ԵՂԵՌՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿՈՉՄԱՆ ԳԻՐՔ
Փետրվարի 6-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ Հրայր Բազե Խաչերյանի ՙ100՚ վերտառությունը կրող գրքի շնորհանդեսը, որով և մեկնարկեց Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների ծրագիրը:
Գիրքն իր 2000-ից ավել լուսանկարներով պատմում է Արևմտյան Հայաստանի մշակութային այն կառույցների մասին, որոնք քիչ թե շատ պահպանվել են: Հրայր Բազեի այս առաքելությունը նպատակ ունի երիտասարդ սերունդներին ի ցույց դնել հայ ազգի մշակութային ժառանգությունը, որը նույնպես ենթարկվել է եղեռնագործության:
Միջոցառումը բացեց ՙՇուշի քաղաքի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը, ով ներկայացրեց դեռ պատերազմյան տարիներից ավագ սերնդին քաջ ծանոթ Հրայրին և նրա կատարած դժվարին աշխատանքը: Աշխատանք, որի շնորհիվ երիտասարդ սերունդները հնարավորություն կունենան ճանաչել Արևմտյան Հայաստանի մշակութային շերտը` ճարտարապետական կառույցներ, խոնարհված եկեղեցիներ, կիսաքանդ կամ արդեն փլված կամուրջներ, տներ, ինչպես և տարազներ ու այն ժամանակվա առօրյա իրեր։
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը կատարած աշխատանքը որակեց որպես բացառիկ: ՙԶանազան միջոցառումներ` ուղղված անմեղ զոհերի հիշատակին, ինչպես և Ցեղասպանության հարցի բարձրացումը տարբեր միջազգային ատյաններում, մեր պարտքն է հայության ոչ միայն 1,5 մլն զոհերի հանդեպ, այլ նաև բոլոր այն ազգերի, ովքեր անցել են նման արհավիրքով: Ցեղասպանության միջազգային ճանաչումը կկանխարգելի այլ եղեռնագործություններ: Մենք պետք է ի ցույց դնենք նաև մեզ հասցրած մշակութային արհավիրքը, և այդ առումով Հրայր Բազեի գիրք-ֆոտոալբոմն իր ուրույն տեղը կունենա այս գործընթացի մեջ՚, - նշեց նախարարը: Նա ընդգծեց Հրայրի առաջին այցի (1992թ.) կարևորությունը, որը բոլորի կողմից ընկալվեց որպես աջակցման մեծ քայլ, յուրովի ներդրում ազգային¬ազատագրական պայքարի գործում: Արդյունքում՝ լույս տեսած ֆոտոալբոմները, որոնք տարածվել են աշխարհով մեկ, հերոսական տարիների փաստացի վկաներն են: Նախարարը հատկանշեց, որ ներկայացրած պատկերագիրքն օրիգինալ միակ նմուշն է, որի շնորհանդեսը, հեղինակի որոշմամբ, պետք է տեղի ունենա Արցախում: Պատկերագրքի մեջ զետեղված մշակութային ժառանգության մի մասն այսօր սփռված է տարբեր երկրներում, ուր տարել են իրենց հետ մազապուրծ եղած հայերը` ի պահ տալով թանգարաններին, գիտական կենտրոններին... ՙՀրայր Բազեի կատարած գործի մեծությունը նաև նրանում է, որ նա շրջել է տարբեր երկրներ, տարբեր թանգարաններ ու գիտական կենտրոններ, լուսանկարել և պատմությանը պահ տվել: Սա իր 1993թ. ուխտերից մեկն է, և համոզված եմ, որ նա կյանքի կկոչի մի շարք այլ ծրագրեր՚,- շնորհակալական իր խոսքում ասաց Նարինե Աղաբալյանը:
Հրայր Բազեն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ու հիշեց ուխտի օրը: Վիրավոր էր, գտնվում էր հիվանդանոցում. կյանքին վտանգ էր սպառնում: Այդ օրն ուխտ արեց` փրկվելուն պես լուսանկարներով սերունդներին թողնել հայկական պատմամշակութային ժառանգությունը: Նա նշեց, որ ՙ100՚ անվամբ գիրքը 12-րդն է ուխտի շարքից, որի վրա աշխատել է 17 տարի: Գիրքը նվիրել է իր մեծ պապիկին ու տատիկին, որոնք զեյթունցի են եղել: Պապիկը, հիշում է նա, զենքով էր պաշտպանել հայրենիքը: Գրքի դիզայնը կատարել է ինքը` հեղինակը: Վերնագրի էջի վրա տեղադրված է զեյթունցիների մշակույթը բնորոշող ափսե-սինին, որի շուրջ զետեղված են այն ազգերը, որոնք նույնպես ենթարկվել են ցեղասպանության Օսմանյան Թուրքիայում: Սրանով իսկ հեղինակը հիշատակի տուրք է մատուցում նաև ցեղասպանություն ապրած այլ ժողովուրդներին:
Գիրքը պայմանականորեն բաժանված է 4 մասերի` գարուն, ամառ, աշուն, ձմեռ, և սկսվում է Արարատ լեռան ու Նոյյան Տապանի մասունքների լուսանկարներից, որոնք պահպանվում են Սուրբ Էջմիածնում: Այնուհետև, ինչպես կարելի է կռահել, ցուցադրված են զեյթունցիների տարազները, հեթանոսական աստվածները և այսպես` 2000-ից ավելի լուսանկարներ, որոնք երիտասարդներին մատչելի ձևով ներկայացնում են հայոց պատմության հատվածները:
-Նպատակս այն էր, որ մոտիկից ճանաչեմ քիչ թե շատ պահպանված մեր մշակութային ժառանգությունը և իմացածս փոխանցեմ երիտասարդ սերունդներին: Այն, ինչ ես չկարողացա սովորել դպրոցում, լրացնում եմ այս ձևով: Գիրքը կտեղադրվի համացանցում, ինչը կապահովի մատչելիությունը: Ժամանակներն արագ փոխվում են, հնարավոր է` վաղն այդ հուշարձանները կործանվեն, գոնե այս ձևով ճանաչենք և արժևորենք մեր պատմությունը, մեր մշակույթը,- ասաց հեղինակը:
Տեղեկացնենք` գիրքը տպագրվում է Չինաստանում՝ 2500 տպաքանակով։ Այն լույս կտեսնի երկու ամսից և վաճառքի կդրվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գինը կլինի 120 դոլարի սահմաններում: Հետազոտական լուսանկարչական աշխատանքներն էլ կլինեն շարունակական:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