Logo
Print this page

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

03.jpgԱրցախի Հանրապետության Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը հրավիրվեց նոյեմբերի 4-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում։
 Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ օրն առանձնահատուկ է թե՜ հանրապետության օրենսդիր իշխանության և թե՜ դահլիճում հավաքված 33 երիտասարդների համար։
Մի քանի ամիս տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ԼՂՀ օրենսդիր մարմնի հովանու ներքո  Երիտասարդական խորհրդարանի ստեղծումը մեր հանրային կյանքի զարգացման վկայությունն է։ 
Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստին մասնակցում էին ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ պատգամավորները, Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԼՂՀ կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարարները, սպորտի պետական կոմիտեի նախագահը, կրթական ոլորտի պատասխանատուներ, հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։      
Ա. Ղուլյանի իրազեկմամբ՝ Երիտասարդական խորհրդարանի գաղափարը շրջանառվում էր դեռևս չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում և մի որոշ ժամանակ ակտիվ քննարկումների առարկա էր։ Այն ժամանակ, սակայն, չկարողացան գտնել Երիտասարդական խորհրդարանի ճիշտ մոդելը և, բացի այդ, խոստովանեց ԱԺ նախագահը, մեր խորհրդարանում չձևավորվեց այն խումբը, որը համբերատար ու հետևողականորեն պիտի աշխատեր նախագիծն իրականացնելու ուղղությամբ։ Նա երախտագիտության խոսքեր ուղղեց այն մարդկանց, ովքեր վերջին մի քանի ամիսներին ստանձնեցին Երիտասարդական խորհրդարանի ստեղծման պատասխանատվությունը։ 
Անկախության տարիներին արցախյան հասարակությունն անցել է ձևավորման տարբեր և առանձնահատուկ փուլեր՝ գաղափարախոսական, համակարգային, պատերազմական և այլն։ Համաշխարհային փորձը վկայում է, որ հենց նման պայմաններում է առավել կարևորվում հասարակության շարժիչ ուժի՝ երիտասարդության դերակատարությունը հասարակության առաջընթացի պահպանման և, ընդհանրապես, նրա հետագա զարգացման գործընթացում։ 04.jpg
Այսօրվա պայմաններում երիտասարդության ջանքերը պետք է ուղղված լինեն ինչպես համաշխարհային գիտատեխնիկական և մշակութային ձեռքբերումների փորձի ուսումնասիրմանն ու դրանց մատչելիության մակարդակի բարձրացմանը, այնպես և ժողովրդավարական արժեքների արմատավորմանը։ Այս ամենը փոխկապակցված է հասարակական զարգացման հետ և թույլ է տալիս կառուցել բարձր պատասխանատվություն ունեցող քաղաքացիական հասարակություն, ընդգծված էր Ա. Ղուլյանի ելույթում։  
ԱԺ նախագահի խոսքով՝ Երիտասարդական  խորհրդարան ձևավորելու համար օգտագործվել են ՀՀ-ում, ինչպես նաև այլ երկրներում գործող երիտասարդական խորհրդարանների ժամանակավոր կարգերն ու կանոնադրությունները։ Երիտասարդական խորհրդարանի գործունեության հիմնական նպատակները ձևակերպվել են հետևյալ կերպ. առաջին՝ երիտասարդության խորհրդատվական մասնակցությունը ԼՂՀ օրենսդիր իշխանության իրականացմանը, երկրորդ՝ քաղաքական համերաշխության և երկխոսության պայմաններում օրենսդրական գործունեություն ծավալելու մշակույթի ամրապնդում, երրորդ՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունների իրավական կարգավորման գործում երիտասարդ հանրության ընդգրկվածության ապահովում, նրանց կարծիքի, խնդիրների և առաջարկությունների հետ հաշվի նստելը, չորրորդ՝ ինքնադրսևորման, ժամանակի մարտահրավերներին դիմակայելու, աշխատանքային և քաղաքացիական գործունեությամբ հանդես գալու համար նպաստավոր միջավայրի ապահովում, հինգերորդ՝ երիտասարդության իրական ներուժի, ստեղծագործական ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար արդյունավետ երկխոսության ծավալում, ինչպես նաև քաղաքական ու քաղաքացիական գործունեության դպրոցի  զարգացում։ 
