Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՙՍՊԻՏԱԿ՚ ԵՂԵՌՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

0114baku1.jpg1990թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեց հայերի ջարդը, որը տեւեց մեկ շաբաթ: Այն դադարեցվեց միայն յոթերորդ օրը` քաղաքը խորհրդային զորքեր մտցնելուց հետո: Բաքվի ողբերգությունը հարյուրավոր հայերի կյանքի գին ունեցավ:
 Իսկ հարյուր-հազարավորները հայտնվեցին փախստականի կարգավիճակում, Բաքվում թողնելով տասնամյակների իրենց աշխատանքի արդյունքը, իրենց տունուտեղը, երբեմն նույնիսկ փաստաթղթերը: Արդեն մոտ երկուսուկես տասնամյակ անց՝  այդ հանցագործության արմատներին ու դասերին է անդրադառնում ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարասար ՍԱՐՅԱՆԸ:
ՙԱմենից առաջ պետք է հիշել, որ Ադրբեջանն այս տարածքներում ձեւավորվել է նվաճողական մեթոդներով: Այդ քաղաքականությունը շարունակվեց նաեւ Խորհրդային Ադրբեջանի կողմից: Նրա հիմնական թիրախը տեղաբնիկ ժողովուրդներն էին: Նոր Թուրքիայի հիմնական խնդիրն իր սահմաններում միատարրություն ապահովելն էր, ազգ ձեւավորելը՚,- զարգացումների պատմական արմատներին է անդրադառնում Ս. Սարյանը: Խորհրդային իշխանության ողջ ընթացքում բուն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում կիսածածուկ, իսկ Ադրբեջանի տարածքներում՝ ավելի բացահայտ, հայության դուրսմղման քաղաքականությունն է իրականացվել: Վերակառուցման տարիներին այդ երեւույթն ավելի լայն չափեր էր ընդունել: Իսկ 1988-1990թթ. գրանցվեց այդ քաղաքականության բարձրակետը: Ադրբեջանն ազատվեց հայերից, կամ որ նույնն է՝ միատարր պետություն դառնալու իր գլխավոր խոչընդոտներից մեկից: ԼՂՀ փախստականների միության նախագահն այդ մոտեցմանը մասնակի է համամիտ։ ՙԵթե հաշվի առնենք, որ հայերն Ադրբեջանի տարածքում եղել են ամենածանրակշիռ եւ ամենակազմակերպված փոքրամասնություններից մեկը, ապա կարող ենք ասել, որ այդ մասով, այո, Բաքուն ազատվեց մի ծանր հոգսից՚,- ասում է նա: Սակայն անգամ այս դեպքում՝ Բաքվի իշխանությունների համար դեռ վաղ է հաղթանակ տոնելը: Անգամ հանցագործությունների այդ շարքից հետո Ադրբեջանը միատարր պետության չվերածվեց: Եվ այսօր այն վառոդի տակառի է նման, որը կարող է մեկ կայծից պայթել: ՙՆրանց միայն թվում է, թե կարողացել են միատարր պետություն ստեղծել՝ ի դեմս այսօրվա Ադրբեջանի,- ընդգծում է Ս. Սարյանը,- Ադրբեջանում այսօր էլ շարունակում են ապրել ե՜ւ տեղաբնակ շատ ժողովուրդներ, ե՜ւ եկվոր թյուրքական ցեղեր, որոնք այդպես էլ չկարողացան ժողովրդի վերածվել: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքում բնակվող փոքր ժողովուրդները կկարողանան իրենց պայքարում այն մակարդակին հասնել, որ կհայտարարեն իրենց իրավունքների մասին: Դրա համար էլ համոզված եմ, որ անգամ հայերից ազատվելուց հետո  Բաքվում այսօր ուրախանալու առիթ չունեն՚: 
