ԱՐԵՎՄՈՒՏՔ - ՙԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ

Խնդրահարույց է դառնում նաև իսլամի ազդեցությունը ռուսաստանյան հասարակության վրա  

 

Մեր ժամանակներում, երբ աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում մոլեգնում են էթնոքաղաքական և տարածքային հակամարտությունները, գլոբալ առումով առավել մտահոգիչ է դառնում  քաղաքակրթությունների միջև ծավալված պայքարը, ինչի վկայությունն իսլամիստ ծայրահեղականների գրեթե անվերահսկելի գործողություններն են և դրանց ամերիկյան արձագանքները։

 ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման ընդլայնումը, թերևս, սպասելի էր, եթե նկատի ունենանք տարեսկզբին Փարիզում ՙՇառլի էրդո՚ երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա իսլամիստ ահաբեկիչների հարձակումն ու Արևմուտքին ուղղված բացահայտ սպառնալիքները։

Իրազեկ աղբյուրների տեղեկություններով՝ ՙԻՊ՚-ի կողմից ներկայումս հազարավոր մարդիկ են  հավաքագրվում Կենտրոնական Ասիայի, եվրոպական պետություններից և Ռուսաստանի Դաշնությունից։ Ակամայից հարց է ծագում. եթե իսլամիստ ծայրահեղականների գաղափարներն ու նպատակները համակրանք են առաջացնում մահմեդականությունը դավանողների մոտ, դրանում, թերևս, տրամաբանություն կա, բայց ինչպե՞ս հասկանալ այն, որ  Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում,  յուրաքանչյուր ուրբաթ օր, ըստ Ռուսաստանցի մահմեդականների ազգային կազմակերպության տվյալների, առնվազն երեք ռուս իսլամ է ընդունում։ Եվ ինչո՞ւ է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան ինքնամոռաց տարվել ՙԻՊ՚ գրոհայինների գործողություններով ու երազել ապրել ապագա խալիֆայությունում՝ հավատարիմ Ալլահի օրենքներին ու պատգամներին։ 

Համաշխարհային մասշտաբով տեղի ունեցող խորքային գործընթացները, հավանաբար, մեծ խնդիրների առաջ կկանգնեցնեն մարդկությանը, առայժմ  քաղաքական փորձագետները միակարծիք են նրանում, որ ՙԻսլամական պետության՚ ի հայտ գալը հարկ է դիտարկել որպես  Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականության հակազդեցություն։ Պատահական չէ, որ այսօր էլ ՙԻՊ՚-ի գործողությունները զսպող գլխավոր ուժը հենց ԱՄՆ-ն է, որի նախաձեռնությամբ էլ ձևավորվեց հակաիսլամական կոալիցիան։ 

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերը, ըստ ՙԱմերիկայի ձայնի՚, Կոնգրեսում հունիսի 18-ին կայացած լսումների ընթացքում, ներկայացնելով ԱՄՆ-ի ռազմավարությունը Մերձավոր Արևելքում, հայտարարեց, որ գլխավոր նպատակներից մեկը ՙԻսլամական պետության՚ ոչնչացումն է։ ՙԱյն մահացու վտանգ է ներկայացնում մեր երկրի և մեր դաշնակիցների համար, հետևաբար, պետք է վերջնականապես ոչնչացվի, և այն կոչնչացվի՚,¬ զգուշացրել է Պենտագոնի ղեկավարը։ 

Կոնգրեսն այդ օրերին անդրադարձավ նաև Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի ՙԻՊ՚ մարդկանց մեծ արտահոսքի փաստին՝ նախազգուշացնելով, որ այդ տարածաշրջանի երկրների կառավարությունները պետք է բարելավեն մարդու իրավունքների վիճակը։ Պարզ է, օվկիանոսի այն կողմում նման գործընթացները գլխավորապես պատճառաբանվում են ժողովրդավարության պակասով։