Երիտասարդական խորհրդարանն ստեղծելիս, շարունակեց Ա. Ղուլյանը, հաշվի են առնվել ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացների զարգացման միտումները, փորձ է արվել միավորել Արցախի տարբեր շրջանների, ամենատարբեր մասնագիտությունների ու հետաքրքրությունների տեր ակտիվ երիտասարդների։
Ներածական խոսքից հետո ԱԺ նախագահը Երիտասարդական խորհրդարանի անդամներին խնդրեց գրանցվել։ Երիտասարդների՝ տեխնիկական կոճակների հետ աշխատելու առաջին փորձը հաջողությամբ ավարտին հասցնելը Ա. Ղուլյանից որոշակի ժամանակ ու ջանքեր պահանջեց։ 
Երիտասարդական խորհրդարանի 33 անդամներից առաջին նիստին ներկա էին 32-ը։ Առաջնորդվելով Երիտասարդական խորհրդարանի կազմավորման ու գործունեության կարգի 49-րդ կետով՝ խորհրդարանի առաջին նստաշրջանը և առաջին նիստը հայտարարվեց բաց։ 
Առաջին նիստի բացման առթիվ ողջույնի ուղերձ էր հղել Նախագահ Բակո Սահակյանը, որը ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը։ Ուղերձում հանրապետության նախագահի շնորհավորանքն էր անդրանիկ նիստի մասնակիցներին՝ իրենց կյանքում տեղի ունեցած այս նշանակալի իրադարձության առթիվ։ Բ. Սահակյանը հույս էր հայտնել, որ յուրաքանչյուրի համար այն կդառնա մեր հանրապետության հասարակական գործընթացներում ակտիվ ներգրավման, պետականաշինությանը գործուն մասնակցության յուրահատուկ դպրոց։ ՙՁեր նիստերի օրակարգում պետք է ընդգրկված լինեն հարցեր, որոնք պահանջում են բազմակողմանի վերլուծություններ ու քննարկումներ, ճշգրտված առաջարկություններ ու հավասարակշռված մոտեցումներ առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ՚, ասված էր Նախագահի ուղերձում։ Նաև համոզմունք էր հայտնվում, որ Ազգային ժողովում ձեռքբերված փորձը կարող է և պետք է դառնա հուսալի հիմք նրանց հետագա գործունեության համար։ Նախագահը  հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել երիտասարդ խորհրդարանականներին։
Ա. Ղուլյանն այնուհետև ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի կազմը. նրանում ընդգրկվել էին Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները՝ թվով 11 անդամներ, ըստ ԼՂՀ հինգերորդ գումարման ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների համամասնության, ԱԺ-ում չներկայացված կուսակցություններից՝ 1 անդամ, ռոտացիոն կարգով։ Նաև  6 անդամներ բարձրագույն ուսումնական հաստատություններից. այստեղ հաշվի են առնվել մեր երկրում պետական հավատարմագրում ստացած և գործող բարձրագույն հաստատությունները։ Երիտասարդական խորհրդարանի 7 անդամներ ինքնաառաջադրվել են հանրապետության բոլոր շրջաններից, և 8 անդամներ ռոտացիոն սկզբունքով ընդգրկվել են գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններից։
ԱԺ նախագահը ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի անդամներին։ Առաջին նիստի օրակարգով նախատեսված հաջորդ հարցը Երիտասարդական խորհրդարանի երդման արարողությունն էր։ Երդման տեքստը կարդաց տարիքով ամենակրտսեր Հարություն Հարությունյանը, իսկ մյուսները համաձայն լինելու դեպքում իրենց ստորագրությունը պիտի դնեին նախօրոք իրենց տրամադրված նույն տեքստի ներքո, որն ուներ հետևյալ բովանդակությունը. ՙՀանուն համազգային նպատակների և հայրենիքի զորացման ու բարգավաճման երդվում եմ հավատարիմ ծառայել Արցախի Հանրապետությանն ու նրա ժողովրդին, բարեխղճորեն կատարել Երիտասարդական խորհրդարանի անդամի պարտավորությունները, պահպանել ԼՂՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել հանրապետության ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ՝քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար՚։ 
Ելույթի հնարավորություն տրվեց Երիտասարդական խորհրդարանի նախագահ՝ տարիքով ավագ Սևակ Հակոբյանին։
Նիստի ավարտին ներկայացվեց Երիտասարդական խորհրդարանի 7 մշտական հանձնաժողովների կազմը։
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.