[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՈՐՔԱՆ ՍՈՒՐԻՆԱՄԸ ԿԱՄ ԿԱՄԲՈՋԱՆ

Պաշտոնական Բաքվի ռեվերանսները Նազարբաևի հասցեին հայ-արցախյան սահմանի վերաբերյալ վերջինիս մտահոգության առնչությամբ, նման են Ռուսաստանին հրապարակավ նվաստացնելու փորձերին։ Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է հրապարակախոս Դենիս Դվորնիկովը։ Ըստ նրա, բանն այն է, որ Ադրբեջանն այնքան կապ ունի Եվրասիական միության հետ, որքան Սուրինամը կամ Կամբոջան։
 ՙԿարծում եմ, սա լավ առիթ է ռուս մարդկանց համար մտածելու, թե ում շահերից է բխում Եվրասիական միության ստեղծումը, ինչ կապ ունի այն ռուսական և քրիստոնեական աշխարհի զարգացման հետ։ Որքանով է տրամաբանական, որ միությունից դուրս են մնում ուղղափառ ժողովրդներն ու պետությունները։ Նրանց համար, ով մտածում է բարելներով ու շահույթով, դա կարևոր չէ։ Իսկ նրանց, ովքեր մտածում են քաղաքակրթության հետագա զարգացման մասին, ռուսական եվրոպական ինքնության մասին, դա պետք է մտահոգի։ Այնպես որ, կարելի է շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին հավանական եվրասիական հեռանկարներն ուրվագծելու համար՚,-ասել է նա։
Մեկնաբանելով Ալիևի մշտական հայտարարությունները Հայաստանի հասցեին՝ Դվորնիկովն ասել է. ՙԻնչ վերաբերում է արդեն ծիսակարգի վերածված վայնասունին ՙհայկական ագրեսիայի՚ վերաբերյալ, ապա դրան շատ հանգիստ պետք է վերաբերվել։ Ադրբեջանական ղեկավարությունը պարտավոր է կրկնել այդ մանտրաները՝ դա նրա աշխատանքն է։ Նրանք իրենք են արդեն հոգնել ՙմեկ միլիոն փախստականների՚ մասին անընդհատ խոսելուց, բայց վախենում են։ Այն հայերը, որոնք վրդովվում են ու փորձում նույնքան զգացական կերպով հերքել, նույն մակարդակի վրա են կանգնում ՙբաքվեցի երազողների՚ հետ, որոնք փողի դիմաց հորինում են այս ամբողջ զառանցանքը։ Դրան կարելի է հակադրել միայն դրական կառուցողականությունը։ Մարդիկ պետք է իմանան Արցախի խաղաղ կյանքի, զբոսաշրջության մասին։ Այն մասին, որ գյուղատնտեսությունն ու կաթնամթերքի արտադրությունն այնտեղ շատ ավելի զարգացած է, քան նավթով հարուստ Ռուսաստանի շրջաններից շատերում։ Իսկ բիզնես վարելու պայմաններն ուղղակի եզակի են նախկին ԽՍՀՄ տարածքի համար՚։