ԽՈՋԱԼՈՒ՝ ՉԱՐԱՇՈՒՆՉ ԵՎ ՄԱՀԱԲԵՐ ԿՐԱԿԱԿԵՏ

 Խաբեությունը և անմարդկայնությունը կամա՛ց-կամաց քայքայում են 

օրինական իշխանության ամենից ամուր հիմքերը։
Ֆրանսուա ՖԵՆԵԼՈՆ
Ահա արդեն մեկուկես տասնամյակ համարյա բոլոր հինգ մայրցամաքներում  Ադրբեջանի ղեկավարությունը, կատաղի փողեր ծախսելով, չլսված եռանդով զազրագրեր է տարածում այն մասին, թե ղարաբաղցիներն իբր ցեղասպանություն են իրագործել Խոջալու գյուղում։ Սկզբում քչերն էին ուշադրություն դարձնում Բաքվի հերթական ստին, համարելով, որ խոսքը, ինչպես միշտ, լավ հայտնի հնարքի մասին է՝ ՙմեղավորին թողած, անմեղին բռնել՚։ 
Սակայն մեր՝ մինչև վերջին ժամանակներս աններելի պասիվությունը և վտանգավոր լռությունը հանգեցրին նրան, որ այսօր իրոք ամենուր, տարբեր կազմակերպություններում և հաստատություններում անհամար և տարբեր ծավալների կեղծիքներն ակամայից գրավում են համաշխարհային հանրության ուշադրությունը։ Եվ հավանական է, որ ընկնում են նաև ԵՀԱԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ձեռքը, և բոլոր նրանց, ովքեր զբաղվում են ոչ միայն կոնկրետ Ղարաբաղով, այլև ողջ Հարավային Կովկասի խնդիրներով։
…Նայենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄ) աշխարհագրական քարտեզին։ 1923 թվականից մինչև 1990-ը համարյա թե ամեն օր Բաքվի քարտեզագետներն իրենց քմահաճույքով փոխում էին պատմական Արցախի հատվածի առանց այդ էլ հենց սկզբից այլանդակված գծապատկերը։ Յուրաքանչյուր նոր քարտեզ, ասես նախորդի էրոզիայի ենթարկված տարբերակ, ներկայանում էր ԼՂԻՄ-ի պաճուճավոր, հնարիմաց սահմաններով, որոնց ներսում ավելանում էին նորանոր ադրբեջանական գյուղեր։ Այսպես, եթե 1923 թվականին մարզի բնակչության 94 տոկոսը կազմում էին հայերը (մնացած վեց տոկոսը ադրբեջանցիներ էին, քրդեր, ռուսներ, հույներ և այլն), ապա 1988 թվականին հայերը 78 տոկոսն էին, իսկ ադրբեջանցիները՝ 18։ Առավել զազրելի, նենգամիտ ծրագիրը կայանում էր նրանում, որ ադրբեջանական նոր բնակելի կետերի մեծամասնությունը հիմնվում էր ճանապարհների ու մայրուղիների մոտ։ Դա կոչվում է ռազմավարական միտք՝ ուղղված ապագային…
Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում հայկական Խոջալու գյուղին, որը հիմնվել էր XIX դարի վերջին XX դարի սկզբին բարձրլեռնային Քյաթուկ գյուղի բնակիչների կողմից։ Վաղ մանկությունից, երբ այցելելու էի գնում Ասկերանում և Քյաթուկում ապրող ազգականներիս, դեռևս նախքան Հայրենական մեծ պատերազմն սկսվելը, ես տեսնում էի, թե ինչպես են Խոջալուում կառուցում նոր քարե տներ՝ բացառապես ադրբեջանցիների համար։ 
Իսկ արդեն պատերազմից հետո մենք ականատեսը եղանք այն բանի, թե ինչպես 
