[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍՏԵՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

Մարտունու շրջանի խոշոր բնակավայրերից է Կարմիր Շուկան։

Այսօր այստեղ շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես կառուցվում են դպրոց և համայնքային վարչական կենտրոն։ Կրթօջախի շինարարությունն սկսվել է 2011թվականին, նախատեսված է այն ավարտել այս տարի։ Շենքը, որ եռահարկ է (ներառյալ նկուղային հարկը) ու նախատեսված 300 աշակերտի համար՝, տիպային է, համապատասխանում է շինարարական ժամանակակից նորմերին։ Հարմարավետությունը կնպաստի նաև ուսումնական գործընթացի լիարժեք կազմակերպմանը։ Ինչպես տեղեկացանք ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից, Կարմիր Շուկայի դպրոցական նախկին շենքը վթարային վիճակում է։ Բացի այդ, նոր շենքի կարիքը կար նաև այն առումով, որ բնակավայրում տարեցտարի ավելանում են ծնունդները։ Ներկայումս իրականացվում են կրթօջախի նորակառայուց շենքի ներքին հարդարման և երեսապատման աշխատանքներ։ Նախատեսվում է բարեկարգել դպրոցին հարող տարածքը։ Հարկ է նշել, որ շինարարության ընթացքում հիմնականում տեղական հումք է օգտագործվել։ Կրթօջախի շինարարության պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, աշխատանքներն իրականացնում է ՙՌաֆո՚ ՍՊԸ կապալառու ընկերությունը՝ պետբյուջեի միջոցներով։ Կարմիր Շուկայի համայնքային բազմաֆունկցիոնալ վարչական ու մշակութային կենտրոնը կառուցվում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Այն իր մեջ կներառի համայնքապետարանը, բուժկետը, գրադարանն ու երիտասարդական ժամանցային սրահը։ Շենքը, որի շինարարությունն սկսվել է 2013 թվականին, եզակի է իր ճարտարապետական տեսքով. համայնքային կենտրոնին կից կառուցվում է շրջանաձև դահլիճ և բեմահարթակ, որը կծառայի մշակութային միջոցառումների համար։ Պատվիրատուն դարձյալ Քաղաքաշինության նախարարությունն է, աշխատանքներն իրականացնում է ՙՍտարտ՚ ՍՊԸ-ն։ Շինարարությունը մոտենում է ավարտին. այսօր ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքներ։ Կբարեկարգվի տարածքը։ Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել ընթացիկ տարում։ 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