[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

Դեկտեմբերի 3-ը Սահմանափակ կարողություններով անձանց միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 1992 թվականին:

Ամեն տարի այդ օրն առիթ է խոսելու հաշմանդամների բազմատեսակ խնդիրների, ինչու չէ, նաև որոշակի ձեռքբերումների մասին: Մեր զրուցակիցն է ԼՂՀ ԱՆ ՙՔերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:

-Պարոն Թադևոսյան, 21-րդ դարի մարտահրավերներից է մի շարք հիվանդությունների աճի միտումը, ինչպես և նորերի երևան գալը: Դրանց թվում է աուտիզմը, որի թիրախում են հայտնվում երեխաները: Որքանո՞վ է դա տարածված մեզ մոտ, մենք գիտենք, որ Վերականգնողական կենտրոնը միշտ առաջիններից է արձագանքում նման երևույթներին ու իր ներուժն ուղղում հիվանդ երեխաների ապաքինմանը։

- Ցավոք, այդ հիվանդությունը չի շրջանցել նաև Հայաստանն ու Արցախը. վերջին տարիներին, իրոք, գրանցվել է դրա աճի միտում: Այսօր Վերականգնողական կենտրոնը միակ հաստատությունն է, որտեղ աուտիզմով տառապող երեխաներն ստանում են որոշակի աջակցություն: Նպատակ ունենք 2-3 տարվա ընթացքում բացել նոր բաժանմունք, որտեղ նման ախտորոշմամբ երեխաները հնարավորություն կունենան ստանալ լիարժեք վերականգնողական բուժում: Այդ ծրագրի իրականացումն ընթացքի մեջ է: Կպահանջվեն լրացուցիչ մասնագետներ՝ առավել խորացված բուժում իրականացնելու համար։

- Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ աուտիզմի աճի պատճառը փոխկապակցված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ:

- Ոչ միայն: Կան ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ այդ հիվանդության աճի միտումները կապված են նաև կլիմայի գլոբալ փոփոխությունների, սուրոգատ սննդի, մարդկանց գերլարվածության, գերզարգացման հետ: Բժշկությունը գիտի, որ աուտիզմի ժամանակ գլխուղեղի որոշակի մասերում կան անոմալիաներ, բայց պատճառները դեռևս հայտնի չեն: Այդ հիվանդները հաճախ տառապում են ուղեկցող այլ հիվանդություններով` ստամոքսաաղիքային, իմունային, ալերգիկ, ասթմատիկ, նյութափոխանակության խնդիրներով։ Վիճակագրության համաձայն՝ աուտիզմով տառապող երեխաների միայն 10-15 տոկոսը կարող է վերագտնել իր առողջությունը, սակայն որոշ ախտանիշներ, միևնույն է, մնում են. օրինակ՝ լեզվական, շփման և այլն:

- Այսօրվա դրությամբ աուտիզմով տառապող քանի՞ երեխա է դիմել Վերականգնողական կենտրոնի օգնությանը, և ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել:

