կրկնվել։ Բայց դա արդեն աշխարհաքաղաքական իրավիճակի լրջագույն քննարկման նյութ է, ինչից տվյալ պահին կգերադասեի ձեռնպահ մնալ. չափազանց մեծ է սխալվելու կամ սխալ հասկացվելու հավանականությունը։ Մի փոքր էլ սպասենք։ 
- Պարոն Աթանեսյան, ուշադրություն է գրավում նաև Եվրամիության հատուկ հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 1994թ. մայիսի 12-ի Հրադադարի համաձայնագրի 20-ամյակի առթիվ հնչեցրած հայտարարությանը։ ԵՄ-ն նպատակահարմար է գտել վկայակոչել համանախագահների գնահատականը, ըստ որի՝ այդ համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը։ Ձեր կարծիքով, եվրոպական այդ կառույցն ի՞նչ նպատակ էր հետապնդում իր այդ հայտարարությամբ։ 
- Եվրամիությունը, եթե կարելի է այսպես ասել, դարձել է ԱՄՆ-ի և Արևելյան Եվրոպայի՝ նախկինում ԽՍՀՄ ազդեցության տակ եղած երկրների պատանդը, որը ոչ այնքան հասկանալի գաղափար է դրել շրջանառության՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգություն։ Խոսքն իրականում Ռուսաստանից Եվրոպա բնական գազի տարանցմանն այլընտրանք գտնելու, ըստ էության, Ռուսաստանին տնտեսապես հյուծելու ծրագրի մասին է։ Եվրամիությունը ԼՂ կարգավորումը դիտում է այլ կտրվածքով, որպեսզի Կասպյան տարածաշրջանից էներգակիրների՝ դեպի Եվրոպա արտահանման ուղիներն անվտանգ լինեն։     
Սա չափազանց օգտապաշտական, կարելի է ասել, էգոիստական մոտեցում է։ Ըստ էության առաջարկվում է բացել Հարավային Կովկասի բոլոր տարանցիկ հնարավորությունները. Թուրքմենիայից դեպի Ադրբեջան՝ Կասպից ծովի  հատակով   կառուցել նոր գազամուղ, որով տարեկան մի քանի տասնյակ միլիարդ խորանարդ մետր գազ կտարանցվի Թուրքիա, ապա՝ Եվրոպա։ Ահա եվրոպական ժողովրդավարության իրական դեմքը։ Մնացածը, թույլ տամ ասել, դեմագոգիա է։ 
- Առհասարակ, կարգավորման գործընթացում ի՞նչ նոր նրբերանգներ եք տեսնում և առկա զարգացումներն ինչպե՞ս կորակեիք։
- Միջնորդները լուծումներ առաջարկում են՝ բացառապես իրենց շահերից ելնելով։ Խնդիրն այն է, թե ինչպես են համադրվում միջնորդների և կողմերի շահերը։ Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում միջնորդների առաջարկները չեն բավարարում կողմերից և ոչ մեկին։ Կա, սակայն, մեկ հնարավորություն`  միջնորդները կարող են համաձայնության գալ փաստացի իրավիճակը միջազգայնացնելու, այն է՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում։ Դա ոչ միայն իրատեսական, արդարացի, այլև՝ գուցե և, տեսանելի հեռանկար է։ Մեզ մնում է ավելի եռանդուն աշխատել այդ ուղղությամբ։ 
- Տեղեկատվական աղբյուրներում բավականին ինտենսիվ կերպով քննարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի միջազգային համագործակցության  բաժնի պետ Անտոն Ազարովի հայտարարությունը, համաձայն որի՝ Մաքսային միությանը կամ մեկ այլ միության ԼՂՀ-ի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում։ Նա միանշանակ է արտահայտվել. Եվրասիական միության սահմանը կանցնի ՀՀ ընդունված սահմաններով։
- Վերջերս շատերն են խոսում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտների վերաբերյալ իրենց նախկինում էլ ունեցած մտահոգությունների թեմայով։ Դեռևս անցյալ տարվա  սեպտեմբերի 18-ին news.am-ին տված հարցազրույցում ասել եմ, որ Ղազախստանն ամենայն հավանականությամբ օգտագործելու է Լեռնային Ղարաբաղի թեման։ Դա միանգամայն սպասելի էր։ Ի դեպ, օրերս հայտնի դարձավ, որ Ղազախստանը պատրաստ է արտոնյալ գներով մարտական ուղղաթիռներ վաճառել Ադրբեջանին։ Սա նույնպես խնդիր է։ Եվ եթե ռուսաստանցի պաշտոնյան խոսում է այն մասին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են լինելու Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական տարածքի արտաքին սահմանները, ապա չեմ կարծում, թե դրան պետք է վերաբերվել իբրև մասնավոր կարծիքի։ Շատ բան կախված կլինի նրանից, թե Նազարբաևին ու Լուկաշենկոյին որքանով կհաջողվի Իլհամ Ալիևի ՙվիզը ծռել՚ դեպի եվրասիական տնտեսական տարածք ու Մաքսային միություն, և դրան ինչպես կարձագանքի Վաշինգտոնը։ Ահա և դարձյալ բախվում ենք մեծ շախմատային խաղի թեմային, որը, սակայն, քաղաքական վերլուծաբանների, քաղտեխնոլոգների մենաշնորհն է։              
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