Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ԼՂՀ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ

210515 AzgZHogh6GumarNist -Info_1.jpgԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը
ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը հրավիրվեց մայիսի 21-ին, որի բացմանը ներկա էին Նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։  
ԱԺ կանոնակարգ՚ օրենքի համաձայն՝ նիստը վարում էր տարիքով ամենաավագ պատգամավոր Արպատ Ավանեսյանը։ Նրա խոսքում հավաստիացում կար առ այն, որ ԱԺ-ն, լինելով բարձրագույն ներկայացուցչական մարմին, ինչպես նախորդ գումարումներում, այնպես էլ այժմ հավատարիմ կմնա ժողովրդին ու պետությանն անմնացորդ ծառայելու իր բարձր կոչմանը, արժանի ավանդ կունենա պետականաշինության անցած տասնամյակներում ունեցած ձեռքբերումների պահպանման ու բազմապատկման գործում։
Ա. Ավանեսյանը նիստը հայտարարեց բացված. հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որից հետո ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Նա իր շնորհավորանքն ուղղեց ներկաներին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ մշտական հիմունքներով գործող պրոֆեսիոնալ խորհրդարանը պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից։ Նախագահը հույս է հայտնել, որ նոր որակ կհաղորդվի օրենքների մշակման աշխատանքներին՝ հաշվի առնելով զարգացած երկրների փորձը և մեր հանրապետության առանձնահատկությունները։ Երկրի ղեկավարը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված Ազգային ժողովի աշխատանքը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների հաստատման և Արցախի միջազգային ճանաչման արդյունավետ միջոցներից մեկը։ 
Բ. Սահակյանի խոսքով՝ քննարկումների ընթացքում մտքերի բախում պետք է տեղի ունենա, ինչը և՜ անխուսափելի է, և՜ պահանջված, բայց միևնույն ժամանակ, խորհրդարանը չպետք է դառնա  քաղաքական շահարկումների միջոցով նեղ անձնական դիվիդենդներ շահելու տեղ։ Քաղաքակիրթ, աշխատանքային և փոխադարձ հարգանքի մթնոլորտը պիտի իշխի խորհրդարանում, ինչը, Նախագահի գնահատմամբ, քաղաքական մշակույթի բաղադրամասերից մեկն է։ Իսկ մեր պետությունը, գտնվելով յուրահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում, պետք է ամեն ինչ անի՝ բարձր և օրինակելի քաղաքական մշակույթ ունենալու համար։ 
Նորընտիր խորհրդարանին իր օրհնանքի խոսքն ուղղեց Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նա ամենայն ուժ ու կարողություն մաղթեց ժողովրդի ընտրյալներին՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում առավելագույնն անել մեր ժողովրդի համար։ 
Համաձայն ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի պահանջի՝ ԱԺ նորընտիր պատգամավորները պարտավոր են հանդիսավոր երդում տալ։ Երդման տեքստը հնչեցրեց պատգամավոր Ռոմելա Դադայանը, որը ներկաներն ընդունեցին հոտնկայս. ՙՀանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ԼՂՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար։ Երդվում եմ՚։
Հրապարակվեց 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական կազմը։
Առաջին նստաշրջանի օրակարգում հետևյալ հարցերն էին. հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի տեղակալի ընտրություն, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն, մշտական հանձնաժողովների կազմավորում և կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին։  
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներն առաջադրվեցին ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցությունից՝ Ռոմելա Դադայան, Արցախի ժողովրդավարական կուսակցությունից՝ Լյուդմիլա Բարսեղյան, ՙՇարժում-88՚-ից՝ Գագիկ Բաղունց։ Այս կազմը հաստատվեց բաց քվեարկությամբ։
Օրակարգի երկրորդ հարցը Ազգային ժողովի նախագահի ընտրությունն էր։ Համաձայն ԼՂՀ Սահմանադրության 83 հոդվածի առաջին մասի՝ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է ԱԺ նախագահին։ Պատգամավոր Արթուր Թովմասյանն առաջարկեց Աշոտ Վլադիմիրի Ղուլյանի թեկնածությունը՝ ընդգծելով, որ նրան՝ 4-րդ և 5-րդ գումարումների ԱԺ նախագահին, իրականում հաջողվել է քաղաքական առումով բարձրացնել ԱԺ-ի դերը։
Առաջադրվեց ԱԺ նախագահի մեկ թեկնածու։ Ա. Ղուլյանն իրեն ընձեռված ելույթում ասաց, որ ինքն առաջին անգամ չէ մասնակցում այսպիսի քննության, շնորհակալություն հայտնեց այն քաղաքական ուժին, որը ներկայացրել է իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ 
Ինձ համար ամբողջովին տեսանելի է, թե նախորդ գումարման խորհրդարանի աշխատանքներում ինչ է մեզ հաջողվել և որտեղ ենք մենք թերացել, թե ինչ է պետք փոխել և ինչը շարունակել, ասաց թեկնածուն՝ հավելելով, որ եթե գործընկերներն իրեն վստահեն ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնը, ինքը կձգտի ամեն ինչ անել՝ նման բարձր վստահությունն արդարացնելու համար։ 
Պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն Ա. Ղուլյանին ուղղեց հետևյալ հարցը. Սահմանադրությունն ընդունելուց հետո երկու տարի ժամանակ է սահմանվել՝ գործող օրենսդրությունը մեր երկրի հիմնական օրենքին համապատասխանեցնելու համար։ Արդյո՞ք ներկա դրությամբ  օրենսդրությունը համապատասխանեցված է Սահմանադրությանը։ Այդ աշխատանքի մեծ մասը կատարվել է, ասաց ԱԺ նախագահի թեկնածուն, մեր օրենսդրությունն ավելի քան 90 տոկոսով համապատասխանեցված է երկրի հիմնական օրենքին։ Պարզապես որոշ դեպքերում քաղաքական կարևոր որոշումներ ընդունելու պահանջ է զգացվում, և խնդիրն այստեղ մեր երկրի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների ճիշտ չափաբաժինը սահմանելու մեջ է։ Նրա խոսքով՝ 6-րդ գումարման խորհրդարանին որևէ բան չի խանգարի մնացած աշխատանքը շարունակելու և ավարտին հասցնելու համար։
ԱԺ նախագահի թեկնածուին հարց ուղղեց նաև պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը. ընտրվելու դեպքում Ա. Ղուլյանը մշտական հիմունքներով գործող խորհրդարանի նախագահն է լինելու, դա ի՞նչ լրացուցիչ ջանքեր կպահանջի նրանից և, մասնավորապես, ի՞նչ որակներ են անհրաժեշտ դրա համար։ Ի պատասխան նշվեց, որ նախորդ բոլոր տարիներին ԱԺ նախագահի պարտականությունների և իրավունքների մեջ որևէ սահմանափակում չի եղել մշտական կամ ոչ մշտական հիմունքներով աշխատող խորհրդարանում իր գործառույթներն իրականացնելու առումով։ Կմեծանան աշխատանքի ծավալն ու քաղաքական խորհրդատվությունները, ինչը  հետագա աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է լինելու։ Աժ գործունեությունը կախված է ոչ միայն նախագահից. այն ավելի շատ կախված է պատգամավորական կազմի և ԱԺ աշխատակազմի համախմբված և համակարգված աշխատանքից։ 
ԱԺ նախագահի ընտրությունն իրականացվեց գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկության արդյունքներով՝ 28 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ, Ազգային ժողովի նախագահ վերընտրվեց Աշոտ Ղուլյանը։ 
ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց պատգամավոր Վահրամ Ռազմիկի Բալայանը՝ գաղտնի քվեարկությամբ, 30 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։                  
Տեղի ունեցան խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արզիկ Մխիթարյանը, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արպատ Ավանեսյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Սարգսյանը, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Ժաննա Գալստյանը,  պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հովիկ Ջիվանյանը, սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արամ Գրիգորյանը, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Ռուսլան Իսրայելյանը։
Կառավարության գործունեության ծրագիրը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի  ԱԺ հաջորդ նիստին, որը կհրավիրվի հունիսի 10-ին։
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