օր օրի ավելի ու ավելի քիչ հայեր էին մնում այնտեղ։ Ստեփանակերտում բոլորը լավ գիտեին, որ, ասենք, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի շրջաններ, հայկական Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա), Երևան գնալու համար պարտադիր անցնելու էին Խոջալուի միջով։ Նույնը կարելի է ասել նաև Աղդամի և Լաչինի մասին, որտեղ պատերազմից հետո հայկական դպրոցները փակվում էին այն պատճառով, որ կտրուկ կրճատվել էր բնիկ հայերի թիվը։ Նույնանման իրավիճակ էր դիտարկվում բոլոր հայկական պատմական հողերում ոչ միայն Լեռնային, այլև Հարթավայրային Ղարաբաղում, ինչպես նաև Գարդմանքում և Նախիջևանում։
Հայկական վերջին ընտանիքները ստիպված էին հեռանալ Խոջալուից վաթսունականների վերջերին։ Դժվար թե ինչ-որ մեկն այն ժամանակ մտածեր, թե նման քաղաքականությունը, ըստ ՄԱԿ-ի Համաձայնագրի՝ որակվում է որպես ցեղասպանություն։ Իսկ այ, Խորհրդային Միությունում այդ ամենը լկտիաբար մեկնաբանվում էր, թե ՙիրական կյանքից ոչ մի տեղ չես փախչի՚։ Ահա այդպիսի ՙկենսական բանաձև՚ էին մշակել, համաձայն որի, պահպանելով լենինյան-ստալինյան ազգային քաղաքականության սկզբունքները, պետությունը պարտավոր էր հայ ընտանիքներին՝ դպրոցական տարիքի երեխաների հետ դուրս հանել արդեն լիովին ադրբեջանականացված գյուղերից և բնակեցնել հարևան հայկական գյուղերում։ Կարելի է ասել՝ մի ինչ-որ ՙբարի ցեղասպանություն՚ էր՝ բարձրացված ԽՍՀՄ կուսակցական և պետական քաղաքականության մակարդակի։
Ժամանակի հետ Խոջալուում, Աղդամում և Լաչինում ոչ մի հայ չմնաց։ Իսկ շուտով հայտնվեց մի սերունդ, որն այդ ողջ մղձավանջը ընկալում էր լիովին նորմալ, քանզի նույն այդ լենինյան-ստալինյան ազգային քաղաքականությունը, քարոզելով սոցիալիստական ինտերնացիոնալիզմ, պարտավորեցնում էր, որ հայկական և ադրբեջանական հարևան բնակավայրերը պարբերաբար կազմակերպեին եղբայրական տոնակատարություններ։ 
Այսպես եղբայրացան Գորիսը՝ Լաչինի, Խոջալուն և Ասկերանը՝ Նորագյուղի հետ։ Իսկ ահռելի Գարդմանքում և, թվում է, թե օրինական (սահմանադրորեն) Նախիջևանի Հայկական Ինքնավար Հանրապետությունում արդեն ֆիզիկապես անհնար էր անցկացնել ՙեղբայրացման՚ տոնակատարություններ, քանզի ամենուրեք տարեցտարի ավելի ու ավելի գերակշռում էր եկվորների քանակը։ Եվ միայն Ղարաբաղում էր, ավելի ճիշտ՝ ԼՂԻՄ-ում, որտեղ հայերը, հաղթահարելով իրենց տարրական իրավունքների ոտնահարման անպատժելիությունը, մնացին իրենց հողի տերը։ Այդ համառությունն էլ հենց կատաղության էր հասցնում Ադրբեջանի ղեկավարությանը։
Հենց այդ պատճառով էլ Ղարաբաղյան շարժման եռուն պահին Բաքվում ձեռնամուխ եղան այսպես ասած՝ ռազմավարական խաչմերուկներում, հայերի համար կենսական կարևորություն ունեցող ճանապարհների վրա գտնվող իրենց բնակավայրերի առանձնահատուկ ամրացմանը։ Եվ իմանալով, թե Արցախի համար ինչ կարևոր ռազմավարական դեր է խաղում Խոջալուն, բոլոր ուժերն ու միջոցները շտապ ուղղեցին այդ գյուղի զարգացմանը։
