[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՋԱԼՈՒ՝ ՉԱՐԱՇՈՒՆՉ ԵՎ ՄԱՀԱԲԵՐ ԿՐԱԿԱԿԵՏ

Zori.jpg(Սկիզբը՝ նախորդ համարում)
Դժվար թե այսօր որևէ մեկը գիտի, այդ թվում նաև Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, որ ի պատասխան Ադրբեջանի, այսպես ասած՝ անկախության հռչակման, մենք իսկույն ընդունեցինք տրամաբանական և ռազմավարական առումով ճշգրիտ, արդարացված որոշում՝ Լեռնային Ղարաբաղի մարզը միավորել հայկական Շահումյանի շրջանի հետ (պատմական Գյուլիստանի երկրամասի)։
 Իսկ շուտով անհամար կրակակետերից և ամենից շատ Խոջալուից թափվող անվերջանալի հրետանային զարկերի որոտի տակ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվե անցկացրեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։ Թե ինչպես կարողացանք այդ ծանր պայմաններում Արցախ հասցնել միջազգային դիտորդներին, միայն Աստծուն է հայտնի։ Երկու շաբաթ անց արդեն տեղի ունեցան ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Եվ դարձյալ հրետակոծման անվերջանալի   զարկերի որոտի տակ, առաջին հերթին՝ Խոջալուից։
Հիստերիկ աղմուկ բարձրացնելով Խոջալուի մի ինչ-որ մտացածին դրամայի մասին, Բաքուն հույսը դրել է ոչ միայն ձկնախավիարային դիվանագիտության, այլև անհեթեթ կեղծիքների հասցեատերերի բացարձակ մեծամասնության անտեղեկացվածության վրա։ Ընդ որում գիտակցված կերպով լռության են մատնվում Բաքվի, Սումգայիթի, Շուշիի ցեղասպանությունների, Գետաշենի, Մարտունաշենի, Մարաղայի, Էրքեջի, Բուզլուկի, Մանաշիդի, Շահումյանի շրջանի բոլոր գյուղերի արյունոտ ջարդերի փաստերը։ Մի՞թե Ադրբեջանում հույս ունեն, թե ՙխոջալու՚ հորինելով կարող են սքողել Մարտակերտի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի չլսված ողբերգությունը, որտեղ սպանվեցին հազարավոր ու հազարավոր մարդիկ, գետնի երեսից ջնջվեցին մոտ հարյուր հիսուն բնակավայրեր, գործնականում ոչնչացվեցին կենսապահովման բոլոր օբյեկտները։ Իսկ 1991 թվականի վերջին ադրբեջանցիներն արդեն սկսեցին կիրառել ժամանակակից հրետանի, ՙԳրադ՚ կայանքներ, որոնք արգելված են միջազգային համաձայնագրերով։
…Դա 1992 թվականի հունվարի 13-ին էր, ՙխոջալու՚ անունը կրող կրակակետը հանգցնելուց մեկուկես ամիս առաջ։ Մենք նամակներ ու հեռագրեր ուղարկեցինք շատ երկրների պառլամենտներ և պետությունների ղեկավարների, ընդգծելով ՙԳրադ՚ համակարգի կիրառման փաստը Շահումյանի շրջանում։ Աշխարհը լռում էր։ Արձագանքեց միայն Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի երկրորդ խոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Մեկ օր անց նա Երևան ժամանեց, և երեկոյան նրա հետ ուղղաթիռով հասանք Վերիշեն։ Մեզ դիմավորեց Շահումյանի շրջանի ղեկավար Շահեն Մեղրյանը։ Ինչպես ասում են՝ երեսին գույն չկար։ Ավտոմեքենայով մեզ տարավ ավերված շրջկենտրոնի միջով, որտեղ ոչ մի անվնաս տուն չէր մնացել։ Պատուհաններին ապակի չկար։ Հասանք մինչև հայկական դպրոց, որտեղ ընկել էր ՙԳրադ՚ հրթիռը։ Բարեբախտաբար, պայթյունից բառացիորեն մի քանի րոպե առաջ մոտ հարյուր երեխայի դուրս էին բերել մարզադահլիճից։ Շենքից ոչինչ չէր մնացել։ Ավերված դպրոցի կողքին թափված էին հրթիռի խողովակների բեկորներ, այդ թվում և շարժիչից մի կտոր։ Լեդի Քոքսն առաջարկեց մեզ հետ վերցնել այդ կտորը, որ մեկուկես փութ էր կշռում։ Այն ժամանակ մենք դեռ չգիտեինք նրա մտադրությունը։ Առաջ անցնելով՝ ասեմ, որ մի քանի օր անց Քերոլայն Քոքսը, ես և Արցախյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը թռանք Մոսկվա։ Մեր ձեռքին էին ՙԳրադ՚ հրթիռի այդ նույն կտորը և ԼՂՀ նորաստեղծ խորհրդարանի դիմում-հայտարարությունը՝ Շահումյանի շրջանում այդ զենքի անօրինական կիրառման մասին։ 
Մոսկվայում Քոքսը կազմակերպեց այցելություններ ԱՄՆ-ի, Կանադայի, ԳՖՀ-ի, Ֆրանսիայի և, իհարկե, Անգլիայի դեսպաններին։ Շուտով համաշխարհային մամուլում տեղեկատվություն հայտնվեց Շահումյանի շրջանում ՙԳրադ՚ համակարգի կիրառման մասին։
Մենք գիտեինք, որ լեդի Քոքսը Լորդերի պալատի միջոցով արդեն պայմանավորվել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բրեդ Սկոուքրաֆթի հետ մեր հանդիպման մասին, որը մեզ ընդունեց Սպիտակ տանը։ Առանձնասենյակի տիրոջը ես ցույց տվեցի ՙԳրադ՚ հրթիռի ծռմռված շարժիչի այդ բեկորը։ Այդ ծանրությունը դժվարությամբ պտտելով ձեռքերում, մեղմ արտաբերեց ՙհրեշ՚ բառը և ասաց, թե հավատը չի գալիս, որ միջազգային համաձայնագրերով արգելված այդ համակարգը գործի կդրվեր։ Ես նրան հարցրեցի. ՙԴուք ռազմական մասնագետ եք, Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է պայքարել այսպիսի, ինչպես Դուք եք ասում՝ ՙհրեշի՚ դեմ՚։ Սկոուքրաֆթը ուսերը բարձրացնելով, ժպտադեմ պատասխանեց. ՙՆման հրեշի դեմ միայն հրեշ է պետք՚։
Ես մտածեցի, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդականից այդպիսի իմաստուն խորհուրդ ստանալու համար հավանաբար արժեր հաղթահարել ահռելի տարածություն։ Լեդի Քոքսի այն հարցին, թե սովորաբար ինչ են անում կրակակետերի հետ, Սկոուքրաֆթը առանց հապաղելու պատասխանեց. ՙԻհարկե, հանգցնում են՚։ Եվ հավելեց. ՙԿրակն, անշուշտ, պետք է հանգցնել՚։
Նոր, 1992 թվական։ Խորհրդային Միությունն արդեն չկա։ Չնայած ամանորյա տոներին, Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց պարզապես ոչնչացնել ԼՂԻՄ-ը։ Ավելի քան տասնյակ կրակակետեր նոր տարվա գիշերը նշանառության տակ առան Ստեփանակերտը և շրջակայքը։ Եվ ամենամեծ քանակով մահաբեր արկերը դեպի թիրախ էին թռչում Խոջալուից։ Ամեն առավոտ ստեփանակերտցիները դուրս էին գալիս նկուղներից, որպեսզի թաղեն գիշերվա ընթացքում սպանվածներին։
Ես կուզենայի հարցս ուղղել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այլև ողջ մարդկությանը. ի՞նչ պետք է անեին ղարաբաղցիները, ամեն առավոտ օդի հետ շնչելով թարմ արյան գոլորշին։ 
Եվ, կրկնում եմ, այդպես էր ամեն օր։ Ամեն առավոտ։ Եվ ի՞նչ պատասխան պետք է ակնկալեինք մարդկությունից։ Չեմ կարծում, թե մարդկությունը մեզ խորհուրդ կտար համակերպվել նման իրադրությանը։ Ճիշտ էր ազգային անվտանգության գծով ամերիկյան խորհրդականը. հրեշի դեմ միայն հրեշ է հարկավոր, և կրակակետն, իհարկե, պետք էր հանգցնել, ոչնչացնել։ Հակառակ դեպքում, ինչպես Նախիջևանում եղավ, այլևս ոչ մի բնիկ շունչ չէր մնալու իր պատմական հայրենիքում։
