Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ազգային ժողովի սեպտեմբերի 18-ի լիագումար նիստի օրակարգային նախավերջին հարցը կառավարության հետ հարցուպատասխանն էր։
ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի հերթական` տասներորդ նստաշրջանի ընթացքում, որի աշխատանքները կշարունակվեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջը, երկու անգամ` սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին, կառավարության հետ նախատեսված է հարցուպատասխան։
Այս մասին  իրազեկեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ապա գրանցեց կառավարությանը հարցեր ուղղող պատգամավորներին։
Կամո Բարսեղյանն արդեն որերորդ անգամ ԱԺ ամբիոնից արծարծում է գազալցակայաններում գազի գնի հարցը` ասելով, որ  վերջին չորս ու կես տարում ինքը բազմաթիվ անգամ անդրադարձել է դրան։ Ի վերջո, կառավարությունը ստեղծել էր միջգերատեսչական հանձնաժողով` ոլորտում ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ Արդյունքում պարզվել է, որ գազալցակայաններում ամենացածր շահութաբերությունը 32% է, ամենաբարձրը` 62, ինչը վկայում է այդ ոլորտի բոլոր սուբյեկտների գերշահույթով աշխատելու մասին։ Միջգերատեսչական հանձնաժողովն այնուհետև կազմակերպել է լսումներ գործադիր իշխանության շենքում և եկել եզրահանգման, որ 1 խորանարդ մետր գազի գինը պետք է իջեցվի։  Հանդիպել են, քննարկել, սակայն մինչ այսօր ոչ մի նորություն չկա, անհանգստություն արտահայտեց պատգամավորը` հարցը ձևակերպելով այսպես. միջգերատեսչական հանձնաժողովի աշխատա՞նքն է արհամարհվել, պատգամավորական կազմի կողմից բարձրացված հարցե՞րն են անտեսվում, թե՞ մեր ժողովրդի դժգոհությունն է անուշադրության մատնվում։ Շարունակելով միտքը` Կ. Բարսեղյանն ընդգծեց, որ եթե գնագոյացման գործընթացում Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը դերակատարություն չունի և չի կատարում իր գործառույթները, ապա ի՞նչ իմաստ ունի այդ ծառայությունը պահելու նպատակով պետական միջոցների վատնումը։ 
Պատգամավորը հնչեցրեց  երկրորդ հարցը. ՀՅԴ Ստեփանակերտի կառույցի անդամները մի շարք հարցեր են ուղղել պատգամավորին, մասնավորապես՝ արձանագրել են բնակչության դժգոհությունը` կապված քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ։ Արդյո՞ք հաշվի է առնվում մեր ժողովրդի վճարունակությունը.  մեր հասարակության բարձր եկամուտ ունեցող խավը հիմնականում օգտվում է սեփական տրանսպորտային միջոցներից, իսկ հանրային տրանսպորտից օգտվում են միջին և անապահով խավերը։ Եվ ուղեվարձի փոփոխության արդյունքում 30 դրամ տարբերությունն ամսվա կտրվածքով յուրաքանչյուր ընտանիքի համար զգալի ծախս է դառնում։ Կառավարությունը չի՞ գտնում, որ գործող սուբյեկտների շահութաբերությունն արդյունավետ դարձնելու համար պետք է նպաստի դիզվառելիքի և բենզինի գների իջեցմանը, հարցրեց Կ. Բարսեղյանը, ի վերջո, աչքի առաջ պետք է ունենալ բնակչության շրջանում առկա դժգոհությունը։
Առաջին հարցին պատասխանեց ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը` վկայակոչելով գազալցակայաններում գազի վաճառքի գնի նվազեցման մասին միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը։ Նրա իրազեկմամբ` վերջերս արդեն 30 դրամով իջեցվել է գազի գինը, սակայն կառավարությունը դրանով չի սահմանափակվում, և ներկա դրությամբ մշակում է օրենսդրական փաթեթ, որը քննարկման փուլում է։
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի  բարձրացման մասով նախարարն ասաց, որ այդ հարցը Ստեփանակերտի համայնքային ավագանու իրավասությունների շրջանակում է։ 
Պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանի հարցը բնապահպանությանն էր առնչվում. Արցախի պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը` Կաչաղակաբերդը, և նրա հարակից տարածքը անտարբերության են մատնված։ Պատգամավորի բնութագրմամբ` երբեմնի կուսական բնության տեղում այսօր աղբակույտերն են աչքի զարնվում, շրջապատում միայն փայտ սղոցողների ձայներն են լսվում։ Այդ անտառահատումներն օրենքի՞ սահմաններում են արվում, թե՞ ոչ, հարցրեց պատգամավորը` հստակ պատասխան ակնկալելով գործադիրից։ 
Հարցին պատասխանեց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` շեշտելով, որ կառավարությունում տեղյակ են այդ իրավիճակին։ Տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ Արցախում էր բարերար Հայկ Մաղաքելյանը, ով Քոլատակ գյուղում ներդրումներ անելու նպատակ ունի։ Այս մասին իրազեկվել է բնապահպանության գերատեսչությանը, որը պետք է միջոցներ ձեռնարկի ապօրինի անտառահատումներին վերջ տալու նպատակով, եթե դրանք այդպիսին են։ Փոխվարչապետի խոսքով` Կաչաղակաբերդը շրջապատող տարածքն առանձնացնելու նախաձեռնություն գոյություն ունի` հետագա ներդրումների, զբոսաշրջիկների համար այն  հետաքրքիր դարձնելու նպատակով։ Կաչաղակաբերդը կդառնա կենտրոն, Քոլատակն էլ ամբողջովին կվերափոխվի` վերածվելով հրապուրիչ ու տեսարժան վայրի։
Վ. Ուլուբաբյանի խոսքը շարունակեց ԱԺ նախագահը, ով  նույնպես անտառահատումների հետ կապված իր մտահոգությունը հայտնեց։ Լինելով իմ հարազատ գյուղում` տեսնում եմ փայտի շատ մեծ արտահոսք, և ինձ համար անհասկանալի է, թե ինչ ուղղությամբ է գնում  այդ փայտը և ինչ նպատակով, բարձրաձայնեց Ա. Ղուլյանը։
Անդրանիկ Սարգսյանի հարցը, որը վերաբերում էր պետության հովանավորությամբ ընթացող վիճակախաղի տոմսերի վաճառքին, ուղղվեց փոխվարչապետին։ Նման ճանապարհով պետական ծրագրի իրականացումը պատգամավորի համար անընդունելի և անհասկանալի է։ 
Ա. Աղաբեկյանը նշեց, որ վիճակախաղի մասին գործող օրենքում ՙպարտադիր՚ արտահայտությունը չկա։ ԼՂՀ կառավարության կողմից հիմնադրված փակ բաժնետիրական ընկերությունը զբաղվելու է պետական վիճակախաղով, և պարտադիրի բաղադրիչը չի կիրառվելու։ Նախորդ տարիների նախաձեռնություններում նկատելի էր նման բան, հիշեցրեց փոխվարչապետը` ասելով, որ վիճակախաղի տոմսերի իրացմամբ անձամբ ինքն էր զբաղվում` նպատակ ունենալով կյանքի կոչել հեռանկարային ծրագիրը։  2014 թվականի վիճակախաղի համար թողարկվել էր 300 հազար տոմս։ Նա ափսոսանք հայտնեց, որ ոչ մի գերատեսչություն դրան չի մասնակցել, քանի որ նկատելի էին այն տրամադրությունները, որոնց մասին խորհրդարանում բարձրաձայնեց իր մարտական ընկեր Անդրանիկ Սարգսյանը։ 
Արցախի կառավարությունը նպատակ ունի երկարաժամկետ վիճակախաղի հնարավորություն ընձեռել բոլոր մեր հայրենակիցներին, Արցախի տնտեսության զարգացմամբ մտահոգ առանձին քաղաքացիներին. վիճակախաղի մեկ տոմս ձեռք բերելով` կարելի է մասնակից լինել պետության զորացման գործին, ասաց Ա. Աղաբեկյանը։ Կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր, դրան զուգահեռ  կնպաստեն Արցախում արտադրվող` մշակութային արժեք ներկայացնող իրերի իրացմանը։ Տոմսերի իրացումից ստացված շահույթը բացառապես ուղղվելու է վերաբնակեցման ծրագրին։ 
Անդրանիկ Սարգսյանի համար առհասարակ անընդունելի է վիճակախաղի գաղափարը։ Նրա համոզմամբ` այդ ծրագիրը կարելի է ներկայացնել առանց վիճակախաղի, որին կարող է մասնակցել ամբողջ ժողովուրդը` ամենատարբեր ձևերով ու միջոցներով։ Փոխվարչապետն էլ վստահեցրեց, որ ինքը պատրաստ է լսել այլ առաջարկություններ, քննարկել այլ մեթոդներ և ներկայացնել դրանք` հարգելով անձի հեղինակային իրավունքը։                    
         
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