Առանձնապես ուրախանալու առիթ չունեն նաեւ հայ փախստականները: Մոտ երկուսուկես տասնամյակ հարյուր-հազարավոր հայեր փախստականների կարգավիճակում են: Ընդ որում՝ շատ դեպքերում անգամ նրանց այդ կարգավիճակը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից: Ընդհանուր պահանջների հետ՝ փախստականների առանձին խմբեր նաեւ առանձին պահանջներ ունեն: ԼՂՀ փախստականների միության նախագահը կոչ է անում փախստականներին միատարր զանգված չդիտարկել. ՙՍկսենք Ադրբեջանից: Ինչ վերաբերում է Հյուսիսային Արցախին, ապա մենք պահանջում ենք ոչ թե փոխհատուցում, այլ պահանջում ենք մեր հայրենիքը: Շատերը պատրաստ են վերադառնալ՝ եթե Հյուսիսային Արցախը Արցախի Հանրապետոթյան սահմաններում լինի:  Ինչ վերաբերում է Ադրբեջանի խորքերից մազապուրծ հայերին, ասենք՝  Բաքվի 300 հազար հայերին, Սումգայիթի եւ այլ բնակավայրերի հայերին, նրանք չեն վերադառնա, նրանց համար մենք նյութական փոխհատուցում ենք պահանջում ամենից առաջ: Ի վերջո՝ այնտեղ տարիներով կուտակված ունեցվածք ենք թողել, թողել ենք ստեղծված արժեքներ, որոնք այսօր էլ մեծ շահույթներ են բերում Ադրբեջանին: Այդ առումով փոխհատուցման հարցը մենք միշտ օրակարգում ենք պահելու: Միջազգային հանրությունից մեր ակնկալիքների մասին խոսենք: Այս հարթությունում մենք ամենից առաջ Արցախի Հանրապետության ճանաչումն ենք պահանջում եւ այն, որ մեր փախստականի կարգավիճակը ճանաչվի, որ Արցախում հաստատված փախստականը եւս կարողանա օգտվել միջազգային կազմակերպությունների նյութական եւ բարոյական աջակցությունից: Ինչ վերաբերում է Արցախի իշխանություններից մեր ակնկալիքներին, ապա դրանք հիմնականում սոցիալական ոլորտից են՚: 
Ինչպես եւ անցած տարիներին՝ արդարացել են միայն Արցախի իշխանություններից ունեցած ակնկալիքները՝ այն էլ մասամբ՝ որքան որ թույլ են տվել պետական բյուջեի սուղ հնարավորությունները: 2014-ին փախստականների մի քանի ընտանիքներ պետության կողմից բնակարաններ եւ առանձնատներ ստացան: Որոշ ընտանիքների էլ միջոցներ տրամադրվեցին իրենց բնակարանների վերանորոգման համար: ՙԲայց չենք կարող ասել, թե փախստականների բնակարանային հարցն Արցախում վերջնականապես լուծված է՚,- գնահատում է Ս. Սարյանը, հավելելով, թե 2014-ին հաստատված մի շարք ծրագրեր հույս են ներշնչում, որ 2015-ին այս ուղղությամբ ավելի մեծ ձեռքբերումներ կլինեն:
Փախստականների միության նախագահը նաեւ Ադրբեջանում այսօր տիրող իրավիճակի մասին է խոսում: Այդ երկիրն անթաքույց շարունակում է միատարրության հասնելու իր քաղաքականությունը: Մարդկանց հիմնարար ազատությունները ոտնահարելու Բաքվի քայլերը դատապարտող պետություններն ու միջազգային կազմակերպությունները, սակայն, գրեթե երբեք չեն անդրադառնում այդ ամենի արմատներին, համոզված է Սարասար Սարյանը՝ ի նկատի ունենալով ամեն ինչի հիմքում իրենց պատմական հողերում ապրող բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության զարթոնքը խափանելու Բաքվի քաղաքականությունը։ ՙՄեզնից՝ Ադրբեջանում ապրած հայերից, ավելի լավ ո՞վ կարող է պատկերացնել ազգային փոքրամասնությունների նկատմամբ Բաքվի դիրքորոշումը,- նկատել է տալիս նա:- Մեծ կորուստների գնով մենք մեր իրավունքները կարողացանք պաշտպանել: Իսկ ահա թալիշների՝ անկախ պետություն ունենալու փորձը 1993-ին դաժանորեն ճնշվեց, բազմաթիվ լեզգիներ, ովքեր ազգային հարց էին բարձրացրել՝ առայսօր ադրբեջանական բանտերում են: Մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել մեր հարեւանի իրական դեմքը: Իսկ Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում վերջին շրջանում ահաբեկչության ակտիվացումը պետք է միայն հաստատի մեր դիրքորոշումը, որ անհամատեղելին համատեղելն այս փուլում անհնար է՚:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