[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Կառավարության հետ  հարցուպատասխանը, ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի համաձայն, նախատեսված էր հերթական` հունիսի 26-ի  լիագումար նիստի օրակարգով։  Վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարության անդամները խորհրդարան ներկայացան նշանակված ժամին։
Պատգամավոր Արամ Գրիգորյանը ներկաների ուշադրությունը սևեռեց հունիսի 21-ին մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 11 շենքի բակում տեղակայված խաղահրապարակում խաղասարքի շարքից դուրս գալու հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքի վրա, որի արդյունքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահ։ 
Պատգամավորի և Ստեփանակերտի քաղաքային դատախազի միջև կայացել է հեռախոսազրույց. նույն օրը դատախազի ցուցումով և  հանձնարարությամբ քայլեր են ձեռնարկվել, և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է ընթացիկ ստուգում Ստեփանակերտի շենքերի բակերում տեղակայված բոլոր` թվով 55 խաղահրապարակներում։ Ստուգումներից հետո պարզվել է, որ դրանցից 37-ը նմանատիպ վթարային վիճակում է, ասել է թե` չեն համապատասխանում անվտանգության ներկայում ընդունված կանոններին։ Դատախազությունը կտա իր վերջնական եզրակացությունը դեպքի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, ասաց պատգամավորը` հարցը ձևակերպելով այսպես. կա՞ն, արդյոք, կրկնակի վերահսկողության մեխանիզմներ կառավարության իրավասության շրջանակներից դուրս իրականացվող ծրագրերի վերաբերյալ` հետագայում նմանատիպ ողբերգական դեպքերը բացառելու նպատակով։ 
Հարցին պատասխանեց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հիշյալ շենքի  բակի խաղահրապարակում տեղակայված կարուսելի շահագործման ընթացքում։ Քաղաքաշինության նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ այդ  խաղահրապարակը կառուցվել է մասնավոր ներդրումների միջոցով, բարեգործական ծրագրով։ Նախարարի խոսքով` շինարարական աշխատանքների հետ կապված ինչ ծրագիր էլ որ իրականացվի ԼՂՀ տարածքում, ենթակա է վերահսկման։ Կոնկրետ այս դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պետք է խիստ վերահսկողություն սահմանվեր. առաջին հերթին պիտի լիներ մշակված և համապատասխան փորձաքննություն անցած նախագիծ, որից հետո` նախագծի իրագործման փուլում արդեն ապահովվեր տեխնիկական հսկողություն, ինչը, դժբախտաբար,  մասնավոր օբյեկտներում չի արվում։ Պատճառաբանությունը հետևյալն է. մարդիկ մասնավոր ներդրումներ են կատարում, իսկ ահա լիազոր մարմինը պահանջում է հսկողություն իրականացնել։ Ինչ-որ տեղ, Կ. Շահրամանյանի վկայությամբ, նաև բնակչությունն է խոչընդոտներ հարուցում։ Սակայն, անկախ ամեն ինչից, օրենքը հստակ պահանջում է ցանկացած աշխատանքի նկատմամբ, այդ թվում` շինարարական, խիստ հսկողություն իրականացնել։ Շինարարական թույլտվության թերթիկում պարտադիր նշվում է, թե ով է իրականացնելու տեխնիկական վերահսկողությունը։ Կոնկրետ այս դեպքում մանկական խաղասարքն անջատվել էր հիմքերից, և նույնիսկ որոշ ժամանակ այն օգտագործվել է առանց հիմքերի, ինչը միանգամայն անթույլատրելի է։ 
