[ARM]     [RUS]     [ENG]

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ

altՄեր հարցերին պատասխանում է ԼՂՀ  Աժ պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ ԲԱԼԱՅԱՆԸ
-Պարոն Բալայան, Մերձավոր Արևելքի իրադարձությունների կիզակետում այսօր ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորումն է, որը բացահայտ մարտահրավեր նետելով Արևմուտքին` հայտարարեց իր նպատակների և խնդիրների մասին։ 
Նախկինում հայտնի` Ուսամա բեն Լադենի գլխավորած ՙԱլ Քաիդա՚ ահաբեկչական խմբավորումն անհամեմատ քողարկված էր գործում։ Որո՞նք են ՙԻսլամական պետության՚ ի հայտ գալու նախադրյալները։   
 - Ամեն մի հասարակական երևույթի հիմքում պետք է տեսնել օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններ։  Իսլամական դրոշի ներքո պետություն ստեղծելու միտումը նույնպես օրինաչափությունից դուրս չէ։  Պետք է նկատել, որ 19-րդ դարի վերջերից սկսած, երբ փորձ արվեց իսլամի գաղափարների շրջանակներում ձևավորել պետություններ, այդ գաղափարներն աստիճանաբար ավելի խտացան և վերածվեցին շարժումների։ Խոսքս ավելի շատ վերաբերում է պանթուրքական, պանիսլամիստական շարժումներին։ Իսլամի գաղափարների խմորումն սկսվեց 19-րդ դարի վերջերից և արդեն 20-րդ դարում դրանք կյանքի կոչվեցին։ Իսլամական պետություններից Թուրքիան կարողացավ բավականին լավ օգտագործել պանիսլամիզմը` սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար։ 
Այդ գաղափարախոսությունը չմարեց հետագա ժամանակներում։ Ճիշտ է, առանձնակի ակտիվություն չնկատվեց, բայց, համենայն դեպս, շարժումը գտնվում էր նոր խմորումների մեջ և փորձում էր իրեն դրսևորել նոր իրավիճակներում։ Նոր իրավիճակներն ի հայտ եկան Թուրքիայում և Պարսկաստանում, որոնցում նկատվեց իսլամի նվիրյալների համախմբում իրենց առաջնորդների շուրջ։ Նպատակի իրագործման համար միջոցները գտնվեցին. նավթադոլարներով հարուստ Արևելքում սկսեցին աշխատել իսլամի գաղափարներն ավելի կենսունակ դարձնելու ուղղությամբ։ 
Հարկ է նշել, որ աշխարհաքաղաքական շահեր հետապնդող քրիստոնեական պետությունների կողմից փորձեր են արվել ՙԱլ Քաիդա՚ ահաբեկչական կազմակերպությանն ի նպաստ իրենց շահերն օգտագործելու և ժողովուրդներին միմյանց դեմ լարելու նպատակով։ Իսլամական շարժումն օրեցօր միս  ու արյուն ձեռք բերեց և նույնիսկ խոշոր տերությունների համար դարձավ անկառավարելի։ Ճիշտ է, Միացյալ Նահանգները Ուսամա բեն Լադենի դեմ խաչակրաց արշավանք ձեռնարկեց և փորձեց ճնշել շարժումը` ղեկավարին վերացնելու միջոցով։ Իրականում, սակայն, չհաջողվեց արմատախիլ անել շարժումը։ Դա էլ նպատակային էր. Մերձավոր  Արևելքում Միացյալ Նահանգներն իր դերակատարության պահպանման համար պետք է ունենար  ազդեցության լծակներ։ 
- ՙԻսլամական պետությունը՚ հռչակվեց Իրաքի և Սիրիայի տարածքներում։ Իրաքում Արևմուտքը հասավ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալմանը, իսկ Սիրիայում ԱՄՆ-ը շարունակում է պայքարը Բաշար ալ Ասադի իշխանության վերացման համար։ Այս տեսանկյունից ինչպե՞ս կբնորոշեիք իսլամական ծայրահեղականության ռազմավարությունը։ Հիշեցնեմ, որ ՙԻսլամական պետության՚ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ էր արել մահմեդականներին հրաժարվել արևմտյան ժողովրդավարությունից և մյուս հասկացություններից` դրանով իսկ մատնացույց անելով իրենց պայքարի գլխավոր ուղղությունը։
