[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՑԱՎՆ ԷՐ

1988-ին Արցախի ժողովրդի պայքարը հանուն ազատության համախմբեց աշխարհասփյուռ հայերին:

Հայաստանում և երկրագնդի հայաշատ քաղաքներում տեղի էին ունենում հանրահավաքներ` ի պաշտպանություն և աջակցություն մայր հայրենիքին միանալու մեր արդար պահանջի։ Հայրենակիցների աջակցությունը թևավորում էր մեզ, ավելի հաստատակամ դարձնում: Ամբողջ ազգն էր մեզ թև ու թիկունք դարձել, մեկ ոգի դարձել` փշրելու և ոչնչացնելու համար չարի կապանքները: Արցախը ազգի ցավն էր, ազգի հպարտությունը: 1988-ին, եղո՛ւկ, հայերիս միավորման մեկ այլ առիթ էլ եղավ` ողբերգական: Դեկտեմբերի 8-ին ժամը 11-ն անց 41 րոպեին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որին զոհ գնաց 25 հազար մարդ: Ամենից շատ Գյումրիում` նախկին Լենինականում, զոհվեցին` 15-17 հազար մարդ: Ավելի քան կես միլիոնը մնաց անօթևան: Էպիկենտրոն Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին: Ստորգետնյա ցնցումներն Արցախում, Ստեփանակերտում ևս զգացվեցին: Առանձին ուշադրություն չդարձրինք. դրանք սովորական բան էին մեզ մոտ: Որոշ ժամանակ անց իմացանք, թե ինչ է կատարվել: Արցախը ցնցված էր և փութաց օգնության հասնել աղետյալներին: Մաքսիմ Միրզոյանը 1988 թվականին Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր: Երկրաշարժի մասին բոթը լսելուց շատ չանցած Երևանից նրան զանգահարում է Զորի Բալայանը և հայտնում, որ տեղի ունեցածը, իրոք, աննկարագրելի արհավիրք է, և անհրաժեշտ է օգնելու համար ինչ-որ բան ձեռնարկել: Քաղխորհրդի գործկոմի նախագահը, նախագահի տեղակալ Վլադիմիր Գևորգյանը, քաղխորհրդի անդամները հավաքվում և վճռում են դիմել ձեռնարկությունների ղեկավարներին: Վերջիններիս հրավիրում են քաղխորհրդի գործկոմի շենք ու որոշում անելիքը: Մինչև դեկտեմբերի 8-ի կեսօր հավաքագրում են 600 մարդու, 110 միավոր տեխնիկա, ինքնավար պաշարներ՝ սնունդ, վառելիք, գործիքներ և այլն: Մ. Միրզոյանը արտակարգ դրության շրջանի պարետ Ալեքսանդր Կոլոմիյցևին տեղեկացնում է կամավորների` աղետի գոտի մեկնելու մտադրության մասին: Պարետը կտրականապես դեմ էր. պատճառ էր բերում լարված վիճակն Ադրբեջանում, ճանապարհների վտանգավորությունը և այլն: Քաղխորհրդի գործկոմի նախագահն ստիպված է լինում դիմել Վալերի Սիդորովին, որը Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամ էր, ԽՄԿԿ Կենտկոմի ենթաբաժնի վարիչի տեղակալ: Վերջինս խոստանում է միջնորդել: Արդեն ժամը 17-ին սկսում են հավաքվել Ռոլես Աղաջանյանի ղեկավարած ճանապարհաշինական հիմնարկի մոտ, որը գտնվում է Կարկառի ափին: Պարետն այստեղ է գալիս ու հիշեցնում, որ արգելում է մեկնել: ՙԸնկեր գեներալ, եթե ինչ-որ բան պատահի, պատասխանատուն Դուք եք լինելու: Թողեք-չթողնեք` շարասյունը ճանապարհվելու է՚,- Մ. Միրզոյանն անզիջում էր: Պարետը մեկ ժամից վերադառնում է` զինվորների հետ, որոնք զինված էին և շարասյանը պիտի ուղեկցեին: Մ. Միրզոյանը աղետի գոտի չմեկնեց: Նրա առաջարկությամբ մեկնեցին ժողվերահսկողության մարզային կոմիտեի նախագահ Վլադիմիր Թովմասյանը և Ռոբերտ Բաղդասարյանը՝ որպես խմբի պատասխանատուներ: Ըստ քաղխորհրդի գործկոմի նախկին նախագահի՝ մերոնք Լենինականում մնացին մոտ մեկ ամիս: Մ. Միրզոյանը Լենինականում եղավ երկրաշարժի տարելիցին: Ինքն ու Ստեփանակերտի գլխավոր ճարտարապետը` Վլադիկ Սարգսյանը, բնության չար ուժերին զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակին նվիրված խաչքար են տեղ հասցրել, որը կանգնեցված է քաղաքային գերեզմանատան մուտքի մոտ: 600-հոգանոց խմբի կազմում աղետի գոտի մեկնեց նաև Ստեփանակերտի զբոսաշրջային ակումբի 24 կամավորներից բաղկացած հսկիչ-փրկարարական ջոկատը: Այն ժամանակ Ղարաբաղում փրկարարական ծառայություն չէր գործում, և միակ քիչ թե շատ մասնագիտացված կառույցը դա էր: Ջոկատի հետ էր ակումբի տնօրեն Ասլան Գրիգորյանը: Երբ Լենինական հասան, արդեն գիշեր էր: Ճամբարի համար տեղ ընտրեցին ու վրաններ խփեցին: Փրկարարական աշխատանքների կազմակերպման հանրապետական շտաբում որոշեցին արցախցիների աշխատանքային տեղամասը: Չսպասեցին լուսանալուն, անմիջապես գործի անցան: Խումբը չուներ փրկարարական տեխնիկա, համապատասխան հանդերձանք, ուստիև զբաղվում էր փլատակների մաքրմամբ, զոհվածների մարմինները, իրերը հանելու գործով:

