ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
Թուրքալեզու պետությունները հանդես կգան նոր ռազմավարությամբ
Ադրբեջանի նախագահի հովանավորությամբ գործող Haqqin. az կայքն օրերս հրապարակեց իր հերթական խմբագրականը, որը քիչ է ասել, թե արժանի է ուշադրության։
Ավելի ճիշտ, ադրբեջանցիներն իրենք են խնդրում, որ ուշադրություն դարձնենք այդ հրապարակմանը։ Թե ինչու են ձգտում դրան, դժվար չէ կռահել. ադրբեջանական իշխանությունները, հետևելով ավագ եղբոր՝ Թուրքիայի օրինակին, ամեն ինչ անում են՝ ցուցադրելու իրենց անկախությունն Արևմուտքից։ Այս հարցում նրանց քարոզչությունն ու գործնականությունը գրեթե միահյուսված են։
Հիշյալ կայքի փոխանցմամբ՝ շվեյցարական Դավոս քաղաքում վերջերս տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և ամերիկացի ֆինանսիստ, լիբերալ հայացքներով քաղաքական գործիչ և համաշխարհային գունավոր հեղափոխությունների հովանավոր Ջորջ Սորոսի հանդիպումը։ Նրա ղեկավարած բարեգործական հիմնադրամի միջոցներով են կյանքի կոչվում հանրահայտ ՙԲաց հասարակության ինստիտուտի՚ գաղափարները։ Սորոսի դրամաշնորհներով են աշխարհի տարբեր երկրներում գործում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Նորություն չէ նաև, որ այս հիմնադրամից սնվող գրեթե բոլոր կազմակերպություններն իրենց երկրներում զբաղվում են ընդդիմադիր գործունեությամբ։ Ադրբեջանական աղբյուրն, իմիջիայլոց, Ալիև-Սորոս հանդիպումը ներկայացրել է սեփական մեկնաբանությամբ՝ նպատակ ունենալով հակադարձել Արևմուտքից Բաքվին տրվող ժողովրդավարության դասերին։
Հունվարի վերջերին միջազգային լրահոսն իրազեկեց մեկ այլ իրողության մասին. Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացրել է Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվությամբ հայտնի մարդկանց նկատմամբ շարունակվող հետապնդումների փաստերը։ Եվրոպական պաշտոնյայի քաղաքական գնահատականն առավել քան խոսուն է. Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես պետություն, որը 47 անդամ ունեցող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության ժամանակահատվածում աննախադեպ հետապնդում է իրականացրել իրավապաշտպանների նկատմամբ։
Դառնանք դավոսյան հանդիպմանը. Ադրբեջանի նախագահի հետ զրույցի թեման մեկն էր՝ Բաքվի դռները բացել ՙԲաց հասարակության ինստիտուտի՚ առջև։ Ըստ հիշյալ ադրբեջանական աղբյուրի՝ նախագահը խոստացել է դա անել, սակայն մեկ պայմանով՝ Սորոսի հիմնադրամը, ասել է թե՝ Միացյալ Նահանգները, չպիտի խառնվի Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին։
Այսպիսով, Ադրբեջանի նախագահը համաձայնեց թույլատրել Սորոսի հիմնադրամի ազատ գործունեությունն իր երկրում՝ լավ իմանալով, թե ինչ է դա նշանակում։ Ի դեպ, նախկինում էլ էր այն գործում, սակայն ադրբեջանական ընդդիմության ոչ հեռու անցյալում ունեցած ակտիվ ելույթները Ալիևին ստիպեցին օրենքով արգելել այդ կազմակերպության ազատ գործունեությունը։ Հարց է ծագում. ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը գտավ, որ այժմ ՙԲաց հասարակության ինստիտուտն՚ առանձնակի վտանգ չի ներկայացնում իր վարչակարգին։
Ադրբեջանական կայքի առաջնորդող հոդվածում այս հարցին տրվել է միանգամայն սպասելի պատասխան. գունավոր հեղափոխությունների ժամանակն անցել է… Դրսում ուրիշ ժամանակներ են։
Ակնարկն, անշուշտ, միանշանակ է. այսօր մենք քաղաքակրթությունների պայքարի ականատեսն ենք, վկաները իսլամի և քրիստոնեության պատերազմի։ Ժողովրդավարական գաղափարներով զինված Արևմուտքի կողմից իրականացվող գունավոր հեղափոխությունների դեմ անհաշտ պայքարի դրոշ է բարձրացրել իսլամական ծայրահեղականությունը։ Դրա վառ դրսևորումն էր տարեսկզբին եվրոպական քաղաքակրթության բնօրրան Ֆրանսիայի մայրաքաղաքում մամուլի նկատմամբ ձեռնարկված ահաբեկչական գործողությունը։ Այն փաստորեն քրիստոնեական աշխարհին ուղղված բացարձակ մարտահրավեր էր։
Իսլամական ծայրահեղականությունն Ադրբեջանում, ինչպես վկայում են փաստերը, հովանավորվում է պետական մակարդակով։ Ստացվում է, որ Արբեջանի նախագահին այլևս չի անհանգստացնում ՙմայդանի՚ հեռանկարը, քանի որ ինքը տիրապետում է դրա դեմ պայքարի նոր մեթոդներին։
