Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԼԿՏԻԱՑՆՈՂԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Դրանից էլ դեսպան Սուլեյմանովը կորցրել է հիշողությունը 
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում հակառակորդի՝ վերջին շրջանում ձեռնարկած դիվերսիոն գործողությունները վերստին ի ցույց դրեցին Ադրբեջանի իշխանությունների նպատակը. հակամարտության գոտում մշտական լարվածություն ստեղծելով՝ հասնել ղարաբաղյան հիմնախնդրի՝ իրենց ուզած քաղաքական լուծման։
 Դա շանտաժի քաղաքականություն է, որի հասցեատերը ոչ այնքան հայկական կողմն է, որքան՝ միջազգային հանրությունը։ Հետևաբար, միջազգային հանրությանն է առաջին հերթին անհրաժեշտ համապատասխան հետևություններ անել Ադրբեջանի վարած քաղաքականությունից։ 
Արձանագրենք, որ հակամարտ զորքերի շփման գծում հերթական սրացումը նկատվեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի՝ տարածաշրջան կատարած այցից հետո։ Պաշտոնական Բաքվին, ըստ երևույթին, լկտիացրել էր Նուլանդի՝ հայկական կողմին ուղղած հորդորը Ստեփանակերտում դատված երկու ադրբեջանցի դիվերսանտներին Ադրբեջան վերադարձնելու մասին։ Վաշինգտոնից ժամանած պաշտոնյան, չգիտես ինչու, որոշել էր մարդասիրության դաս տալ հայկական կողմին՝ ասելով, թե ադրբեջանցիներին վերադարձնելը կդիտվի որպես բարի կամքի դրսևորում։ Տիկին Նուլանդը պաշտոնական Ստեփանակերտից ստացավ համարժեք արձագանք, ինչը, կարծում ենք, պիտի որ նախապես անցած լիներ նրա մտքով։  
Ամերիկյան այդ պաշտոնյան որոշակի տեղում որոշակի չափաբաժնով բառակույտ սփռելուց հետո հեռացավ տարածաշրջանից, թերևս, հասկանալ տալով, որ ինքը քաղաքական դեմք է և հայտարարություններ է հնչեցնում իր երկրի կողմից վարվող աշխարհաքաղաքականությանը համահունչ։ 
Դրանից լկտիացած՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը մարտի 3-ին ելույթ ունեցավ ամերիկաիսրայելական հասարակական գործերի կոմիտեի կողմից կազմակերպված՝ ՙՆոր գործընկերներ. Իսրայելը և Կովկասյան տարածաշրջանը՚ թեմայով ամենամյա խորհրդաժողովում և ափսոսանք հայտնեց, որ գործընկերների կողմից ըստ արժանվույն չի գնահատվում Ադրբեջանի ավանդը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Նրա կարծիքով՝ Բաքվի հանդեպ երկակի ստանդարտներ են կիրառվում, իսկ նման ստանդարտների առկայությունը և ռազմավարական մերձեցման բացակայությունը չի համապատասխանում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ նրա գործընկերների շահերին։    
Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատան մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ դեսպանը կարևորել է Վաշինգտոնի հետ ռազմավարական մերձեցման անհրաժեշտությունը, որը պետք է հենվի  Հարավային Կովկասի հետ կապված նրա երկարաժամկետ շահերի վրա։ Տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ՝ խորհրդաժողովին մասնակցել են ԱՄՆ և տարբեր երկրների տասը հազարից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ակադեմիական շրջանակների ու հասարակական կազմակերպությունների անդամներ, ավելի քան 300 կոնգրեսականներ, նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ 
Եթե նկատի ունենանք Արևմուտք-Ադրբեջան բարդ հարաբերությունները և, մասնավորապես, վերջին շրջանում ՙմայդանի՚ մասին արևմտյան ակնարկները, ապա այս վերջին զարգացումները, ներառյալ Վ. Նուլանդի խոսքերը, հնչողություն են ստանում զուտ քաղաքական հարթությունում։   
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի խոսքերը տարածաշրջանում իր երկրի՝ խաղաղության  հաստատման գործում ունեցած ավանդի մասին հազիվ թե հարուցեին  որևէ մեկի զարմանքը։ Պատկերացնել կարելի է, թե ինչքան թանկ է տարածաշրջանի խաղաղությունը մի երկրի համար, որը գրեթե ամեն օր դիվերսիոն գործողություն է ձեռնարկում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում։ Դեսպան Սուլեյմանովը չի հասկացել նույնիսկ, որ նման տեսակետ արտահայտելու համար համապատասխան լսարան և ականջներ են հարկավոր, մանավանդ որ գտնվում է մի երկրում, որը միջնորդական առաքելություն է իրականացնում ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում։ 
