Logo
Print this page

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՆԱԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Արցախի առողջապահության ոլորտի անցած տարվա անելիքներն է ի մի բերում և գալիք՝ 2016 թվականի ծրագրերն է պարզաբանում ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն ՔՈՒՇԿՅԱՆԸ։

 - Դեռևս 2014 թվականի մարտ ամսից՝ Ձեր որպես ԼՂՀ առողջապահության նախարարի, նախաձեռնությամբ ակտիվորեն հանրապետություն սկսեցին այցելել և համատեղ ծրագրեր իրականացնել առողջապահության ոլորտի տարբեր  մասնագետներ։ Ամփոփելով 2015թ. աշխատանքները՝ նշանակալից ի՞նչ ձեռքբերումներ կարող եք արձանագրել ոլորտում։ 

- 2015թ. առաջին հերթին փորձել ենք բարելավել բուժսպասարկման որակը, այն դարձնել ավելի մատչելի, ինչպես նաև բարձրացնել բժիշկների ու մյուս բուժաշխատողների մակարդակը, նրանց վերաբերմունքը հիվանդների նկատմամբ, որպեսզի ժողովուրդն ավելի շատ վստահի մեր համակարգի աշխատողներին։ Կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ կատարված են հստակ քայլեր. բազմաթիվ մասնագետներ են այցելել Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, կազմակերպվել են սեմինար-պարապմունքներ, գիտաժողովներ, որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ծավալվել է պրակտիկ գործունեություն, կատարվել են անհրաժեշտ վիրահատություններ։ Մեր բուժհաստատություններում ստեղծվել է բուժական-գիտական մթնոլորտ, ինչն Արցախի առողջապահական համակարգում լուրջ առաջընթացներ արձանագրելու մեծ ազդակ է։ Տարվա ընթացքում բացվել են բազմաթիվ ծառայություններ, նոր կաբինետներ. ի դեպ, դեկտեմբերի 26-ին ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում բացվեց համակարգչային բազմաֆունկցիոնալ ակնաբուժական կաբինետ, և ՀՀ-ից ժամանած մասնագետների աջակցությամբ այն կգործի և կծառայի արցախցիներին։ Նման համակարգչային ակնաբուժությունն Արցախում նորույթ է։ Բավականին լուրջ աշխատանքներ է իրականացրել Հանրապետական բժշկական կենտրոնում բացված և արդեն մեկ տարի գործող անգիոգրաֆիկ (ստենտավորման)  բաժանմունքը։ Սերտ կապ է ստեղծվել Արցախի բուժհիմնարկների և ՙԷրեբունի՚, ՙՆաիրի՚, ՙԱրաբկիր՚ առաջատար բժշկական կենտրոնների միջև։ Կարծում եմ՝  կատարել ենք առաջին քայլերը, բայց դրա հետ մեկտեղ դեռ բավականին անելիքներ ունենք։ Այս տարի սկսվել է Ուռուցքաբանական կենտրոնի կառուցումը, որը հանրապետության Նախագահի ռազմավարական ծրագրերից մեկն է, և առողջապահական ոլորտում բեկումնային քայլ է։ Այս նոր կենտրոնն ամենաբարձր մակարդակով շահագործման կհանձնենք գալիք տարվա սեպտեմբեր ամսին։ Ծրագիրը ֆինանսավորված է, շինարարությունն ընթանում է մեծ տեմպերով։ Շուտով Ֆրանսիայի առաջատար բուժհիմնարկներ վերապատրաստման կմեկնեն արցախցի երկու բժիշկ և չորս բուժքույր, որպեսզի տեսական և փորձնական գիտելիքներով զինված՝ լիարժեք ծառայեն ժամանակակից ուռուցքաբանական նոր կենտրոնում։ Այսինքն՝ մեր բոլոր գործառույթները բավականին լուրջ հիմքերի վրա են և բխում են Արցախի Հանրապետության Նախագահի՝ առողջապահության համակարգին ուղղված ռազմավարական ծրագրից։ Ընդհանուր առմամբ, տարին դրական էր, գոհ եմ մեր բուժհիմնարկների կատարածից. կարճ ժամանակաընթացքում համակարգի բարելավմանն ուղղված բավականին աշխատանքներ են իրականացվել, ինչը կկրի շարունակական բնույթ։ Ունենք առաջխաղացում թե՜ կազմակերպական, թե՜ պրակտիկ առումներով, բայց անելիքներ էլ կան։ Կուզեի նշել, որ այս տարի մեր Հանրապետական բժշկական կենտրոնը տարածաշրջանում ճանաչվել է թիվ 1 բժշկական հիմնարկը։ Դա արվել է օբյեկտիվ, անաչառ հարցումների արդյունքում։ Սակայն Կենտրոնը բուժօգնության որակի բարձրացման առումով անելիքներ դեռ շատ ունի։ 

- Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում 2016թ. Արցախի  առողջապահության համակարգում։

- Նշեմ, որ 2016թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի  ծախսերը կազմել են 5մլրդ 949, 8մլն դրամ՝ 2015-ի 5մլրդ 750մլն -ի դիմաց։ Ծախսերի աճը կազմել է 199,8մլն դրամ, կամ 3,5 տոկոս։ Ավելացված գումարը հիմնականում նախատեսված է Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ բաժանմունքում նոր ծառայության՝ էնդովասկուլյար վիրաբուժության ներդրմանը, ՙՀանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդներին ծախսերի փոխհատուցում՚ ծրագրի ավելացմանը, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում շտապ օգնության հենակետի ստեղծմանը և այլն։ Դրանով հանդերձ, ինչպես նշեցի, առաջին հերթին գալիք տարում պիտի ավարտին հասցվի ուռուցքաբանական նոր կենտրոնի կառուցումը։ Կբացվեն նաև այլ բաժանմունքներ,  ու այդ ամենին զուգահեռ կրկին ու կրկին կաշխատենք բարձրացնել բուժսպասարկման որակը, այն դարձնել մատչելի ու հասանելի։ ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚, ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚ և ՙՀակապալարախտային դիսպանսեր՚ ՓԲԸ-երի կանոնադրական կապիտալի համալրման ծրագրով նախատեսվում է 82,5 մլն դրամի ներդրում, որով ձեռք կբերվեն տեսագրող թվային ֆլյուրոգրաֆ, ռենտգեն հետազոտությունների բազմակիրառական հեռուստակառավարվող թվային համակարգ (50,3 մլն դրամ), գերձայնային ախտորոշիչ սկաներ (9,6 մլն դրամ), տեսագրող թվային ֆլյուրոգրաֆիկ շարժական համալիր (22,6 մլն դրամ)։ Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման համար նախատեսվել է 162,7 մլն դրամ՝ անցած  տարվա՝ 148,6 մլն¬ի դիմաց։ Նախատեսված գումարն ուղղվելու է յուրահատուկ ու բացառիկ բուժսարքավորումներով և տեխնոլոգիաներով անվճար ախտորոշիչ հետազոտությունների իրականացմանը։ Այս և մյուս ծրագրերին զուգահեռ անընդհատ պիտի աշխատենք բարձրացնել բժիշկների մասնագիտական որակավորումը ու համատեղ գործունեություն ծավալել ՀՀ և արտասահմանյան բուժաշխատողների հետ։ Ունենք զգալի թվով ծրագրեր թե՜ Ռուսաստանի Դաշնության և թե՜ եվրոպական ու ամերիկյան երկրների մասնագետների հետ։ 2016-ին բուժաշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով կավելացնենք հատկապես ուսուցման ծրագրերը, որպեսզի նրանք տեղեկացված լինեն համաշխարհային բժշկության ասպարեզում տեղի ունեցող բոլոր նորարարություններին և անհրաժեշտության դեպքում կիրառեն Արցախի բուժհամակարգում։ Այսինքն՝ նպատակադրվելու ենք ձեռք բերված գիտելիքները կատարելագործել և էլ ավելի զարգացնել։ 

- Ամանորյա մաղթանքներ։ Ինչպե՞ս եք նշելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները։ Ի՞նչ նշանակություն ունեն այդ օրերը Ձեր ընտանիքի համար։ 

- Արցախի ժողովրդին առաջին հերթին մաղթում եմ լինել առողջ, հեռու՝  հիվանդություններից, միշտ լինել ոգեպինդ։ Թող միշտ խաղաղությունը տիրի մեր երկրում, մեր սահմանները լինեն անվտանգ ու ապահով, համատեղ ուժերով Արցախը տանենք դեպի լուսավոր ապագա։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները նշելու եմ ընտանիքում, թոռներիս հետ միասին՝ իրենց խնդրանքով։ 

Ես այն  կարծիքին եմ, որ Ամանորը և Սուրբ Ծնունդը ընտանեկան ջերմ տոներ են, և յուրաքանչյուրը պետք է ընտանիքում՝ հարազատների հետ միասին նշի։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.