[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ` ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

  Հանրապետությունում ավարտվել են 2015թ. մարդահամարի աշխատանքները:

Ինչպե՞ս են դրանք կազմակերպվել և համակարգվել շրջանում` հարցով դիմեցինք ԼՂՀ ԱՎԾ Մարտունու շրջանային բաժնի պետ Սվետլանա Հայրապետյանին: Իմ զրուցակցի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` մարդահամարի բուն աշխատանքներն սկսվել են դեկտեմբերի 1-ին և ավարտվել դեկտեմբերի 9-ին: Սակայն նախապատրաստական աշխատանքները տարվում էին ս.թ. հուլիսի 1-ից: Քանի որ Մարտունու շրջանը բնակչության թվով հանրապետության ամենախոշոր վարչատարածքային միավորն է, ուստի ստեղծվել է 2 տեղամաս Մարտունի և Ճարտար քաղաքներում, յուրաքանչյուր տեղամասում ընդգրկվել են հարակից համայնքները: Նշանակվել են համակարգող, տեղամասերի վարիչներ, վարիչների օգնականներ, հրահանգիչ-հսկիչներ, հաշվարարներ, որոնց հետ նախօրոք կատարվել է բացատրական աշխատանք, շրջկենտրոնում և համայնքներում կազմակերպվել են սեմինար¬պարապմունքներ: Մարդահամարի աշխատանքներին ընդգրկված բոլոր աշխատողները ժամանակին պատրաստվել են և իրենց լիազորությունների շրջանակում իրականացրել ստանձնած պարտականությունները: Գործընթացը կազմակերպվել է նաև ոչ աշխատանքայի օրերին: Ս. Հայրապետյանն իր գոհունակությունը հայտնեց շրջանի և համայնքների ղեկավարներին` մարդահամարի կազմակերպման գործում ցուցաբերած զգալի աջակցության համար: Կարևորվեց նաև բնակչության գիտակից վերաբերմունքը. յուրաքանչյուր քաղաքացի ընկալել էր մարդահամարի անցկացման կարևորությունը, հասկացել, որ այն շատ լուրջ գործընթաց է երկրի կայացման, զարգացման, կառավարության կողմից հետագա ծրագրերի կազմման ու իրականացման համար: Այդ իսկ պատճառով Ս.Հայրապետյանն այն համարեց համապետական, համաժողովրդական գործ, ում իր ակտիվ դերակատարությունն ունեցավ երկրի յուրաքանչյուր քաղաքացի։ Նշվեց, որ ընդհանուր առմամբ աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, ըստ նախնական պլանի: Շրջանում մարդահամարի կազմակերպմանն ընդգրկված 115 աշխատողների աշխատանքի համար ստեղծվել են բոլոր պայմանները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել է տրանսպորտային միջոց: 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ ք. Մարտունի