Դեսպան Սուլեյմանովը նաև հիշողության կորուստ ունի, հակառակ դեպքում նա պետք է հիշեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս. թ. հունվարի 27-ի համատեղ հայտարարությունը, որն ուշագրավ էր  հասցեականության առումով։ Եթե նախկինում Մինսկի խումբը մշտապես հավասարության նշան էր դնում հակամարտող կողմերի միջև, այս անգամ համանախագահները կոչ են արել Ադրբեջանին հետևել խաղաղ կարգավորման գործընթացում իր ստանձնած պարտավորություններին։ Իսկ Հայաստանին կոչ էին արել ձեռնարկել բոլոր միջոցները լարվածությունը վերացնելու համար։  
Համանախագահները մեր հարևանների հետ խոսեցին դիվանագիտական լեզվով՝ մեղադրելով նրան հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու մեջ, ասել է թե՝ առաջին անգամ միջնորդները տարբերություն դրեցին կողմերի միջև, ինչից պետք է հետևություն աներ Ադրբեջանը։  
Անդրադառնանք Ադրբեջանին ուղղված ամերիկյան կոմպլիմենտին, որը հնչեցվեց  ԱՄՆ պետքարտուղարի օգնականի շուրթերով։ Նուլանդը հավանաբար չէր պատկերացնում, որ Ադրբեջանին ոչ պակաս կոմպլիմենտ կարող է անել մրցակից գերտերությունը։ Մարտի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Ադրբեջանի նախագահի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովին և Միլլի մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին։ Ադրբեջանի հանդեպ Կրեմլի բարեկամական զգացմունքներն, ինչպես գիտենք, խոր արմատներ ունեն, բայց որ դրանք կարող են ավանդական դառնալ հետխորհրդային ժամանակների համար, կասկած է հարուցում։ 
Ադրբեջանցի քարոզիչներն այդ ուշադրությունից խելակորույս՝ գրում են, թե իրենց երկիրն արտաքին աշխարհի համար մի այնպիսի  գործընկեր է, որի մասին շատերը միայն կերազեն։ Մեր հարևանների ինքնագովազդին վերաբերվենք ըմբռնումով. ուրիշ էլ ո՞վ պիտի Ադրբեջանին անվանի լուրջ գործընկեր կամ էլ նրան համարի Հարավային Կովկասի խաղաղությունը պահպանող հրեշտակ։ Այս դեպքի համար արտառոց ոչինչ չկա. հարևան երկրում իրոք զբաղված են մի գործով, որը դժվար թե անցներ քաղաքակիրթ երկրի իշխող վերնախավի մտքով։ Իրենք պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը՝ մարդկային կորուստներն ավելացնելով, իրավիճակը մշտապես  լարված պահելու նպատակով շփման գծից չեն հեռացնում դիպուկահարներին, և այդ ամենից հետո էլ միջազգային խորհրդաժողովներում ներկայանում են որպես խաղաղության պահապաններ՝ իրենց գործընկերներին մեղադրելով նրանում, որ հավուր պատշաճի չեն գնահատում Ադրբեջանի խաղաղասիրական ջանքերը։ 
Նույնը նկատվում է տնտեսական հարթությունում. ըստ ադրբեջանցիների՝ եթե  կասպիական բնական ռեսուրսները չհասցվեն Եվրոպա, ապա այնտեղ մեծ խնդիրների առաջ կկանգնեն, միջազգային տնտեսական նախագծերը դատապարտված են ձախողման,  եթե հանկարծ Ադրբեջանը դրանցում ներառված չլինի։  Մի խոսքով, աշխարհը չի կարող գոյատևել առանց Ադրբեջանի, նրա տնտեսական ներուժի և խաղաղատենչ ջանքերի։           
Այս դեպքում, ինչպես ընդունված է ասել, խեղկատակի հետ  վիճելն անիմաստ է։ Թերևս կարելի է համաշխարհային հանրությանը մի սովորական մեսիջ  ուղարկել առ այն, որ ի դեմս Ադրբեջանի՝  նա գործ ունի  գիտակցությունից և հիշողությունից զուրկ, արտաքին աշխարհի ազդանշանները չընկալող էթնիկ հանրության հետ, որը միջազգային հարթակներն օգտագործում է ինքնագովազդի և հատկապես իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու  նպատակով։ 
Մեկ այլ բովանդակության մեսիջ պետք է ուղարկել գերտերություններին՝ ակնարկելով, որ նման երկրի վերնախավի հետ շփումներում անհրաժեշտ է առավելագույն զգուշություն ցուցաբերել, քանի որ ի նպաստ ադրբեջանցիներին արված ամեն մի հայտարարությունից հետո նրանք իրենց շուրջը մահ և ավերածություններ են սփռում։ Ինչպես դա տեղի ունեցավ Վ. Նուլանդի հայտարարությունից հետո։ Իսկ Ռուսաստանի նախագահին կարելի է խորհուրդ տալ ռուս-ադրբեջանական բարեկամության մասով. չմոռանալ բրեժնև-ալիևյան փոխադարձ սիրո և պարգևատրումների տխրահռչակ Ժամանակաշրջանը, երբ այդ երկու կարկառուն դեմքերի անսահման բարեկամությունը հասավ մի այնպիսի աստիճանի, որ խորհրդային պետությունն ի վերջո կանգ առավ կոռումպացված Հեյդար Ալիևին իշխանությունից հեռացնելու հրամայականի առջև։ Ծանր հետևանք։  
Փոխադարձ հանդուրժողականության այս դարաշրջանում Ադրբեջանի նման պետության հետ էլ կարելի է շփվել, բայց մշտապես զսպելով նրա վայրենի կրքերն ու գենետիկ ստախոսությունը։        
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