- Երկու օր անընդհատ  աշխատեցինք և այնքան էինք տարված, որ չէինք նկատում՝ երբ է լուսանում, երբ մթնում: Գիշերներն աշխատում էինք լուսարձակների տակ: Թանկ էր յուրաքանչյուր վայրկյանը, որովհետև փլատակների տակ կենդանի մարդ կարող էր գտնվել: Ցուրտ էր, քաղցած էինք, գերհոգնած, բայց մենք մոռացել էինք, որ պետք է սնվել` աշխատել  կարողանալու համար: Րոպե անգամ չունեինք հանգստանալու կամ ճաշելու, իսկ մեր ուժերն սպառվում էին:

- Ուտելու բան կա՞ր:

- Չկար: Վրաստանից փաթեթներով բուտերբրոդներ էին ուղարկել, նարինջ, ՙԲորժոմի՚ հանքային ջուր: Տեսանք ու նոր հասկացանք, որ հարկավոր է սնվել: Հարկավոր էր նաև հանգստանալ, ու երեկոյան արդեն գալիս էինք ճամբար: Բայց էլի հանգստանալ չէր լինում: Բնակիչները լացում-պաղատում էին, որ օգնենք, հանենք փլատակների տակ մնացած երեխաներին կամ հարազատներին: Մարդկային ռեսուրսները, փրկարարները չէին հերիքում: Լենինականցիները սիրով ու համակրանքով էին մեզ վերաբերվում, գիտեին, որ աշխատում էինք` առանց մեզ խնայելու:

- Ի՞նչ տեսարան էր քաղաքում, ի՞նչ պատկեր:

- Մեր տեսածը սարսափելի երազի էր նման: Չէինք հավատում, որ նման բան հնարավոր է: Առաջին օրերին շոկի մեջ էինք: Անօթևան մարդիկ, փլատակներ, անհամար դագաղներ, երեխաների լաց` հեշտ չէր այս ամենին դիմանալ: Երբ տեսանք, որ տարբեր երկրներից եկել և օգնում են Հայաստանին, հոգիներս փոքր-ինչ խաղաղվեցին: Հասկացանք, որ մենակ չենք, և աշխարհն առանց բարի մարդկանց չէ: Երկրաշարժը համընդհանուր ողբերգություն էր, համընդհանուր վիշտ:

- Ի՞նչն է ամենից շատ տպավորվել, ամենից շատ ազդել Ձեզ վրա:

- Վերջին օրն էր: Երբ բարձրացրինք երկաթբետոնե երեսարկը, տեսանք մի երիտասարդ կնոջ` դստրիկին կրծքին սեղմած: Ուզում էինք մորն առանձին դագաղում դնել, երեխային` առանձին: Չհաջողվեց իրարից անջատել: Մեր նյարդերը չդիմացան, չկարողացանք մեզ զսպել, ծնկի իջանք ու սկսեցինք արտասվել: Ա. Գրիգորյանը Լենինականում ծանոթացավ արտասահմանից ժամանած փրկարարների հետ: Նրանք ունեին անհրաժեշտ հանդերձանք, շներ, ժամանակակից տեխնիկա, կարողանում էին որոշել փլատակների տակ մնացած ողջ մարդկանց սրտխփոցը, ինչը թույլ էր տալիս զուր ժամանակ չծախսել և առաջնահերթ մաքրել այդ փլատակներն ու փրկել տուժածներին: Տեսավ ու հասկացավ, որ մեզ ու նրանց տասնամյակներ են բաժանում:Երկրաշարժը ցույց տվեց, որ Արցախում, ամենից առաջ սեյսմիկ վտանգը հաշվի առնելով, անհրաժեշտ է փրկարար ծառայություն ստեղծել: Վերադարձի հաջորդ օրն իսկ Ա. Գրիգորյանը ձեռնամուխ եղավ այդ գործին: Նրա հիմնադրած փրկարար կառույցը, որը գործում էր կամավորական հիմունքներով, պետք է պատրաստ լիներ կանգնելու նաև հայրենիքի պաշտպանության դիրքերում: 1990 թ. մայիսին մարզխորհրդի գործկոմը որոշում ընդունեց փրկարար ծառայություն ստեղծելու մասին:

- Քաղաքացիական պաշտպանության շտաբ կար, բայց...

- Ինձ համար շատ ցավոտ հարց արծարծեցիք: Երբ Շարժումն սկսվեց, քաղաքացիական պաշտպանության աշխատողների մեծ մասը (ես սա դառնությամբ եմ ասում) ժողովրդին թողեց բախտի քմահաճույքին ու լքեց երկիրը: Մարզային շտաբի մասի՞ն է խոսքը: 

- Այո: Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ քաղաքացիական պաշտպանության շտաբ ստեղծեցի: Շտաբի խնդիրները շատ էին` բնակչության տարհանում, նրա պաշտպանությունը ռմբակոծություններից ու հրետակոծություններից և այլն: Փրկարար գործունեությանը զուգահեռ մենք պետք է զբաղվեինք պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությամբ: Իսկ փրկարար ծառայության ստեղծումն իսկապես անհրաժեշտություն էր: Թեկուզ Լենինականում երկար չմնացինք, բայց շատ բան սովորեցինք, ինչը մեզ օգնեց՝ պատերազմի ժամանակ փրկելու մարդկային բազմաթիվ կյանքեր: Արցախի գրեթե բոլոր տղամարդիկ ուզում էին մեկնել աղետի գոտի` հարեհաս լինելու անակնկալ ծանր դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: Այդքան մարդու, տեխնիկա, այլ միջոցներ տեղափոխելն անհնար էր: Ընտրում էին մասնագետներին, նրանց, ովքեր տիրապետում էին շինարարական տեխնիկային, ով առավել անհրաժեշտ էր աղետի գոտում։ Մարզային նորաստեղծ հեռուստատեսության ռեժիսոր Վարդգես  Ուլուբաբյանին հազիվ է հաջողվել Ա. Գրիգորյանի ջոկատի կազմում  ուղևորվել Լենինական:  Շինարա՞ր ես`  հարցրել են: Ոչ: Փրկարա՞ր ես։ Ոչ, բայց  կամենում եմ գնալ-օգնել: Մեկնել է, կարելի է ասել, գաղտնի: Այն տարիներին դեպի Երևան կամ Լենինական երթուղին անցնում էր Կիրովաբադով: Շա՛տ ծանր ճանապարհ էր, ցուրտ, բազում  դժվարություններ... Չնայած զինվորների ուղեկցությանը, որոնք կոչված էին մարդկանց կյանքի անվտանգությունն  ապահովելու,  ազերիները շարասյունը քարկոծել են: Արցախցիների ժամանումը ոգևորել էր լենինականցիներին, թեկուզ հանդիմանում էին՝ ինչո՞ւ եք  եկել,  խնդիրներ դուք շատ ունեք: 

- Լենինականը Հայաստանի երկրորդ քաղաքն էր` ծաղկուն, բարգավաճ: Առաջին պահ ի՞նչ էր Ձեր զգացածը,- հարցնում եմ Վ. Ուլուբաբյանին:

- Իմը քիչ տարբերվում է, քանի որ մայրս լենինականցի է: Երևի ինչ-որ չափով նաև այս հանգամանքով էր պայմանավորված, որ անպայման ձգտում էի մեկնել Լենինական: Մինչև  երկրաշարժը մորս  ծննդավայրում չէի եղել: Առաջին անգամ էի Լենինականում, իսկ փողոցներում դիակներ էին, դագաղներ... Դագաղների պակաս կար: Դիակները տեղափոխում էին արկղերում, կահույքն  էին հարմարեցնում... Զարհուրելի էր: Մարդն ի՞նչ է. մարդն ամեն ինչի համակերպվում է, ամեն ինչի հարմարվում...Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 7-ին հարյուրավոր մարդիկ էին  հավաքվել, ոչ թե ցույցի, այլ որ հնար գտնեին՝ գնալու աղետի գոտի: Վարդգեսը իիշում է Սամվել Աղայանին, որը հետագայում, պատերազմի ժամանակ աչքի ընկավ քաջությամբ, բժիշկներից Աշոտ Ադամյանին, որը նաև իրենց էր  բուժօգնություն ցույց տալիս:

- Մեր վիճակն էլ լավ չէր,- ասում է:- Ջուր չկար` խմելու, լվացվելու: Բեռնատարներով լիմոնադ էին բերում, և լիմոնադով էինք լվացվում։ Ջավախքի հայերը մանդարին էին տեղ հասցրել և ուզում էին անպայման ղարաբաղցիների ճամբարը բերել: Մանդարին էինք ուտում. սննդի պաշարը սուղ էր: Զարմանալին այն էր, որ լենինականցիները հենց իմանում էին, որ ղարաբաղցի ենք, մոռացած ցավ ու տառապանք, երկրաշարժի թեման փոխում ու Ղարաբաղով էին հետաքրքրվում. ՙՈ՞նց են գործերը, ի՞նչ նորություն կա՚: Դա շատ էր ոգևորում մեզ: Մեր ներկայությունից էլ իրենք էին քաջալերվում, քանի որ ծանր վշտի մեջ մենակ չէին, ղարաբաղցիներն իրենց կողքին էին: Կամավորներ կային նաև սփյուռքից: 1988-ին Ղարաբաղի հարցը միավորել էր աշխարհի հայությանը, ինչը նպաստեց երկրաշարժի օրերին ավելի համախմբվելու, համատեղ հաղթահարելու դժվարությունները:

Վ. Ուլուբաբյանն ուշադիր հետևում է աղետի գոտու անցուդարձին, խանդավառվում, երբ նոր բնակելի շենք, մանկապարտեզ են կառուցում, գործարան, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: Անշուշտ, տարիների հետ երկրաշարժի պատճառած ցավը կմեղմանա, բայց շատ կուզենար, որ նոր հասակ առնող երեխաներին շուրջբոլոր ոչինչ չհիշեցներ ահավոր ողբերգության մասին: Արցախից աղետի գոտի են մեկնել նաև սեփական նախաձեռնությամբ։ Ա. Գրիգորյանը հիշում է Բերդաշենից Նելսոն Սողոմոնյանին, որը տեղ էր հասել 30-հոգանոց խմբով, և ինքն է նրանց վրաններ տվել։ Աղետյալներին օգնելու նպատակով նաև դրամահավաք է կազմակերպվել: Տարեվերջին մոտ արցախցիները հանգանակել էին շուրջ  5 մլն ռուբլի:Քիչ ժամանակ չի անցել ողբերգական 1988-ի դեկտեմբերի 7-ից: ՙԱղետի գոտի՚ հասկացությունը, ցավոք, շարունակում է մնալ իրողություն: Ճիշտ է, վերջին մի քանի տարիներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել, թափ է հաղորդվել շինարարությանը, առանձնապես բնակարանային: Սակայն առայսօր աղետի հետևանքները հաղթահարված չեն, դեռ կան մարդիկ, որ ապրում են տնակներում, կարիք ունեն օգնության: Հավատանք, որ շուտով ՙաղետի գոտի՚  հասկացությունից հիշողություն կմնա: Հավատանք, որ, ինչպես հանրահայտ երգում է ասվում, ՙՆորից գարուններ կգան, և դու կծաղկես, Հայաստան՚: 

***

Արմեն Հակոբյանը երկրաշարժի զոհերի հիշատակին տուֆից արձան քանդակեց` գլուխը ձեռքերի մեջ առած սգացող այա:  Երկրաշարժից ամիս անց` 1989-ի հունվարին, տեղադրվեց Մեծ Հայրենականի նահատակների հիշատակը հավերժացնող համալիրի մուտքի մոտ: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին պետական այրերը, ստեփանակերտցիներն այցելում են այստեղ և հարգանքի տուրք մատուցում բնության ահեղ տարերքին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին:   

 

 Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