Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆԵՐԻ՜Ր, ՀԱՅԱՍՏԱ՜Ն

altՄարդասպան զինվորն արժանի չէ բարեկամ ժողովրդին
Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում ու Երևանում, արդեն մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացվում` ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հայաստանյան արդարադատության ձեռքը հանձնելու պահանջով։ Պերմյակովին կասկածում են Ավետիսյանների ընտանիքի` լայն արձագանք հարուցած  սպանությունն իրականացնելու մեջ:
Սպանդի արդյունքում Ավետիսյանների տանը սպանվել է 6 մարդ։ 7-րդ զոհը վեց ամսական երեխա է, ում ենթադրյալ հանցագործը դանակով հարված էր հասցրել կրծքի շրջանում (ցավոք, երեխան հետագայում մահացել է.- ՙԱԱ՚)։
Ընդ որում« ՙենթադրյալ՚ բառն այստեղ զուտ ձևական գործառույթ ունի։ Իհարկե, մարդն անմեղ է, քանի դեռ դատարանում չի ապացուցվել հակառակը, իսկ հետաքննությունը պաշտոնապես դեռ չի ավարտվել և դժվար թե ավարտվի վաղը։ Այդուհանդերձ, դեպքի վայրում բոլոր գտնվողների, այդ թվում` քննիչների համար, պարզ է, որ մարդասպանը հենց Վալերի Պերմյակովն է։
Թողնենք իրավաբաններին իրենց իրավունքներն ու պարտականությունները և փոխարենն անդրադառնանք Գյումրիում մի քանի օր առաջ կատարվածի մյուս կողմին։
Երբ Փարիզում ահաբեկիչները տասներկու մարդ սպանեցին, Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվել էր մարդկանց հոծ բազմություն, ովքեր անկեղծորեն ցավակցում էին զոհվածների ընտանիքներին ու ողջ Ֆրանսիային, և դա անընդմեջ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ։ Իսկ այս դեպքում Ռուսաստանում ասես ոչ ոք  տեղյակ չէ Գյումրիից …
Թե՞ բանն այն է, որ սպանվածներն այս անգամ ֆրանսիացիներ չեն, այլ հայեր։ Իսկ գուցե, որքան էլ սարսափելի հնչի, դիակների քանա՞կն է քչություն անում։ Թե՞ խնդիրն այլ բանում է։ Նրանում, որ այդ մարդկանց սպանել են ոչ թե միջազգային ահաբեկիչները, որոնց դեմ համատարած ու համապարփակ պայքար է ընթանում, այլ ընդամենը 18-ամյա մի տականք։
Մեխանիկ-վարորդ Պերմյակովը հայրենիքի հրամանով ծառայում էր Հայաստանում տեղակայված  ռազմական բազայում։ Զինվորը ձանձրացել էր ծառայելուց ու փախել  հերթապահությունից՝ զենքով հանդերձ։ Նա արդեն հասցրել է քննիչների հետ կիսվել իր պլանի մանրամասներով՝ Թուրքիա էր փախչում։ Սակայն սահմանի կեսճամփին, ինչպես հետևում է Պերմյակովի ցուցմունքներից, նրան համակեց ծարավը, և նա հայտնվեց ինչ-որ մեկի տանը, որտեղ բոլորը քնած էին։ Այդպես էլ զոհվեց Ավետիսյանների ընտանիքը. երբ անդամներից մեկն արթնացավ, Պերմյակովը վախեցավ ու գնդակահարեց բոլորին։ Քնածներին ինքնաձիգից կրակեց, իսկ կես տարեկան Սերյոժայի կրծքին հարվածեց դանակով։
Այս ողբերգությունը նման է 2012 թվականի մայիսի վերջին ղազախական սահմանապահ ՙԱռկանկենգեն՚ հենակետում կատարված դեպքին։ Այդ ժամանակ շարքային Վլադիսլավ Չելախը գնդակահարել էր բոլոր իր ծառայակիցներին ու անտառապահին, ով ապրում էր  հարևանությամբ։ Զոհվել էր տասնհինգ մարդ։ Քննիչները եկել էին այն եզրահանգման, որ կատարվածի պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն ու շարքային Չելախի մոտ ՙբանականության մթագնումն՚ էր։ Չի բացառվում, որ Գյումրիի սպանդի պատճառներն էլ (համենայն դեպս՝ պաշտոնապես հայտարարվածները) կլինեն նույնօրինակ: Բայց, այնուամենայնիվ, այս երկու ողբերգությունների միջև կա տարբերություն ու այն էլ՝ էական։ 
Չելախի գործողությունները ներղազախստանյան հարց էր։ Այնտեղ բոլորը՝ թե՜  հանցագործը, թե՜ զոհերը, հանդիսանում էին միևնույն պետության քաղաքացիներ։ Գյումրիի սպանության պատմությունը կապված է երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների հետ։
