Logo
Print this page

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՍՑԵԱԿԱՆ

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հարցազրույցը Ամանորի նախաշեմին։ 

 - Տարեվերջին ավանդաբար ի մի են բերվում տարվա կարևորագույն ձեռքբերումները, բացթողումները։ Որո՞նք էին 2015թ. սոցիալական պաշտպանության ոլորտի կարևոր ծրագրերը, որքանո՞վ էին դրանք հաջողված։

- 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ բազմիցս նշվել էր, որ այն լինելու է բավականին լարված։ Անկախ ամեն ինչից, բյուջեի սոցիալական ուղղվածությունն  այս տարի պահպանվել է։ 2015թ. սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել էր բյուջեի շուրջ 25%¬ը, կամ՝՝ 22 մլրդ 79 մլն դրամ։ Միջոցները նախատեսված էին ոլորտի ավելի քան 50 ծրագրերի իրականացմանը։ Ֆինանսական առումով տարին ծանր էր, բայց սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը չեն տուժել.  որոշակի խնդիրներ եղան ամռան ամիսներին, որոնք արագ շտկվեցին, և հիմնական ծրագրերը լրիվությամբ ֆինանսավորվեցին։ 2015-ին առանձին աճ չի եղել թոշակների, նպաստների և այլ ծրագրերի առումով՝ բացառությամբ հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակների չափի վերանայումից։ Տարվա կարևոր որոշումներից մեկն այն էր, որ մեր հանրապետությունում ներդրվի ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգը, և արդեն 2016թ. այդ ուղղությամբ կարվեն որոշակի ուսումնասիրություններ, որից հետո հնարավոր կլինի 2017-ին և հետագա տարիներին ճշգրիտ տեղեկություններ ունենալ մեր երկրի սոցիալապես անապահով խավի վերաբերյալ և նրա սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ ծրագրեր մշակել։ 

- Այսինքն՝ ենթադրվում է առանձին ծրագրերի ավելացո՞ւմ։

Միանշանակ  նոր ծրագրեր կլինեն։ Ուսումնասիրությունների արդյունքում կգնահատվի ընտանիքում մեկ շնչին ընկնող եկամտի չափը։ Եթե այն սպառողական զամբյուղի արժեքից ցածր է, ուրեմն՝ տվյալ ընտանիքը խնդիրներ ունի և միշտ պետք է գտնվի մեր տեսադաշտում։ Կլինեն ծրագրեր, որոնք հստակ կուղղվեն սոցիալապես անապահով ընտանիքների վիճակի բարելավմանը, կշարունակվեն մյուս գործող ծրագրերը։ Նշեմ, որ 2015թ. ԼՂՀ կառավարությունը հաստատել է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման նոր ծրագիրը, որը կմեկնարկի նոր տարում։ Բազմաթիվ այս ծրագրերը ենթադրում ու պահանջում են, որ  լինեն հասցեական, լինեն նոր մոտեցումներ, իսկ 1-2 տարվա ընթացքում ավելի պարզ կդառնա, թե ինչքանով էին դրանք արդյունավետ, որ հետագայում ավելի կոնկրետանանք պահանջվող ծախսերում։ Այս ամենին զուգահեռ՝ փորձում ենք աջակցել սահմանափակ կարողություններով անձանց, նրանց ընդգրկող հասարակական կազմակերպություններին և, հրատապ արձագանքելով, լուծում տալ բարձրացված հարցերին։ 

Ուշագրավ է ԼՂՀ սոցիալ ժողովրդագրական քարտեզի ներդրման ծրագիրը, որով ներկայացվում են հանրապետության սոցիալական պաշտպանության մակարդակի վիճակագրական ցուցանիշները։ Այս փաստաթուղթը հնարավորություն կտա տեղերում նպատակային ծրագրեր իրականացնել։ Գոհացուցիչ տվյալներ ունենք ԲՍՓ կենտրոնում, այստեղ կտրուկ նվազել է առաջնակի փորձաքննության դիմողների թիվը. 2011¬2015թթ. ընթացքում հաշմանդամների ընդհանուր թիվը 10200¬ից դարձել է 8956։ ԼՂՀ առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքների շնորհիվ ճշտվել է  հաշմանդամների իրական թիվը։ 