Առաջին փորձնական գործողությունն այստեղ ադրբեջանցիների կողմից իրագործվեց դեռ այն ժամանակ, երբ ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ԽՍՀՄ-ը փլուզվելու է Բաբելոնյան աշտարակի պես. 1988 թվականի սեպտեմբերի 17-ին։ Կեսօրին մոտ երիտասարդների մի խումբ կանգնեցրեց հայկական բեռնատար ավտոմեքենան՝ փաստաթղթերը ստուգելու պատրվակով և, սպասելով միայն հայկական ավտոբուսների և մարդատար մեքենաների կուտակման, անսպասելիորեն հարձակվեց նրանց վրա։ Գործի դրվեցին ավանդական կացինները, ամրանային ձողերը, ՙբերդանկա՚ հին հրացանները։ Ավելի քան քսան հոգի, այդ թվում երեխաներ և տարեց մարդիկ, վիրավորվեցին։ Մահացու վերք ստացավ վաթսունամյա Սամսոն Շահրամանյանը։ Իսկույն Երևանից թռավ Յակ-40 ինքնաթիռը, բերելով վիրաբույժների խումբ՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ։ Մինչև ուշ երեկո բժիշկներն աշխատում էին մարզային հիվանդանոցում։ Շահրամանյանին չհաջողվեց փրկել։ Մի քանի երեխաներ և ծերեր տեղափոխվեցին Երևան։
Այն ժամանակ Ղարաբաղը (ավելի ճիշտ՝ ԼՂԻՄ-ը) պաշտոնապես ղեկավարում էր Գորբաչովի հատուկ ներկայացուցիչ Արկադի Վոլսկին, որն այդ օրերին գտնվում էր Բելգիայում։ Մենք կապվեցինք նրա հետ և պատմեցինք Խոջալուի հանցագործության մասին։ Մեկ օր անց Վոլսկին արդեն Ստեփանակերտում էր։ 
Այցելեց վիրավորներին հիվանդանոցում։ Նույն օրը Արկադի Իվանովիչի առանձնասենյակում, հատուկ խորհրդակցության ժամանակ, որի աշխատանքին մասնակցում էինք ես և Գրիգոր Մինասի Հարությունյանը, ելույթ ունեցավ Հատուկ վարչության կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Ա. Կուպրեևը։ 
Նա խոսեց Խոջալուի մասին։ Պարզվում է, նրան զեկուցել էին այն մասին, որ Բաքվից կանոնավորապես զենք էին բերում գյուղ, որ թուրք-մեսխեթցիների անվան տակ այնտեղ բնակեցնում էին ՙյուրայիններին՚։
Իհարկե, Սերգեյ Ալեքսանդրովիչը չէր կարող մինչև վերջ անկեղծանալ։ 
Սակայն դժվար չէր գուշակել, որ իրականում զեկուցել էր Խոջալուի իսկական սպառազինման մասին։ Իմացել էր նաև Վոլսկին, որն իր հերթին հավանաբար այդ մասին զեկուցել էր Կրեմլին։ Եվ այդուհանդերձ Կուպրեևը, անտեսելով այն փաստը, որ խորհրդակցությանը ներկա են օտարներ (ես և Հարությունյանը), բարձր հայտարարեց. ՙԶենք են ներկրում ոչ միայն Խոջալու, այև Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանական գյուղեր։ Այսօր դրանք Կալաշնիկովի ինքնաձիգներն ու նռնակներն են, վաղը կլինի հրետանի՚։
Կրկնում եմ, այդ ամենը կատարվում էր 1988 թվականի սեպտեմբերին, երբ, թվում էր, խորհրդային իշխանությունը դեռևս հիմնված էր հզոր բանակի և ամենատես պատժիչ ՊԱԿ-ի վրա։ Ճիշտ է, Սումգայիթից հետո խորհրդային ժողովուրդը հասկացավ, որ Գորբաչովը նույնիսկ զրո էլ չէ, այլ մինուս։ Այդ մարդը կործանեց հզորագույն տերությունն արդեն իսկ նրանով, որ հայերի հրեշավոր ցեղասպանությունը Սումգայիթում անվանեց խուլիգանություն և, լինելով պետության ղեկավար ու լավ իմանալով իր հարյուրավոր քաղաքացիների զոհվելու մասին, ցավակցություն չհայտնեց նրանց հարազատներին և մերձավորներին։ Բոլորովին պատահական չէր, որ բառացիորեն մեր աչքի առաջ ԼՂԻՄ-ի ողջ տարածքում, ինչպես սունկերն անձրևից հետո, հայտնվեցին չարաղետ և մահաբեր կրակակետեր։ Իսկ նրանց մեջ ամենից չարաշունչն ու մահացուն ԼՂԻՄ-ի մայրաքաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խոջալուն էր։
Խոջալուն ոչ միայն Ստեփանակերտին ամենից մոտ կրակակետն էր, այլև աշխարհագրականորեն իրենից ներկայացնում էր ռազմավարական առանձին արժեք, տեղադրված լինելով անմիջականորեն Ստեփանակերտի օդանավակայանի կողքին։ Պատահական չէր, որ հենց այդ փոքրիկ գյուղը Ադրբեջանի Գերագույն խորհրդի հատուկ կարգադրությամբ միանգամից քաղաքի կարգավիճակ ստացավ։ 
Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Մութալիբովի ցուցումով հանրապետության բոլոր ճարտարապետներն ու շինարարները իսկույն սկսեցին ջերմ հետաքրքրություն հանդես բերել Խոջալուի նկատմամբ։ Օդանավի թռիչքա-վայրէջքային գծին հենց կից սկսեցին խոր փոսեր փորել բազմահարկ բնակելի շենքերի հիմքերի համար։ Արագ կարգով ավանին մոտեցրին երկաթգծային ճյուղը և կառուցեցին մի ամբողջ կայարան։ Սոցմրցման մեթոդով կառուցում էին օր ու գիշեր։ Ներգրավված էին բոլոր վարչական շրջանները և արդյունաբերական ձեռնարկությունները։ Ամեն օր Բաքվից այստեղ էին թռչում քսան-երեսուն ուղղաթիռներ։
Այդ օրերին ես հարցումով դիմեցի պատգամավորական մարմնի իմ գործընկեր, ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մ.Ա.Մոիսեևին։ Պատմեցի, թե ինչ է կատարվում օդանավակայանի շուրջ, և այն մասին, որ հենց այդ գյուղական ՙերկնաքերները՚ բնակեցվեն, իսկույն փակելու են օդանավակայանը։ Հասկացնել տվեցի, որ այդ ամենը կատարվում է այն նպատակով, որպեսզի Ստեփանակերտը և տասնյակ հայկական բնակավայրեր հայտնվեն շրջակալման մեջ։ Մոիսեևն ասաց, որ անմիջապես հրաման կտա դադարեցնել այդ այլանդակությունը։ Այդպես էլ ասաց՝ ՙայլանդակություն՚։ Եվ ավելացրեց. ՙՍրիկանե՜ր, ի՞նչ է, ուրիշ տեղ չկա՞ր շենքեր կառուցելու՚։
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի (և դեռ հզորագույն տերության պաշտպանության մինիստրի առաջին տեղակալի) զայրույթն, ավա՛ղ, ոչ մի հետևանք չունեցավ։ Բաքուն անարգել շարունակում էր շենքեր կառուցել օդանավակայանի տարածքում, որն ըստ էության զավթված էր ադրբեջանական օմոնականների կողմից։ Ներքին զորքերի (ընդհանուր թիվը՝ վեց հազար ուսադիրավորներ) բազմաթիվ ստորաբաժանումների հրամանատարներն անօգնականորեն ձեռքերն էին տարածում, զեկուցում էին ղեկավարությանը, որ Ղարաբաղում իրական իշխանությունը պատկանում է ոչ թե Մոսկվային, այլ Բաքվին, և որ դա իրագործում են Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար, ազգությամբ ռուս Պոլյանիչկոն և Ղարաբաղում արտակարգ իրադրության շրջանի պարետ, ազգությամբ ռուս, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի անդամ Սաֆոնովը։ Եվ որ թերևս, բացի ամենայնից, հենց այդ պատճառով առաջին անգամ նորագույն պատմության մեջ Ղարաբաղում ձևավորվում են հակառուսական տրամադրություններ։