Ուշադրություն է գրավում նաև արևմտյան հատուկ ծառայությունների հրապարակած տեղեկատվությունը, համաձայն որի՝ ՙԻսլամական պետությանն՚ է միացել Տաջիկստանի ոստիկանության հատուկ ջոկատի հրամանատար Գ. Խալիմովը։ Մերձավոր Արևելքում մարտնչող ռազմականացված ծայրահեղական խմբավորումների համար Կենտրոնական Ասիայի երկրները մեծ կարևորություն ունեն՝ զինյալների հավաքագրման առումով։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ՙԻՊ-ը՚ և նրա հետ գործակցող խմբերն առնվազն 25 հազար արտասահմանցի մարտիկ ունեն՝ ավելի քան 100 երկրներից։ Իսկ ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնի տվյալներով՝ այդ խմբավորումներն արդեն իսկ հարյուրավոր մարտիկների են հավաքագրել Ղրղըզստանից, Տաջիկստանից և ավելի քան 1000 մարտիկ՝ Ղազախստանից։ 

ԱՄՆ պետքարտուղարի Միջին Ասիայի գծով օգնականի տեղակալ Դանիել Ռոզենբլյումը ներկայացրեց սեփական դիտարկումը՝ ասելով, թե ՙԻՊ-ի կողմից մարդկանց հավաքագրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի՚։ Նրա կարծիքով՝ երիտասարդների արտահոսքը կարելի է կանխել՝ ամրապնդելով այդ երկրների տնտեսական հեռանկարները, ինչը երիտասարդությանը հետ կպահի ծայրահեղականացումից։ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախոս Ֆրենկ Սիլուֆոյի կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է աջակցել այդ երկրներին, սակայն իրական լուծումները տեղերում պետք է գտնվեն։ 

Որ իսլամիստ ծայրահեղականները որոշակի ազդեցություն ունեն Հյուսիսային Կովկասի վրա,  նորություն չէ։ ՙԻսլամի ձայն՚ կայքի տեղեկություններով՝ վերջին երկու ամսվա ընթացքում դաղստանցի 5 քարոզիչներ սկսել են հարել ՙԻՊ՚-ին, որոնցից ամենահայտնին Նադիր Աբու Խալիդն է՝ Մախաչկալայից, ով սերտ  կապերի մեջ է ՙԻՊ՚ առաջնորդի հետ։ Ծայրահեղականներին ավելի հաճախ են միանում Հյուսիսային Կովկասի զինված ընդհատակայինները, հատկապես Նադիր Աբու Խալիդի երդումից հետո։ Իսլամագետների կանխատեսումներով՝ մոտ ժամանակներս հնարավոր է զանգվածային արտահոսք դեպի ՙԻսլամական պետություն՚։ Ահաբեկչական այս խմբավորման որդեգրած գաղափարախոսությունը մեծ ազդեցություն ունի նրա շարքերը մտնել ցանկացողների վրա։ Անդրադառնանք վիճակագրությանը. շուրջ  150 մլն բնակչություն ունեցող Ռուսաստանում ավելի քան 20 միլիոն մարդ իսլամ է դավանում և պաշտոնապես իրեն համարում մահմեդական։ Վերջին 15 տարվա ընթացքում ՌԴ-ում մահմեդականների թիվն աճել է 40 տոկոսով։ 21-րդ դարի կեսերին, ըստ կանխատեսումների, յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցի լինելու է մահմեդական։ Իսլամացման նման տեմպերը Ռուսաստանում ինչի՞ կարող են հանգեցնել՛ հռետորական հարց են տալիս ռուս վերլուծաբանները։   