Դավոսյան հանդիպումից հետո Ջ. Սորոսը հայտարարություն արեց առ այն, որ ինքն Ադրբեջանի նախագահից պահանջել է քաղբանտարկյալների ազատում, ընդդիմության գործունեության համար պայմանների ապահովում, դրա հետ մեկտեղ արտահայտել է իր անհանգստությունն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ։ Այս ամենն, ինչպես երևում է, Ի. Ալիևին այնքան էլ չի անհանգստացնում։ Եվ չնայած նա էլ իր հերթին ներքաղաքական գործընթացներին չմիջամտելու պահանջ է ներկայացրել Սորոսին, իրականում Ադրբեջանի նախագահը գործի է դրել իր դիվանագիտությունը։
Որ Իլհամ Ալիևի ծրագրերի մեջ չի մտնում համաշխարհային ուժային կենտրոններից որևէ մեկի հետ դաշնակցելը, վկայում են այդ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Կարծում ենք, արժե հիշեցնել պաշտոնական Բաքվից բազմիցս հնչած հայտարարությունները, համաձայն որոնց՝ ադրբեջանական ներկա իշխանությունները չեն պատրաստվում դաշինքի մեջ մտնել ո՜չ Արևմուտքի և ո՜չ էլ Եվրասիական տնտեսական միության հետ։ Երկու կողմերի հետ նրանք համագործակցում են այնքանով, որքանով իրենց շահն է թելադրում։ Այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի համար առաջին տեղում թուրքալեզու պետությունների համագործակցությունն է։ 2014-ին այդ ձևաչափով կայացած մի շարք հանդիպումներ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների մասնակցությամբ, ակնհայտորեն ցույց տվեցին, որ իրենց փոխհամագործակցությունն առավել կարևոր է, քան աշխարհաքաղաքականության սուբյեկտների հետ դաշինքի մեջ մտնելը։
Ադրբեջանին ոգեշնչում են մեր ժամանակների այս նոր իրողությունները, առավել ևս այն, որ իսլամիստ ծայրահեղականների՝ Արևմուտքին ուղղված մարտահրավերին ու նաև նրանց գործողություններին աջակցում է Թուրքիան։ Սա էլ Թուրքիայի մարտահրավերն է ԱՄՆ-ին ու նրա դաշնակից եվրոպական պետություններին։ Դրա փաստացի հիմնավորումներից մեկն էլ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ հունվարի 24-ին արած՝ դարձյալ ոչ անսպասելի հայտարարությունն էր. Թուրքիան կորցրել է Եվրամիության անդամ դառնալու հեռանկարի հանդեպ հետաքրքրությունը։ ՙԵթե դուք նախկինի պես տեսնում եք դռներ ծեծող Թուրքիա, իմացեք, որ դա այդպես չէ։ Թուրքիան մտադիր չէ խնդրել… Թուրքիան փորձում է հասկանալ՝ Եվրոպան ժողովրդավարական համակա՞րգ է, թե՞ քրիստոնեական ակումբ՚. նախագահի խոսքերն է մեջբերել թուրքական Today’s Zaman-ը։
Իսկ ադրբեջանական APA գործակալությունը մի քանի օր անց իրազեկեց, որ Թուրքմենստանում այս տարի նախատեսվում է անցկացնել Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների գագաթնաժողով։ Գործակալությունը որպես աղբյուր վկայակոչել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Վերջինիս խոսքով՝ այս որոշումը կայացվել է երեք պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են եռակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարը, տարածաշրջանի և Եվրոպայի համար կարևոր նախագծեր, ինչպես նաև տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներին առնչվող հարցեր։ Երեք երկրների համատեղ գործողությունները, Չավուշօղլուի խոսքով, շատ կարևոր են, հետևաբար, քննարկումները պետք է շարունակվեն երեք նախագահների մակարդակով։
Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ արձանագրենք, որ ներկա փուլում արևմտյան ժողովրդավարությունը մահմեդական աշխարհի կողմից ենթարկվում է մարգինալացման։ Եվ այս գործընթացում միակ դերակատարն իսլամական ծայրահեղականությունը չէ. գնալով ավելի մեծ թափ է ստանում թուրքալեզու պետությունների համագործակցությունը։ Այս դաշինքը հավակնում է վեր բարձրանալ ահաբեկչական գործողությունների մակարդակից, և այս առումով Թուրքմենստանում կայանալիք գագաթնաժողովն, անտարակույս, նախանշելու է գլոբալ պայքարի վեկտորներն ու ռազմավարությունը։ Սա պետք է ընդունել ի գիտություն։
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