Պուտչից հետո Մոիսեևին փոխարինած գեներալ Լոբովը, տեղեկանալով, թե ինչ է կատարվում Խոջալուում, նույնպես խորապես վրդովվեց։ Շտապ գյուղ ուղարկեց իր ներկայացուցչին։ Բայց ամեն ինչ մնաց առաջվա պես։ 
Խեղճ գեներալ Լոբովը, իսկ հետո էլ նրան փոխարինած գեներալ Սամսոնովը՝ ի պատասխան մեր պատգամավորական հարցումների, ստիպված էին անհամոզիչ արդարանալ նրանով, թե գիտե՞ք, օդանավակայանը քաղաքացիական է։
ԽՍՀՄ-ի փլուզման պահին Խոջալուի նոր կառուցված բարձրահարկերում քչերը հասցրեցին բնակարանամուտ նշել։ 1991 թվականի վերջին հարևան Նորագյուղի և Ասկերանի բնակիչների աչքի առջև սկսեցին Խոջալուից արագ դուրս բերել երեխաներին, կանանց ու ծերերին։ Ուղղաթիռներով շարունակում էին տեղ հասցնել զենք, զինամթերք, օմոնականներին և նույնիսկ թուրք-մեսխեթցիների նոր խմբաքանակներ։ Իրենց ամենագլխավոր ցանկությանը հասան. օդանավակայանը դադարեց աշխատել հայերի համար։ Շրջափակումն առանց լույսի, գազի, դեղորայքի, մթերքների մնացած Ղարաբաղը վերածեց իրական դժոխքի, ամենաիսկական ռեզերվացիայի։ 
Խոջալուն վերածվեց չարաշունչ կրակակետի, որի թիրախներն էին Ստեփանակերտը և բոլոր հայկական մերձակա բնակակետերը։ Կյանքը, առանձնապես գիշերները, անցնում էր նկուղներում, որտեղ բուժում էին հիվանդներին, կատարում վիրահատություններ, ընդունում ծնունդներ։ Նույնիսկ հարսանիքներ ու ծննդյան տոներ էին նշում։ Իսկ ատաղձագործները օր ու գիշեր դագաղներ էին սարքում, այդ թվում նաև փոքրիկ երեխաների համար։ Վարժվել էինք անսովոր ՙդագաղիկ՚ բառին… Սակայն այդ դժողքը է՜լ ավելի և ամուր համախմբեց ղարաբաղցիներին։
Չարաշունչ կրակակետ էր ոչ միայն Խոջալուն, այլև Ստեփանակերտը շրջանակող, մինչև ատամները զինված Շուշին, Աղդամը, Մալիբեյլին, Կրկժանը (ցանկը կարելի է շարունակել)։ Մոտ երկու տարի խոնավ ու սառը նկուղներում, ոչ միայն Ստեփանակերտի, գտնվում էին երեխաներ, կանայք, ծերեր։ Նրանց մեջ էր և իմ ծեր մայրը, որը ժամանակին անցել էր ստալինյան ճամբարների սարսափների միջով։
Արդյոք մտածո՞ւմ են նրանք, ում ձեռքն են ընկնում Խոջալուի մասին ադրբեջանական զազրագրերը Խոջալուի մասին, մասնավորապես պետական գործիչները, պառլամենտականները, քաղաքական գործիչները, ժուռնալիստները, այն մասին, թե իրականում ինչ իրավիճակ էր ստեղծվել Ղարաբաղում 91-92 թվականների ձմռանը։
Ծաղրանկարային պուտչից անմիջապես հետո, 1991 թվականի օգոստոսին Ադրբեջանը, օգտվելով ԽՍՀՄ-ում տիրող քաոսից, հռչակեց իր անկախությունը։ 
Ենթադրելով, որ հայկական բոլոր պատմական տարածքները (Նախիջևանը, Գարդմանքը, Գյուլիստանը, Հարթավայրային Ղարաբաղը) Ստալինի և Աթաթուրքի թեթև ձեռքով վաղուց և անշրջելիորեն ըստ էության դարձել էին թուրքական, Բաքվում որոշեցին, օգտվելով խառնաշփոթից, կրակակետերի օգնությամբ ոչնչացնել հայկական բոլոր բնակավայրերը, առաջին հերթին՝ Ստեփանակերտը։ Եվ այստեղ առանձնահատուկ առաքելություն էր հատկացվում Խոջալուին։
 
Զորի Բալայան
(Շարունակելի)