Իսլամիստ ծայրահեղականներին այդպես էլ չհասած  ռուս ուսանողուհի Վ. Կարաուլովայի հայացքները քննարկման առարկա դարձան ռուսաստանյան մի քանի հեռուստաընկերությունների ստուդիաներում, և այդ քննարկումների ընթացքում որոշակիորեն երևակվեց հասարակության վերաբերմունքը։ Աղջկա ընդունած որոշման նկատմամբ հարկ է հանդուրժողականություն ցուցաբերել. սա մեծամասնության եզրահանգումն էր։ Ինչպես հայտնի է, աղջկան կանգնեցրել էին թուրք-սիրիական սահմանին, որտեղ նա պատրաստվում էր միանալ ՙԻՊ՚ ներկայացուցիչներին։ Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել 19-ամյա ուսանողուհուն հանդիպել հոր հետ գաղթյալների Բատման ճամբարում, որից որոշ ժամանակ անց նրան վերադարձրել են հայրենիք։ 

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ 2014-ի վերջին ՙԻսլամական պետություն՚ են մտել մոտ 1500 ռուսաստանցի։ Առավել հետաքրքիրն այն է, որ այդ մարդկանց մի մասը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան կոնկրետ առաջադրանքներով ու մտադրություններով։ Կոմիտեն նաև պարզել է, որ ՌԴ քաղաքացիների հավաքագրումը կատարվում է համացանցի օգնությամբ։  

ՙԻՊ՚-ի հավաքագրողներն աշխատում են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։

Մեր տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից՝  ծայրահեղականների, այսպես ասած, դիրքավորվելը Հյուսիսային Կովկասում ինքնին մարտահրավեր է Հարավային Կովկասի քրիստոնյա բնակչությանը, մանավանդ եթե նկատի ունենանք թուրք-ադրբեջանական գործոնի առկայությունը։ Այս պարագայում մեզ համար կարևորվում է Իրանի դերակատարությունը, որն ամեն կերպ հակադրվում է իսլամական ծայրահեղականությանը, ՙԻՊ՚-ի առաջխաղացմանն ու նրա ծրագրերին։ Ի դեպ, սա այն հարթությունն է, որում ԱՄՆ-ի և Իրանի շահերը համընկնում են։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որը, հայտնվելով գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներում, հարկադրված է մերձենալ իսլամին, առայժմ գուցե ծայրահեղականների ահաբեկչությունից պաշտպանվելու խնդիր չունի, բայց ռուսաստանցի քաղաքական փորձագետների համոզմամբ՝ ունի իսլամացման վտանգին դիմագրավելու խնդիր։ 

2010թ. սեպտեմբերին ցնցող նորություն է հրապարակել "Кавказский дневник"  կայքը՝ անդրադառնալով  7 տարվա վաղեմություն ունեցող մի իրադարձության։ 2003թ. ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրավիրվել էր Իսլամական կոնֆերանսի (այժմ՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն) 10-րդ նստաշրջանին, որի բացմանն ունեցած ելույթում Մալայզիայի այն ժամանակվա վարչապետ Մախատխիր Մոհամմադը Ռուսաստանին առաջարկել է իսլամ ընդունել։ Վարչապետի խոսքով՝ իսլամական աշխարհի բնակչությունն արագ աճում է, սակայն տառապում է մշակութային և մտավոր հետամնացությունից։ Իսլամն ընդունելով՝ ռուսներն իսկույնևեթ կդառնան իսլամական աշխարհի ՙսպիտակ աստվածները՚։ Դա նաև թույլ կտա, որ ռուս բնակչությունը ձերբազատվի ալկոհոլից և այլ վնասակար սովորույթներից։ Եվ ամենակարևորը՝ ռուսական միջուկային զենքը կրկին սարսափազդու կդառնա աշխարհի համար։

ՌԴ նախագահի արձագանքի մասին կայքը ոչինչ չի հրապարակել, բայց կարելի է ենթադրել, որ այն չի բավարարել առաջարկող կողմին։ Կարելի է նաև եզրակացնել, որ այդ միջադեպը միջազգային  հանրության սեփականությունն են դարձրել իրականությունը մատնացույց անելու նկատառումով. խնդիրն այն է, թե արդյո՞ք ռուսաստանյան հասարակությանը կհաջողվի հակազդել իսլամական գաղափարախոսությանը, որը  ոչ ինքնանպատակ հավակնում է առաջատար դիրքեր  գրավել այդ հասարակության մեջ։  

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