Իսկ չէ՞ որ նման բան կատարվեց ոչ միայն Նախիջևան քաղաքում և ոչ միայն Նախիջևանի երկրամասում։ Ճարպկորեն աճպարարություններ անելով ԽՄԿԿ կանոնադրությամբ, որը թույլ էր տալիս կուսակցական առաջնորդներին միութենական հանրապետությունների սահմաններում լինել հողի անվերապահ տերեր, բնիկ հայերին աստիճանաբար դուրս հրեցին Գյուլիստանի (որի կազմի մեջ էր նաև Շահումյանի շրջանը), Շամխորի, Նուխիի, Դաշքեսանի, Խանլարի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Աղդամի և այլ շրջաններից, ինչպես նաև հայ մարշալների հայրենիք Գանձակից (Կիրովաբադ), Չարդախլուից, Գետաշենից, Մարտունաշենից, Կամոյից, Ազատից և շատ ու շատ այլ բնակավայրերից։ Եվ այդ ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ ժամանակին չէինք հանգցրել ՙկրակակետերը՚։ Ես արդեն չեմ խոսում ցեղասպանության մասին, որն իրականացրեց Ադրբեջանի ղեկավարությունը Սումգայիթում, Շուշիում, Բաքվում, Մարաղայում։ Եվ չէ՞ որ այդ ամենը ծավալվում էր համաշխարհային հանրության լուռ անտարբերության ներքո։ ՄԱԿ-ը գոնե լռում էր։ Լռում էր, հիանալի գիտենալով, որ Ադրբեջանը չլսված մի պատերազմ է պարտադրել փոքրիկ Ղարաբաղին, որն այդ ժամանակ ոչ թե շրջափակման, այլ արդեն պաշարման մեջ էր։
Սակայն ահա բավական էր հանգցնել չարաշունչ կրակակետերը Լաչինի, Քելբաջարի, Կուբաթլիի շրջաններում, որոնք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը կապում էին Հայաստանի Հանրապետության հետ, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բնականաբար, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ազդեցության տակ, անմիջապես ընդուներ միանգամից չորս բանաձև (822, 853, 874 և 884)։ 
Առանձին անձանց միջոցով մենք ավելի քան հարյուր հեռագիր ուղարկեցինք ԱԽ և շատ երկրների պառլամենտներ (օգնեցին Քերոլայն Քոքսը, լորդ Մալկոլմ Պիրսոնը, Ելենա Բոնները, ռուսական մտավորականության ՙՂարաբաղ՚ կոմիտեի համանախագահները և շատ ուրիշներ)։ Պարզվեց, որ Անվտանգության խորհուրդը տեղեկատվությունը ստանում էր այսպես ասած՝ միակողմանի կարգով և, իհարկե, կրկնում եմ՝ ոչ առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության։ Պատահական չէր, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար ՄԱԿ-ի առջև պատասխանատվություն կրող մարմինն արդեն չէր արձագանքում բանաձևերով այն բանից հետո, երբ հայերն ազատագրեցին Աղդամի, Կուբաթլիի, Զանգելանի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջանները։ Հենց դրանից հետո էր, որ Բաքուն հիմնավորապես ձեռք զարկեց խոջալուական զառանցանքի ուռճացմանը։
Առաջինը, ով հրապարակավ հայտնեց ճշմարտությունը Խոջալուի կրակակետի ոչնչացման համար մղված մարտի մասին, Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովն էր։ Եվ այդ մասին ասաց ոչ թե մի ինչ-որ անհայտ տեղում, այլ այն ժամանակ մեծ ժողովրդականություն վայելող ՙՆեզավիսիմայա գազետա՚-ին 1992 թվականի ապրիլի 2-ին տված հարցազրույցում։
