Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

03_2.jpgԴժնդակ դարերի հոլովույթում հայության ազգային ինքնուրույնությանն ու ինքնությանը սպառնացող վտանգը համախմբել է մեր ժողովրդի լավագույն զավակներին, նրանց ջանքերով, արյան ու քրտինքի միջոցով ստեղծվել ու մաքրագործվել է մի համակարգ, որն անվանվել ու այսօր էլ շարունակում է կոչվել Հայկական պետականություն։
 Պատմության ընթացքում հայոց աշխարհը մեծ ու փոքր տերությունների կողմից հեշտ յուրացնելու համար, ինչպես Ղազար Փարպեցին է ասում, ՙհնացած ձորձի պես ծվեն-ծվեն է արվել՚։ Եվ չնայած դրան, հայությունը, մասնավորապես նրա արևելյան սահմանապահ նահանգների՝ Արցախի և Ուտիքի ազգաբնակչությունը, աշխարհիկ և հոգևոր տերերի շուրջ համախմբված, պայքարել են հանուն ազատության՝ պաշտպանելով հայոց պետականության բեկորները։ Երբեմն անհավանական է թվում, թե ինչպես մի փոքր ածու` շրջափակված արնածարավ, ոխակալ վայրենի ցեղերով, չոչնչացավ, չուծացվեց, և ամեն անգամ ռազմի դաշտում մեկը տասի դեմ, մեկը հարյուրի դեմ ելնելով, հաղթանակ է  ապահովել ու ապահովում։ 
Տեղին է հիշել 9-րդ դարի առաջին կեսի մի իրադարձության մասին։ Արաբական 12-հազարանոց զորագունդը Մուխանքի դաշտում կռվի է բռնվում Արցախի Սահլ Սմբատյան իշխանի 2-հազարանոց զորագնդի հետ։ Ժամանակագիրը վկայում է, թե ՙԱյստեղ էլ Սահլ Սմբատյանը… իրեն գործակից դարձնելով մեծ նահատակ Գեորգիոսին, թշնամիների վրա խոյացավ՝ որպես արծիվը տկար թռչունների վրա, և դաշտում այս ու այնտեղ կոտորելով, մնացորդներին փախուստի մատնեց՚։
Այդ օրվանից 11 դար է անցել, բայց ոչինչ չի փոխվել։ Միայն թշնամիներն են փոխվել։ Այստեղ էլ կովկասյան թաթարները կամ թուրքերը (այդպես էլ առայսօր չգիտենք դրանց ինչպես անվանենք։ Եթե իրենք չգիտեն, մենք որտեղի՜ց իմանանք։ Միայն հայտնի է, որ 50 տարվա ընթացքում 4 անգամ այբուբեն են փոխել) փորձեցին խեղդել մեր ազատությունը։ Իրենց 7-միլիոնանոց, թալանին սովոր խառնամբոխով ձգտում էին ծնկի բերել մի բուռ ժողովրդի, չհաջողվեց։ Դա օրինաչափ երևույթ է։ Ազատության և արարումի ջատագով ժողովուրդը չի կարող մեռնել։ Աստվածաշնչում նկարագրված դրախտի այգում ապրող ժողովուրդը, որը վաղնջական ժամանակներից մասնակիցն է եղել առաջավոր ասիական քաղաքակրթության արժեքների ստեղծման, դեռ իր նոր խոսքը պիտի ասի աշխարհին։ Եվ մեկը հարյուրի դեմ ելնելով` 1991-1994թթ. Հայրենական պատերազմում հաղթեցինք, բայց, ցավոք, դա դաս չեղավ թշնամու համար։ 
Վերջին օրերին նավթադոլարների և նորագույն ռազմական տեխնիկայի փայլից շլացած թշնամին նորից փորձեց խաթարել մեր անդորրը։ Բայց ի՞նչ ստացավ։ Տասնյակ զոհեր և վիրավորներ։ Ավելին, էկրանից վախվորած աչքերով լալահառաչ ասկյարները ՙէրմանի՚ զինվորներից ստացած դասեր են պատմում։ Ադրբեջանի սահմանամերձ տարածքների ազգաբնակչության խուճապահար փախուստն ենք արձանագրում։ Սահմանի վրա գիշեր ու զօր հայ դիրքապահն է կանգնած։  Բա ի՞նչ  էիք ուզում։ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքից վերադարձած և հանգստացող զինվորը՝ Նորայր Քամալյանը, առանց զենքի մերկ ձեռքերով քշեց մինչև ատամները զինված ադրբեջանական հատուկ ջոկատային 3 ասկյարների։ Վերջին օրերին մեր բանակի տարբեր գնդերում արձակուրդի ուղարկված զինվորները հրաժարվում էին տուն գնալ հանգստանալու։ Չէին գնում, որովհետև սահմանի վրա իրավիճակը լարված էր, և իրենք իրենց այդ թեժ կետերում հայրենիքի սահմանապահների դերում էին տեսնում։ Իսկ ի՞նչ ասենք պատերազմի քուրայով անցած մեր վետերանների մասին։ Դա մի աննախադեպ երևույթ էր։ Ինքնաբուխ զորաշարժի ենթարկվեցին նախկին մեր զինվորականները։ Եվ այդ ամենը կազմակերպական հունի մեջ դրվեց Արցախի ազատամարտիկների միության, մասնավորապես նրա ղեկավար, ազգային հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի կողմից։ Այդ օրերին սահմանի ողջ երկայնքով խրամատներում մեր ազատամարտիկներն իրենց մարտական փորձառությունն էին փոխանցում երիտասարդ նվիրված մեր զինվորներին։ Նկատենք, որ այդ օգնությունը առավել շատ բարոյական նշանակություն ուներ, որովհետև նրանք այս պահին անթերի են կատարում իրենց ծառայությունը։
Եվ  այս խորապատկերի վրա սահմանի հակառակ կողմում հարևան թշնամական երկրի բորենու, ավելի շուտ` շնագայլերի խրախճանքով ապրող ասկյարները բզկտեցին անմեղ աշխատավոր մի երիտասարդի՝ 31-ամյա Կարեն Պետրոսյանին, որը մոլորվելով հայտնվել էր հակառակորդի բնակավայրում։ Գործը զավեշտի էր հասել։ Նրան ձերբակալելու համար ժամանել էր մի ամբողջ զորագունդ։ Իսկ այդ անմեղ զոհին դիվերսանտի կերպարի մեջ դրած, ծնկի բերած հեռուստախցիկի դիմաց, քննում էր Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ ոմն Ռովշան Աքպերով, մի ստահակ, ով չգիտի, թե ինչ է վառոդի հոտը։ Սա է այսօրվա Ադրբեջանի բանակի զինվորականի կերպարը։ Երիցս ճիշտ է ՙԱրաբո՚  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը. ՙԱստված մի արա, եթե վաղը կռիվ լինի, այդ գեներալը սահմանից բնականաբար հեռու է փախչելու, ինքը սահմանի մոտ չի գա, այդպիսի գեներալները սահմանի մոտ չեն լինում։ Այդ ժամանակ կտեսնենք՝ ով ում կարա ծնկի բերել…՚։ Աքպերովի նման տականքներին և ընդհանրապես, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը արցախահայությունը պատասխանել է և դեռ շարունակելու է պատասխանել նախնիների պատգամով ու գործով։ Ճիշտ կլինի Ադրբեջանի ղեկավարներին հիշեցնել 852թ. 200 հազար զորքով Քթիշը (Գտիչը) անհույս պաշարած թուրք զորավար Բուղային Արցախի իշխան Եսայի Աբու Մուսեի ասած խոսքերը, որոնք այսօր անչափ արդիական են. ՙ… արդ թող հայտնի լինի, որ ինչքան բավականանա իմ զորությունը, և քանի դեռ կենդանի եմ, կընդդիմակայեմ տեր Աստծո ուժով ու զորությամբ և քեզ տեսնելու եմ ոչ թե սիրով ու խաղաղությամբ, այլ զենքով, աղեղով ու սրով, քաջ տղամարդկանցով և ընտիր երիվարներով։ Եվ եթե դու ցանկանում ես ապրեցնել քեզ ու քո զորքը, արի ել  այստեղից ու դուրս գնա իմ երկրի սահմաններից։ Ապա թե ջանաս զրկվել այս կյանքից՝ քո զայրույթի, կատաղության պատճառով և ոսկորներդ ցրես անապատներում ու դառնաս երկրի գազանների, երկնքի թռչունների կերակուր, քո կամքը թող լինի, ես անպարտ եմ քո արյան համար, մանավանդ, որ մեծ բարեպաշտություն եմ համարում սպանել Աստծո թշնամիներին, ինչպես Մովսեսն` Ամաղեկին, Հեսուն` քանանացիներին, Սամուելն` Ագագին և Դավիթը` Գողիաթին, նաև ինչպես իսրայելացիներն սպանեցին այլազգիներին։ Եվ Աստված սիրեց նրանց։ Նույն կերպ կանեմ քեզ և քո զորքի հետ։ Արդ չեմ կամենում երկար խոսել քեզ հետ, քո ձեռքերում է խաղաղությունն ու խառնակությունը։ Եթե, ինչպես ասացի, հեռանաս ինձանից, խաղաղություն կլինի, իսկ եթե ոչ՝ պատերազմ, կռիվ ու ճակատամարտ։ Դու կդառնաս թիրախ, իսկ իմ աղեղը՝ խոցոտող, դու՝ ախոյան, իմ զինվորները՝ հաղթանակող, դու՝ ոսոխ, իսկ իմ զորքը քեզ դատապարտող, քո պատերազմը և մեր հաղթությունը, քո մարմինը և իմ նիզակը, քո պարանոցը և իմ սուրը, քո ստացվածքը՝ մենք նրա ժառանգորդ, քո ավարը՝ մենք ավարառուներ, դու ավազակ, մենք կողոպտիչներ, դու եղեգն, մենք դյուրավառ կրակ, դու հարդ, իսկ մենք` դյուրությամբ փչող քամի, դու ծաղիկ, իսկ մենք` թարշամեցնող խորշակ, դու պտղալից հանդ, մենք ապականող կարկուտ, դու շինվածք առանց հիման, իսկ ես հիմնիվեր տապալող հեղեղ, դու լեշ, իմ զորքը հոշոտող գազան, որ պատռոտում է քո սրտի առագաստը, դու խաղալիք, իսկ մենք մանուկներ, որ բռնելով քո զորությունը, խաղում, կատակում ենք քեզ հետ և քո այդ ողջ հպարտության ու անբարեհաճության հետ, դու վայրի երե, մենք՝ որսորդներ, դու թռչուն, իսկ մենք բարձրությունից ցած ենք իջեցնում և ձգում որոգայթի մեջ, դու ծովի վիշապ, մենք՝ կարթ, քո քիմքից վեր ենք ձգում քեզ անդունդների խորքից. դու իբրև եղջերու առանց եղջյուրների, մենք արծիվներ քո վերևում, քո աչքերը կուրացնողներ, որ քո լեշը գցում ենք մեր ձագերին և խորշերում բնակվող աղվեսներին։ Եվ մինչև որ քեզ վրա չվերցնես այն, ինչ խոսեցի քո պատգամավորների հետ ու ավելի ջանաս վտանգել մեզ՝ դու կընդունես վտանգավորը՚։
Դարերի ընթացքում երբեմն տրամաբանությանը հակասող և անհավանական թվացող հաջողությունների ձեռքբերման գաղտնիքը թաքնված է հայրենի հողում ժողովրդին պետական կազմակերպական կառույցի ներսում պահելու մեջ։ Ցավոք, երբեմն դժվարությունների պահին հեշտ ապրելու երազներով շղարշված իրենց վերապահված առաքելությունը ուրիշի միջոցով իրագործելու մարմաջով տարված որոշ մարդիկ այս կամ այն քրիստոնեական հավատք դավանող կայսրության մեջ են տեսնում մեր երկրի ու իրենց ապագան։ Դա սովորական խաբկանք է։ Ամեն մի ժողովրդի լիարժեք կենսագոյության և գործունեության հիմնական գրավականը նրա կազմակերպվածության աստիճանի մեջ է, որը բնութագրվում է պետություն հասկացության մեջ։ Եթե Արևմտյան Հայաստանում մենք ունենայինք պետություն, անկասկած, կխուսափեինք Մեծ եղեռնից։ 
Ազգային պետականությունը` ՀՀ-ն և ԼՂՀ-ն, ուղղակի և անուղղակի ձևով ծառայում է այդ հողի վրա իրավական գիտակցության ձևավորմանը, իրավակարգի ամրապնդմանը, ազգային համախմբմանը, ինքնատիպ մշակույթի և բարոյական նորմերի զարգացմանը և որպես այդ ամենի գլխավոր նպատակ՝ դարավոր Հայոց հայրենիքի պաշտպանությանը։ Այդ ամենի խոր ընկալումով արցախահայությունը 1991թ. սեպտեմբերի 2-ին համայն հայության գործուն մասնակցությամբ վերակերտեց իր պետականությունը։ Իր բազկի ուժով կերտած ազատությունն ու անկախությունն այսօր արցախահայությունն ամրապնդում է խաղաղ ստեղծագործ աշխատանքով։ Նորօրյա պետականության ստեղծման ճանապարհին հաղթահարելով տեսանելի և անտեսանելի խութերը, ԼՂՀ-ն արդարացի պահանջատիրությամբ, կենսահաստատ, համառ ու անկոտրում դիրքորոշմամբ աշխարհի հզորներից պահանջում է  հարգանքով և ըմբռնումով մոտենալ իր դատին ու պահանջատիրությանը։
 
 
 Վահրամ ԲԱԼԱՅԱՆ 
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, 
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր