ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ ԴԱԴԱՐԸ
Եվրախաղերի շնորհիվ Հայաստանի ու Արցախի հետ Ադրբեջանի սահմանին հարաբերական անդորր է։ Կրակելն, իհարկե, կրակում են, բայց իր դիվերսանտներին Հեյդարովիչը փոքր¬ինչ խնայեց։ Որքա՞ն կտևի սադրանքների բացակայության այս դադարը։ Կանխատեսումը սփոփիչ չէ։
Առավել հավանական է՝ այն կտևի մինչև Եվրախաղերի ավարտը, որոնց օգնությամբ Հեյդարովիչը հույս ունի վերականգնել խիստ ընկած քաղաքական իր հեղինակությունը։
Թեև ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի հաշվարկները չարդարացան։ Այսօր Բաքվի մեկնաբաններն իրենց մարզիկներին ու հանրապետության ղեկավարությանը նվիրված գովասանական ներբողների հետ դժկամորեն վրդովմունք են հայտնում եվրոպական արձագանքի առնչությամբ։ Երգից բառերը չես հանի, և Բաքվի քաղաքագետները դժգոհում են, որ Եվրախաղերի բացմանը ԵՄ անդամ¬երկրների ղեկավարներից ոչ մեկը չեկավ։ Չհաշված, իհարկե, Պուտինի կատակը, թե Եվրախաղերում ԵՄ¬ն ներկայացնում է Թուրքիան՝ որպես ԵՄ թեկնածու¬երկիր, և չհաշված նաև Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարի այցը Բաքու, ով, օգտվելով Եվրախաղերի ընձեռած հնարավորությունից, իր ինքնաթիռով երկրից հանեց Ադրբեջանի հերթական պոտենցյալ քաղբանտարկյալ Էմին Հուսեյնովին։
Եվրախաղերի հանդեպ ԵՄ քաղաքական առաջնորդների արհամարհական վերաբերմունքն ակներև է ոչ միայն բացման արարողությանը նրանց համերաշխ, ցուցադրական բացակայության հանգամանքից։
Ալիևի ռեժիմի հանդեպ նողկանքն իր արտացոլումն է գտնում նաև եվրոպական մամուլում։ Անգամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում դժգոհություն են հայտնում, թե, չնայած Բաքվի ահռելի ծախսերին, Եվրանյուս ալիքն ավելի շատ պատմում էր երկու միասեռականների հարսանիքի, քան Եվրախաղերի բացման արարողության մասին...
Այս ամենը, և դեռ շատ ավելին, վկայում է Բաքվի խաղերի հանդեպ Եվրոպայի միանշանակ արձագանքի մասին։ Ավելի ճշգրիտ՝ Եվրախաղերի հակաարձագանքի մասին, որոնք անց են կացվում Ալիևների ժառանգական սուլթանությունում։ Գուցե միայն Լուկաշենկոն էր, որ գովեց Իլհամին։ Թեև, չենք կարծում, որ Հեյդարովիչին դա ոգևորեց. Եվրոպայի վերջին բռնակալի համբավն ունեցող Բելառուսի նախագահն Ալիևի լավագույն բարեխոսը չէ Եվրոպայի առաջ։ Խաղերը շուտով կավարտվեն։ Ալիևի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը կմնա նույնը, ինչը նրան կնյարդայնացնի։ Եվ որպեսզի իր համաքաղաքացիների ուշադրությունն այնքան էլ չսրվի իր ռեժիմի հանդեպ Եվրոպայի գարշալից վերաբերմունքի վրա, Իլհամը ստիպված կլինի նրանց համար նոր ներկայացում ապահովել։
Եվ, բնականաբար, մշտապես հիշեցնել հայրենակիցներին, թե ով է, համաձայն Ադրբեջանի պետական գաղափարախոսության, երկրի գլխավոր թշնամին։ Եվրոպայի նողկալի վերաբերմունքը դարձյալ կվերագրեն Հայաստանի և աշխարհի հայության խարդավանքներին, դարձյալ կլսենք ՙ20 տոկոսի՚ և ՙմեկ միլիոն փախստականների՚ մասին ողբերգերը։ Եվ դրանց շահարկումը դյուրացնելու նպատակով սահմանում տեղ կգտնեն նոր դիվերսիաներ ու սադրանքներ. կրկին սպառնալիքի տակ կհայտնվեն հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքերը։
Տխուր, բայց գործնականում այլընտրանք չունեցող հեռանկար՝ հակառակ ընթացիկ տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` նոր հանդիպում կազմակերպելու միջնորդների հայտարարությանը։ Ավելին, հաշվի առնելով այն, որ շանտաժը բանակցային գործընթացում Բաքվի հիմնական մարտավարությունն է, կարելի է ակնկալել, որ բանակցային նոր հերթափուլի կամ երկու նախագահների հանդիպման նախաշեմին, ինչպես նաև նման հանդիպման ավարտից հետո առաջին հերթին պետք է դիվերսիաներ սպասել։ Դեպքերի նման զարգացման օգտին է խոսում բանակցային գործընթացի ողջ ընթացքն առայսօր։ Բանակցություններում առկա խուլ փակուղու պայմաններում դժվար է այլ բեմագրի հույս ունենալ։ Փակուղի, որին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հասցրել է բանակցային գործընթացն իր արտաքին քաղաքականությամբ՝ մերժելով փոխզիջումների գնալ ու ընդունել միջնորդների առաջարկությունները, և ներքին քաղաքականությամբ՝ հայատյացությունը դարձնելով Ադրբեջանի պետական գաղափարախոսություն։ Նման պայմաններում Հայաստանին ու Արցախին ոչինչ չի մնում անել, քան ակտիվորեն մասնակցելով Ադրբեջանի միջազգային մեկուսացման գործընթացին, չմոռանալ ամենակարևորի՝ հայկական զինված ուժերի մարտունակության մասին՝ որպես տարածաշրջանում փխրուն խաղաղության հիմնական գործոն։
Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՙԳոլոս Արմենիի՚
2015թ., 18 հունիսի