- Ասեմ, որ Միացյալ Նահանգներն ի սկզբանե  այդ շարժումն ի նպաստ իր շահերի էր օգտագործում, ինչը ես դիտարկում եմ որպես  աշխարհի երկու ուժային կենտրոնների միջև ընթացող պայքարի դրսևորում։ Այդ պայքարին մենք ականատես եղանք Իրաքում, Լիբիայում, Սիրիայում  և այնուհետև` Ուկրաինայում։ Գիտենք,  որ խորհրդային ժամանակահատվածում նշված երկրների տիրապետող վարչակարգերը գտնվում էին ԽՍՀՄ-ի ազդեցության տակ` ուղղորդվելով Կրեմլի կողմից։ Այսօր պուտինյան Ռուսաստանը փորձում է ոտքի կանգնել` իր երբեմնի կայսերապաշտական նկրտումներով հանդերձ և Բալկաններում ունեցած ազդեցությունից զրկվելուց հետո պայքարում է Մերձավոր Արևելքում դիրքերը պահպանելու համար։ ԱՄՆ-ի նպատակը ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելն էր. փորձում էր ռուսամետ վարչակարգերը տապալել իսլամական ծայրահեղականության միջոցով։ Իրաքում դա հաջողվեց իրականացնել։ Սիրիայում նա հանդիպեց ուժեղ դիմադրության, քանի որ այս դեպքում Ռուսաստանը ձեռքերը ծալած չնստեց։ Չմոռանանք տարածաշրջանում Պարսկաստանի  ակտիվ դերակատարությունը, որի պատճառով առայսօր ԱՄՆ-ին չի հաջողվում հասնել իր նպատակին։ 
Ներկա դրությամբ հանգամանքները փոխվել են. իսլամական շարժումն օրեցօր դուրս է մնում ԱՄՆ ազդեցությունից։ Պատահական չէ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրիի հայտարարությունն առ այն, թե ինքը դեմ չէ Բաշար ալ Ասադի վարչակարգի պահպանմանը։ Դա նշանակում է, որ նոր ձևավորվող ՙԻսլամական պետության՚ մեջ այդ գերտերությունն ավելի մեծ վտանգ է տեսնում. Մերձավորարևելյան տարածաշրջանից Արևմուտքի դեմ պայքարի մարտահրավերը  Եվրոպայում կոալիցիոն ուժերի ձևավորման պատճառ հանդիսացավ։ Ռազմական գործողություններում առաջին հերթին ներգրավվեցին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ավիացիոն ուժերը։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ եվրոպական զինուժի գործողություններն առայժմ նախազգուշական բնույթ ունեն։ Այն տպավորությունն է, որ Արևմուտքը ծայրահեղ իսլամիստների հետ հաշիվները մաքրելու մտադրություն դեռ չունի։ Ըստ երևույթին, սպասում են հետագա զարգացումներին։ Հակված եմ մտածել, որ ԱՄՆ-ն և  Եվրամիությունը ՙԻսլամական պետության՚ հետ  վերջնական հաշվեհարդար չտեսնելով` սխալ քայլ կկատարեն, քանի որ նրա շրջանակները գնալով ավելի են մեծանում։ Այդ խալիֆայության գրոհայինների թիվն աճում է ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնյա  ժողովուրդների հաշվին։ Արկածախնդիր մարդիկ փորձում են տեղ գտնել նոր ձևավորվող պետության մեջ, ինչը համարում եմ քաղաքակիրթ աշխարհին ուղղված մարտահրավեր։ Վերջինս, բնականաբար, դրա դեմ պետք է պայքարի, մանավանդ որ Երկրորդ աշխարհամարտից հետո նկատելի է  մահմեդականություն դավանող, հատկապես թուրքալեզու ժողովուրդների ինտենսիվ արտահոսք դեպի եվրոպական պետություններ` Գերմանիա, Հոլանդիա, Շվեյցարիա։ Եվրոպային իրոք վտանգ է սպառնում, չնայած այնտեղ դեռևս լիարժեք չեն ըմբռնում այդ իրողությունը։ Համոզված եմ, որ իսլամական շարժումը Եվրոպային կկանգնեցնի նոր խնդիրների առաջ։ 
-Վերջերս  ԱՄՆ նախագահ Բ. Օբաման արևմտյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում խոստովանել  էր, որ իրենք ամբողջությամբ չէին պատկերացնում ՙԻՊ՚-ի վտանգը, որ կարող է այդքան մեծ լինել։ Ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալների` փաստորեն տեղի է ունենում Ալ Քաիդայի ուժերի մնացորդների և ՙԻՊ՚-ի ներուժի կենտրոնացում, երկու խմբավորումների ղեկավարները պարբերաբար հանդիպում են և համակարգում իրենց գործողությունները։ Նախագահն այդ մարտահրավերին դիմակայելուն մեծ կարևորություն է տվել։ 
