[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԱԳՐԵՍԻՎ ՄԻԱՊԵՏԸ

Թուրքիան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է։ Այդ երկրի և միջազգային մամուլի հրապարակումներից հետևում է, որ իշխող ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցությունը՝ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարությամբ, լծված է թուրքական մեջլիսում նախանշված քանակով տեղեր ապահովելու գործին, ասել է թե՝ մոտ ապագայում Թուրքիայում դժգոհության նոր ալիքի բարձրացման և ներքաղաքական լարվածության ականատեսը կարող ենք լինել։ 
Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը դրոշ դարձրած կուսակցությունն  իշխանության ղեկին մնալուց բացի հետապնդում է պետական համակարգն այդ գաղափարախոսությանը լիովին համապատասխանեցնելու նպատակ։ Դեռևս վարչապետության տարիներին Էրդողանը սահմանադրական փոփոխությունների իրականացման ծրագիր էր մտահղացել՝ նախագահ դառնալուց հետո ձեռքում ավելի մեծ իշխանություն կենտրոնացնելու մտայնությամբ։ Մերօրյա Թուրքիայի իրողություններին է անդրադարձել ամերիկյան ՙThe New York Times՚ պարբերականի  խմբագրականը, ըստ որի, հայկական աղբյուրների թարգմանությամբ, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություննները կլինեն վճռորոշ։ Ռ. Էրդողանի որոշ քննադատներ, նշել է պարբերականը, մտավախություն ունեն, որ իշխող կուսակցությունը հաղթանակ ապահովելու նպատակով դիմելու է բռնաճնշումների, իսկ քաղաքական գործընթացն այս հունով տանելը լուրջ սխալ կլինի, քանի որ այն ավելի կթուլացնի ՙերկրի քայքայված ժողովրդավարությունը՝ արատավորելով հաղթանակը, ինչպիսին էլ այն լինի՚։      
Ուշադրության արժանի դիտարկում պետք է համարել այն, որ խորհրդարանական ընտրություններում ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցությունը նախատեսել է պատգամավորական տեղերի գերակշիռ մեծամասնությունը, սակայն թուրքական հասարակության շրջանում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ իշխող կուսակցությանը սատարողների թիվը գնալով նվազում է։ 
Որ նախագահ Էրդողանը գնալու է բռնաճնշումների, թերևս զարմանալի ոչինչ չկա, քանի որ նախքան նախագահական ընտրություններն այս ռեակցիոն գործիչը արյուն հեղելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ է անցկացրել, ինչը թույլ է տվել, այսպես ասած, սահուն կերպով ճանապարհ հարթել դեպի իշխանության բարձրագույն կետը։ Ըստ Էրդողանի տեսլականի՝ գոյություն ունեցող խորհրդարանական համակարգն անարդյունավետ է, և հարմար չէ երկիրը գերտերություն դարձնելու համար։ 
Իմիջիայլոց, նշենք, որ հասարակության հակաիշխանական տրամադրությունները ճնշելու գործընթացում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին օգնում է փորձի փոխանակումը. թուրքական պետական մեքենայի պայքարի սլաքն առաջին հերթին ուղղվեց լրագրողների և հասարակական գործիչների դեմ։ Տեղեկություններ կան թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների իրավունքների ոտնահարման կոնկրետ դեպքերի մասին, իսկ խորհրդարանական ընտրարշավի վերջին փուլում, որպես  բռնության գործադրման աղաղակող փաստ, նշվում է ՙHurriyet Daily News՚-ի կայքի և խմբագրակազմի դեմ դատական հայց ներկայացնելը։
Իրավապահների թիրախում գործող իշխանությունների քաղաքականությունը քննադատող լրատվամիջոցներն են, որոնք, հանդես գալով անաչառության դիրքերից, իրենց հրապարակումներում  երկրի զարգացման հեռանկարը դիտարկում են հասարակության համար անընդունելի։         
Հասարակության մեջ հեղինակություն վայելող այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են ՙHurriyet՚, ՙZaman՚ թերթերը, հայտնվել են անցանկալի լրատվամիջոցների ցուցակի առաջին հորիզոնականներում, նույնիսկ խոսակցություններ են պտտվում դրանց գույքի առգրավման շուրջ։ Թուրքիայի իշխանություններն իրենց դուր չեկած լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը հիմնավորելու մեկ հիմնական փաստարկ ունեն, այն է՝ ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆ. Գյուլենի հետ նրանց կապն ու համագործակցությունը։ Հաղորդվում է, որ Անկարայի դատախազը ներկա դրությամբ քայլեր է ձեռնարկում մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատանքն արգելելու ուղղությամբ։ 
Բռնաճնշումների իրականացմանը զուգահեռ, պետք է նկատել նաև, որ իշխանությունները քաղաքական դաշտի որոշ ուժերի նկատմամբ սև քարոզչություն են իրականացնում՝ նրանց վարկաբեկելու նպատակով։ Այսպես, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե Թուրքիայի քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը առևտուր է սկսել Հայկական սփյուռքի հետ ՝ նպատակ ունենալով կարգավորել քրդական հարցը։ Դավութօղլուի խոսքով՝ խիստ կասկածելի են այդ կուսակցության առաջնորդի՝ հայ գործիչների հետ հանդիպումները։ Վարչապետը, մասնավորապես, հռետորական հարց է հնչեցրել. այդ ի՞նչ առևտուր է արել Դեմիրթաշը, որ Թուրքիա վերադառնալուց հետո  ձեռնամուխ է եղել քրդական հարցի կարգավորմանը։  
Կարելի է ենթադրել, որ թուրքական վերնախավը խիստ մտահոգված է ընտրությունների արդյունքներով, որովհետև, ինչպես թուրք  փորձագետներն են պնդում,  իշխանությունների քաղաքականությունն այդ հարցում ակնհայտ է՝ ամեն կերպ ձգձգել քրդական հարցի կարգավորումը։ Հետևաբար, ընտրությունների նախօրեին վարչապետի նման հայտարարությունն այդ կուսակցության վարկանիշը ցածրացնելու նպատակ է հետապնդում, այսինքն՝ եթե Թուրքիայի քաղաքական դաշտի որևէ ուժ  կապ ունի հայության հետ, ուրեմն, իշխանության համար այդ ուժն անընդունելի է։ Դա, ինչ խոսք, լիովին տեղավորվում է նրանց գաղափարախոսության շրջանակներում։  
Դավութօղլուի հայտարարությունն, անշուշտ, պետք է դիտարկել խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ նախ նկատի առնելով այն իրողությունը, որ քրդական կուսակցությունից երկու հայ թեկնածուներ են առաջադրվել, ինչը, մեղմ ասած, ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության սրտովը չէ։ Նոր ձևավորվող թուրքական խորհրդարանում, պարզ է, իշխող կուսակցության համար խիստ անցանկալի կլինի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ակտիվացումը։ Այդ իսկ պատճառով թուրքական իշխանությունները բոլոր տեխնոլոգիաներով խոչընդոտում են նրանց քարոզարշավին՝ նախապես լուծելով կառավարելի խորհրդարանում իրենց հետագա քաղաքական ուղեգիծը հաստատելու խնդիրը։        
Այս զարգացումներին  գնահատական տվեց Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն՝ իր հայտարարության մեջ  շեշտելով, որ Էրդողանի նպատակը խորհրդարանում մեծամասնություն ապահովելն է և սահմանադրության փոփոխությունների միջոցով նախագահական համակարգին անցնելը։ Էրդողանի կողմից հովանավորվող ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության քարոզարշավը նա անվանել է ագրեսիվ։ 
Դառնանք ամերիկյան հիշյալ պարբերականի հրապարակմանը, որն ավարտվում է հետաքրքիր եզրահանգմամբ. նախագահ Էրդողանն ավելի մեծ թշնամանք է արտահայտում, երբ նրան ճշմարտությունն են ասում։  Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի այլ դաշնակիցներ պետք է Էրդողանին կոչ անեն հեռանալ այդ կործանարար ուղուց։ 
Աչքի առաջ ունենալով արտաքին քաղաքական խնդիրները՝ Թուրքիայի նախագահը նախօրոք սկսել է  քայլեր  ձեռնարկել՝ նաև այդ ուղղությունում դիրքերն ամրապնդելու համար։ ՙԹուրքիայի նորություններ՚ կայքի ռուսական տարբերակից տեղեկանում ենք, որ նա մի շարք պետությունների ղեկավարների խնդրել է սահմանափակել այն դպրոցների գործունեությունը, որոնք հարում են գյուլենական գաղափարախոսությանը։ Էրդողանը նման խնդրանքով դիմել է  Ադրբեջանի, Սենեգալի, Կոսովոյի, Ղազախստանի, Ճապոնիայի, Տաջիկստանի, Կոնգոյի ղեկավարությանը։ Իր արտասահմանյան շրջագայությունների ժամանակ նախագահը հայտարարել է, թե գյուլենական շարժումը ՙԹուրքիայի օրինավոր ընտրված կառավարությունը տապալելու փորձեր է ձեռնարկում՚։ Ադրբեջանն առաջինն արձագանքեց, և Էրդողանի վերջին այցից հետո փակեց նման դպրոցները։ Նրան հետևեց Տաջիկստանը։ Էրդողանի խնդրանքը, ըստ թուրքական հիշյալ աղբյուրի, չեն մերժել նաև մյուս գործընկեր պետությունները։ Այս տարվա հունվարին աֆրիկյան մայրցամաք կատարած այցելությունների ժամանակ Թուրքիայի նախագահը դարձյալ խոսել է գյուլենական դպրոցներից ազատվելու անհրաժեշտության մասին։
Այսպիսով, թուրքական իշխանությունները պարարտ  հող են նախապատրաստում խորհրդարանական ընտրություններն իրենց նախանշած բեմագրով անցկացնելու համար, և այլևս կասկած չկա, որ իշխող քաղաքական ուժն իր նպատակին հասնելու է՝ գործի դնելով բոլոր, այդ թվում՝ ամենաստոր միջոցները։ Սրանից պետք է հետևություն անի միջազգային հանրությունը՝ հստակ պատկերացնելով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում մոտ ապագայում գործ կունենա նեոօսմանիզմի գաղափարախոսությամբ զինված մի ագրեսիվ միապետի հետ, ով իր արտաքին քաղաքականությամբ ավելի է խորացնելու տարածաշրջանի քաղաքական անկայունությունը, իսկ ավելի մեծ հաշվով քաղաքակրթությունների բախման նոր փուլի սկիզբն է դնելու։         
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