- Մեզ մոտ գրանցված է աուտիզմի տարբեր աստիճանի խնդիրներ ունեցող և բուժում ստացող ավելի քան 40 երեխա: Նրանց հետ աշխատում են լոգոպեդը, հոգեբանը, մանկավարժը: Աուտիզմի բաժանմունք բացելու ծրագիրը ենթադրում է նաև մասնագիտացված մանկավարժների առկայություն, որոնք լոգոպեդների, հոգեբանների, սոցիալական աշխատողների հետ` բժշկի ղեկավարությամբ, կաշխատեն ոչ միայն երեխաների, այլ նաև ծնողների, ընտանիքի մյուս անդամների հետ: Աուտիզմով հիվանդ երեխաների գերխնդիրն այն է, որ նրանք պետք է ինտեգրվեն ընտանիքին։ Կարևոր է այդ հիվանդության հնարավորինս արագ հայտնաբերումը. ինչքան վաղ ախտորոշվի, այնքան վերականգնման հավանականությունը կմեծանա։ - Տարիներ առաջ ձեզ մոտ բացվել էր սահմանափակ կարողություններով երեխաների համար մանկական առողջության կենտրոն, որտեղ նրանց ինտեգրման նախապատրաստելու համար դաստիարակվում էին նաև առողջ երեխաներ: - Այդ կենտրոնն արդեն 8,5 տարի է՝ գործում է, հաջողություններն էլ տեսանելի են: Առաջխաղացումը կապում եմ նրա հետ, որ այստեղ բուժում ստացած և ինտեգրման փորձ ունեցած երեխաները հաճախում են ներառական դպրոց: Իհարկե, նրանք դպրոցում խնդիրներ են ունենում, բայց նաև սովորում են շփվել, որոշ չափով էլ ապրել հասարակության խնդիրներով, ինչն էլ Վերականգնողական կենտրոնի նպատակն է: Հատկանշեմ, որ տնային ուսում ստանալը, որն ընդունված էր առաջներում, բերում էր հասարակությունից մեկուսացման, չէր խթանում ինտեգրման բնական պահանջի զարգացումը: Անշուշտ, եթե ունենայինք հատուկ մանկավարժներ, սահմանափակ կարողություններով երեխաների ուսման և ինտեգրման գործընթացներն ավելի դյուրին կլինեին:

- Իսկ Արցախյան պատերազմի հաշմանդամները շարունակո՞ւմ են բուժումը:

- Այսօրվա դրությամբ ծանր ախտահարումով տարբեր սահմանափակ հնարավորություններ ունեցող մոտ 100 մարդ է գրանցված Վերականգնողական կենտրոնի տնային այցելության ծրագրում: Մեր մասնագետն ամիսը մեկ, անհրաժեշտության դեպքում՝ մի քանի անգամ, այցելում է այդ հաշմանդամներին, որպեսզի նրանց տրամադրի բժշկական անհրաժեշտ պարագաներ` հնարավորինս լիարժեք կյանք ապահովելու համար՝ ներքնակներ, կատետրներ, մեզընդունիչներ, ստերիլ վիրակապեր, քսուքներ, դեղորայք… Սակայն այսօրվա դրությամբ Արցախյան պատերազմի հաշմանդամները Վերականգնողական կենտրոն այցելուների միայն մոտ 15 տոկոսն են կազմում: Այն դեպքում, երբ 15 տարի առաջ նրանք կազմում էին մոտ 80 տոկոս: Նրանցից շատերն իրենց որոշ խնդիրներ արդեն լուծել են: Այսօր նրանք իրազեկված են, ունեն անհրաժեշտ պարագաները, դեղորայք և միայն հիվանդության սրացման դեպքում են դիմում մեզ. կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը: Որպես օրինակ բերեմ պառկելախոցի տարբերակը, երբ դրա վտանգը սկզբնական փուլում սարսափեցնում էր հաշմանդամներին, իսկ այսօր` շնորհիվ կանխարգելման միջոցառումների, այդ վտանգը գրեթե վերացել է:

- Ընդհանուր որքա՞ն մարդ է օգտվում ձեր ծառայություններից:

- Այսօր գրեթե 800 մարդ և՜ ամբուլատոր, և՜ ստացիոնար տարբեր բուժումներ են ստանում մեզ մոտ, սակայն դիմողների թիվը շատ ավելի մեծ է: Ստացիոնար բուժման գալիս են հիմնականում շրջաններից կամ ծանր ախորոշում ունեցողները: Նրանց ցուցաբերում ենք տարբեր բուժումներ` ֆիզիոթերապիա, աշխատանքային թերապիա, ջրաբուժություն, լոգոպեդիա, հոգեբանի ծառայություն: Այդ ամենն ուղղված է նրան, որ մարդը սովորի ինքնուրույն հոգալ իր կարիքները։ Բուժման համար դիմում են մեծահասակները, քիչ չեն նորածին երեխա ունեցողները: Բայց կան դժգոհություններ, որոնց պատճառը բուժմանն սպասելու ժամկետն է, ինչից դժգոհ եմ նաև ես, բայց դա գալիս է նրանից, որ՝ մեր հնարավորությունները շենքային և կադրային առումով սահմանափակ են:

- Այդ հարցում կա՞ն հեռանկարներ:

- Կադրային հարցում` այո: 2014-ի հոկտեմբերից մինչև 2015-ի սեպտեմբերը ՙՋիվիշյան հիշատակի հիմնադրամ՚-ի օգնությամբ հնարավորություն ընձեռվեց անցկացնել ինտենսիվ դասընթացներ. 12 բուժքրոջ՝ որպես վերականգնող թերապիստ (զարգացնում է ինքնուրույն կյանք վարելու ունակությունները), ուղարկեցինք ուսուցման։ Ավաղ, ավարտեց միայն 8 հոգի, որոնցից 4-ն այժմ աշխատում է Վերականգնողական կենտրոնում. 2-ը` Հադրութի, 2-ը` Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։

- Ի՞նչ կասեիք արվեստի դասերի մասին:

- Բուժման հետ մեկտեղ փորձում ենք նրանց մեջ զարգացնել որևէ նախասիրություն՝ լինի դա կավագործություն, նկարչություն, մաքրամե կամ որևէ այլ զբաղմունք: Ասեմ, որ որոշների համար, հատկապես Արցախյան պատերազմի հաշմանդամների, այդ նախասիրությունները դարձել են եկամտի աղբյուր:

- Տեղեկացված ենք, որ մեծ ուշադրություն եք դարձնում հաշմանդամային սպորտի զարգացմանը: Ի՞նչ առաջխաղացում ունեք այդ ուղղությամբ:

- Մենք սպորտն օգտագործում ենք որպես հաշմանդամների ինտեգրման լավ միջոց ու ամեն կերպ փործում ենք հետ չմնալ անցկացվող մրցույթներից: Այս տարի ամռանը մասնակցեցինք Ստեփանավանում կազմակերպված՝ ՀՀ բոչայի բաց առաջնությանը և հաղթեցինք անհատական խաղում, իսկ թիմային պայքարում գրավեցինք 2-րդ տեղը: Բոչայի առաջնությունում Հայաստանում և Արցախում մեր թիմը լավագույնն է համարվում: Սեղանի թենիսի մարզիչ ունենք, ով ամեն օր մարզում է բուժվողներին: Մենք հակված ենք զարգացնել սպորտի այլ ճյուղեր, բայց դա էլ, ինչպես բժշկությունը, մեծ ներդրումներ է պահանջում, որի ռեսուրսները չունենք:

- Համագործակցության ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

- Փոխգործակցելու լավ ավանդույթներ ունենք ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ: Արդեն մի քանի տարի նախարարությունն աջակցում է մեզ ամառային ճամբար կազմակերպելու գործում: Այդ ծրագրի շրջանակներում կարողանում ենք ամռան հանգիստը կազմակերպել Սևանա լճի ափին՝ մեզ մոտ բուժվող մոտ 20 երիտասարդների համար: Սևանում համագործակցում ենք ՙՀայկական ճամբար՚ հասարակական կազմակերպության հետ, որն ունի հաշմանդամների համար մատչելի պայմաններ: Շատ շնորհակալ ենք ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին` ծրագրին աջակցելու համար և վստահ ենք, որ այն կլինի շարունակական, և մենք կկարողանանք ամեն տարի գոնե 20 հաշմանդամ երիտասարդների կրթական, սպորտային և այլ հետաքրքրաշարժ հանգիստը կազմակերպել: 

 Էմմա ԲԱԼԱՅԱՆ