- Դեկտեմբերի սկզբին ԼՂՀ Ազգային ժողովում կայացան 2016թ. պետբյուջեի  վերաբերյալ քննարկումները։ Նոր տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթում սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կարծես փոքր¬ինչ նվազել են։ Ինչո՞վ է դա պայմանավորված՝ նպաստառուների՞, թե՞ որոշ ծրագրերի շահառուների թվի կրճատմամբ։ 

- 2016թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվել են 21 մլրդ 988 մլն 372 հազ. դրամ՝ անցած տարվա՝ 22 մլրդ 79 մլն 210 հազարի փոխարեն։ Թվում է՝ ծախսերը նվազել են, բայց շարունակվող ծրագրերի հետ մեկտեղ մենք կունենանք երեք նոր ծրագիր, իսկ նվազումը պայմանավորված է միայն շահառուների թվի ճշգրտմամբ։ Իհարկե, դա չի նշանակում, որ քաղաքացիները սխալ չափորոշիչներով են դուրս մնացել շահառուների ցուցակից։ Պարզապես համապատասխան պահանջները բավարարող շահառուների թիվն է հստակեցվել։ Սակայն ոչ մի ծրագիր չի դադարեցվել, մենք գումարներ տնտեսելու նպատակ չունենք, բյուջեն միշտ սոցիալական ուղղվածություն ունի։ Կբարձրացվեն Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարները, իսկ զոհված ազատամարտիկների ընտանիքների հանդեպ կառավարության որդեգրած քաղաքականությունը չի սահմանափակվում միայն նրանց տրամադրվող սոցիալական վճարներով։ Շոշափելի միջոցներ կուղղվեն այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, առողջության, հանգստի, կրթության և այլ հիմնախնդիրների լուծմանը։ 2015թ. սկսեց գործել սոցիալական ծրագրերի հիմնադրամը, որը նույնպես զգալի աջակցություն է տրամադրում առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին։ Գյուղաբնակ երիտասարդ ընտանիքների բնակելի տների վերանորոգմանն ու կառուցմանը տրամադրվում է 3 մլն դրամ. այսօր այդ ծրագրից օգտվում են 40-ից ավելի ընտանիքներ։ Նոր նախագծերից է սոցիալ¬հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման ծրագիրը, որով առավել կսերտացնենք պետական և մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը։ Արդյունքում սոցիալ¬հոգեբանական օգնության կարիք ունեցող քաղաքացիները պետպատվերի շրջանակներում կստանան բուժօգնություն։ Փաստորեն գալիք տարում մենք կունենանք երեք՝ սեզոնային զբաղվածության խթանման, սոցիալ¬հոգեբանական վերականգնողական օգնության և ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգի նոր ծրագրեր։ Դրանք հիմքային ծրագրեր են, իրենց տեսակի մեջ՝ եզակի։ 2016թ. կներդրվի նաև ՙԷլեկտրոնային կենսաթոշակ՚ համակարգը։

- Ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները։ 

- Բնականաբար, նոր տարին նոր ծրագրերի, ձեռքբերումների մեկնարկ է, իսկ Սուրբ Ծնունդն ամենալուսավոր տոներից է։ Աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, որը կենթադրի մեր երկրի սահմանների կայունություն, բնակչության պաշտպանվածություն,  զինված ուժերի առավել հզորացում, ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացում, դրան զուգահեռ՝ տնտեսության զարգացման պայմաններում նոր աշխատատեղերի ստեղծում, սոցիալապես անապահով քաղաքացիների թվի նվազում և ամենայն բարիք։ 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.