[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱԲՆԱԿ 21 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել գյուղական բնակավայրերի երիտասարդ ընտանիքների բնակարանաշինության համար նախատեսված 3մլն դրամի չափով աջակցության տրամադրման երկրորդ փուլը։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի միջոցով։ Այն մեկնարկել էր մի քանի ամիս առաջ՝ գյուղաբնակ 18 երիտասարդ ընտանիքների տրամադրած աջակցության առաջին փուլով։ Այս փուլով աջակցություն ստացան ևս 21 ընտանիքներ։ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները։ Դրանք են՝ գյուղում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում և գյուղական բնակավայրերի զարգացում։ Նա նշեց, որ տրամադրվող 3մլն-ը ծրագրով նախատեսված առավելագույն գումարն է։ Ծրագրից օգտվելու պայմաններից մեկն այն է, որ բնակելի տունը պետք է լինի կիսակառույց։ Ս. Ավանեսյանը տեղեկացրեց, որ կառավարությունը մոտ ժամանակներս փոփոխություն է նախատեսում ծրագրում, ըստ որի՝ այն կընդգրկի նաև քաղաքաբնակ երիտասարդ ընտանիքներին (բացառություն կկազմեն Շուշի և Ստեփանակերտ քաղաքները)։ Նա հավելեց, որ 2016թ. պետբյուջեով նախատեսված են բավարար գումարներ՝ Սոցիալական ծրագրերի հիմնադրամի մտահղացումները կյանքի կոչելու համար։ Հիմնադրամի ղեկավար Մարատ Հասրաթյանը նշեց, որ այս ծրագիրը տարբերվում է կառավարության կողմից իրականացվող մյուս սոցիալական ծրագրերից, այն կոչված է պահպանել և զարգացնել գյուղը։ Նրա արդյունավետությունն ավելի զգացվեց գործնականում կիրառվելուց հետո։ Առաջին փուլի շահառուների մի մասն արդեն բնակարանամուտ է տոնել, մի մասի տները դեռ կառուցապատման փուլում են, և կավարտեն մինչև տարեվերջ։ Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի տնօրենը վերջում տեղեկացրեց, որ հստակեցվում է նոր շահառուների ցուցակը, երրորդ փուլը տեղի կունենա առաջիկայում։ 

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