ԱՄԵՆ ԿԵՐՊ ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Քաշաթաղի շրջխորհրդի հերթական նիստի, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, օրակարգի առաջին հարցը նվիրված էր 2015թ. դեկտեմբերին Արցախում անցկացվող մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին, որի առնչությամբ ելույթ ունեցավ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը:

Տեղեկացնելով, որ համապետական կարևոր նշանակություն ունեցող այս միջոցառումն Արցախում անցկացվում է երկրորդ անգամ՝ 10 տարի անց, Կ. Ներսիսյանը կարևորեց բոլորի մասնակցությունը: Ի տարբերություն 2005 թվականին անցկացված առաջին մարդահամարի, քաղաքացիները պետք է պատասխանեն 55 հարցի՝ նախորդից 5-ով ավելի: Բանախոսը համայնքների ղեկավարներին հորդորեց բացատրական աշխատանք իրականացնել բնակչության հետ՝ գիտակցելու մարդահամարի կարևորությունը: Նա նաև տեղեկացրեց, որ մարդահամարի աշխատանքներն իրականացնելու նպատակով մոտ 700 աշխատակիցներ (հրահանգիչ-հսկիչներ, հաշվարարներ) ընդգրկված են հանրապետությունում (աշխատանքները վճարովի են): Նրանց համար կազմակերպվել են սեմինարներ: Մարդահամարից հետո՝ 3 ամսվա ընթացքում, կհրապարակվեն ընդհանուր տվյալները: Անհատական տվյալները գաղտնի են մնալու: Վերջնական ու ճշտված տվյալները կհրապարակվեն 2016 թվականի վերջին: Կ. Ներսիսյանը նշեց, որ աշխատանքներին օժանդակում են նաև ՀՀ համապատասխան կառույցները: Համայնքների ղեկավարներին ու դպրոցների տնօրեններին շրջվարչակազմի ղեկավարի կողմից եղավ հանձնարարական՝ օժանդակել համապետական այս կարևոր միջոցառմանը: Համայնքների ղեկավարների կողմից հնչեցին հարցեր տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով Քաշաթաղի շրջանի մեծ ընդգրկվածությունը, նաև այն, որ որոշ համայնքներ իրենց կազմում ունեն մի քանի բնակավայրեր: Կ. Ներսիսյանը հավաստիացրեց, որ այս հարցում ԱՎԾ կողմից օժանդակություն կլինի: Կատարված աշխատանքի վերաբերյալ հանդես եկավ նաև ԼՂՀ ԱՎԾ Քաշաթաղի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Եսայանը: Նա ավելացրեց, որ հաշվարարների հարցերին պատասխանելը պարտադիր է, իսկ խուսափելը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթադրում է պատասխանատվություն: Տեղեկացվեց, որ մարդահամարի անցկացման նպատակով շրջանում կազմավորվել են 1 տեղամաս, 6 հրահանգչային տեղամաս և 36 հաշվային տեղամաս: Նշանակված են հրահանգիչ-հսկիչներ և հաշվարարներ, որոնց հետ պարբերաբար կազմակերպվել են սեմինարներ: Օրակարգի հաջորդ հարցը նվիրված էր շրջանում աշնանացանի աշխատանքներին, որի վերաբերյալ զեկուցեց շրջվարչակազմի գյուղվարչության ագրոտեխնիկական բաժնի վարիչ Նարեկ Դավթյանը: Ըստ զեկուցողի՝ արդեն իրականացվել է 12000 հեկտարից ավելի հերկ, 10000 հա-ից ավելի ցանքս, որից ցորեն՝ մոտ 7000 հա, մնացածը՝ գարի: Վարելահողերում աշխատում է 70 և ավելի վար, ինչպես նաև 40 ցանքս կատարող տեխնիկա: Այս տարվա առատ բերքը բարենպաստ պայմաններ է ստեղծել մկնանման կրծողների զարգացման համար: Այդ պատճառով հերկին ու ցանքսին զուգահեռ՝ վարելահողերում պայքար է տարվում վնասատուների դեմ: ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից (ԳԳԱՀ) ստացվել է 500 կգ թունաքիմիկատ, 200լ իզոցին և 300լ ձեթ: Այս օրերին արդեն 2500 հա տարածքի վրա իրականացվել է պայքար կրծողների դեմ: Աշնանացանի կատարման նպատակով ԳԳԱՀ-ից ստացվել է 46,5 մլն դրամի փոխառություն և 5000 լ դիզվառելիք՝ սուբսիդավորված՝ 1 լիտրը 350 դրամով: Ն. Դավթյանն ասաց, որ վերջին օրերի բարենպաստ եղանակը լավ պայմաններ է ստեղծել, և շրջանի հարավային թևում հողօգտագործողներն աշխատում են օր առաջ ավարտել հացահատիկի ցանքսը: Ելույթի վերջում Ն. Դավթյանը տեղեկացրեց նաև, որ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում Քաշաթաղի շրջանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար անվճար հատկացվել են տաղավարներ, և ցանկացողները կարող են իրենց ապրանքը վաճառել այնտեղ, անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն նաև հյուրանոցային համարներ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ս. Խաչատրյանը հանձնարարեց համայնքների ղեկավարներին օժանդակել մարդահամարի անցկացմանը և աշնանացանը կատարել ժամանակին: Եղան նաև պարգևատրումներ: ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեց շրջանի ՙԱնասնաբուժական սպասարկման կայան՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Էլբակյանը՝ Քաշաթաղի շրջանի զարգացման ու ամրապնդման գործում ունեցած ավանդի և բարձր մասնագիտական կարողությունների դրսևորման համար: Իսկ 4 հոգի պարգևատրվեցին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պատվոգրով: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ ք. Բերձոր