Տեղի ունեցած ողբերգության մեջ նախարարը տեսնում է նաև շենքի բնակիչների անտարբերությունը. մարդիկ, տեսնելով այդ վիճակը, ո՜չ ահազանգել են և ո՜չ էլ իրենք են ձեռնարկել միջոցներ` այդ խաղասարքի հիմքերն ընդունված նորմերով վերակառուցելու և վերատեղադրելու համար։ 
Պետության կողմից, շարունակեց քաղաքաշինության նախարարը, երկու տարվա ընթացքում մեծ թվով խաղահրապարակներ են կառուցվել, ինչը կարող է խաղասարքերի տեղադրման լավագույն օրինակ հանդիսանալ։ Կ. Շահրամանյանի կարծիքով` թե՜ քաղաքապետարանի և թե՜ բնակիչների կողմից լուրջ չեն վերաբերվել այդ աշխատանքներին, ինչի արդյունքում տեղի է ունեցել ողբերգությունը։ Այսուհետ անհրաժեշտ կլինի խստացնել վերահսկողությունը  հատկապես մասնավոր ներդրումներով իրականացվող շինարարական աշխատանքներում` նման դեպքերը բացառելու նպատակով։ 
Պատգամավոր Վահրամ Բալայանը հնչեցրեց Հաթերքի համայնքի բնակչությանը հուզող խնդիրներ։ Գյուղաբնակների հետ հանդիպման ժամանակ բարձրացվել են մի շարք հարցեր, որոնցից երկուսին պատգամավորը հարկ համարեց անդրադառնալ։ Առաջին` համայնքի անդամների մի մասը պայմանագրային հիմունքներով ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում և, որպես կանոն, աշխատավարձ  ստանում է բանկոմատներից։ Բնակիչները պատգամավորին են փոխանցել իրենց մտահոգությունն առ այն, որ որոշակի հարցեր են ծագում աշխատավարձ ստանալու հետ կապված` խնդրելով նրանից գյուղում բանկոմատ տեղադրելու վերաբերյալ իրենց առաջարկությունը հասցնել կառավարությանը։ 
Երկրորդ` Հաթերքը բավականին մեծ գյուղ է, բայց աշխատում է մեկ տրանսֆորմատորով, որի պատճառով ծայրամասերում ապրողները չեն կարողանում օգտագործել կենցաղային սովորական տեխնիկան, քանի որ լարումը բավականին թույլ է լինում։ Իրավիճակը նորմալացնելու ակնկալիքով համայնքի բնակիչները խնդրում են  երկրորդ տրանսֆորմատոր տեղադրել։ 
Պատգամավորի երկու հարցերին էլ պատասխանեց ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը։ Առաջին հարցի առնչությամբ նա  տեղեկացրեց, որ նշված վայրում բանկոմատ տեղադրելու շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։ Հաշվի կառնվի նաև Հաթերքի բնակիչների` տրանսֆորմատորային նոր կայան տեղադրելու առաջարկությունը։ Նախարարն ասաց, որ այդ հարցով իրեն առաջին անգամ են դիմում։ 
Պատգամավոր Կամո Բարսեղյանը հանդես եկավ կոնկրետ առաջարկությամբ. ցանկալի կլինի, որ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկա լինեն նաև շրջվարչակազմերի ղեկավարները, ինչպես նաև Ստեփանակերտի և Շուշիի քաղաքապետերը, ովքեր օժտված են վարչակազմի ղեկավարի լիազորություններով։
Ազգային Ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանը  հավելեց, որ գործող կանոնակարգով իրենց աշխատանքը փոքր-ինչ ազատականցվել է` ոչ միայն կանոնակարգով նախատեսված ամիսներին իրականացվող հարցուպատասխանի առումով։ Առհասարակ, անհրաժեշտության դեպքում նշված բոլոր պաշտոնյաներին կարելի է հրավիրել խորհրդարան. Ազգային ժողովի հանձնաժողովներն ու խմբակցությունները կարող են նախապես իրազեկել այդ մասին։ Խորհրդարանի խոսնակը վստահեցրեց, որ շրջանային վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի ու Շուշիի քաղաքապետերին հրավիրելու հարցում խոչընդոտներ չեն կարող լինել։                         
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