ՙԻ՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք,- հարցնում է Մութալիբովին չեխ ժուռնալիստուհի Դանա Մազալովան, որն այդ տարիներին ակտիվորեն աշխատում էր մեր տարածաշրջանում։- Խոջալուեցիների դիակներ են գտնվել Աղդամից ոչ հեռու։ Սկզբում ինչ-որ մեկը կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռանալ։ Հետո սպանել է կացնով։ Իմ գործընկերները փետրվարի 29-ին նկարել էին նրանց։ Իսկ մարտի 2-ի նոր նկարահանումների ժամանակ այդ նույն դիակների գանգերը մաշկահանված էին։ Մի ինչ-որ տարօրինակ խաղ է՚ (Անհրաժեշտ պարզաբանում. ադրբեջանական Աղդամ քաղաքը գտնվում է Խոջալուից տասնվեց կիլոմետր հեռավորության վրա։ Այն օրերին հայի համար անհնարին էր ընկնել այնտեղ, ինչպես որ ադրբեջանցու համար՝ Խոջալու։ -Զ.Բ.)։
ՙԻնչպես խոստովանեցին այն խոջալուեցիները, որոնք փրկվել էին, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար,- պատասխանում է Մութալիբովը,- մի ինչ-որ ուժ գործում էր նախագահի հեղինակազրկման ուղղությամբ…՚։
Եվ անմիջապես էլ ընդգծում է. ՙԵս չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշգրիտ և գործի իմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ստանային ֆաշիստական գործողություններում իրենց մերկացնող փաստաթղթեր։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր հետագայում այդ կադրերը ցուցադրել Գերագույն Խորհրդի նստաշրջանում և ամեն ինչ կենտրոնացնել իմ անձի վրա…՚։
ՙԵթե ես հայտարարեմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է,- ասում է Ադրբեջանի նախկին նախագահը,- ապա կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց ընդհանուր խորապատկերն այնպիսին է, որ հայերն, այնուամենայնիվ, միջանցք թողել էին, որպեսզի մարդիկ հեռանան։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք կրակեին (հայերը.-Զ.Բ.)։ Առավելևս Աղդամին մոտիկ տարածքում, որտեղ այն ժամանակ բավական ուժեր կային, որպեսզի ելնեին և օգնեին մարդկանց։ Կամ պարզապես պայմանավորվեին, որ խաղաղ բնակիչները հեռանան։ Նման պրակտիկա միշտ էլ կիրառվել է՚։ 
…Մութալիբովը իրավացի է։ Խոջալուի կրակակետը ոչնչացնելուց երկու ամիս անց Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն անցան Շուշիի կրակակետի ոչնչացմանը, որը գնդակոծում էր Ստեփանակերտը, Քարինտակը, Շոշը և հայկական այլ բնակելի կետեր՝ ՙԳրադ՚ կայանքներով, հրետանիով, տանկերով։ 
Ես ինքս երկու գիշեր և երկու ցերեկ գտնվում էի հրամանատարական կետում, որտեղ սեփական աչքերով տեսա, թե ինչպես հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) խստիվ պահպանում էր, Մութալիբովի բառերով ասած՝ միջանցք տրամադրելու ՙպրակտիկան՚, որով մայիսի 9-ին ողջ օրը ադրբեջանցիները բեռնատար մեքենաներով և ոտքով հեռանում էին Շուշիից։ Բայց նրանք հիանալի գիտեին, չէ՞, թե ինչով կավարտվեր այդ ամենը, եթե մենք գնդակոծեինք այդ միջանցքը։ Նույնը արվեց Լաչինում, Քելբաջարում, Աղդամում Կուբաթլիում, Զանգելանում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում…
Այնպես որ, իրոք, հազարապատիկ իրավացի էր Մութալիբովը, երբ հայտարարում էր հաստատված պրակտիկայի մասին՝ ճողոպրող խոջալուեցիների համար մենք իրոք միջանցք թողել էինք։ Հիշեցնենք և այն մասին, որ նրանք զարմանքից գլուխներն էին բռնում, որովհետև իրենց համար անսպասելիորեն՝ հայերը կռվում էին անողոքաբար, եթե չասենք՝ չարաբար և նույնիսկ վրեժխնդրորեն։ Չէ՞ որ ադրբեջանցիները չգիտեին, որ ինքնապաշտպանության մարտիկների մեջ շատ էին նրանք, ովքեր հրաշքով փրկվել էին Բաքվի և Սումգայիթի ցեղասպանություններից։ Չգիտես ինչու ադրբեջանական զրպարտիչները և կեղծարարները այդ մասին ոչ մի անգամ ոչ մի բառ չասացին։ Չէ՞ որ Սումգայիթի իրադարձություններից անմիջապես հետո մենք ձեռք բերեցինք այսպես կոչված ֆիննական տնակներ (օգնեցին Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը) և շուտով Ստեփանակերտի ծայրամասում հայտնվեց սումգայիթյան արվարձանը։ Երկու տարի անց այնտեղ բնակեցվեցին նաև Բաքվի փախստական հայերը։ Եվ երբ ադրբեջանցիները աշխարհով մեկ հեքիաթներ են պատմում Խոջալուի կրակակետի ոչնչացման մասին, նրանք չգիտես ինչու մոռանում են, որ ազատագրական մարտում ակտիվ մասնակցություն էին բերում նրանց ազգականները, ում Սումգայիթում և Բաքվում ողջ-ողջ վառել էին, բռնաբարել, տանջել, ցած նետել շենքերի բարձր հարկերից։ Եվ զոհի այդ արդար, տրամաբանված պատասխանն անվանում են ՙցեղասպանություն՚։ Փաստորեն նույնն է, թե գերմանացիները հանկարծ ցեղասպանություն համարեին Բեռլինի ռմբակոծումները, որտեղ հազարավոր ու հազարավոր մարդիկ զոհվեցին, Դրեզդենի ռմբակոծումները, որտեղ, բացի խաղաղ բնակիչներից, ոչնչացան անհամար թանգարաններում գտնվող համաշխարհային արվեստի գլուխգործոցներ։
Մի՞թե համաշխարհային հանրությանը և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ղեկավարներին պարզ չէ, որ իր ծավալներով հրեշավոր կեղծիք ՙխոջալուն՚ Բաքվին պետք է միայն ու միայն նրա համար, որպեսզի համահարթի, եթե ոչ ամբողջովին զրոյի հասցնի հայերի ցեղասպանության փաստը Սումգայիթում, Բաքվում, Նախիջևանում։ Եվ ինչպե՞ս կարելի է խնամքով շրջանցել աննախադեպ, էությամբ ցեղասպանական հանցագործությունը Բուդապեշտում, որտեղ ադրբեջանցին վախկոտաբար կացնով գլխատեց քնած երիտասարդին միայն այն պատճառով, որ նա հայ էր։ Իսկ հետո ողջ աշխարհի աչքի առջև ազատության մեջ հայտնված դահիճը հռչակվեց հերոս և դարձավ ադրբեջանական երիտասարդության կուռքը։ Այդ խորապատկերին ոչ այլ ինչ, քան միայն ծայրահեղ ցինիզմ կարելի է անվանել այն իրավիճակը, երբ Ադրբեջանի նախագահը, Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, փարիսեիցաբար խոստանում է հայերի համար երաշխավորել ՙազատություն և լայն լիազորություններ՚։
Դեռ հնում ասում էին, թե կեղծիքը խղճուկ ստրուկների դավանանքն է։ Մենք խոսում ենք միջազգային օրենքի մասին, ցեղասպանության համար պատասխանատվություն կրելու մասին, մի խնդրի մասին, որը լուծում է պահանջում։ Խոսքն այն մասին է, որ Սումգայիթում և Բաքվում հայերի ցեղասպանությունն անվերապահորեն ընդունելուց հետո միայն կարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մնացյալ ամեն ինչ անընդունելի է։ Քանզի մնացյալ ամեն ինչ ստեղծված բարդ իրադրության մեջ անմարդկային է, անբարոյական, անօրինական և հետևաբար՝ անթույլատրելի։
 
Զորի ԲԱԼԱՅԱՆ