Եթե որևէ մեկը տեղյակ չէ, ապա Հայաստանը միակն է հետխորհրդային անդրկովկասյան հանրապետություններից, որն անկեղծորեն շարունակում է ձգվել դեպի Ռուսաստան։ Ինչ էլ ասեն վրաց-ռուսական հարաբերությունների վերակենդանացման մասին, 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո դրանք այդպես էլ, մեծ հաշվով, չկարգավորվեցին ու դժվար երբևէ հասնեն վստահության այն մակարդակին, որը կար մինչ 2008 թվականի օգոստոսը։ Անգամ, այսպես կոչված, ժողովրդական դիվանագիտության հատվածում։
Ադրբեջանն իր կասպիական նավթով վաղուց փորձում է ինքնուրույն պարտիա խաղալ աշխարհաքաղական դաշտում ու ամենևին ոչ միշտ է ռուսական կողմնորոշում ցուցաբերում։ Ու միայն Հայաստանն է, որ մինչ այժմ շարունակում է մնալ մեր հավատարիմ բարեկամը։ Ըստ էության, ռուսական ռազմաբազան հենց այդ պատճառով է տեղակայված Գյումրիում։
Չգիտեմ` ուրիշներն ինչպես, անձամբ ես վստահ եմ, որ տերության հզորությունն ու վեհությունը, եթե, իհարկե, դրանք ուռճացված չեն, դրսևորվում են հենց նման իրավիճակներում։
Բնականաբար, Հայաստան մեկնեց ՊՆ հանձնախումբը՝ փոխնախարարի գլխավորությամբ։ Բնականաբար, նույն այդ ժամանակամիջոցում (կամ էլ մոտավորապես նույն ժամանակամիջոցում) սրիկային բռնեցին։ Բնականաբար, նրան դատելու են։ Սկզբից  տեղեկատվություն կար, թե քանի որ Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ընդ որում՝ զինծառայող, ով ծառայողական պարտականությունների կատարման մեջ էր, ապա պետք է ենթարկվի Ռուսաստանի քննչական ու դատական իրավասությանը: Բայց միանգամայն հնարավոր է, որ հայկական հանրության ճնշման ներքո հանցագործին հանձնեն տեղական արդարադատության ձեռքը, ու եթե այդ տեղի ունենա, ապա դա ոչ մի կերպ չի վկայի Ռուսաստանի թուլության մասին։ Ճիշտ հակառակը։
Եթե հետաքննությունը ձեռքի տակ ունենա Պերմյակովի մեղքի ծանրակշիռ ապացույցներ (իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն), ապա ուժեղի ժեստը տվյալ պարագայում կարտահայտվի մյուս կողմին զիջելու մեջ: Ի վերջո, մարդասպանին ոչ մի լավ բան չի սպասվում և Ռուսաստանում, լավագույն դեպքում՝ ցմահ ազատազրկում տխրահռչակ ՙՍև դելֆինում՚։
Չեմ կասկածում, որ կգտնվեն այնպիսիք, ովքեր որպես հակափաստարկ կբերեն ԱՄՆ-ի օրինակը, ինչպես դա այժմ ընդունված է մեզ մոտ. իբր, ամերիկացի զինծառայողներին, ովքեր Աֆղանստանում ու Իրաքում սպանում են խաղաղ բնակիչների, դատում են հենց Միացյալ Նահանգներում, ուստի մենք էլ չպետք է մերոնց տարհանձնենք ոչ մի պարագայում։
Իսկ ես համարում եմ, որ այդպիսի ՙմերոնց՚ կարելի է և նույնիսկ պետք է հանձնել։ Առավել ևս, երբ խոսքը եղբայրական ժողովրդի ու դաշնակից պետության մասին է։ Քանի որ եթե դա չարվի, Ռուսաստանը կարող է կորցնել ոչ թե մարդասպանին, որին չի կարելի մարդ անվանել, այլ բարեկամ երկրին: Հայաստանում տաքգլուխներն արդեն ցույցերի են դուրս գալիս հակառուսական կարգախոսներով, ինչ-որ մեկն անգամ փորձեց ՌԴ դրոշն այրել: Այդ մարդկանց կարելի է հասկանալ. նրանք չեն ուզում, որ իրենց հողի վրա անմեղ համերկրացիների արյուն թափվի։ Բարդ կացության մեջ է հայտնվել նաև տեղական ռուսամետ իշխանությունը, որը կարող է կորցնել ժողովրդի աջակցությունը։
Սակայն Պերմյակովին Հայաստանի քննությանն ու դատարանին հանձնելն, իմ կարծիքով, քիչ է։ Պետք է Հայաստան մեկնեն ու ներողություն խնդրեն ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, քան փոխնախարարը: Ռուսական զինվորական համազգեստով մարդու կողմից սպանվածների հարազատները պետք է Ռուսաստանի կողմից ցմահ ապահովվեն: Եվ ի վերջո, Հայաստանի դեսպանատան մոտ չպետք է դադարի մարդկանց հոսքը, այնտեղ պետք է գոյանան ծաղիկների սարեր, ու վառվեն մոմեր։ Սա արդեն ոչ թե պետությանն է վերաբերում, այլ բոլորիս։
Այդժամ մենք բարեկամներ չենք կորցնի` բարեկամ-մարդկանց ու բարեկամ-երկրի։ Եվ այդժամ կհամոզվեմ, որ իմ Ռուսաստանն, իրոք, գերտերություն է։
Իսկ մինչ այդ՝ ինքս եմ ներողություն խնդրում հայերից։ Ներեցե՜ք, եղբայրնե՜ր։
 
ՙՄոսկովսկի կոմսոմոլեց՚ թերթ,
թիվ 26718, 17 հունվարի 2015թ. 
 
(Տպագրվում է կրճատումներով)
 
Սերգեյ ԳԱՊՈՆՈՎ