- Նրանց համար վտանգն արդեն տեսանելի է։ Նոր ձևավորվող պետությունն արդեն աշխատում է նավթային ռեսուրսներն իր ձեռքում կենտրոնացնելու ուղղությամբ։ Իսլամիստների տրամադրության տակ այսօր առկա են նյութաֆինանսական մեծ կարողություններ։ 
Հավելեմ, որ Թուրքիան հիշյալ գործընթացներում առայժմ, այսպես ասած, իր սիրախաղն է անում նոր ձևավորվող ՙԻսլամական պետության՚ հետ։
- Ծայրահեղ իսլամիստների թիրախում նախ հայտնվեց եզդի ժողովուրդը, որը ենթարկվեց զանգվածային սպանդի, այնուհետև այդ ուժերը հարձակվեցին Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա, ինչի արդյունքում դարձյալ եղան մարդկային մեծ կորուստներ և ավերածություններ։ Փաստն այն է, որ ՙԻՊ՚-ն իր ծրագրերի իրագործման համար կանգ չի առնում ոչնչի առաջ։
- Դա նույնպես հասկանալի է, քանի որ շարժման հիմքում իսլամի սունիական ուղղությունն է։ Սունիներն առավել մեծ ատելություն են տածում շիաների, քան քրիստոնյաների նկատմամբ, կարելի է ասել, որ նրանք անխնա ոչնչացնում են շիա ուղղության ներկայացուցիչներին։ Եզդիներն ու քրդերն ապրում են ձևավորվող խալիֆայության տարածքում, ասել է թե` այդ ժողովուրդներն ակամայից հայտնվել են ծայրահեղ իսլամիստների նշանակետում։ Պարզ է, նրանք պետք է հեռացվեն ճանապարհից։ 
- Թուրքիայի վերաբերմունքն իսլամիստ ահաբեկիչների նկատմամբ միանշանակ չէ. հոկտեմբերի սկզբներին թուրքական խորհրդարանն օրենք ընդունեց, որով երկրի զինված ուժերին թույլատրվում էր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի և Իրաքի տարածքներում, ինչպես նաև իսլամիստներին հարվածելու նպատակով դաշնակից երկրների զորքերին թույլատրել օգտագործել իր բազաներն ու տարածքը։ Թուրքիայի քրդերն էլ պահանջեցին, որ այս օրենքի հիման վրա թուրքական կողմը պետք է զորքերը մտցնի Քոբանի` օգնելու ինքնապաշտպանության անցած քրդերին։ Թուրքիայի իշխանությունները, սակայն, հրաժարվեցին օգնել քրդերին։
- Թուրքիայի գերխնդիրն է կանխել տարածաշրջանում ապագա քրդական պետության ձևավորումը։ Դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից ՆԱՏՕ-ի հեռանկարային ծրագրերում կար Թուրքիային այլընտրանքային պետություն ստեղծելու գաղափարը։ Սա ԱՄՆ-ի համար մի գաղափար է, որով մշտապես ճնշում է Թուրքիային` վերջինիս օգտագործելու առումով։ Իհարկե, կօգտագործի այնքան ժամանակ, մինչև ռեսուրսն իրեն կսպառի։ Թուրքական վերնախավը լավ է գիտակցում, որ քրդական պետության ձևավորումը ժամանակի հարց է.  փիլիսոփայության հայտնի օրենքի համաձայն` քանակը մի օր վերածվում է որակի։ Թուրքիան փորձում է նոր ձևավորվող խալիֆայությանն ուղղել քրդական գործոնի դեմ։ Եվ պատահական չէ, որ թուրքական կողմը թույլ չի տալիս օգտագործել Քոբանին Թուրքիային կապող միակ գիծը, քանի որ դրա միջոցով քրդերը կարող են աջակցություն ստանալ իրենց ազգակիցներից։ 
Վերջին օրերին թուրքական ավիացիան Արևմտյան Հայաստանի հարավային հատվածներում սկսել է ռմբահարել քրդական զինյալ խմբավորումների դիրքերը։ Թուրքիան փորձում է իր խնդիրները լուծել, որոնք բազմաթիվ են` կապված Սիրիայի և Իրաքի հետ։ Էրդողանի ծավալապաշտական նկրտումները հայտնի են. իսլամի դրոշի ներքո վերականգնել երբեմնի Օսմանյան կայսրության սահմանները, որոնց կազմում էին Սիրիան և Իրաքը։ Կարծում եմ, Թուրքիան նպատակ ունի ՙԻսլամական պետության՚ միջոցով թուլացնել Իրաքին ու Սիրիային, և ընդհանրապես, ի չիք դարձնել քրդական պետության ձևավորման հավանականությունը։
- Թուրքական ՙՄիլիեթ՚ պարբերականի փոխանցմամբ` ՙԻսլամական պետության՚ զինյալներն արդեն հայտնվում են Թուրքիայի տարածքում։ Ինչի՞ մասին է սա խոսում։ 
- Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները բազմաթիվ առարկայական փաստեր ունեն, ըստ որոնց` իսլամական բանակներում գտնվում են թուրքական հատուկ ծառայությունների գործակալներ։ Դրանց բացահայտել են սպանվածների մեջ։ Նշեմ մեկ ուշագրավ փաստ. Թուրքիան իր համաձայնությունը տվել էր Ինջիրլիքի ռազմաբազան ԱՄՆ-ի կողմից օգտագործելու համար, բայց առայսօր Միացյալ Նահանգները  չի կարողանում օգտագործել այն։ ԱՄՆ-ի համար նման զարգացումներն անցանկալի են, և դրա լավագույն արտահայտությունը Քերրիի հայտարարությունն էր Ասադի վարչակարգի պահպանման վերաբերյալ։ Իրաքում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո  ԱՄՆ-ում եկան այն եզրահանգման, որ ավելի լավ է ունենալ բռնատիրական, բայց  հնարավորինս կառավարելի մի վարչակարգ, քան փոխարինել այն մեկ անկառավարելի վարչակարգով։ Ավելի լավ է երկխոսություն ծավալել Ասադի հետ, քան ունենալ մի խմբավորում, որի հետ անհնար է լեզու գտնելը։ ԱՄՆ-ին ձեռնտու չէ նաև Թուրքիան անկառավարելի դարձնելը։ Գաղտնիք չէ, որ Էրդողանի կառավարությունը վերջին տարիներին տնտեսական մեծ աճ և տնտեսական մեծ կարողություններ էր կուտակել։ Իսկ դրանք, որպես կանոն, վերածվում են քաղաքական կարողության։ ԱՄՆ-ը թույլ չի տա Թուրքիային ոչ միայն տարածքային մեծ հաջողություններ ունենալ, այլ նաև տիրանալ նավթային ռեսուրսներով հարուստ այդ տարածքներին։ 
Նշված իրողությունների շրջանակներում պետք է դիտարկել նաև Միացյալ  Նահանգների լոյալ վերաբերմունքն Իրանի նկատմամբ։ Վերացվեցին պատժամիջոցները, դրական ազդանշաններ սկսեցին ուղարկել դեպի այդ երկիր։ Համոզված եմ, որ երկու երկրների փոխհամագործակցությունն այնքան էլ հեռու չէ։ Դրանով ԱՄՆ-ն լուծում է երկու խնդիր. նոր ձևավորված իսլամական շարժմանը հակակշիռ է ստեղծում և, բացի այդ, ի դեմս Իրանի, նա կունենա մի ուժ, որով հնարավոր կլինի ճնշել իր մշտական հակառակորդ Ռուսաստանին։ Այսինքն` դրանով նա հարվածելու է Ռուսաստան-Իրան համագործակցությանը։ 
- Փարիզում հակաիսլամական կոալիցիա ձևավորելիս ԱՄՆ-ն չներգրավեց Իրանին։ Պաշտոնական Թեհրանից արձագանքը չուշացավ. կոալիցիա կոչվածը շոու է, քանի որ աբսուրդ է Մերձավոր Արևելքում լուծել ինչ-որ խնդիր՝ առանց Իրանի մասնակցության։ 
- Դա գործելաոճ է։ Իրանին միանգամից չեն տանի իրենց գիրկը. նպատակն է` Իրանից ավելի շատ բան կորզել, նրան դարձնել կառավարելի։ 
- Անդրադառնանք ՙԻսլամական պետության՚ գաղափարախոսությանը, ինչից սկսել ենք զրույցը։ Այսօր քաղաքական փորձագետները  գնահատականներ են տալիս այդ երևույթին` հիշեցնելով 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Համաձա՞յն եք այն մտքին, որ ահաբեկչությունն ընդհանրապես գերտերությունների աշխարհաքաղաքական նկրտումների ծնունդ է։
- Ընդհանրապես, գոյություն ունի ահաբեկչությունը սնուցող երկու երակ. մեկը տուժած ժողովրդի պայքարի այլընտրանքային ձևն է. գալիս է մի պահ, երբ  ժողովուրդն ի վիճակի չի լինում իր խնդիրները լուծել օրինական ճանապարհով և ստիպված ընտրում է օրենքով չընդունված գործելաոճը։ Երկրորդ երակն ավելի կենսունակ է և միտված է ապագային. ահաբեկչությունը որպես  գործիք օգտագործվում է աշխարհը կառավարող ուժերի կողմից։ Ահաբեկչությունը սնուցողները կոնկրետ պետություններ են, և այս պարագայում իսլամական շարժումը սնուցվեց ու ավելի մեծ ծավալներ ընդունեց` վերածվելով զենքի, որի միջոցով լուծվում են խնդիրներ։                                 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