ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՅԼԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ

Ամերիկահայերը և ողջ աշխարհի հայությունն անտեղի անհանգստացած էին թուրքական ՙՀյուրիեթ՚ թերթում վերջերս հրապարակված՝ ՙԱմերիկայի թուրքերը  ՙգլխավոր ծրագիր՚ են մշակում 2015-ի համար՚ խորագիրը կրող հոդվածի պատճառով։ 
Չպետք է զարմանալ, որ թուրքական կառավարությունը և նրա հետ կապված կազմակերպություններն ամբողջ աշխարհում լրջորեն պատրաստվում են հակազդելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի կառավարության և Սփյուռքի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներին։ 
 ՙՀյուրիեթ՚ թերթի հուլիսի 5-ի համարում Թոլգա Թանիսը հայտնել է, որ Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերին Վաշինգտոն կհրավիրի թուրք-ամերիկյան խմբերին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ՙնախաձեռնող և հակազդող քայլեր՚  պատրաստելու նպատակով։  
 Հաղորդվում է, որ ATAA-ն ձևավորելու է թուրքական ՙակտիվիստների կոմիտեներ՚, որոնք այցելելու են ՙօրենսդիրներին յուրաքանչյուր նահանգում, քարոզարշավներ տանելու սոցիալական ցանցերում, կապի մեջ մտնելու ավանդական մամուլի հետ, պատրաստելու առցանց դասընթացներ և կազմակերպելու համացանցային հանդիպումներ ամերիկացիների համար ամբողջ երկրում՚։ ՙՀյուրիեթը՚ նաև հաղորդել է, որ ATAA-ն կազմակերպելու է ՙառնվազն 20 մեկօրյա համաժողովներ տեղի համալսարանների համագործակցությամբ և հայտնի թուրքերի մասնակցությամբ, ինչպիսիք են դոկտոր Մեհմեթ Օզը և ՙԿոկա կոլա՚ ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը։
 ATAA-ն մտադիր է ձեռնակել հետևյալ ՙքայլերը, որոնցով կհակազդի.
 - Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներին, գրքերին և ֆիլմերին. 
- Հայերի կողմից կազմակերպվող քննարկումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին.
- Կոնգրեսում ՙհակաթուրքական օրինագծերին՚։
 Նախքան հայերը շատ կմտահոգվեն այս ենթադրյալ թուրքական ծրագրերով, պետք է հետևյալ հարցադրումներն անել.
 - Արդյոք ՙՀյուրիեթի՚ տեղեկությունը ճշգրի՞տ է ATAA-ի ծրագրերի մասին։ Տխրահռչակ թուրքական լրատվամիջոցները միշտ էլ աչքի են ընկել փաստերի խեղաթյուրմամբ և պատմություններ հորինելով։ Հետաքրքրական է, որ նման հայտարարություն չկա ATAA-ի կայքէջում։
- Եթե հոդվածն ամբողջությամբ կամ նույնիսկ մասամբ ճիշտ է, արդյոք հաստա՞տ է, որ ATAA-ն իրոք իրականացնելու է իր հայտարարած ծրագրերը, թե՞ սա պարզապես քարոզչական հնարք  է կամ դրամահավաքի փորձ։
 Որպես առաջին ազդանշան մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ՙՀյուրիեթի՚ պատմության առնվազն մի կարևոր հատվածը կեղծիք է...  ՙԱսպարեզ՚ թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը հայտնել է, որ հանրածանոթ հեռուստահաղորդավարի մամլո խոսնակը հերքել է, որ դոկտ. Օզը որևէ կերպ ընդգրկված է թուրքական ժխտողական ձեռնարկներում։ Նմանապես ես փորձում եմ պարզել, թե արդյոք  ՙԿոկա կոլայի՚ գլխավոր տնօրեն Մուհթար Քենտի՝ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավված լինելու մասին լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Հատկանշական է, որ ՙՀյուրիեթը՚ արդեն փոխել է իր նախնական հաղորդագրությունը, հերքում ավելացնելով, միգուցե դոկտոր Օզի և պարոն Քենթի բողոքներից հետո՝ իրենց անունները առանց արտոնության և անճիշտ ձևով օգտագործելու համար. ՙԵրկու անձինք, որոնց անունները նշված են վերևի հոդվածում (դոկտ. Օզը և ՙԿոկա կոլայի՚ գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը), երկու հայտնի գործիչներ են Ամերիկայի թուրքերի երկար ցուցակում, որոնք կհրավիրվեն ելույթ ունենալու համայնքային միջոցառումներում։ Նրանք գաղափար չունեն ATAA-ի ծրագրերի մասին կամ դրանցում ընդգրկված չեն՚։
 Երանի թե դոկտ. Օզը և պարոն Քենթը իրոք ընդգրկված լինեին թուրքական ժխտողական աշխատանքներում, որը պատճառ կհանդիսանար դոկտ. Օզի հեռուստաշոուն և ՙԿոկա կոլայի՚ արտադրանքն ամբողջ աշխարհում բոյկոտելու համար։ Սա հայերին շատ մեծ հնարավորություն կընձեռեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի քարոզչության համար, որ ոչ մի գնով հնարավոր չէր լինի ձեռք բերել...
Մինչ հայերն ի վիճակի չեն իրենց ձայնը շատ ավելի լսելի դարձնելու միջազգային ասպարեզում, ճակատագրի հեգնանքով, Վաշինգտոնում Թուրքիայի կողմից վարձված հասարակայնության հետ կապերի ազդեցիկ ընկերություններն ավելի շատ օգուտ կտան հայությանը... Նույնքան օգտակար են թուրք առաջնորդների հայտարարությունները, այդ թվում՝ վարչապետ Էրդողանի կողմից 2014 թվականի ապրիլի 23-ին արվածը՝ չնայած ժխտողական բովանդակությանը։ Որպես անկանխատեսելի հետևանք՝ Ցեղասպանության հարյուրամյակի դեմ ուղղված ATAA-ի ջանքերը խթան են հանդիսանալու միջազգային լրատվամիջոցների համար, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ ժողովրդի հանդեպ շարունակվող անարդարության վրա՝ ավելի լայնորեն լուսաբանելով հայկական նախատեսված ոգեկոչման միջոցառումները։
 Չնայած թուրքական հակառազմավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրել,  հայերը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն, թե արդյոք իրենք պատշաճորեն նախապատրաստվո՞ւմ են նշելու Ցեղասպանության հարյուրամյակը համաշխարհային ասպարեզում, նկատի առնելով Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների վիթխարի կորուստը։ Լինելով չափազանց համակված թուրք ժխտողականների չարամիտ գործողություններով, հայերի ուշադրությունը չպետք է շեղվի զոհերի սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելու իրենց պարտականությունից և արդարության պահանջից ... 
 
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր