ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԳՈՀ ՉԷ ԱՅՆ ԲԱՆԻՑ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՊՈՒՏԻՆԸ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՖՐՈՒՍՏՐԱՑԻԱՆ
Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում դիմակայության կտրուկ սրումից հետո հաստատված հարաբերական անդորրը դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղարար նախաձեռնության արդյունքը։
Օգոստոսի 10-ին հակամարտող կողմերի ղեկավարներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին հրավիրելով Սոչի, նրանց նստեցնելով բանակցությունների սեղանի շուրջ, ռուսաստանյան առաջնորդը կարողացավ տարածաշրջանում չափազանց բացասական, մեծ պատերազմով հղի իրադարձությունների զարգացման առաջն առնել։
Նման կարծիք ունի փորձագետների մեծ մասը, սակայն Մոսկվայի խաղաղարար ջանքերի պատճառները տարբեր կերպ են գնահատվում։ Այսպես, ԱՄՆ Ատլանտյան խորհրդի տրանսատլանտյան կապերի գծով գիտաշխատող, հայտնի քաղաքագետ Սաբինա Ֆրեյզերը համարում է, որ ՙՊուտինն օգտագործեց իրավիճակը՝ միջնորդի դերում հանդես գալու, իրեն որպես խաղաղարար ներկայացնելու և Կովկասում Ռուսաստանի դերն ակտիվացնելու համար՚։ Միանգամից նշենք. խաղաղարար նախաձեռնություն իրագործելու համար Ռուսաստանի առաջնորդը կարիք չունի օգտագործելու որևէ իրավիճակ, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ի պաշտոնե պարզապես պարտավոր է կասեցնել այդ երկարաձգված հարցի լուծումը խաղաղ հունից ռազմական տեղափոխելու՝ կողմերի ցանկացած փորձերը։
Այդուհանդերձ, Ֆրեյզերն Ատլանտյան խորհրդի կայքում վերջերս հրապարակված իր հոդվածում պնդում է, որ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը լոկ ցուցադրական բնույթ են կրում, քանզի ՙՄոսկվան դժվար թե ցանկանա լուծել մի հակամարտություն, որը սպառնալիք է հանդիսանում նավթի, գազի անվտանգ տեղափոխման և արևմտյան այլ շահերի առաջընթացի համար՚։ Որ ղարաբաղյան հակամարտությունն, իրոք, պոտենցիալ մեծ սպառնալիք է ողջ Անդրկովկասի տնտեսության, այդ թվում և՝ տարածաշրջանի տրանսպորտայինէներգետիկ կառույցների համար, վիճելու կարիք չկա: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանի խաղաղարար առաքելությունը սկզբունքայնորեն նպատակաուղղված է հակամարտության անվերջ երկարաձգմանը։ Այլ հարց է, որ Վլադիմիր Պուտինի ՙՍոչիի նախաձեռնությունն՚, անշուշտ, նպատակ ուներ վերականգնել ստատուսքվոն այդ փուլում, որը հուլիսի վերջին օգոստոսի սկզբին հակամարտության կողմերից մեկն ակտիվորեն փորձում էր խախտել։
Կատարվածի գնահատականը տալու հարցում փորձագետները գործնականում միակարծիք են. խոսքն Ադրբեջանի կողմից կայծակնային պատերազմ իրականացնելու փորձի մասին էր, որի արդյունքը պետք է լիներ Ղարաբաղում հայկական ուժերի եթե ոչ լրիվ պարտությունը, ապա, առնվազն, ճակատային գծում կոնֆիգուրացիայի էական փոփոխությունը։ Այդ մասին թույլ են տալիս դատել մի շարք հանգամանքներ. կորուստների հարաբերակցությունը վկայում է, որ հենց ադրբեջանական բանակն է հանդես եկել հարձակվող ուժի դերում, մարտերի առաջին օրերին ո՜չ նախագահ Ալիևը, ո՜չ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Ադրբեջանում չէին, այսինքն՝ ինչպես հենց մարտական գործողությունների ակտիվացումը, այնպես էլ նրա հնարավոր ձախողումը կարելի էր վերագրել ՙտեղում պատասխանատուների էքսցեսին (անկարգություններին)՚։ Նմանապես վերջերս Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեին շարունակ հնչում էին ավելի բարձրաձայն սպառնալիքներ։ Իսկ ամենակարևորն այն էր, որ դիմակայության հերթական ալիքը բարձրացավ Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական իրավիճակի սրման պահին, որը առաջատար դերակատարների ՙուշադրությունը շեղելու՚ հույս էր թողնում։
Վլադիմիր Պուտինը կանգնեցրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվող պատերազմը. դա միանգամայն հստակ պետք է հասկանալ։ Քանի որ հայկական կողմն, անկասկած, չէր հաշտվի Ղարաբաղում կարևոր մարտավարական և ռազմավարական դիրքերի սպառնացող կորստի հետ։ Դա խիստ կթուլացներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվող (չնայած առանց շոշափելի արդյունքների) բանակցային գործընթացում նրա հնարավորությունները։
Մինչդեռ, եթե հետևենք Սաբինա Ֆրեյզերի հոդվածի տրամաբանությանը, հարկ է արձանագրել, որ Արևմուտքում (համենայն դեպս՝ փորձագետների մակարդակով) և Ռուսաստանում խաղաղարարություն հասկացությանը տարբեր մոտեցումներ են ցուցաբերում։ Այսպես, Ֆրեյզերը հավաստում է, որ ՙհայկական զորքերը շարունակում են պահել Լեռնային Ղարաբաղը և նրան հարող Ադրբեջանի յոթ շրջանները՚։ Միայն այդ արտահայտությունը, որն ասես նույն ՙկարգավիճակին՚ է հավասարեցնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ իր խորհրդային շրջանի սահմաններով տարածքը և 1992-1994թթ. պատերազմի ընթացքում նրան կցված անվտանգության գոտու շրջանների տարածքը, լրիվությամբ խաչ է քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մոտեցումների վրա։ Վերջիններս, հիշեցնենք, պնդելով մի շարք այդ շրջանների՝ Ադրբեջանին փուլ առ փուլ վերադարձնելու անհրաժեշտությունը, հակառակ մոտեցումն ունեն Ղարաբաղի մնացած տարածքների հարցում՝ ԼՂՀ ապագա կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով։ Բաքվում չեն կասկածում ժողովրդի կամարտահայտության արդյունքների հարցում և այն անվանում են ՙԱդրբեջանի կապիտուլյացիայի պլան՚։ Հենց դրա համար էլ բանակցությունները հայտնվեցին փակուղու առաջ, դա էր պատճառը, որ Ադրբեջանը փորձում էր ետ խլել ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից գրավված շրջանների որոշ մասը, որպեսզի շարունակի բանակցություններն իր համար շատ ավելի ձեռնտու հանգամանքներում։ Հենց դրանում է հրադադարի ռեժիմի ներկա լայնածավալ խախտման հիմնական պատճառը, այլ ոչ թե, ինչպես Ֆրեյզերն է պնդում, այն հանգամանքը, որ կողմերը կորցրել են դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու իրենց հույսը։
Եվ չարժե վկայակոչել ՙՂրիմի բռնակցումը՚, որը ՙանհուսություն է հարուցում՚ և դրանով հրահրում ուժի կիրառում։ Նախ, եթե այն որևէ մեկի մոտ էլ նման զգացում է հարուցում, ապա, իհարկե, ոչ հայերի (և դա նույնպես անուղղակիորեն վկայում է, թե կոնկրետ ով էր վերջին մարտերի նախահարձակ կողմը՝ ուղղակի և փոխաբերական իմաստով)։ Երկրորդ, պետք է հասկանալ, թե Ղրիմը չէ, որ նախադեպ հանդիսացավ Ղարաբաղի համար, ավելի շուտ՝ հակառակը, քանի որ Ղարաբաղի հայերն անկախության հարցով իրենց հանրաքվեն ղրիմցիներից 22 տարի շուտ են անցկացրել։ Եվ եթե նման կարգի օրինակները ՙանհուսության զգացում՚ պետք է հարուցեն, ապա հարկ է հիշել Կոսովոյի օրինակը, որտեղ, հիշեցնենք, ամեն ինչ որոշվեց ընդհանրապես առանց որևէ հանրաքվեի։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խաղաղարար գործընթացում Ռուսաստանի սեփական շահին, ապա այն, անշուշտ, առկա է, սակայն բնավ վերացական ՙիմպերիալիստական՚ բնույթ չի կրում, ինչպես Սաբինա Ֆրեյզերն է ենթադրում, այլ միանգամայն հստակ և առարկայական։ Հայադրբեջանական նոր մեծ պատերազը և Անդրկովկասի ֆրուստրացիան (անբարենպաստ ֆոնը) ողջ տարածաշրջանն անխուսափելիորեն կվերածեն այն նույն ՙփոխանցման օղակի՚, որի միջոցով Ռուսաստանի տարածք կթափվեն Մերձավոր Արևելքից մոլեգնող՝ նույնիսկ ոչ թե ալիքներ, այլ բռնության իսկական ցունամիներ։ Ավելորդ է բացատրել, թե ինչով է դա հղի Ռուսաստանի համար։ Այդ իսկ պատճառով, համոզվելով, որ Ղարաբաղում և հայադրբեջանական սահմանագծում իրավիճակի ապակայունացումը ձեռք է բերում մասշտաբային բնույթ, նախագահ Պուտինը ձեռնարկեց իրավիճակի կայունացմանն ուղղված օպերատիվ միջոցներ։
Ռուսաստանի առաջնորդին այս անգամ դա հաջողվեց, կարծում ենք, պատճառներից ոչ վերջինն այն էր, որ մեկ շաբաթից ավել տևած մարտական գործողությունների ընթացքում Բաքուն համոզվեց, որ կայծակնային պատերազմը ձախողվեց, որի հետևանքները նրա համար կարող էին, մեղմ ասած, ոչ միանշանակ լինել։ Ինչ վերաբերում է հայկական կողմին՝ հնարավոր հարձակողական գործողությունները նա դիտում է սոսկ որպես պատասխան միջոցներ և ճակատային գծում չի ձգտում փոփոխությունների։
Ձեռք բերված լարվածության թուլացումն ամենևին չի նշանակում, որ հեռանկարում կհաջողվի խուսափել նոր մասշտաբային բարդություններից։ Առավել ևս, եթե համաձայնենք Սաբինա Ֆրեյզերի հավաստման հետ, ով համարում է, թե Բաքվում ՙշատերը հիասթափված են ԵՄի և ԱՄՆի պատժամիջոցների (Ուկրաինայի պատճառով) սահմանափակ ազդեցությամբ և դա համարում են տարածքային ամբողջականության սկզբունքը երաշխավորելու՝ Արևևմուտքի անկարողության ևս մեկ օրինակ՚։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա ներկայումս հենց Մոսկվան է վերը շարադրված հանգամանքների հաշվառումով հանդիսանում առավել շահագրգռված խաղաղարարը, որի համար Անդրկովկասում կայունության պահպանումը կենսական կարևորություն ունեցող առաջնահերթություն է։
Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ ԱՄՆն ու Ֆրանսիան ըմբռնումով մոտենան Ռուսաստանի նախագահի ջանքերին, ապա դա կարելի կլինի միայն ողջունել։ Բայց անգամ եթե դրան խանգարեն Մոսկվայի և Արևմուտքի վատթարացող հարաբերությունները, Վլադիմիր Պուտինի հաջող նախաձեռնությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը միայնակ էլ կարող է Անդրկովկասի իրավիճակի վրա արմատական դրական ներգործություն ունենալ։ Եվ եթե Արևմուտքը չի ցանկանում դուրս մնալ տարածաշրջանում ընթացող գործընթացներից, ապա Վաշինգտոնի ու Փարիզի համար, թերևս, ավելի ճիշտ կլիներ անառարկայական, զուտ գաղափարական նկատառումներով թելադրված քննադատության փոխարեն ակտիվացնել իրենց իրական մասնակցությունը խաղաղարար գործընթացում։
ԳԱՅ ԲՈՐԻՍՈՎ